Գրքեր

Ով է քահանան

Քահանա (kahna) բառն արամեերենից թարգմանաբար նշանակում է  Աստծո սպասավոր`անձ, ով կատարում է եկեղեցու արարողությունները, ծեսերն ու խորհուրդները, ով նաև միջնորդն է Աստծո և մարդկանց միջև և մեղքերին քավություն տվողը:

Քահանայության մասին խոսվում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս Քրիստոսի առաքյալները Աստծո Խոսքը քարոզելու և ստեղծված համայնքների հոգևոր-ծիսական կարիքները հոգալու համար տարբեր համայնքներում նշանակում են ընտրյալ երեցների:

Քահանան Տիրոջ խորհուրդների սպասավորն է, նա Սուրբ ավազանի մկրտությամբ մարդկանց որդեգրում է Հայր Աստծուն և Քրիստոսի ժառանգակիցներ դարձնում: Քահանայի բարձրագույն տիպարը Քրիստոսն է` «հավիտենական քահանայապետը» (Եբր. 5:10): Նա հաստատեց նոր քահանայություն, որին կոչվածները պետք է ավետարանեին իր կատարած փրկագործության խորհուրդը: Ուստի իր աշակերտներին նա շնորհել է քահանայական կարգ և տվել իշխանություն` ապաշխարող մեղավորներին արձակելու, Իր մարմնով ու արյամբ հաղորդություն տալու, հոտը հովվելու, Աստծո խոսքը քարոզելու, օրենքները սովորեցնելու և այլն: Քահանայի պաշտոնն է շարունակել իր Վարդապետի գործը`այն է`փրկել և կատարելագործել մարդկությանը:

«Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» (Եբր. ԺԳ 17),-ասում է Առաքյալը: Ինչպես գրում է Ս. Հովհան Մանդակունին` քահանան իր հոգևոր հոտի տեսուչն է `գիշեր և ցերեկ անդադար չարչարվելով նրա փրկության, ինչպես նաև իր սրբության համար: Նա հոգիների բժիշկն է, Աստծու գործերի գործակիցը: Արարիչը մարդուն ստեղծեց չարը կամ բարին ընտրելու ազատ կամքով, իսկ քահանան, դեպի բարին ուղղելով մարդու կամքը, զարդարում է նրան առաքինության գործերով: Սուրբ Հայրը քահանային նաև աշտանակի վրա դրված ճրագի հետ է համեմատում. նա պետք է փարատի խավարը, լուսավորի ամբողջ տունը: Քահանան նաև սատանայի կողմից վիրավորվածների բժիշկն է, Քրիստոսի միջոցով մեղքերից սրբողը: Քահանան կարող է մեղավորներին հաշտեցնել Աստծո հետ, մոտեցնել Եկեղեցուց հեռացածներին, քաղցողներին` կերակրել Քրիստոսի մարմնով, ծարավածներին`Քրիստոսի արյունից խմեցնել:

Նշենք նաև, որ շնորհաբաշխության համար նշանակություն չունի քահանայի արժանիքը, եթե շնորհք ստացող հավատացյալը հավատքով է մոտենում դեպի Ս. խորհուրդները: «Աստուծո շնորհը նաև անարժան քահանայի շնորհագործությամբ իջնում է հավատացյալի վրա, ուստիև հարգվում է ոչ թե քահանայի անձնավորությունն, այլ նրա պաշտոնը» (Արշակ Տեր-Միքելյան):  «Իսկ դու հայհոյությամբ ու բամբասանքով պատերազմում ես նրա դեմ: Տե´ս, որ մարտնչում ես ո´չ թե նրա, այլ Աստծու դեմ, Ով նրան շնորհեց քահանայության պատիվը: …Աստծու համար պատիվ է այն, որ անարգին մեծարես. բայց քահանան անարգ չէ, «քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբերն է» (Մաղ. Բ 7),-գրում է Մանդակունին: «…Նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր սխալները և շատերի մոտ բամբասում նրան… չգիտի, թե ինչ հանցանքի համար որ բամբասում է եղբորը, նույն մեղքի տանջանքով և ինքն է պատժվում: Եվ դու, եթե սրբությամբ հաղորդվես սուրբ Խորհուրդին, քահանայի պղծությունը չի վնասի քեզ. ինչպես որ նրան, ով պղծությամբ է մոտենում, չի օգնում քահանայի սրբությունը: Մի´ ասա, թե` ճիշտ է բամբասանքս, և բոլորը գիտեն: Քանզի եթե ճիշտ է, ապա ոչ թե մեր, այլ Դատավորի քննելու բանն է»: Ի վերջո, քահանան մեզ համար է Պատարագ մատուցում և սպասավորում, ուսուցանում մեզ, մեր ուխտն է ընծայում Աստծուն, թողություն խնդրում ապաշխարողների համար, մեր կյանքի ու փրկության, Տիրոջը մեզ հետ հաշտեցնելու համար է աղոթում:

Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս այն կրողի հանձնառությունը` ամբողջովին կրելու Հիսուս Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ): Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել նաև փիլոնը` լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ զգեստավորում` վառ և տոնական գույներով):  Կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է նաև վեղարը` սև սրածայր գլխի ծածկոցը, որը եկեղեցու հարսնության` քողի նշանն է:

Եկեղեցին ունի ամուսնացյալ և կուսակրոն քահանայություն, որոնք առանձին կարգ չեն, քանի որ քահանայությունը մեկ է ձեռնադրությամբ և օծումով: Ապագա քահանան ազատ է ընտրելու ամուսնացյալ կամ կուսակրոն քահանայության ճանապարհը:

Քահանայական ձեռնադրության կարգի համաձայն`ձեռնադրվող քահանաները նոր հոգեւոր անուններ են ստանում: Ավազանի անունը  փոխարինվում է սուրբ խորանից ծննդյան անունով՝ ի նշան նոր կյանքի: Ձեռնադրությունից անմիջապես հետո, Տիրոջ օրինակով, նորաօծ քահանաներն  անցնում են 40-օրյա պահեցողության, խոկման եւ աղոթքի շրջանի: Քահանաների պահքի ավարտը  նշանավորվում է անդրանիկ պատարագի մատուցմամբ, որից էլ սկսում է նրանց բուն քահանայագործության ընթացքը:

Քահանային դիմում են «Արժանապատիվ Տեր Հայր» (կամ անունը): Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցեք Տեր Հայր»` ի նշան հարգանքի և խոնարհության ձեռքը կրծին դնելով: Սա խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել: Կուսակրոն քահանային (աբեղա, վարդապետ), անվանում են Հայր Սուրբ: Ողջունելիս կուսակրոն հոգևորականին ասում են «Աստված օգնական», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որպեսզի Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում: Ողջույնի այս տարբերակը կիրառելի է ոչ ամուսնացյալ բոլոր հոգևորականների (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, կաթողիկոս) համար:

 

 

Մարիամ Ավետիսյան

02.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․