Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակը

Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակը | Poghos Araqyali Korntacinerin Ughghvats Arajin Namaky

«Քանի որ խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1.18)։

Կորնթոս քաղաքը, որ Պողոս առաքյալն այցելեց իր առաքելական երկրորդ ճամփորդության ընթացքում և որտեղ Եկեղեցի հիմնեց, հին աշխարհի ամենահարուստ ու հռչակավոր քաղաքներից մեկն էր: Այն ուներ շուրջ յոթ հարյուր հազար բնակիչ, որի երկու երրորդը գերի էր:

Քաղաքը առևտրական տեսանկյունից Եվրոպայի ու Ասիայի միջև մի այնպիսի դիրք ուներ, որ շատ մեծ հարստություն էր ամեն կողմից ինքնահոսում այնտեղ: Նյութական այս բարգավաճության հետ ուշագրավ էր նաև իմացական զարգացումը: Փիլիսոփայությունն ու մանավանդ՝ գեղարվեստը խանդավառել էր քաղաքի բնակիչներին:

Դժբախտաբար մի անզուսպ ապականություն էր ընկերակցում այս վսեմ զարգացմանը, և որ ամենացավալին է, Պողոսի հիմնած Եկեղեցին ուղղակիորեն հարաբերվում էր հեթանոսական պաշտամունքին: Քաղաքի բարձրադիր բլրի վրա կանգնեցված էր անպարկեշտ սիրո աստվածուհուն՝ Աստղիկին նվիրված սքանչելի մի տաճար:

Աշխարհի բոլոր կողմերից Կորնթոս էին գալիս այս տաճար մտնելու և պաշտամունքին մասնակցելու համար: Տոների ժամանակ այնպիսի ծայրահեղ անկարգություններ էին տեղի ունենում, որ առած էին դարձել այս խոսքերը. «Ապրել կորնթացու պես», այսինքն՝ ապրել անկարգության մեջ, «կորնթոսյան խնջույք», «Կորնթոսի արբեցող»:

52 թվականին հեթանոսական ահա այս քաղաքն է ժամանում Պողոս առաքյալը Աթենքում իր քարոզությունը ձախողելուց հետո: Ինչպես առաքյալի գրածից է պարզ դառնում, նա Կորնթոս էր հասել «տկարությամբ, երկյուղով և սաստիկ դողով» (Ա Կորնթ. 2.3):

Սակայն Աստված Պողոսին մեծ արիություն է ներշնչում, երբ հատկապես վերջինս ծանոթանում է Հռոմից վտարված Ակյուղասի և Պրիսկիլլայի հետ, որոնք առաքյալին արհեստակից հրեա վրանագործ այր ու կին էին: Պողոսն անմիջապես նրանց առաջնորդում է դեպի Ավետարանի լույսը:

Առաքյալը հրեաների ժողովարանում շատ զգուշությամբ քարոզում է Ավետարանը, և երբ Շիղան ու Տիմոթեոսը միանում են նրան, նա առավել մեծ համարձակությամբ է կատարում իր ծառայությունը:

Դժբախտաբար առաքյալի դեմ հրեաների ուժգին դիմադրությունը չի ուշանում, որի հետևանքով Պողոսը ստիպված է լինում հեռանալ հրեաներից և իր ուշադրությունը սևեռել հեթանոսներին. «Եվ Տերը գիշերը մի տեսիլքի մեջ Պողոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, քանի որ Ես քեզ հետ եմ, և ոչ մեկ քո դեմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»» (Գործք 19.9-10):

Նույն տեսիլքից պարզ է դառնում, որ Պողոսը տարի ու կես մնում է այդ քաղաքում, քանի որ անհրաժեշտություն կար այնտեղ ևս քարոզել Աստծու Ավետարանը:

Պողոսի մեկնումից հետո Կորնթոս է գնում «Ապողոս անունով մի հրեա, ծագումով ալեքսանդրիացի ճարտարախոս մի մարդ» (տե՛ս Գործք 19.24), որը շարունակում է Պողոսի սկսած գործը և, դժբախտաբար, անշուշտ առանց իր կամքի, իր շուրջ է հավաքում մարդկանց մի խումբ, որը դեմ է ելնում Պողոսին:

Ամենից ավելի հրեադավանները հեթանոսների առաքյալին շա՜տ ազատամիտ էին համարում հրեաների հանդեպ, և բացի այդ ազդված էին այն տարբերությունից, որ կար Պողոսի խիստ ու սաստող լեզվի և Ապողոսի գեղեցիկ ու գրավիչ խոսքերի միջև: Չմոռանանք, որ դեպքերը զարգանում էին Հունաստանում, իսկ հույներն իրենց բնորոշ զգայունությամբ հմայվում էին գեղեցիկ ու թովիչ խոսքերից:

Այդպիսով՝ նորաբողբոջ հասարակության մեջ երկու կուսակցություններ ձևավորվեցին, իսկ կարճ ժամանակ անց էլ կազմվեցին խմբավորումներ ուրիշ երկուսի՝ Կեփասի և նույն Ինքը՝ Քրիստոսի անունների շուրջ: Չենք կարծում, որ Կեփասը կամ Պետրոսը գնացել է Կորնթոս, բայց չի բացառվում, որ նա այնտեղ ունեցել է բարեկամներ, որոնց թիվը կարող էր ավելանալ Պողոսի դեմ հակակրանքի պատճառով, ընդ որում Պետրոսն սկզբից ևեթ առաքյալ էր՝ ի տարբերությունի Պողոսի:

Գալով նրանց, ովքեր իրենց հռչակում էին «քրիստոսյաններ»՝ պիտի ասենք, որ, նրանք, հավանաբար, ծայրահեղ հոգեպաշտներ էին և չէին ցանկանում տեսնել Հիսուսին իբրև «Մարդու Որդի», այլ տեսնում էին միայն աստվածային Քրիստոսին, որ գերիվեր էր մարդկային ամեն բանից և արժանի ամեն տեսակի պաշտամունքի:

Անշուշտ, այս բաժանումները չէին լինի, եթե վերոնշյալ խմբակցությունների անդամներն իրենց փառքը փնտրելու փոխարեն հետամուտ լինեին միայն Տիրոջ փառքին: Սակայն վիճաբանասեր միտքը պատճառ է դառնում, որ ավելի դառը երևույթներ ներմուծվեն հասարակություն: Դժբախտաբար, անբարոյականությունը՝ ամենագայթակղելի անբարոյականությունը, ներթափանցել էր նաև Կորնթոսի քրիստոնյաների շրջանակ:

Պողոսին ամենաշատը վշտացնում և նույնիսկ հուզում էր այն հանգամանքը, որ նորակազմ Եկեղեցին փոխանակ ուժգնորեն ընդվզեր չարի ու ապականության դեմ, ընդհակառակը, հետզհետե գնում էր նրան, որ իր ծոցում ընդուներ հեթանոսական ապականությունները:

Սակայն ինչպիսի՜ զարմանալի ու հետաքրքրական իրողություն. այս Եկեղեցին մյուսներից պակաս չէր օժտված Տիրոջ պարգևներով. «…իմաստության խոսք, գիտության խոսք, հավատք, բժշկումների շնորհ, զորավոր գործերի կարողություն, մարգարեություն, հոգիները զանազանելու շնորհ, տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ» (հմմտ. Ա Կորնթ. 12.9-10):

Զորավոր և անմիջապես ներգործող դարման էր պետք: Եվ ահա դրա համար Պողոսն անմիջապես գրում է կորնթացիներին ուղղված մի առաջին նամակ, որը դժբախտաբար կորսվել է և որի մասին առաքյալի այս ակնարկն է պահպանվել. «Գրեցի ձեզ այդ թղթի մեջ, որ չխառնակվեք պոռնիկների հետ» (Ա Կորնթ. 5.9):

Կորնթացիները նրան պատասխանում են՝ երեք պատգամախոսների միջոցով մի շարք հարցումներ ուղղելով (տե՛ս Ա Կորնթ. 16.17): Պողոսն ուղարկում է Տիմոթեոսին՝ գիտենալու, թե իրականում այնտեղ ինչ է կատարվում, և մինչև վերջինիս Կորնթոս հասնելն առաքյալը Եփեսոսից գրում է երկրորդ նամակը, որը մենք այժմ կուսումնասիրենք և որը Նոր Կտակարանի ցանկում զետեղված է «Կորնթացիներին ուղղված առաջին նամակ» խորագրով:

Ուղերձից և գոհաբանական խոսքերից (տե՛ս Ա Կորնթ. 1.1-5) հետո Պողոսը հաջորդաբար խոսում է տասը թեմաների շուրջ, որոնք սերտորեն առնչվում էին Կորնթոսի քրիստոնյաների վիճակին և մեծապես զբաղեցնում էին առաքյալի միտքը, քանի որ նա կանխատեսում էր չարի անհաշվելի վտանգները, որոնք այդպիսի ապականված միջավայրում սկսել էին սպառնալ Ավետարանի դատին. «Եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի» (Մատթ. 5.13):

Ահավասիկ այս տասը նյութերի շուրջ է Պողոսը խոսում հետևյալ հաջորդականությամբ.

  1. Երկպառակտություններ (Ա Կորնթ. 1.10-4.21), որոնք ենթադրում էին, որ Կորնթոսի Եկեղեցին պառակտված է, սակայն այդ երկպառակտություններն անշուշտ կանհետանային, եթե կորնթացիները մարմնապաշտ ու ցանկասեր չլինեին:
  2. Խիստ կարգապահություն գայթակղությունների հանդեպ (Ա Կորնթ. 5), որի շնորհիվ չարը իսպառ պիտի վերանար:
  3. Դատերը (տե՛ս Ա Կորնթ․ 6․1-11), որոնք ցույց էին տալիս, որ Կորնթոսի քրիստոնյաների սրտում շա՜տ տկար էր սերը, ըստ որում եղբայրը դատի էր տալիս եղբորը, և դա անում էր անհավատների առջև։
  4. Անսրբությունը (տե՛ս Ա Կորնթ․ 6․12-20), որի մեջ էին թաթախվել կորնթացիներն իրենց ցանկասեր կրքերի պատճառով՝ մոռանալով, որ իրենց մարմինը գնված և փոխակերպված էր Սուրբ Հոգու տաճարի։
  5. Ամուսնությունը (տե՛ս Ա Կորնթ․ 7), որը Պողոս առաքյալը քաղաքական խռովահույզ ու խառնակ ժամանակաշրջանում պատեհ չէր համարում, բայց պատվիրում էր ամուսնանալ նրանց, ովքեր ժուժկալություն չունեին։
  6. Մսերը (տե՛ս Ա Կորնթ․ 8-10), որոնք մի շարք քրիստոնյաներ չէին համարձակվում ուտել, քանի որ դրանք նախկինում զոհաբերվել էին կուռքերին։ Պողոսը իրեն ազատ է զգում՝ ուտելու կուռքերին զոհված միսը, բայց եթե այդպես վարվելով պիտի գայթակղեցնի իր եղբորը, նախընտրում է չուտել։
  7. Կանանց քարոզությունը հավաքույթների ժամանակ (տե՛ս Ա Կորնթ․ 11․2-15), որը Պողոս առաքյալը հայտնապես արգելում ու հանձնարարում է, որ կինը հպատակվի ամուսնուն։ Եվ իսկապես, այդ շրջանում խիստ անպատեհ էր, որ կինը հրապարակայնորեն ելույթ ունենար։
  8. Հաղորդությունը (տե՛ս Ա Կորնթ․ 11․17-34), որին զուգորդվում էին այնպիսի անկարգություններ, որ ստուգապես, Տերունական ընթրիքը վերածվել էր հրապարակային հացկերույթի, որի ընթացքում հարուստը արհամարհում էր աղքատին, մինչդեռ բնավ չպիտի խտրություն դրվեր։
  9. Հոգևոր պարգևները (տե՛ս Ա Կորնթ․ 12-14), որոնցով կորնթացիները հպարտանում էին, արժեք չէին ունենա, եթե դրանց լծակցված չլիներ ավելի գերազանզ մի շնորհ՝ սերը։ 13-րդ գլուխը, որում Պողոսը խոսում է սիրո մասին, նրա բոլոր նամակների մեջ շա՜տ գեղեցիկ ու վսեմ մի հատված է։
  10. Եվ վերջապես մարմնի հարությունը (տե՛ս Ա Կորնթ․ 15), որը Պողոսը հաստատում է իբրև ստույգ իրողություն՝ հիմնվելով Քրիստոսի մարմնավոր հարության վրա։ «Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և տակավին նույն մեղքերի մեջ եք: Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդյոք: Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ․ 15․16-19)։

Կորնթացիների հարցումներին այսպես պատասխանելուց հետո Պողոսը ավարտում է իր նամակը՝ հանձնարարելով, որ Երուսաղեմի աղքատների համար հանգանակություն անեն, նաև հայտնում է իր մոտալուտ այցելության մասին։

Այսքանը ներկայացրի ձեզ, որպեսզի գաղափար ունենաք նամակի բովանդակության մասին, իսկ այժմ կցանկանայի ձեր ուշադրությունը դարձնել Պողոս առաքյալի՝ իր նամակում հաճախ հիշատակված այն մտքին, որը կորնթացիների հարուցած բոլոր հարցումների բանալին է։ Եթե կորնթացիներն ըմբռնեին ու մանավանդ գործադրեին առաքյալի այդ գաղափարը, վերոնշյալ բոլոր անկարգություններն իսկույն կդադարեին։

Գալով կորնթացիների մոտ՝ Պողոս առաքյալը կամենում էր քարոզել միայն մի բան․ Հիսուս Քրիստոսին, Խաչված Հիսուս Քրիստոսին․ չէ՞ որ Քրիստոսի Խաչը հիմարություն է բոլոր կորսվածների համար, բայց աստվածային զորություն է բոլոր փրկվածների համար։

Երբ տկար ու խոնարհ առաքյալը մտավ ընդարձակ ու ապականված հունական այդ քաղաքը, պարտավորված էր հսկա Գողիաթի դեմ մարտնչող երիտասարդ Դավթի նման պայքարել անհամեմատ ավելի ահեղ ու հսկա թշնամու, այսինքն՝ զգայական ու հպարտ եսասիրության դեմ, որը թաքնված էր Կորնթոսի անհամար, ապականված բնակիչներից յուրաքանչյուրի սրտում։

Դավթի նման Պողոս առաքյալը ևս պայքարում է արտաքնապես շա՜տ ծիծաղելի մի զենքով՝ Գողգոթայի Խաչով՝ սարսափելի տանջանքի այդ դժպհի գործիքով։ Արդ, երբ առաքյալն այդ անարգ գործիքը ներկայացնում է ցանկական հաճույքների սիրահար և նաև արվեստի ու փիլիսոփայության վայելքներով նրբացած կորնթացիներին, բնական էր, որ նրա քարոզությունը թե՛ հեգնանք, և թե՛ զորեղ դիմադրություն պիտի առաջացներ:

Ուստի զարմանալի չէ, որ Պողոսն ուժգին դիմադրության հանդիպեց, այնքա՜ն ուժգին, որ սպառնում էր ձախողության մատնել Ավետարանի առաքելությունը: Սակայն եթե որևէ մեկը ճանաչում է «ես»-ի սարսափելի ուժը, վստահաբար գիտի, որ ինչպես նախկինում, այդպես էլ այսօր գերբնական ու աստվածային զորությունը միայն կարող է պարտության մատնել այդ ուժը:

Արդ, գերբնական ու աստվածային այդ զորությունը մարդ կարող է գտնել միայն Խաչի մոտ. բավական է միայն անդրադառնալ Խաչի նշանակությանը:

Խաչի քարոզությունը Աստծու զորությունն է երկյուղած խղճմտանք ունեցողների համար: Ըստ այդմ՝ Խաչը.

  • իմաստության զորությունն է
  • սիրո զորությունն է
  • միության զորությունն է:

Ամեն բանից առաջ Խաչը իմաստության զորությունն է: Մարդ անկում է ապրում իր հպարտության և մարմնական կրքերի պատճառով: Նա կարծում է, թե Աստծուն ուրանալով կարող է նմանվել Աստծուն: Այդ խորհելակերպով մարդ մեկ անգամ ևս Խաչին է գամում Սրբին և Արդարին: Չէ՞ որ այդ Սուրբն ու Արդարը կամեցավ հետևել տիեզերական մեծ օրենքին, այսինքն՝ անձնուրաց սիրո օրենքին, կամեցավ ցորենի նման հողի մեջ ծածկված լինել առավել աճելու և բազմապատիկ հունձք տալու համար:

Նախ և առաջ պիտի խոնարհվի, բեկվի, փոշիանա մարդկային հպարտությունը, և այդ դժվարին գործը կարող է իրականանալ միայն Խաչի ստորոտում, որտեղ միայն մարդ կարող է համոզվել, որ իր կոչումը անձնվիրությունն է, որ իր «ես»-ի օրենքը սերն ու զոհողությունն է:

Խաչի ստորոտում ամեն բան իրական է, այնտեղ պատրանք գոյություն չունի: Միայն այնտեղ է պարտվում մարդկային իմաստությունը, և փայլատակում է ճշմարիտ իմաստությունը, այսինքն՝ աստվածային իմաստությունն իր վեհափառ ներգործությամբ:

Ահա այդ պատճառով է, որ երբ ամբարտավան մարդը ոչ թե խղճով ու գիտակցությամբ, այլ միայն անտարբերությամբ է մոտենում Խաչին, նրանից բաժանվում է ուսերը թոթվելով և, հաճախ, Խաչյալի դեմ ատելությամբ լցված:

Մարդ կործանվում է ինչպես իր հպարտության, այդպես էլ հոգու հանդեպ մարմնի տարած հաղթանակով: Իսկապես, արգելված ծառի պտուղը ախորժելի է թվում, սակայն այդ «ախորժակը» մարդուն մղում է անկարգության: Նա կարծում է, որ մարմնի հաղթանակով կարող է ապահովել իր երջանկությունը, բայց հաղթանակից հետո զգում է, որ դա իրականում մի ամոթալի պարտություն էր իր համար:

Խաչը իմաստության զորություն է, քանի որ միայն այն է մեզ հասկացնում, որ ինչ չափով սանձվի և Խաչվի մարմինը, մարդ այդչափ իմաստուն ու երջանիկ կդառնա: Մարդ որքան ցանկանում է գոհացնել մարմինը, այդքան ավելի պահանջկոտ է դառնում, և անդադար բորբոքվող ցանկությունները սաստկացնում են մարդու տառապանքը:

Ո՜վ հավատացյալներ, դուք, որ պայքարում եք ձեր հպարտ ու մարմնական «ես»-ի դեմ՝ առանց այն պարտության մատնել կարողանալու, դադարեցրե՛ք այդ ունայն պայքարը, վա՛յր դրեք ձեր զենքերը Խաչի առջև և Խաչյալի դպրանոցի՛ց ուսանեք ճշմարիտ իմաստությունը: Ջանացե՛ք հավատքով ներքին միություն ստեղծել Խաչյալի հետ, և Աստված ձեզ կընծայի իմաստության զորությունը, որ ինքնին բավական է ձեզ վճռական հաղթանակի առաջնորդելու համար:

Բայց Խաչն առավելաբար սիրո՛ զորությունն է, և սիրո զորությունը լինելու շնորհիվ է նաև իմաստության զորությունը, քանի որ այն մեր մեջ մեռցնում է եսասիրությունը և մեզ տանում է բոլորովին նոր աշխարհ, այսինքն՝ սիրո աշխարհը, որ մինչ այդ անծանոթ էր մեզ:

Վանդակի ճաղերը խորտակած թռչունն ունի թևեր, և նա կարող է ճախրել դեպի արևոտ ու լուսավոր բարձունքները, սավառնել կապուտակ երկնքում: Եվ եթե այդ զորությունն ուզում է մեզ մահվան տանել, ապա դա ոչ թե մեզ մահացնելու համար է, այլ ընդհակառակը, մեզ ճշմարիտ կյանքի, սիրո ու անձնվիրության կյանքի առաջնորդելու համար, և այդ իսկ է իրական կյանքը:

Եթե կորնթացիները գիտենային սեփականացնել սիրո զորությունը, որն Աստված Խաչյալ Քրիստոսի միջոցով պարգևել է նրանց, եթե կարողանային հաստատուն ու կենդանի հավատով միանալ Քրիստոսին, ապա ո՛չ բաժանումներ կլինեին, ո՛չ դատեր, ո՛չ անկարգություններ հաղորդության և սիրո հացի բաշխման ժամանակ, ո՛չ հակառակություն կամ նախանձ զանազան հոգևոր հարցերի պատճառով:

Այլ ընդհակառակը, վիճաբանությունների և բաժանումների բոլոր շարժառիթները անտեսելով՝ պիտի ցույց տային փոխադարձ սեր ու զիջողություն կուռ և անսասան մնալու համար:

Եթե կորնթացիներն իրագործեին 13-րդ գլխի հանձնարարականները, ապա իսկապես կկարողանային մեր մոլորակը եդեմի փոխակերպել ու ամբողջ աշխարհը քրիստոնեացնել, մի բան, որ ամենապերճախոս քարոզությունները կամ զորավոր ջատագովություններն անզոր էին անել:

13-րդ գլխի սիրո սքանչելի երգով առաքյալն ապացուցում է, որ ամենաշքեղ պարգևներն անգամ անարժեք են առանց սիրո:

Այնուհետև նամակագիրը նկարագրում է սիրո բնույթը, որ երկայնամիտ, քաղցր, զիջող ու ներող է: Առաքյալն ավարտում է իր խոսքը՝ հիշեցնելով, որ որևէ բան չի կարող գերազանցել սիրուն, քանի որ սերը պարգևներից մեծագույնն ու հավիտենականն է:

Այդ սերն է հարթում մարդկանց միջև ծագած բոլոր դժվարությունները՝ կնճռոտ ու տագնապեցնող բոլոր խնդիրների լուծման բանալին դառնալով: Սերն է թելադրում հավատացյալներին, թե նրանք ինչ պետք է անեն խառնակ իրավիճակներում: Այն, այո՛, հաճախ սահմանափակում է քրիստոնյայի ազատությունը, երբ մանավանդ հարցը վերաբերում է ուրիշների փրկությանը: Օրինակ՝ ես կարող եմ ազատ լինել՝ ուտելու կուռքերին զոհաբերված միսը, քանի որ չեմ հավատում կուռքերին, բայց երբ տեսնում եմ, որ զոհաբերված միս ուտելով կգայթակղեցնեմ ընկերոջս ու կվտանգեմ նրան, նախընտրում եմ զգուշանալ, զսպել ինձ և հրաժարվել այդ միսն ուտելուց: Եվ դա ես անում եմ բարի սրտով ու հանուն սիրո:  

Դարձյալ, օրինակ, ես ազատ եմ գինի խմելու, այս կամ այն թատրոնը գնալու կամ որևէ կազմակերպության անդամակցելու հարցում. այդ պարագաներում իմ անձին որևէ վտանգ կամ չարիք գուցե չսպառնա, սակայն ես չեմ գնում, զրկում եմ ինձ ոչ թե իմ շահի կամ օգտի, այլ առավելաբար նրա՛նց համար, որոնց սիրում եմ, չէ՞ որ ես չեմ կարող ի վնաս ուրիշների զվարճանալ:

Միայն այն միտքը, որ ես կարող եմ չարիք պատճառել նրանց, արդեն իսկ խափանում է իմ վայելքը: Սերը սահմանափակում է ազատությունս, բայց ազատության ամենավսեմ առաքելությունն է իրագործում ուրիշների և անուղղակիորեն նաև ինձ համար:

Իմ ունկնդիրների մեջ արդյոք կա՞ն այնպիսիք, որ տառապում են ճշմարտապես սիրել չկարողանալու պատճառով: Նրանց պիտի խորհուրդ տամ մտամփոփ նայել այն Խաչին, որին գամվեց Աստծու Որդին։ Նայել Նրան, անդրադառնալ աստվածային անսահման այն սիրուն և գթությանը, որ հայտնվեց Խաչի միջոցով, և հոգով ամբողջովին միանալ Նրան, Ով մեռավ միմիայն սիրով և սիրո համար:

Այդ հայեցողությամբ, այդ միության շնորհիվ կհալչեն սրտի սառույցները և հոգի կներթափանցեն ճառագայթներն այն սուրբ ու վսեմ սիրո, որ Աստծու իսկությունն իսկ է:

Եվ այդ ժամանակ, միայն այդ ժամանակ Խաչը մեր առջև կհառնի իբրև միության գերազանց զորություն: Ուրիշների հանդեպ սեր տածելով մարդիկ կըմբռնեն, որ իրենք միևնույն մարմնի հարազատ անդամներն են և որ իրենց պարտականությունն ու վսեմ առանձնաշնորհումն ուրիշներին ինքնամոռաց ծառայելուն նվիրվելն է:

Այսօր շատերն են երազում հասարակության հեղաշրջման մասին, հեղաշրջում, որը հասարակությունից կխլեր մահառիթ եսասիրությունն ու մարդկային համերաշխ հարաբերություններ կհաստատեր: Դա վսեմ երազանք է, որի իրականացումը մեծապես բաղձալի է: Սակայն այդ երազանքը հնարավոր կլինի իրականացնել միայն այն ժամանակ, երբ մի գերբնական զորություն յուրաքանչյուրիս կսովորեցնի մեռցնել անձնական եսասիրությունը մարդկային հասարակության մեջ ապրելու համար:

Արդ, այդ զորությունը գոյություն ունի, և այն եզակի զորություն է: Գողգոթայի Խա՛չն է այդ: Առանց այդ զորության որևէ հասարակություն, եթե անգամ կորնթացիների նման հարուստ էլ լինի, որևէ Եկեղեցի, եթե նույնիսկ պճնված լինի Աստծու բոլոր պարգևներով, միևնույն է, հակասական ու անզիջում մի խմբավորում կլինի, որում կտիրի քաոսը, ավելի ճիշտ՝ դժոխքը՝ գայթակղեցնելով աշխարհն ու այն հեռացնելով քրիստոնեությունից, քանի որ ապականված «ես»-ը շատ շուտով ապականություն է տարածում իր շուրջբոլորը:

Երանի՜ թե Խաչի աստվածային զորությունն ըմբռնելով, մեկ բան գիտենայինք մեր կյանքում՝ «Հիսուս Քրիստոսին և նույն Ինքը Խաչվածին» (Ա Կորնթ. 2.2). ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

27.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․