Պատվիրանի գլխավորը սերն է

Պատվիրանի գլխավորը սերն է | Patvirani Glkhavory Sern E

Քանզի պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից (Ա Տիմ 1։5)։

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Մեզանից յուրաքանչյուրը, որ մարդ արարած պատվավոր անունն է կրում, բարդ ու բազմակողմանի էակ է։ Մենք ունենք միտք, որ անընդհատ ինչ-որ բան է ասում մեզ։ Ունենք սիրտ, որ մեկ այլ բան է հուշում։ Ունենք խիղճ, որ ճշմարտությունն է բարձրաձայնում, եթե, իհարկե, մեր մշտական մեղավոր ու խստասիրտ ընթացքով չենք լռեցրել այն․․․ Եվ մարդ արարածը, ալեկոծ օվկիանն ընկած նավակի պես, տարուբերվում է՝ չիմանալով, թե որին լսել, որին հետևել և որն է այն գլխավորն ու ճշմարիտը, որ հստակություն կմտցնի իր կյանքում, կազատի կործանարար ալեբախումներից ու կառաջնորդի դեպի ապահով նավահանգիստ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին՝ հավատի մեջ սիրելի որդուն, գրում է, որ պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից։ Եվ այս խրատը մեզ տանում է Մատթեոսի ավետարան՝ կրկին լսելու Մարդացյալ Աստծու օրհնյալ ձայնը, որ սովորեցնում է․ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (22։37-40)։

Աշխարհի բոլոր մարդիկ, անկախ վայրից ու դարաշրջանից, կրոնից ու կրթությունից, միշտ էլ լսել են սիրո մասին և այս կամ այն չափով առնչվել աշխարհում ամենաշատ քննարկված, ամենաշատ գովերգված ու ամենաշատ վարկաբեկված այս զգացմունքի մասին։ Մենք՝ քրիստոնյաներս բոլորից առավել ենք լսում սիրո մասին, քանի որ դավանում ենք Սեր Աստծուն, որ սիրուց մղված եկավ աշխարհ և հետևաբար մենք էլ, որպես Նրա հետևորդներ ու զավակներ, պիտի առաջնորդվենք սիրով ու մեր կյանքը կառուցենք սիրո վրա։ Թվում է, թե բոլորիս էլ քաջ հայտնի է այդ հասկացությունը, և ոչ մի գաղտնիք կամ անհասկանալի բան չկա դրանում․ բոլորս էլ գոնե մեկ հոգու այս աշխարհում սիրում ենք և լավ ենք հասկանում, թե ինչ ասել է սիրել։ Սակայն ի՞նչ եք կարծում, սիրելի՛ հավատացյալներ, եթե իսկապես ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ լիներ, բոլորի կողմից յուրացված ու գործածվող, մի՞թե կարիք կլիներ, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոս պատվիրան տար սիրելու մասին։ Եթե բոլորն առողջ լինեին, ապա ո՛չ դեղորայքի, ո՛չ բժշկի, ո՛չ հիվանդանոցի կարիք չէր լինի․․․ Եվ աշխարհում տիրող վիճակն էլ հստակ ցույց է տալիս, որ մարդկանց սրտերում, ցավոք, հիմնականում ոչ թե սեր է, այլ լրիվ հակառակը՝ ատելություն ու չարություն․․․

Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ սերը հոգու հակվածությունն է յուրաքանչյուր մարդու մեջ Քրիստոսին տեսնելու և բարին գործելու։ Այն բոլորովին տարբեր է մեր իմացած անձնակենտրոն եսասիրությունից և ախտավոր մարմնական սիրուց, որն, ըստ էության, կիրք է ու մոլություն։ Իսկ ճշմարիտ սերն Աստծու պարգևած առանձնահատուկ ու սքանչելի մի գործիք է, որի ճիշտ գործածությամբ մարդ կարող է բացահայտել Աստծու նմանության իր ողջ ներուժը։ Դա հնարավոր է միայն Աստծով, սիրելինե՛ր, և այն ձեռք բերելու, շահելու համար հարկավոր է, որ մարդ նորանա Քրիստոսով, դառնա նոր արարած, տկարից վերափոխվի ուժեղի, վախկոտից՝ քաջի, եսասերից՝ անձնազոհի։ Աստվածային, փրկարար սիրով սիրելու համար հարկ է, որ այդ զգացմունքը ընդգրկի մարդուն ամբողջությամբ՝ ճշմարտությամբ լուսավորի միտքը, լիացնի ու ջերմացնի սիրտը, վերափոխի ողջ էությունն ու ինքն ուղղորդի մարդու կամքն ու բոլոր քայլերը։ Սա հնարավոր է, եթե մեր մեծագույն փափագն ու գլխավոր նպատակը Քրիստոս է։ Իսկ մինչ այդ նայում ենք մեր շուրջն ու հասկանում, թե որքա՜ն դժվար է սիրել մարդուն, հատկապես՝ որոշակի, հստակ մեկին։ Քանի որ դյուրությամբ կարող ենք ասել՝ դե ես բոլորին էլ սիրում եմ, ոչ մեկի վատություն չեմ անում, բայց հենց խոսքը վերաբերում է որոշակի մարդու, ապա հասկանում ենք, որ մեղմ ասած, ամենևին էլ չենք սիրում նրան։ Եվ իսկապես, ինչպե՞ս սիրել օրինակ՝ գործընկերոջդ կամ աշխատակցիդ, որն անվերջ ուշանում է, անհարկի բացակայում կամ թերանում իր պարտականությունները կատարելիս։ Ինչպե՞ս սիրել հարևանիդ, երբ նա անդադար աղմկում է, աղբը թողնում դռան մոտ և դեռ քեզ էլ չի բարևում։ Չես սիրում բարկացկոտ ուսուցչիդ, ծույլ աշակերտիդ ու խանութի անբարյացկամ աշխատակցին։ Չես սիրում կնոջդ, որ լավ տնտեսուհի չէ, և ամուսնուդ, որ բավարար գումար չի աշխատում։ Ծնողների ու զավակների համար էլ մի ամբողջ փունջ թերություն կգտնվի, եթե լավ փնտրենք․․․ Այո՛, բոլորը թերի են ու անկատար ինձ նման կատարելության ֆոնին։ Բոլորը վատն են ու սիրո անարժան, որովհետև չեն արդարացնում իմ՝ անթերիիս սպասումները։ Չսիրելու հիմանական պատճառն այս է, սիրելի՛ հավատացյալներ, մեր եսասիրությունն ու հպարտությունը։ Այդ է պատճառը, որ Եկեղեցին անդադար հորդորում է ուրիշներին դատելուց առաջ նախ սեփական անձը քննել։ Չէ որ երբ ազնվորեն քննում ենք մեզ և տեսնում մեր հոգու ախտերը, ամենևին էլ չենք շտապում հայհոյել, վիրավորել կամ անիծել մեզ, այլ ներողամտություն ենք ցուցաբերում՝ ընդունելով, որ մեղավոր ու անկատար մարդ ենք։

Երբ Աստված մարդացավ ու երկիր իջավ, Նա շփվում էր ամենատարբեր, սուրբ ու կատարյալ լինելուց բավականին հեռու մարդկանց հետ, որոնք փորձում էին ծուղակի մեջ գցել նրան, ծաղրում էին, ատում, սակայն Քրիստոս մնում էր անվրդով և սիրով շարունակում էր սովորեցնել, բժշկել ու խնամել մարդկանց, քանի որ սիրում էր նրանց, «հեզ էր ու սրտով խոնարհ»։ Բայց հեզ ու սրտով խոնարհ լինելուց բացի, մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում ճշմարիտ սիրով սիրել քո անձը, որպեսզի ապա նաև մյուսներին սիրես։

Քրիստոսի վարդապետությունը սովորեցնում է մեզ, որ սիրել քո անձը քրիստոնեական, ճշմարիտ սիրով նշանակում է ձգտել փրկության։ Հետևաբար, մենք բոլորովին չենք սիրում մեզ, երբ տրվում ենք Աստծու պատվիրաններին հակառակ արարքներին, որոնք մեզ հեռացնում են փրկությունից, որքան էլ, որ դրանք հաճելի լինեն մեր մեղավոր մարմնին կամ արատավոր սրտին։ Ուստի նախ պիտի սովորենք սիրել մեզ հենց այդպիսի փրկարար սիրով, որպեսզի այնուհետ նման սիրով սիրենք նաև յուրաքանչյուր աստվածապատկեր մարդու։ Այս առթիվ աբբա Դորոթեոսը սովորեցնում է․ «Պատկերացնենք մի մեծ շրջան։ Ենթադրենք, որ դա մեր աշխարհն է, դրա կենտրոնում Աստված է, իսկ շառավիղների վրայի կետերը մարդիկ են։ Նրանցից ոմանք մոտ են կենտրոնին, այսինքն՝ Աստծուն, մյուսները հեռու են։ Ըստ այնմ, թե մարդիկ իրենց սիրով ինչքան են մոտենում շրջանի կենտրոնին, այնքան էլ նրանք մոտենում են միմյանց և հակառակը՝ անբարյացկամությամբ միմյանցից հեռանալով՝ նրանք միաժամանակ հեռանում են նաև Աստծուց։ Այսպիսին է սիրո էությունը․ որքան միավորվում ենք մեր մերձավորին, այնքան միավորվում ենք Աստծուն»։ Եվ ինչպես մեր սիրելի մարդուն, ծնողին կամ զավակին չենք նախանձում ու չարախոսում, սիրով ներում ենք զանցանքները և նրանց երջանկությունը գերադասում ենք մերից, այդկերպ էլ պիտի փորձենք յուրաքանչյուր մարդու վերաբերվել, որով էլ և՛ Աստծու գլխավոր պատվիրանը կատարած կլինենք, և՛ կպահենք մյուս պատվիրանները։ Եկեղեցական մեկ այլ հայր էլ այսպիսի խրատ է տալիս․ «Ե՛վ կույրին, և՛ բորոտին, և՛ մտագարին, և՛ նորածին մանկանը, և՛ հանցագործին, և՛ հեթանոսին պատվիր որպես Աստծու պատկերի։ Քո ի՞նչ գործն է նրանց տկարություններն ու թերությունները։ Հետևի՛ր քո անձին, որպեսզի չթերանաս սիրո մեջ»։ Եվ այս տողերը կարդալիս մի ֆիլմ հիշեցի մերօրյա մի հրաշալի մարդու՝ բժիշկ Լիզայի մասին, որն, ըստ իս, ամենաիսկական քրիստոնյա կերպար է՝ Աստծու հստակ պատկերով ու անձնազոհ սիրով օժտված։ Նրա կերպարն իսկապես շատ է տպավորել ինձ։ Անպայման դիտեք այդ ֆիլմը, սիրելինե՛ր, և վստահ եմ՝ խորհելու ու սովորելու շատ բան կունենաք նրանից։

Եվ խոսքս ավարտեմ սիրելի Պողոս առաքյալի հորդորով, որ ասում է․ «Սեր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու հետևից. եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ լինել գթասիրտ. պատիվ տալու մեջ՝ միմյանց գերազանցել. ․․․․ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ. համերա՛շխ եղեք միմյանց հետ. մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք. մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք. ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ», - ասում է Տերը. այլև՝ «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և եթե՝ ծարավ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»: Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ․ 12։9-21)․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

16.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․