26 Նոյեմբեր, Գշ
Հունվարի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Երազանքների տնակը» Ս. Ծննդյան բարեգործական ներկայացումը, որը կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը և որի հասույթը տրամադրվելու է «Արև-երեխաներ» ՀԿ-ին: Պատահական չէր ներկայացման օրը. այն համընկել էր Երուսաղեմում հին տոմարով Ս. Ծննդյան տոնակատարության հետ:
Ներկայացմանը ներկա էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, եկեղեցու ատենապետ և այս տարվա խաչքավոր Գագիկ Ավետիսյանը, համայնքի անդամներ և հյուրեր: «Երազանքների տնակը» ներկայացումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ապա հանդիսատեսը տեղափոխվեց մի ընտանիք, որտեղ բոլորը, բացի կրտսեր զավակից՝ Արամիկից, ամանորյա պատրաստություն էին տեսնում: Իսկ Արամիկի այն հարցին, թե ինչ տոն է Ս. Ծնունդը, ոչ ոք ժամանակ չուներ պատասխանելու, ժամանակ չունեին՝ նայելու նաև նրա նկարած տնակը: Եվ նա բոլորից աննկատ դուրս է գալիս տանից, մոլորվում է և հասնում անտառապահի տնակը, որ կարծես իր երազանքների տնակը լիներ: Արամիկն այնտեղ ապաստան է գտնում, հաց է ուտում, Աստվածաշունչ կարդում և Ս.Ծննդյան պատմությանը ծանոթանում: Ապա ծանոթանում է անտառապահին, զրուցում նրա հետ և իմանալով նրա կնոջ ու երեխայի մահվան մասին՝ փորձում է թեթևացնել նրա վիշտը և առաջարկում նոր ընտանիք կազմել: Անտառապահը մտածում է այդ մասին, ապա փորձում է հեռախոսով կապ հաստատել Արամի ծնողների հետ և ապարդյուն փորձերից հետո, ստիպված է լինում նրանց տուն գնալ: Այս ընթացքում Արամն ապրում է Ս. Ծննդյան տեսարանը. նա տեսնում է այն, ինչ կար իր սրտում: Առավոտյան ծնողները մեծ ուրախություն են ապրում՝ Արամին տեսնելով և իրենց երախտագիտությունն են հայտնում անտառապահին՝ նրան համարելով իրենց ընտանիքի անդամը: Մինչ անտառապահին հրաժեշտ տալը և Ս. Ծննդյան Պատարագին գնալը, Արամը չի մոռանում անտառապահին, ծնողներին և դահլիճին փոխանցել Ս. Ծննդյան ուրախարար ավետիսը:
Դահլիճը հագեցած էր Ս. Ծննդյան հոգենորոգ խորհրդով: Ողջ ներկայացման ընթացքում բացակայում էր այն սահմանը, որ տարանջատում էր դերասանին հանդիսատեսից: Դահլիճի երկարատև և բուռն ծափահարությունները վկայում էին հանդիսատեսի Ս. Ծննդյան տոնն իրենց հոգուց ներս ունենալու ուրախությունը: Արամի Ս. Ծննդյան ապրումների շնորհիվ ներկաները ևս մեկ անգամ հաղորդակից եղան Ս. Ծննդյան «մեծ և սքանչելի» խորհրդին:
Ներկայացման ավարտին Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Ս. Ծննդյան ավետիսը կրկին անգամ փոխանցելով ներկաներին, ասաց. «Կրկին վերապրեցի Ս. Ծննդյան հրաշափառ խորհուրդը: Դժվարանում եմ բառերով արտահայտել այն զգացումները, որ ապրեցի միջոցառման ընթացքում: Ներկայացման ամենափոքրիկ դերակատարը կարողացավ դահլիճին փոխանցել Ս. Ծննդյան իր ապրումները, այն, որ Անժամանակելին և Անսահմանելին, ժամանակավորի մեջ մուտք գործելով, մարդացավ հանուն մեր փրկության»: Տեր Հայրը ուրախությամբ նշեց, որ Աստծո առաջնորդությամբ «Երազանքների տնակը» ներկայացմանը մեծ բեմեր են սպասում, այնուհետև շնորհակալություն հայտնեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինությանը, տիկնանց միությանը և բոլոր այն անձանց, ովքեր իրենց մասնակցություն են ունեցել ներկայացման կայացման գործում: Ներկայացման կազմակերպիչներին իր գնահատանքի խոսքն ասաց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ատենապետ Գագիկ Ավետիսյանը:
Հանդիսատեսից Աննան մեծ ուրախություն էր ապրում. «Ներկայացումը դիտելիս գերագույն հաճույք ապրեցի, մեծ բեմերին բնորոշ ստեղծագործական աշխատանք էր, որ ուներ հոգևոր, դաստիարակչական և կրթական բնույթ: Եվս մեկ անգամ նորոգվեցինք Ս. Ծննդյան խորհրդով»:
Ներկայացման սցենարի հեղինակ, ծխական խորհրդի և տիկնանց միության անդամ Տաթևիկ Պետրոսյանը նշեց, որ ներկայացման կայացման աշխատանքում մեծ թիմ է աշխատել: Ներկայացմանը իրենց մասնակցությունն էին բերել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, Երևանի տարբեր դպրոցներից ու բուհերից աշակերտներ և ուսանողներ, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի անդամներ, «Էլիտ» և «Փոքրիկ Նանեներ» պարային համույթների սաներ: «Ս. Ծննդյան ներկայացումը նաև մարդկային գեղեցիկ փոխհարաբերության մասին էր: Գլխավոր դերակատարների միջոցով տեսանք Քրիստոսի ներկայությունը նրանց կյանքից ներս: Ամեն անգամ, երբ Ս. Ծնունդ ենք նշում, Քրիստոս նորոգվում է մեր մեջ, իսկ հետո շարունակում ենք Քրիստոսի հետքերով քայլել՝ եկեղեցական մյուս տոները նշելով»,- ասաց Տաթևիկը:
«Երազանքների տնակը» ներկայացումը յուրօրինակ քարոզչություն էր, որ բոլորին մեկտեղել էր Ս. Ծննդյան խորհրդի շուրջը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և ներկա հյուրերը շնորհավորում էին միմյանց խորախորհուրդ օրվա առթիվ:
Կարինե Սուգիկյան