Պայծառակերպություն

Պայծառակերպություն | Paytsarakerputyun

«Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցէք» (Մտթ. 17:1-6)։ 

 

Այո՛, սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այսօր, միասնաբար և մեծ ցնծությամբ, նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը: Այսօր մտովի տեղափոխվում ենք Երուսաղեմում գտնվող Թաբոր լեռան վրա և Պետրոս, Հակոբոս ու Հովհաննես առաքյալների հետ միասին ականատեսն ենք լինում այն սքանչելի երևումի, երբ մարդկային կերպարանք առած Աստված վերջապես երևաց Իր իրական փառահեղ շուքով: Ավետարանն ասում է, որ Տիրոջ դեմքը փայլեց ինչպես արեգակը և դա բնական է, սիրելինե՛ր, քանզի Տերն Ինքն Արեգակն է, որ կենաց ու ջերմության աղբյուր է հանդիսանում Իր համայն արարչագործության համար: «Եվ Նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը» շարունակում է պատմել Ավետարանը և սա էլ բնական է ու բացարձակ ճշմարտություն, քանզի ո՞վ է խավարին հաղթող լույսը, եթե ոչ՝ Քրիստոս:

Տիրոջ երկրային կյանքի այս զարմանահրաշ դրվագը, սիրելի՛ հավատացյալներ, մի մեծագույն մխիթարություն է ամենքիս համար և զորություն է հաղորդում մեզ՝ հավատքի մեջ անսասան մնալու և հաստատակամորեն առաջ ընթանալու, քանզի մարդկային տկար կերպարանք առած Աստված, Ով անչափ պարզ ու հասարակ կյանքով ապրեց, չհասկացվեց շատերի կողմից, անարդարացիորեն քննադատվեց, և կեղծ մեղադրանքների արժանանալուց հետո պիտի սարսափելի չարչարվեր ու անարգ մահ կրեր խաչի վրա, ցույց տվեց իրականում Իր Ով լինելը: Իր ողջ փառքով Թաբոր լեռան վրա Աստծո հայտնվելը նախորդեց Գողգոթայի բարձունքում Նրա անարգ մահվանը, որպեսզի հասկանանք, որ խաչի վրա կրած անասելի չարչարանքն ու մահն ինքնակամ էր: Եվ հավատացեք, որ սա անչափ կարևոր դրվագ է, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, որպեսզի մենք վայրկյան անգամ չկասկածենք, թե Ո՛վ մեզ համար երկիր եկավ և Ո՛վ Իր անգին կյանքը տվեց, որպեսզի մենք հավիտենական կյանքի հույսն ունենանք:

Արդ, վերադառնանք այն խորհրդավոր գիշերվան, երբ Տեր Հիսուս Քրիստոս, Իր երեք աշակերտների հետ, լեռը բարձրացավ ու այլակերպվեց նրանց առջև: Եվ աշակերտները Տիրոջից բացի այնտեղ տեսան նաև Մովսեսին ու Եղիա մարգարեին, որոնք խոսում էին Նրա հետ: Այսինքն սա ոչ միայն Հիսուս Քրիստոսի աստվածության վկայությունն էր, այլև՝ հավիտենական կյանքի, այն փաստի, որ բոլոր հոգիներն էլ ողջ են երկրային վախճանից հետո, իսկ Աստծո արդարներն ու ընտրյալները հենց Տիրոջ մոտ են գտնվում: Եվ այդ Երկնային Արքայության սքանչելությունն էր, որ Պետրոս առաքյալին մղեց այդտեղ մնալու ցանկություն հայտնելու:

Իսկ ինչո՞ւ հատկապես Մովսեսն ու Եղիան, սիրելինե՛ր: Կարծում եմ պատասխանը կարող ենք գտնել այն գրքերում, ուր նկարագրված են նրանց կյանքերը: Այսպիսով, Մովսեսի մասին Ելից գրքում կարդում ենք. «Մովսեսն ասաց. «Ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։ Տերն ասաց. «Ես իմ փառքով կանցնեմ քո առաջից, քո առաջ կկոչեմ իմ անունը՝ Տեր, կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»։ Եվ Տերն ավելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։ Տերը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կա, կանգնի՛ր այս ժայռի վրա։ Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի ծերպի մեջ և իմ ձեռքով կծածկեմ քեզ, մինչև որ անցնեմ։ Իմ ձեռքը քո վրայից կվերցնեմ, և ապա դու ինձ կտեսնես թիկունքից։ Բայց իմ դեմքը քեզ չի երևա» (Ելից 33:18-23)։ Իսկ Եղիայի պարագայում կարդում ենք. «Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա, Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։ Երկրաշարժից հետո կրակ կթափվի, սակայն Տերը կրակի մեջ չի լինի։ Կրակից հետո մեղմ օդի ձայն կլինի»: Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրից ներս»: (Գ Թագ. 19:11-13)։

Սուրբգրային այս երկու օրինակներում էլ, սիրելի՛ հավատացյալներ, տեսնում ենք Աստծո երանելի սպասավորների, որոնք այնքան էին սիրել Տիրոջը, այնքան էին նվիրվել Նրան, որ աղերսում էին Նրան տեսնելու մասին, որպեսզի այդ կերպ Տերը գար ու բնակվեր իրենց ներսում և Ինքը գործեր այնտեղ: Սակայն որքան էլ, որ մաքուր ու աստվածահաճո լիներ նրանց խնդրանքը, նրանք մնում էին անկատար մարդ արարածներ, ովքեր, ադամական մեղքով վարակվելուց ի վեր, անկարող էին տեսնել Ամենակալին ու ողջ մնալ: Բայց ավետարանական այսօրվա հատվածը փաստում է այն մասին, որ Ամենակարող Աստված երբեք չի մոռանում Իր սիրելիների խնդրանքները, եթե դրանք աստվածահաճո են ու հոգեշահ, և նույնիսկ դարեր անց՝ ի կատար է ածում դրանք: Սա շատ կարևոր դաս է մեզ համար, սիրելինե՛ր, գիտակցելու, թե Ո՛ւմ առջև ենք կանգնում ամեն անգամ աղոթելիս և ի՛նչ ենք խնդրում Նրանից:

Վերջերս մեր համայնքի անդամներից մեկը մի դեպք պատմեց իր կյանքից, որի մասին կամենում եմ ձեզ էլ պատմել: Այս մարդը գործուղման էր մեկնել մի քաղաք, որտեղ մի հայտնի սրբավայր էր գտնվում: Սակայն նրա գործուղումն այնքան խիտ ժամանակացույցով էր հագեցած, որ ուղղակի անհնար էր ժամանակ գտնել ու հասնել այդ սրբատեղին: Եվ այս մարդը միայն մի պահ, քաղաք մտնելիս, մտածեց, թե որքան լավ կլիներ, եթե կարողանար իր խոնարհումը բերել այդ սրբին, սակայն մտածեց միայն և ոչ ոքի չասաց իր ցանկության մասին: Եվ ի՞նչ, սիրելի՛ հավատացյալներ, գործուղման վերջին օրը, նրա բարեկամներից մեկն ինքը առաջարկեց նրան այդ սրբավայրը տանել և իրերն էլ այնպես դասավորվեցին, որ անհրաժեշտ ժամանակն էլ գտնվեց այդ այցելության համար: Վստահ եմ, բոլորդ էլ ձեր կյանքից կհիշեք նմանատիպ դրվագներ, երբ նույնիսկ չեք էլ հասցրել խնդրել աստվածահաճո որևէ գործի համար, երբ այն արդեն իրականացել է, քանզի բարի ոչինչ չի կորչում Տիրոջ մոտ:

Երբ ասում ենք «պայծառակերպվել», սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, ապա դրա տակ փոփոխություն ենք հասկանում և փոփոխություն՝ դեպի լավը: Հասկանում ենք մի նոր վիճակ, որ էականորեն տարբերվում է նախորդից և անկասկած դեպի ավելի լավն է տանում, քան կար մինչ այդ: Քրիստոս էլ սովորական մարդու Իր կերպարից, որում բոլորը սովոր էին տեսնել նրան, կերպարանափոխվեց և ցույց տվեց այն մեծագույնն ու զորեղը, որ կար իրականում: Արդ, սիրելի՛ հավատացյալներ, մաղթում եմ, որպեսզի այս հրաշափառ տոնի լույսը թափանցի ամենքիդ հոգիներից ներս ու փոխվելու ևս մեկ հրաշալի առիթ հանդիսանա: Թող աղոթական վիճակներն ու Եկեղեցու Սուրբ Խորհուրդներին մասնակից լինելը ձեզ «տեղափոխեն» Թաբոր լեռան վրա, որտեղ աստվածային ներկայությանը հաղորդակից լինելով՝ Հիսուս Քրիստոսով «կպայծառակերպվեն» ձեր մտքերը, խոսքերն ու գործերը: Որպեսզի մեղքերի պատճառով աղճատված Աստծո պատկերն իր նախնական վիճակին դառնա և ձեզնում կատարված փոփոխություններն ակնառու լինեն ձեզ ճանաչողների համար և օրինակ, թե՛ նրանց և թե՛ ուրիշների: Թող պայծառակերպված Տիրոջ վսեմաշուք պատկերը մշտապես ուղեկից լինի մեզ և հիշեցնի, որ Ամենակալի անսահման սերն առ մեզ հիմք հանդիսացավ, որպեսզի Փառքերի Տերը երկիր իջնի և Իր սուրբ արյունը հեղի մեզ համար: Թող այս լուսաշող պատկերն օգնի մեզ դիմագրավելու աշխարհի փորձություններին, գայթակղություններին ու նեղություններին, քանզի վստահ ենք, որ ողջ է Ամենակալ Աստված՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, Որին վայել է փառք և պատիվ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

03.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․