22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին:
- Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից նայենք (կհասկանանք), որ դուք երջանիկ եք, և մյուս կյանքում ձեզ կնախանձեն այն մարդիկ, ովքեր այս կյանքում երջանիկ են համարվում: Այդ բոլոր փորձություններին համբերելով՝ ծնողներդ (միևնույն է, թե) ճգնում են: Քանի որ նրանց համար անհասկանալի կամ անիմանալի է սխրանքի մեկ այլ՝ վեհանձն, հոգևոր միջոց (այսինքն սեփական կամքով սխրանք): Բայց ինչ էլ ասեն, քո և որոշ այլ ընտանիքներին պատահած փորձությունների մեջ ինչ-որ գաղտնիք կա թաքնված: Քանի որ հարազատներիդ համար այնքա՜ն աղոթք է կատարվում: Աստծո գործերն անքննելի են: Թող Աստված երկարի Իր Աջը և վերջ դնի փորձություններին:
- Հա՛յր, իսկ մի՞թե հնարավոր չէ, որպեսզի մարդիկ սթափվեն ոչ թե վշտերի ու փորձությունների միջոցով, այլ մեկ այլ կերպ:
- Ամեն անգամ, փորձություն թույլ տալուց առաջ, Աստված փորձում է մարդուն բարի հորդորով ուշքի բերել: Սակայն Նրան չեն հասկանում և այդ պատճառով էլ թույլ է տալիս, որ փորձություն պատահի: Նայեք. եթե անհնազանդ երեխան հորը չի լսում, ապա հայրը նախ փորձում է հորդորներով ուղղել նրան, թույլ է տալիս, որ անի այն, ինչ ցանկանում է: Սակայն, եթե երեխան չի փոխվում, ապա՝ հայրը բարությունը խստությամբ է փոխարինում, որպեսզի խելքի բերի իր զավակին: Այդպես էլ Աստված. երբեմն, երբ մարդ բարի հորդորները չի հասկանում՝ նրան փորձություն է տալիս, որպեսզի սթափվի: Եթե մարդիկ մի փոքր ցավ, հիվանդություն և այլն չունենային, ապա գազանների կվերածվեին և ամենևին չէին մոտենա Աստծուն:
Այս կյանքը կարճ և խաբուսիկ է: Եվ լավ է, որ այն կարճ է, որովհետև այն դառը վշտերը, որոնք դառը դեղահաբերի պես, ապաքինում են մեր հոգիները՝ արագ կանցնեն: Տես, բժիշկներն էլ իրենց հիվանդներին դառը դեղահաբեր են տալիս, երբ նրանք տանջվում են, որովհետև հիվանդները ոչ թե քաղցրից են առողջանում, այլ՝ դառից: Ուզում եմ ասել, որ դառն իր ետևից և՛ մարմնի ապաքինում է բերում, և՛ հոգու փրկություն:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի