22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Փառաբանությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ այդ ոլորտում երկու վիճակ կա: Եթե մարդ չանցնի առաջինի միջով, չի կարող հասնել երկրորդին: Առաջինում մարդը վշտերի մեջ է, բայց ամեն ինչ ճիշտ է ընկալում: Հետևում է բարի խորհուրդներին, իրեն է մեղադրում, խոնարհվում է, զղջում և շնորհակալություն հայտնում Աստծուն ամեն ինչի համար. «Տե՛ր Աստված,- ասում է,- երախտապարտ եմ Քեզ, իմ մեղքերի համար եմ այս ամենը տանում: Ես արժանի եմ ավելի վատին, բայց վախենում եմ չդիմանամ: Խնդրում եմ Քեզ, համբերություն և ուժ տուր ինձ, որպեսզի դիմանամ ամեն ինչին»: Այնժամ գալիս է աստվածային մխիթարությունը, և մարդ անցնում է երկրորդ վիճակին:
Այս վիճակում գտնվում են այն մարդիկ, ովքեր անցել են ապաշխարության շրջանը և զգացել աստվածային մխիթարությունը, որը գալիս է մեղքերի թողության ժամանակ, այսինքն՝ անցել է ուրախաբեր լացի միջով և հասել փառաբանության: Այդ ժամանակ մարդ դառնություններ չունի, նա սրբազան ուրախություն է զգում, Աստծու հանդեպ երախտագիտություն, որին չի կարողանում դիմանալ: Անընդհատ կրկնոմ է «փա՜ռք Քեզ, Տե՛ր», շնորհակալություն է հայտնում Աստծուն Նրա մեծ բարիքների համար, Նրա մեծ սիրո համար, և ապա հոգին արդեն ինքն է մղվում աղոթելու, Աստծուն փառաբանելու կամ ներողություն է խնդրում Աստծուց, որ անարժան է Նրա օրհնություններին:
- Իսկ հայր Տիխոնն ինչպե՞ս էր աղոթում, հա՛յր:
- Հայր Տիխոնը հասել էր փառաբանության ոլորտին և աղոթքի փոխարեն փառաբանություն ուներ: Նրա շուրթերից միայն լսվում էր. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված, փա՜ռք Քեզ»,- և տարվա համարյա բոլոր օրերը նրա համար «լուսավոր» էին, որովհետև նա մշտապես ապրում էր զատկական ուրախության մեջ:
Նման վիճակում գտնվող մարդկանց համար միշտ Զատիկ է, Հարություն: Բոլոր զանգերն ու կոչնակները խնդությամբ ղողանջում են: «Օրհնեցե՛ք նրան ցնծությամբ, գովաբանեցե՛ք նրան ուրախությամբ» (Սղմ. 150:4): Նրանք ողջ օրը փառաբանում են Աստծուն, և նրանց սրտի զարկը ասես զանգի ղողանջ լինի:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը