Քրիստոնյան չի կարող չսիրել իր հայրենիքը

Հայրենասիրության վառ օրինակների հանդիպում ենք նաև սրբերի կյանքում, նրանց սերը հայրենիքի հանդեպ այնքան մեծ էր, որ հաճախ հասնում էր ինքնազոհողության: Պողոս առաքյալն էլ իր նամակներից մեկում գրում է. «Մեծ տրտմություն է ինձ և անհատնում ցավ՝ իմ սրտին, որովհետև ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, որ իսրայելցիներն են: Իմ սրտի փափագը և աղոթքը առ Աստված՝ նրանց փրկության համար են» (Հռոմ. 9:2-4; 10:1): Ինքը՝ Հիսուս Քրիստոս, մոտենալով Երուսաղեմին՝ Իր երկրային հայրենիքի գլխավոր քաղաքին, և կանխատեսելով այն սարսափելի աղետները, որ պետք է կրեր Երուսաղեմը, դառնորեն լաց եղավ (Ղուկ. 19:41-44): Այդպիսի սիրով էր Նա սիրում Իր երկրային հայրենիքը:

Քրիստոնյան չի կարող չսիրել իր հայրենիքը. այնտեղ են տեղի ունեցել նրա մարմնավոր ու հոգևոր ծնունդները, այնտեղ է առաջին անգամ տեսել աստվածային լույսը, վայելել ծնողական սերն ու փաղաքշանքը, կրթվել ու քրիստոնեական դաստիարակություն ստացել: Երախտագիտության պարտքը և քրիստոնեական պարտավորությունը պահանջում է քրիստոնյայից սիրել իր հայրենիքն անկեղծորեն և իր կարողության չափով ծառայել նրան՝ նպաստելով նրա բարօրությանը:

Հայրենիքի հանդեպ սերը և այն պաշտապանելու մեծ մղումն էր, որ արցախյան վերջին պատերազմին բազմաթիվ հայորդիների առաջնորդեց՝ հայրենյաց սահմանները պաշտպանելու: Հայրենյաց պաշտապանների թվում էր նաև Գուրգեն Սարգսյանը, որ հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար զոհվեց նոյեմբերի 3-ին՝ Շուշիում:

Օգոստոսի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, զոհված հերոսի կնոջը՝ Գալստյան Լիլիթին (35 տ.), փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Լիլիթն իր երկու անչափահաս աղջիկների հետ բնակվում է Անդրանիկի փ. 66շ., բն. 3 հասցեում:

Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

03.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․