4 Նոյեմբեր, Բշ
Փոքրահասակ մի մանուկ, մորից հաց վերցնելով, դուրս ելավ և ուտելով այս ու այն կողմ էր շրջում, ինչպես այսպիսի փոքր երեխաների սովորությունն է: Այնպես պատահեց, որ մանուկը եկավ այն տեղը, որտեղ Աստվածամոր` Կույս Մարիամի պատկերն էր` մանուկ Քրիստոս Աստված գիրկը: Նրան նայելով` երեխայաբար ու քաղցրությամբ մանկացյալ Քրիստոսին ասաց.
-Ո՛վ սիրելի, աղաչում եմ, վերցրո՛ւ սա, որ հոժարությամբ քեզ եմ ընծայում:
Իսկ պատկերը, թեպետ գեղեցիկ էր նկարված, քանի որ անզգա էր, մնում էր անշարժ, ո՛չ հացն էր վերցնում, ո՛չ էլ պատասխան տալիս: Իսկ մանուկը չէր դադարում աղաչելուց, որպեսզի հաց ուտի իր հետ: Եվ երբ երկար ժամանակ անցավ (իսկ նա ստեպ-ստեպ աղաչում էր), որ հայտնի լինի, թե Աստծուն ինչքան հաճելի են մանուկների խնդրանքները, նույն պատկերն Աստծո զորությամբ երկարեց ձեռքը, մանկանից վերցրեց հացը` ասելով.
-Ահավասիկ, ինչպես որ կամենում ես, այդ հացը վերցնում եմ քեզնից, բայց երեք օրից այն կամենում եմ հատուցել քեզ:
Մանուկը, այս պատասխանը լսելով, ուրախությամբ տուն դարձավ և միևնույն ժամանակ էլ հիվանդացավ: Երբ երրորդ օրը եկավ, Տերը՝ Կույս Մարիամի Որդին, կանչեց նրան, որ հոգին ավանդի Աստծուն, որպեսզի հավիտենական կյանքի հացին և երկնքի արքայության բնակությանն արժանանա:
†††
Երանելի Օգոստինոսը գիրք էր գրում Սուրբ Երրորդության վերաբերյալ: Աշխատանքից ու հոգևոր գործունեությունից հետո՝ երեկոյան ժամերին, նա ծովեզերքին շրջելու սովորություն ուներ: Քահանաները նրանից հեռու էին մնում, որպեսզի իրենց զրույցներով նրան իմացական տեսությունից չշեղեին:
Արդ, այսպես շրջելիս մի անգամ տեսավ մի գեղեցիկ ու վայելուչ մանկան` ծովեզերքին նստած, ով մի փոքր փոս փորելով, ինչպես մանուկների սովորությունն է խաղալով անել, և արծաթի գդալով ծովից ջուրն առնելով, այն փոսի մեջ էր լցնում: Օգոստինոսը, այս տեսնելով և նրան մոտենալով, հարցրեց.
-Ի՞նչ ես անում:
Եվ նա պատասխանեց.
-Այս բովանդակ ծովը կամենում եմ այս փոսի մեջ լցնել:
Եպիսկոպոսը ծիծաղելով ասաց.
- Ո՛վ որդյակ իմ, ինչպե՞ս կարող ես դա անել. ծովը լայնատարած է, իսկ գդալդ` փոքր, փոսն էլ, որ կամենում ես լցնել, փոքրածավալ:
Ապա մանուկն ասաց.
-Ինձ համար ավելի դյուրին է այս անել, ինչը որ ես եմ խորհում, քան թե քեզ համար անել այն, ինչը որ դու ես մտածում:
-Ի՞նչ է դա նշանակում,- հարցրեց եպիսկոպոսը` խիստ զարմացած:
Իսկ նա պատասխանեց.
-Մտածում և կարծում ես փոքր գրով պարփակել այն, թե ի՛նչ է անբաժանելի Երրորդության անճառելի խորհուրդը, որը մինչև կատարես, ես ծովն ամբողջությամբ կլցնեմ այս փոսի մեջ:
Այս ասելով` անհայտացավ: Օգոստինոսը գոհացավ Քրիստոս Աստծուց և իսկույն հասկացավ, որ մանկան կողմից ասվածը ճշմարիտ էր:
Հայելի վարուց