Ուրախ ֆլեշմոբ ամենաուրախ և արևային երեխաների համար

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով ապրող մարդկանց միջազգային օրն է: Այս առթիվ մարտի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն «Արև-երեխաներ» ՀԿ-ի երեխաների համար ֆլեշմոբ էր կազմակերպել: Երիտասարդաց միության անդամները ֆլեշմոբը մեկնարկեցին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի մուտքի առջև, որտեղ արևները մարտի 26-ին կայանալիք «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով համերգի հերթական փորձից էին դուրս գալիս: Երիտասարդները արևներին նվիրեցին դեղին փուչիկներ, որ նրանց խորհրդանշող գույնն է և միասին քայլեցին դեպի «Գրանդ Քենդի»-ի պոնչիկանոց: Գարնանային ցուրտ ու ձնառատ եղանակին անչափ ջերմ և ուրախ անցավ երիտասարդների ու արևների զբոսանքը: Ջերմ ու հաճելի մթնոլորտը շարունակվեց պոնչիկանոցում, որը լուսավորվել էր արևներից բխող սիրով, ուրախությամբ ու բարությամբ: Սեր ու բարություն ճառագող արևներն իրենց ներկայությամբ հիշեցնում էին այն կարևոր առաքինությունները՝ սերն ու բարությունը, որոնցից աղքատացել է մարդկությունը:

Երիտասարդների կազմակերպած ֆլեշմոբը նպատակ ուներ հասարակությանը ևս մեկ անգամ իրազեկելու Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին և պայքարելու այն կարծրատիպերի, զարմացական ու խղճահարություն արտահայտող հայացքների դեմ, որ առկա են հասարակության մեջ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հանդեպ:  
Նշենք, որ Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցող մարդկանցով զբաղվող առաջին հասարակական կազմակերպությունը «Արև-երեխաներ» ՀԿ-ն է, որ  հիմնվել է հինգ տարի առաջ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ: «Արև-երեխաներ» ՀԿ-ն նպատակ ունի նպաստել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը, նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը և հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը։

 

Կարինե Սուգիկյան

 

21.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․