Քրիստոնյայի համար կարևոր հենարանները՝ հավատ, հույս և սեր

Աստվածային անսահման սերը մարդկության հանդեպ արտահայտվեց Աստվածորդու աշխարհ գալով և փրկագործությամբ: Աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, խոսքով և կյանքով սովորեցրեց ճշմարտապես հավատալ և առաքինաբար ապրել: Փրկչի յուրաքանչյուր խոսքից և գործողությունից անսահման սեր էր բխում: Սիրող Աստված այլ բան չի ակնկալում իր արարածներից, այլ միայն, որ Իր սիրուն պատասխանեն նույնպիսի անկեղծ, մաքուր և անշահախնդիր սիրով: «Մենք պետք է ապրենք հավատով, հույսով և սիրով: Սա է մեր հենարանը, դրանցով պետք է շնչենք, բայց պետք է հիշել, որ ինչքան էլ մեծ է հավատը, ինչքան էլ օրհնյալ է հույսը, սերն ամենից վեր է»,- ասել է Ռուս եկեղեցու հայրերից Ղուկաս Ղրիմեցին:

Կյանքի իմաստը Աստծուն առավել մոտ լինելն է՝ օր-օրի կատարելության ձգտելով: Փրկության արժանանալու համար անհրաժեշտ է ամուր կառչել Քրիստոսին, Նրա հետ միավորվել։ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանձ Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5),- ասում է Քրիստոս: Այլ կերպ ասած, իրական հոգևոր կյանքը՝ բարի պտուղ տալը, անհնար է առանց կյանքի Աղբյուրի՝ Քրիստոսի:

Քրիստոնեական ճշմարիտ հավատի պտուղներից է մերձավորի հանդեպ ուշադրությունն ու հոգածությունը: Հունիսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Գյուրջյան Արսենին (39 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Արսենը՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և հոկտեմբերի 11-ին Ջրականում ողնաշարի վիրավորում ստացել: Արսենն առ այսօր բուժումներ է ստանում և դժվարությամբ է տեղաշարժվում: Նա իր ծնողների, կնոջ և երկու անչափահաս դստրերի հետ բնակվում է Սյունիքի մարզի գ. Շաղաթ․ փ․ 18, տ․ 1 հասցեում: Զինծառայողի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

29.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․