13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկաս 8:18):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս.
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ առիթ է տալիս խորհելու Աստվածաշնչյան այս պատգամի մասին: Սիրելինե՛ր, Աստվածապարգև կյանքը քաղցր է և հաճելի և իր բազում գրավչություններն ունի, որովհետև աշխարհն ու կյանքը Արարչաստեղծ են ու ներդաշնակ: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ և դյուրին է ընթանում կյանքում, քանի որ կյանքը նաև իր փորձություններն ունի: Նույնիսկ դրախտում, որտեղ մարդու համար ամեն ինչ լավ էր և կատարյալ, բարու և չարի գիտության ծառի պտղի համտեսելը և անհնազանդությամբ «աստվածներ լինելու ցանկությունը» Ադամին ու Եվային զրկեցին դրախտից: Նրանք զանց առան ամենակարևորը՝ պատվիրանապահությունը՝ ունկն դնելով չարի խաբեպատիր խոսքերին: Նրանք պատժվեցին՝ զրկվելով դրախտային անհոգ ու լիառատ կյանքից:
Այսօր և առհասարակ բոլոր ժամանակներում, ինչքան էլ մարդը կարողանա բարելավել իր կյանքի պայմանները, ունայն է ամեն ինչ առանց Աստվածային ճշմարտության և արդարության, որոնք կենսական ուժ են ստանում պատվիրանների կատարմամբ և իրագործմամբ: Աստվածային պատվիրանները մարդկությանը տրվեցին իբրև մարդկային բարօրության նախապայման և տիեզերակառույցի հիմնասյուն: Ուստի՝ հարկավոր է չանտեսել դրանք՝ կարծելով, թե «մարդկային ազատության» օրենքները կարող են գալ փոխարինելու Աստվածային օրենքներին: Չի կարելի կարծել, թե Աստվածային պատվիրանները սահմանափակում են մարդու լիիրավ ազատությունը: Դրանք սահմանափակում են մարդուն՝ հորդորելով հեռու մնալ մեղքի տիրույթից, և ազատություն են պարգևում՝ անսահմանորեն սավառնելու առաքինության և սրբության ոլորտում: Առանց այդ կենարար և շնորհաբաշխ պատվիրանների՝ թերարժեք են մարդկային ազատությունն ու արդարությունը: Խեղաթյուրելով Աստվածային տիեզերահաստատ օրենքները՝ մարդը խաբում է ինքն իրեն: Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում գաղատացիներին ուղղված նամակում. «Չխաբվե՛ք, Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդը սերմանում է, նույնը և կհնձի, ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղատացիներ 6:7, 8): Ուստի՝ մենք պետք է զգույշ լինենք ինքներս մեր անձերի համար, որպեսզի մեր հոգին, որ առաջնահերթ է մեզ՝ քրիստոնյաներիս համար, նվազ կարևորություն չստանա մեր մարմնից: Աշխարհը սովորեցնում է հոգ տանել մարմնի համար, մարմնի բարեկեցության պայմաններ է սահմանում, մինչդեռ Սուրբ Գիրքը մեր ուշադրությունը բևեռում է մեր հոգիների վրա, որպեսզի «հավիտենական հարկերի տակ ընդունեն մեզ» (Ղուկաս 16:9):
Աստվածային պատվիրանները մարդուն սրբագործում են, մաքրում հոգին, սիրտն ու միտքը, և դրանով մաքրվում է աշխարհը, կյանքը դառնում է պարզ և հստակ, որովհետև մաքրվում և հստակվում են մարդկային հարաբերությունները, մթնոլորտը լցվում է սիրով և ջերմությամբ: Թագավորում են անկեղծությունն ու ազնվությունը, և վերանում է անվստահության և անազնվության շղարշը: Ահա թե ինչպիսի զորություն և ազդեցություն է ունենում Աստծո խոսքը տիեզերքում: Այն միտված է երկրային կյանքում երկնային արքայություն հաստատելուն: Հետևաբար՝ մենք պետք է գործի վերածենք և կյանքի կոչենք Աստծո պատվիրանները:
Մարդը, Աստծուց հեռանալով, երբեք չի կարող երջանկություն գտնել: Կորոնի, բայց չի գտնի: Անառակ որդու պես, ստանալով հայրական ժառանգությունը, կփորձի իր բարին կամեցող ծնողից հեռու որոնել երջանկությունը, կմսխի ու կվատնի սեփական ունեցվածքն ու տաղանդները, վերջիվերջո ձեռնունայն կմնա և անառակ որդու բախտին կարժանանա: Իսկ Աստվածային օրենքների ու պատվիրանների սահմաններում մարդը գտնում է իր կատարյալ երջանկությունը: Քրիստոնեական բարոյական արժեհամակարգը դարերով ապացուցել է, որ միմիայն մարդու կատարելության և սրբագործման համար է: Պատվիրաններն անտեսելով, կամ փոփոխելով և հարմարեցնելով թվացյալ մարդկային ազատության գաղափարներին՝ մարդը կարող է մի բարձունքի հասնել, որից այն կողմ միայն անդունդ է, ուրիշ ոչինչ:
Դավիթ մարգարեն ասում է. «Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (Սաղմոս 118:165): Սերն Աստծո նկատմամբ և հնազանդությունը Աստծո պատվիրաններին կարող են կարգավորել մեր կյանքը, խաղաղություն պարգևել մեզ, ջնջել մեր դեմքերից անհանգստության դրոշմը և մոլորվելու մեծ հավանականությունը: Սեփական կամքի հնազանդությունը Աստծո կամքին չի նշանակում սեփական ազատության սահմանափակում, այլ նշանակում է սիրով ընդունել սիրո օրենքը: Սիրով ընդունենք և կատարենք Աստվածային արդարությունը, որպեսզի Աստվածային բարկության առջև չկանգնենք:
Սուրբ Հակոբոս առաքյալը հորդորում է մեզ. «Դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Խոսքը կատարողնե՛ր եղեք, այլ ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը: Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում-գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի» (Հակոբոս 1:21-25):
Ուստի, սիրելինե՛ր, եկեք ուշադիր ու զգոն լինենք Աստվածային պատվիրանների կատարման և անաղարտ պահպանման հարցում, որպեսզի մեր հանդեպ չկատարվի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի դատաստանը. «Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկաս 8:18): Քրիստոնեությունը մեր կյանքը էապես փոխում է միայն դեպի լավը, դեպի գեղեցիկը, դեպի կատարյալը, այն մեզ անվերջ կոփում է՝ հարատևելու սրբության մեջ, շտկելու մեր առօրյան ու կենցաղը, մեր փոխհարաբերությունները: Քրիստոնեության իսկությունը սիրո, արդարության և ճշմարտության հաստատումն է: Սատանան Ադամի ու Եվայի մոտ ստեց և խեղաթյուրեց Աստծո խոսքերը, որպեսզի համոզի նրանց մեղք գործել: Հետևաբար անչափ կարևոր են Աստծո խոսքի անաղարտ պահպանությունը և կատարումը, որոնք արդեն երկու հազար տարի Քրիստոսի եկեղեցու առաքելությունն են հանդիսանում: Այս պատճառով մեզ անհրաժեշտ է հետևել մեր մայր եկեղեցուն, որի առաջնորդությամբ կխուսափենք խոտոր ուղիներից, քանի որ եկեղեցու գլուխը ինքը Աստծո Միածին Որդին է՝ Հիսուս Քրիստոս:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան