28 Նոյեմբեր, Եշ
Մարտի 7-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ Դավիթ Սիրադեղյանի աջակցությամբ, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի հետ միասին, սոցիալական ծրագրերի շրջանակներում, այցելեց Ծերենցի 6-րդ փողոցի 5-րդ տանը բնակվող Ավետիսյան ընտանիքին: Կենցաղավարության տարրական պայմաններից զուրկ, փոքր և ճնշող սենյակից բաղկացած բնակարանում, ապրում են Ավետիսյան Նատալյան (65 տ.), նրա 42-ամյա դուստր Անժելան՝ իր երկու զավակների՝ Ալեքսանդրի (5 տ.) և Անգելինայի (13 տ.) հետ: Փոքրիկ Ալեքսանդրն առողջական խնդիրներ ունի աղիների հետ կապված, առաջին անգամ քառասունքի մեջ են երեխային վիրահատել, այժմ նորից վիրահատության կարիք կա: Թեև վիրահատությունն անվճար է անցկացվելու, բայց սննդի և դեղորյաքի հետ կապված ծախսերը ընտանիքը չի կարողանում հոգալ: Նատալյան ինչ-ինչ խնդիրների պատճառով թոշակ չի ստանում, ընտանիքը նպաստ ևս չի ստանում, միայն Նատալյայի դուստրն է ցածր աշխատավարձով աշխատում: «Որքան ինձ Աստված կյանք տա, այնքան ես հոգ կտանեմ իմ ընտանիքին: Երբ ես ու թոռնիկս հիվանդանոցում էինք, աստվածային հրաշքով ոտքի կանգնեցինք, իմ թոռնիկներն Աստծո պարգևներն են ինձ»,- ասաց Նատալյան:
Տեր Վահանը բժշկության աղոթք կարդաց և մաղթեց ընտանիքին, որ Տերը զորացնի և հոգևոր ու մարմնավոր առողջություն պարգևի իրենց: Ապա նրանց հանձնեց սննդի փաթեթներ, գրենական պիտույքներ ու հագուստ:
«Աստված ողորմած է, գթած և մարդասեր: Ողորմության շնորհը յուրաքանչյուր քրիստոնյա կրում է իր հոգում և քրիստոնեական ընթացքի մեջ հարկ է, որ կարողանա իր ունեցած շնորհներն ի սպաս դնել իր նմանի բարօրության համար: Քանի որ Աստված սիրում է մեզ, մենք էլ պարտավոր ենք սիրելու, օգնելու կարիքի մեջ գտնվող մեր նմանին՝ Աստծո օրհնությամբ քրիստոնեական ընթացքի մեջ հարատևելով»,- ասաց Տեր Վահան քահանա Առաքելյանը:
Աստվածաշնչում՝ Սիրաքի իմաստության գրքում, կարդում ենք, որ ինչպես ջուրն է հանգցնում բորբոքված կրակը, այնպես էլ ողորմածությունն է քավում մարդու մեղքերը: Եվ ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի (Սիրաք 3:33-34):
Կարինե Սուգիկյան