Ուխտի օրհնաբեր օր՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ և «Զորավոր» Ավետարանի օրհնությամբ

Հինգ տարի անընդմեջ, մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, բազմաթիվ ուխտավորներ են այցելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ հաղորդակիցը դառնալու իր հրաշագործ զորությամբ հայտնի  «Զորավոր» Ավետարանին: Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, որ  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, «Իմաստութիւն երկնային իջեալ» և «Բանին կենաց» շարականների երգեցողությամբ մուտք գործեց եկեղեցի, ուր և շարունակվեց արարողակարգը, ապա «Զորավոր» Ավետարանը դրվեց եկեղեցու Սուրբ Սեղանին:

Պատարագիչը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանն էր: Մինչ քարոզը Տեր Հայրը շնորհակալական խոսք ուղղեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ արդեն հինգերորդ տարին է, որ յուրաքանչյուր հայորդի իր խոնարհումն է բերում «Զորավոր» Ավետարանին: «Այսօր Հինանց շրջանի հինգերորդ կիրակին՝ Ս. Խաչի Երևման տոնը, համընկել է Ս. Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության հետ՝ կրկնակի տոն պարգևելով բոլորիս, և հետայսու Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին կունենա երեք ուխտի օր՝ Ս. Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրը՝ «Զորավոր» Ավետարանի, Ս. Անանիայի հիշատակության օրը՝ Ս. Անանիայի մասունքակիր Աջի և Վարագա Ս. Խաչի տոնին՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր Խաչի»,- ասաց Տեր Հայրը, ապա անդրադարձավ Ս. Խաչի Երևման տոնի խորհրդին և առաքինազարդ հայրապետ Ս. Մովսես Գ Տաթևացու գործունեությանը, ով խաչի մեծահրաշ լույսն իր սրտում ունենալով, դարձավ այն հրավառ և անշեջ կանթեղը, որ լուսավորեց Հայոց աշխարհում տիրող խավար դարաշրջանը՝ Հայոց վերազարթոնքի սկիզբը դնելով:

Ս. Պատարագի ավարտից մինչ Երեկոյան ժամերգությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր պատմությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին:

Անդրադառնալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Զորավոր» Ավետարանին՝ նշենք, որ, ըստ որոշ արձանագրությունների և մատենագիտական աղբյուրների, Ս. Աստվածածին անունը կրող եկեղեցին Զորավոր է կոչվել հետևյալ պատճառներով. այս եկեղեցում է ամփոփված Ս. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և այս եկեղեցում է ժամանակին պահվել հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը:

Այսօր ընթերցասերն արդեն «Զորավոր» Ավետարանի մասին մանրակրկիտ և գիտական ուսումնասիրությանը կարող է ծանոթանալ «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրությունից, որ հրատարակվել է անցյալ տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, եկեղեցու բարերարներ Գեղամ և Արամ Ղուկասյանների մեկենասությամբ և Մատենադարանի գիտաշխատողներ Արսեն Հարությունյանի և Արփինե Սիմոնյանի աշխատասիրությամբ:

Ըստ պատկերագիրք-ուսումնասիրության՝ «Զորավոր» Ավետարանը գրվել է մինչև 1405թ-ը: Ակադեմիկոս Լ. Խաչիկյանը նշում է, որ ձեռագիրը գրվել է Երևանում: Անդրադառնալով ձեռագրի պահպանման առաջին վայրին՝ Երևանի Երկուերեսնի եկեղեցուն՝ պատկերագիրք-ուսումնասիրությունը տեղեկացնում է, որ եկեղեցին եղել է Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, սակայն, թե ստույգ որտեղ է այն գտնվել, դժվար է ասել: Անդրադառնալով ձեռագրի պահպանման երկրորդ վայրին՝ Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն՝ պատկերագիրք-ուսումնասիրությունը տեղեկացնում է, որ Երկուերեսնի եկեղեցու ավերումից կամ անշքանալուց հետո ձեռագիրը հանգրվանել է Ս. Անանիա առաքյալի մատուռի տեղում՝ Մովսես վարդապետ Տաթևացու (հետագայում կաթողիկոս՝ Մովսես Գ Տաթևացի) հիմնած համանուն վանքում, ուր ներկայումս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Նահապետ Ա Եդեսացի (1691-1705թթ.) կաթողիկոսի օրոք՝ 1693-1694 թթ., խոջա Փանոսի միջոցներով:

Երվանդ Շահազիզը նկատում է, որ տևական ժամանակ այստեղ պահվող մի հրաշագործ ձեռագիր Ավետարանի պատճառով Ս. Աստվածածինը կոչվել է նաև Ս. Զորավոր: Նա նշում է նաև, որ 1835 թ. եկեղեցին կամ Ս. Անանիայի անապատը դադարել է լինել մենաստան ու դարձել է ծխական եկեղեցի՝ հանձնվելով Մարաղայի գաղթականներին, որոնց խոսակցական լեզվում էլ ընդհանրացվել է եկեղեցուն՝ Ս. Զորավոր կոչելու սովորությունը:

 

 Կարինե Սուգիկյան

14.05.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․