13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի»:
«Գիշերով իմ հոգին դեպի Քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանզի Քո հրամանները լույս են երկրի վրա» (Եսայի 26:9):
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր մեր մայր եկեղեցին տոնախմբում է Մեծի Պահոց առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, որը դրախտային կյանքի հիշատակն է: Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի որ այն կյանքը, որից զրկվել էր մարդն իր անհնազանդությամբ, Քրիստոսի Հարությունը խոստանում է վերադարձնել մարդուն:
Այսօր ուրախանում ենք, և պիտի փորձենք ուրախ մտնել ապաշխարության շրջանի մեջ: Ինչպես Տերն է ասում Լեռան քարոզում. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթեոս 6:16-18):
Տարին մեկ անգամ այս հիսնօրյա ընթացքով մենք փորձում ենք մի կողմ թողնել աշխարհիկ հոգսերը և մեր ուշադրությունը բևեռել մեր հոգու կարիքների վրա: Սա մի հրաշագործ շրջան է, որի ժամանակ մենք Հայր Աստծուց հայցում ենք Հիսուս Քրիստոսով հագցնել այն նախկին պատմուճանն ու կոշիկները, որ ունեինք, և որ կորցրինք մեր մեղանչականության պատճառով: Սա այն կենսատու ժամանակաշրջանն է, որի ընթացքում Հայր Աստծուց հայցում ենք Սուրբ Հոգու շնորհներով վերստին մաքրել մեզ մեր մեղքերից, ինչպես որ իր աղոթքում խնդրում է Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը:
Մարդը մեղանչական է, և անընդհատ կարիք ունի մաքրվելու: Ինչպես մեր մարմինը անընդհատ խնամքի կարիք ունի, այնպես էլ մեր հոգին: Ահա թե ինչու Մեծի պահոց ապաշխարության շրջանը լուսավոր շրջան է և մեր ուսերին դրված ծանրակշիռ բեռ չէ, որ հարկադրաբար պետք է քարշ տանք մռայլ ու խավար օրերի միջով: Ապաշխարությունը տխուր ընթացք չէ, այլ՝ լուսավոր և կենսանորոգ: Այն հնարավորություն է ընձեռում մեզ ներթափանցելու մեր հոգու խորքերը և խորհելու մեր մեղքերի մասին: Եթե մկրտության ավազանը մի լվացարան է, որի մեջ մկրտվելով՝ մաքրվում ենք ադամական մեղքից, ապա Մեծ պահքը մի մաքրագործող ժամանակահատված է, որն է առիթ տալիս մաքրվելու ամենամյա մեղքերից, քննելու սեփական խիղճը, խոստովանելու մեղանչումներն Աստծո և մարդկանց հանդեպ և լցվելու Սուրբ Հոգու շնորհներով: Յուրաքանչյուր մեղք հաղթահարվում է Աստծո շնորհով և օգնությամբ, հետևաբար եթե մեզ հանձնենք Աստծու խնամքին, Նա՝ իբրև հմուտ մշակ, կհոգա մեր հոգու մասին:
Աստծուց խնդրենք, որ մաքրի մեր սրտերը և բովանդակալից լինեն մեր առաքինությունները և ոչ ձևական, որպեսզի դատապարտություն չլսենք Երկնավոր Դատավորից. «Մաքրի՛ր բաժակի և պնակի ներսը, որպեսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի» (Մատթեոս 23:26): Քրիստոսի խոսքերը խրատում են և ուշադրություն են հրավիրում առաքինությունների բովանդակության և ոչ ձևի վրա, որ ունայն չլինեն մեր տքնություններն ու ջանքերը, և մեր ապաշխարության շրջանը արդյունավետ և պտղատու լինի, ցնծություն բերի մեր հոգուն և ոչ հոգնություն, և մեր հոգին հարստանա Աստծո շնորհներով:
Աստված մեր մաքրագործումն է ցանկանում: Նա Պարարտ Եզը մորթում է կորսված որդու համար, այսինքն՝ Իր Որդուն չի խնայում, զոհաբերում է բոլոր սերունդների քավության և փրկության համար: Աստծո Միածին Որդին խաչվեց, թաղվեց և հարություն առավ մեղքերի մեջ շաղախված մարդկության համար: Ինչպես ասվում է «Բարի սամարացու» առակում (Ղուկաս 10:30-35) սամարացին «մոտենալով կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրա՝ տարավ մի իջևան և խնամեց նրան» (Ղուկաս 10:34): Հիսուս Քրիստոսի հոգատարությունն է սա՝ բուժելու, ապաքինելու և սրբացնելու մարդկանց:
Ուստի, սիրելինե՛ր, անգամ եթե մենք չենք գիտակցում, Աստծո ձեռնհասությունն ու օգնությունը մեր կյանքում անպակաս են: Իսկ որքա՜ն շնորհների կարժանանանք, եթե գիտակցաբար այդ հոգևոր օրհնության հետևից գնանք և Աստծուն անվերջ խնդրենք մեր հոգու և կյանքի համար անհրաժեշտ շնորհներ: Ինչպես ասվում է Սիրաքի գրքում. «Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան, և այն կհագնես իբրև փառքի զգեստ» (Սիրաք 27:9): Հետևաբար՝ մեզ բոլորիս մաղթում եմ ապաշխարության արդյունավետ շրջան և ընթացք, որպեսզի Սուրբ Հարության տոնին քաղենք այն պտուղները, որոնց համար ջանքեր ենք գործադրել, որոնց համար տքնել և աղոթել ենք, և մեր հոգու անդատաստանն իր պտուղներով ուրախություն պատճառի ոչ միայն մեզ, այլ նաև երկնքին: Ինչ հոգևոր փնտրտուքներ որ ունեք և խնդրում եք Աստծուց, մաղթում և աղոթում եմ ձեզ համար, որ ստանաք առավելաբար:
Սիրելինե՛ր, այն, ինչ կկարևորենք Մեծ պահքի ընթացքում, կարևորություն և արժեք կստանա առհասարակ մեր կյանքում: Երբ Մեծ պահքի ընթացքում կարևորենք պատվիրանապահությունը, այն սովորություն կդառնա մեր ողջ կյանքի համար: Երբ օրվա ընթացքում ժամանակ հատկացնենք աղոթքին և ոչ միայն ապաշխարության աղոթքներին, այլ նաև գոհաբանական աղոթասացությանը, մեր կյանքում մշտապես կզգանք երկնային օրհնության ուղեկցությունը: Երբ պահքի ընթացքում հիշենք ողորմություն տալու մասին, բարեգործությունը սովորական երևույթ կդառնա մեզ համար նաև պահքից դուրս, որովհետև այդ է մեր Տիրոջ կամքը:
Սա հանձնառելի պատվիրանների մասին, նույնը վերաբերում է նաև հրաժարելի պատվիրաններին: Ինչպես որ պահքի ընթացքում, խուսափենք դատելուց և բամբասելուց, այնպես էլ այդ զգոնությունը մնայուն կդառնա մեզ համար նաև պահքից դուրս: Երբ փորձենք հաշտվել և չնեղացնել մեր շրջապատի մարդկանց, այն մեզ համար բնավորություն կդառնա:
Թող Տերը զորացնի մեզ մեր պահոց և ապաշխարության ընթացքի մեջ, մեր աղոթքները թող լսելի լինեն Տիրոջը: Կիրակի առ կիրակի և ընթացք առ ընթացք հոգևոր հայրերի ուղղորդությամբ և Աստծո օրհնությամբ կարողանանք ըմբռնել մեր հայրերի սահմանած տոների և օրերի իմաստն ու նշանակությունը, որովհետև բոլորս էլ պիտի երկյուղածությամբ և սիրով անցնենք այս ճանապարհը: Սայթաքումներ կլինեն, կլինեն նաև փորձություններ, սակայն պետք չէ սարսափել և հուսահատվել, այլ ուղղակի պետք է հիշել, որ Աստված անողոք դահիճ չէ, այլ Սիրող և Գթառատ Հայր, որ ոտքի կանգնելու և ճանապարհը շարունակելու հնարավորություն է ընձեռում մեզ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան