25 Նոյեմբեր, Բշ
Մի գնորդ շրջում է արևելյան մի մեծ շուկայում և ոսկերչի մոտ գեղեցիկ զարդեր նկատում և սակարկում դրանք գնելու համար: Ոսկերիչն ի վերջո համաձայնվում է ցածր գնով վաճառել զարդերը: Սակայն այդ պահին նրանց է մոտենում մի արծաթագործ և ասում գնորդին.
-Բարեկա´մ, ինչքան ժամանակ է քեզ չեմ տեսել, այնքան ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք, որովհետև նորից օգնության կարիք ունեմ. չգիտեմ, թե ինչպես իմ բեռը միայնակ տուն հասցնեմ:
Գնորդն ասում է ոսկերչին.
-Գնամ, իմ բարեկամին օգնեմ, այնուհետև վերադառնամ, ու այս զարդերը գնեմ:
Արծաթագործն ինքնագոհ նստում է իր ավանակի վրա` խրատներ ու խորհուրդներ տալով այս մարդուն անվարձահատույց օգնության վերաբերյալ, իսկ վերջինս արծաթագործի մեծ պարկը գցում է իր ուսին և դուրս են գալիս շուկայից:
Երբ գնորդը վերադառնում է ոսկերչի մոտ ու հարցնում, թե ուր են զարդերը, սա պատասխանում է, որ քո գնալուց հետո մի օտարական հայտնվեց ու ամբողջը թանկ գնով գնեց:
Երբ երկնային նախախնամությունը հնարավորության դուռ է բացում անհատի համար, երբեք պետք չէ կորցնել այն: Իմաստություն է անհրաժեշտ տարբերել առաջնայինը երկրորդականից, և ամեն անթարթ յուրովի է` զատված մնացյալ ակնթարթներից: Ավետարանն ասում է. “Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման” (Մատթ. 10.16):
Հովհաննես Մանուկյան