Ոտնլվա. Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին

Ավագ հինգշաբթի երեկոյան քրիստոնյաներն առիթ ունեն մասնակիցը դառնալու խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացող եկեղեցական մի արարողության, որ կոչվում է ոտնլվա: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր դասի հետ միասին ոտնլվայի արարողությանը նախապատրաստվում էին նաև եկեղեցում ծառայող տասներկու  դպիրներ: Նրանք մասնակից էին դառնալու ավետարանական մի պատմության, որի համաձայն` մեր Տերը, Իր անճառ փառքից խոնարհվելով, լվաց Իր առաքյալների ոտքերը:

Արարողությունն սկսվեց, և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը տասներկու դպիրների հետ Ս. Խորան բարձրացավ: Այնուհետև Տեր Հայրը խաչով ու Ավետարանով և  «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնեց խորանում դրված ջուրը և կարագը, ապա «Պահպանիչ» աղոթքից հետո վերցրեց սրբիչը, ծնկի եկավ և լվաց տասներկու դպիրների աջ ոտքերը և յուղով խաչաձև օծեց: Հիսուսն աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Սիմոնի տանը Հիսուսի ոտքերին մի կնոջ թափած անուշահոտ յուղը (Մարկոս 14:3-10): Արարողության վերջում ընթերցվեց ոտնլվայի մասին պատմող ավետարանական հատվածը, ապա հավատացյալներին բաժանվեց օրհնված կարագ, որ հիմնականում գործածում են հիվանդությունների դեպքում կամ խառնում են տանը եղած յուղին:

Առաքյալներին խորհրդանշող տասներկու դպիրների ոգևորությունը կրկնապատկվել էր. այդ օրն իրենց կյանքում՝ որպես անմոռանալի մի օր, խոնարհության, ծառայասիրության կարևորագույն օրինակները դրոշմեց: Ըստ եկեղեցու հայրերի՝ խոնարհության առաքինությամբ երկնքի դուռն է բացվում, իսկ Հայր Պաիսիոս Աթոսացին խոնարհ մարդուն հետևյալ կերպ է նկարագրում. «Խոնարհ մարդն ունի բոլոր հոգևոր անուշահոտությունները՝ պարզությունը, հեզությունը, անհիշաչարությունը, զոհաբերությունը, հնազանդությունը և այլն: Աստծո Շնորհը այցելում է միայն խոնարհ և հեզ մարդուն: Այնտեղ է հանգստանում Աստծո Հոգին: Եսայի մարգարեն ի՞նչ է ասում. «Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին» (Եսայի 66:2)»:

Արդեն տասը դար է, ինչ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու խորանները դառնում են ոտնլվայի՝ խոնարհության այս մեծագույն օրինակի, վկայարանները: Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակն է ընդհանրական եկեղեցու տիեզերալույս վարդապետ Ս. Եփրեմ Ասորին: Հետագայում կարգը հարստացվել է հայկական շարականներով, աղոթքներով, նաև Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատով:

 

Կարինե Սուգիկյան

 

13.04.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․