21 Դեկտեմբեր, Շբ
Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Վարագա Ս. Խաչի տոնը: «Սուրբ Նշանը համբուրելով՝ Քրիստոսին կհամբուրեմ»,- այս համոզումն ուներ Թոդիկ կրոնավորը, որն իր աշակերտ Հովելի հետ 653 թ-ին պահեցողությամբ ու աղոթքով Վարագա լեռան վրա փնտրում էր Ս. Հռիփսիմյանց կույսերի թաքցրած՝ Քրիստոսի խաչափայտի մասունքը: Երեքդարյա փնտրտուքներից հետո Տերը նրանց արժանի դարձրեց Քրիստոսի կենսապարգև խաչափայտի մասունքը գտնելու, նրա առջև խոնարհվելու և այն համբուրելով՝ Քրիստոսին համբուրելու մեծ պատվին: Ցավոք, Մեծ Եղեռնից հետո այդ սուրբ մասունքի գտնվելու վայրը հայտնի չէ, բայց Տիրոջ ողորմածությամբ Հայ եկեղեցին Տիրոջ խաչափայտի այլ մասունքներ ունի, որոնցից երկուսը պահվում են Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Արդեն երրորդ տարին է, որ Վարագա Սուրբ խաչի տոնի օրը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր:
Տոնի օրը ուխտի Ս. Պատարագին մասնակցելու, Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի զորությանը հաղորդ դառնալու և նրա առջև երկրպագելու մեծ փափագն էր բազմաթիվ ուխտավորների առաջնորդել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Տոնական Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, որ քարոզին, անդրադառնալով տոնի պատմությանը, մասնավորաբար ասաց. «Խաչը մինչ Քրիստոս մահվան անարգ գործիք էր, որի վրա խաչում էին մահապարտներին, բայց այն Տիրոջ արյան հեղմամբ դարձավ քրիստոնեության խորհրդանիշն ու քրիստոնյաներիս պարծանքը: Խաչը դարձավ դրախտի դռների բանալին, և որպես կամուրջ՝ հնարավորություն տվեց մեզ բարձրանալ դեպի երկինք՝ անցողիկից դեպի անանցը և հավիտենություն: Խաչը պետք է արտահայտվի մեր գործերի մեջ, քանի որ քրիստոնեությունը ոչ միայն հավատք է, այլ կյանքը ապրելու կերպ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչը թող պայծառացնի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և պահապան լինի Հայոց աշխարհին»:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույանի համար ամեն տարի Վարագա Սուրբ խաչի տոնի օրն սպասված օր է. «Տիրոջ խաչափայտի մասունքին դիպչելն ինձ հոգեպես բուժեց, ես կարծես մի նոր կյանք, նոր աշխարհ մուտք գործեցի: Տիրոջ խաչափայտի մասունքին դիպչելն ինձ համար մեծ տոն է: Ասում են՝ երանի այն մարդուն, որ տեսել է Հիսուսին, Նրա հագուստին դիպչել, ես այսօր Քրիստոսի անմիջական ներկայությունն ապրեցի, ինձ համար այսօր երանելի օր է»:
Մինչ երեկո հավատավոր հայորդիները, Սուրբ Խաչի զորությանը ապավինելով, հաղորդակից եղան Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օրհնությանն ու զորությանը:
Կարինե Սուգիկյան