Ուխտավորի ուղին լավագույն առիթ է խոկման և ապաշխարության

Տասներկու տիեզերական վարդապետների հիշատակության օրը՝ հոկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց դեպի Կոտայքի թեմ: «Հսկիր քեզ վրա»,- հորդորում է տասներկու տիեզերական վարդապետներից Ս. Բարսեղ Կեսարացին: Քրիստոսի հետևորդը՝ որպես արթուն և զգոն զինվոր, սուրբ վարդապետի հորդորի համաձայն, հսկում է հավատքի իր ուղին: Հսկման ճանապարհին ուխտավորի ուղին լավագույն առիթ է խոկման, ապաշխարության և իրենց իսկ տաճարների մաքրազարդման:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի աղոթքի հերթական ուղին ուխտավորներին միաբանեց ընդհանրական աղոթքի նախ՝ Գեղարդավանքում, ուր նրանց ողջունեց վանահայր Արիս աբեղա Տոնոյանը՝ մաղթելով, որ Ամենակալ Տերն ի կատար ածի նրանցից յուրաքանչյուրի ուխտը: Ապա վանքի միանձն Էդգար սարկավագ Օհանյանը ուխտավորներին ներկայացրեց վանքի պատմությունը: Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի կողմից հիմնված հնագույն սրբավայրում ուխտավորները «Մանասե թագավորի աղոթք»-ի խոսքերով Տիրոջ ողորմածությունը հայցեցին՝ խնդրելով նաև օրվա հիշատակելի տասներկու տիեզերական վարդապետների բարեխոսությունը: Նրանք աղոթեցին Տիրոջը նաև «Տեր ողորմեա» և «Ես մեղավոր մի ուխտավոր» շարականների խոսքերով:

Հաջորդ սրբավայրում՝ Գառնիի Ս. Աստվածածին եկեղեցում (12-րդ դար), ուխտավորները Տեր Գրիգորի գլխավորությամբ մասնակցեցին Արևագալի ժամերգությանը: Ապա ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Գառնիի «Մաշտոց Հայրապետ» եկեղեցում (12-13 դդ.), որն ըստ պահպանված արձանագրությունների՝ կոչվում է Ս. Աստվածածին, իսկ ավանդաբար «Մաշտոց Հայրապետ»՝ 897 թ. Գառնիում վախճանված հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է): «Մաշտոց Հայրապետ» եկեղեցում ուխտավորները, Խաղաղական ժամերգությանը մասնակից դառնալով, ավարտեցին իրենց աղոթքի ուղին:

Սրբոց հիշատակության օրհնյալ օրը Քրիստոսի հավատարիմ զինվորներին հիշեցրեց Տիրոջ պատգամը՝ Ս. Բարսեղ Կեսարացու շուրթերով հնչեցված ՝ հսկիր քեզ վրա, հետևաբար՝ մի՛ դադարիր քննել քեզ, եթե կամենում ես ապրել ըստ պատվիրանի: Մի՛ կանգնիր դիտելու քեզնից դուրս, փնտրելով գտնել ինչ-որ մի բան, որով կարող ես հանդիմանել ուրիշներին. ինչպես վարվում էր այն հավակնոտ և ունայնափառ փարիսեցին, որ ինքն իրեն արդարացնելով՝ բարձրացնում էր սեփական անձը և արհամարհում մաքսավորին (Ղուկաս 18:10-14): Մի՛ դադարեցրու անձիդ զննումը, հարցնելով ինքդ քեզ՝ թե արդյո՞ք մեղանչեցիր մտածումով կամ խոսքով: Եվ եթե կգտնես մեղքեր, կրկնիր մաքսավորի խոսքերը՝ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս:

 

Կարինե Սուգիկյան

28.10.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․