25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատացյալներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն այսօր Բուն Բարեկենդանն է, այսինքն Մեծ Պահքին նախորդող կիրակի օրը: Քառասնօրյա պահոց ճամփորդությունը սկսելուց առաջ, սա այն վերջին օրն է, երբ մեզ թույլատրվում է ճաշակել ամեն տեսակի կերակուր, իսկ որոշ վայրերում էլ, սովորության համաձայն, ժողովուրդն այս օրը համեմում է ուրախ խրախճանքներով, ազգային երգ-երաժշտությամբ ու խաղերով: Սակայն, անշուշտ կհամաձայնեք ինձ հետ, սիրելինե՛ր, որ համեղ կերակուրներով զարդարված տոնակատարության իսկական արժեքն ու համը երբեք չենք իմանա, եթե դրանից հետո չմտնենք Պահոց շրջանի մեջ:
Այս օրը խորհրդանշում է նաև մեր նախահայր Ադամի անհոգ ու երանելի կյանքը դրախտում, որին էլ հաջորդում է նրա արտաքսումը` մեղսագործությունից հետո:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Բուն Բարեկենդանը մի հրաշալի առիթ է մեկս մյուսին անաղարտ ու գեղեցիկ մի տոն նվիրելու, միմյանց հետ հաշտվելու և մաքուր խղճով Մեծ Պահքի խորհուրդի մեջ մտնելու՝ հետևելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի այն խոսքերին, թե. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 6:15, 16): Չէ՞ որ պահքը ոչ միայն մարմնավոր, այլև` առաջնահերթ պետք է հոգևոր բնույթ կրի:
Սիրելինե՛ր, Մեծ Պահքը ևս մի հրաշալի պարգև է` Տիրոջ կողմից մեզ ընծայված և ևս մեկ հնարավորություն` փրկության ճանապարհը ընտրելու: Սա տարվա մեջ ամենաերկար պահեցողության շրջանն է, որը մեզ համար ապահովում է բոլոր պայմանները` մարմնական և հոգևոր մեղքերից մաքրվելու, վնասակար սովորույթներից ձերբազատվելու, ապաշխարության և հոգևոր աճի համար: Կողոսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրում է. «Սպանեցե՛ք ուրեմն ձեր երկրավոր ցանկութիւնները. դե՛ն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն և ագահություն, որ կռապաշտություն է: … հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի. … Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն» (Կողոս. 3:5-12): Այսուհետ մենք մտնում ենք մի խորհրդավոր շրջանի մեջ, երբ առավելագույնս հնարավորություն ունենք մեր կյանքերը վերաիմաստավորելու: Այս հրաշալի շրջանին, երբ փակվում է եկեղեցու վարագույրը, ժամանակն է բացելու մեր հոգու վարագույրը և քննելու, գնահատելու մեր ներսը: Ժամանակ, երբ պահեցողությանը գումարված ապաշխարությունն ու աղոթքներն օգնում են մարդու մաքրագործված հոգուն դեպի վեր բարձրանալ, քանզի ինչպես մեր Տերն է ասում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4:17):
Ինչպես եկեղեցու Սուրբ Հայրերն են նշում` Մեծ Պահքը դա հոգու գարունն է, քանի որ, երբ մենք սահմանափակում ենք մեր մարմինը, ապա ծաղկում ու պտղաբերում է մեր հոգին: Եվ այն մարդը, ով գեթ մեկ անգամ զգացել է պահոց շրջանի ուրախությունը, արդեն անհամբերությամբ է սպասում այդ օրերին: Եվ եկեղեցին էլ, իբրև սիրող մայր, իր զավակներին դաստիարակում է թե՛ քնքշությամբ և թե՛ խստությամբ, հետապնդելով մի նպատակ միայն` ուղղել մեր քայլերը դեպի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս:
Սիրելինե՛ր, այսօր այն օրն է, որ մեզ հիշեցնում է դրախտում նախամարդու երանելի կյանքի մասին, որ Արարիչ Աստված, ի վերուստ, նախատեսել էր Իր բոլոր արարածների համար: Եվ Բարեկենդանին նվիրված եկեղեցական շարականներն էլ պատմում են Աստծո կողմից Ադամի ստեղծման և դրախտային կյանքի մեջ երանությամբ ապրելու մասին: Ըստ այդ շարականների` Ադամի կյանքը դրախտում նմանեցվում է պահեցողության հետ, քանի որ Աստծո կողմից նրան պատվիրված էր չճաշակել չարի ու բարու գիտության ծառի պտղից: Սակայն, ինչպես գիտենք, մեր նախահայր Ադամն անհնազանդ գտնվեց Աստծո պատվիրանին և այդ պատճառով էլ արտաքսվեց դրախտից: Ի՞նչ եք կարծում, սիրելիներ, ի՞նչ պատահեց դրախտին` Ադամի արտաքսումից հետո: Հավիտյանս փակվեցի՞ն նրա դռները մարդկության առջև: Իհարկե, ո՛չ: Եվ Աստծո Միածին Որդին էլ աշխարհ եկավ, որպեսզի մեզ հայտնի այդ սքանչելի լուրը և ցույց տա դեպի փրկություն, դեպի դրախտ տանող միակ, ճշմարիտ ճանապարհը: Այսպիսով, Բուն Բարեկենդանը մեզ համար դուռ է բացում դեպի հոգու վերանորոգության շրջանը, դեպի հոգևոր դրախտ տանող վերանորոգված ճանապարհը:
Այժմ, երբ Երկինքը խորհրդանշող Սուրբ Սեղանը փակ է մեր աչքերից, երբ ավելի քան երբեք ակնառու է կորսված դրախտի պատկերը, եկեղեցին հրավեր է ուղարկում մեզ` դադարեցնելու պարապ և անիմաստ բաների փնտրտուքը, կանգ առնելու և մեր միտքն ուղղելու մեր հոգիներից ներս, քննելու ու ճիշտ գնահատելու մեր հոգևոր վիճակը:
Սիրելինե՛ր, փորձենք առավելագույնս օգուտ քաղել ապաշխարության այս շրջանից և մարմնական կերակուրից հրաժարվելով` ամրացնենք և վերանորոգենք մեր հոգևոր մարմինը: Մեր մտքով, խոսքով ու գործով, Աստծո ու մերձավորի հանդեպ ցուցաբերած իսկական սիրո արտահայտությամբ ջանանք արժանանալ դրախտի լիիրավ ժառանգորդներ լինելու իրավունքին:
Պահոց այս շրջանն, ինչպես արդեն նշեցի, մեզ բազում հնարավորություններ է տալիս, բայց և ժամանակավորապես զրկում է մեզ ամենաանգին գանձից, որ ունենք` մեր բարեգութ Տիրոջ փրկչական մարմնից ու արյունից: Արդ սիրելինե՛ր, մաքրվե՛նք, գործե՛նք հոգևոր սխրանքներ, զարգացնե՛նք մեր հոգևոր շնորհները, անկեղծ ապաշխարություն ունենա՛նք և ուղղե՛նք հայացքներս դեպի այն անմահական Կյանքի կերակուրը, որ որպես մեծագույն պարգև սպասում է մեզ մեղքի նկատմամբ Տիրոջ տարած հաղթանակի օրը` Սուրբ Հարության տոնին, երբ մեր մաքրված հոգիներն էլ հոգևոր հարություն կունենան` ի փառս Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան