23 Նոյեմբեր, Շբ
Ելքի սաղմոսներն ավարտվեցին, հետևաբար օրհնությամբ, գոհությամբ և խոստովանությամբ են ավարտում՝ ասելով.
1. Օրհնեցէ՛ք զանուն Տեառն, օրհնեցէ՛ք, ծատայք Տեառն, զՏէր. ո՛ կայք ի տուն Տեառն, ի գաւիթս Աստուծոյ մերոյ:
Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գավիթներում:
Որովհետև փառք տվեց իր անվանը՝ դարձյալ ստեղծելով մեզ, և նրա անունը բոլոր ծառաների և բոլոր արարածների վրա է, քանզի ծառաները Տիրոջը և արարածները Արարչին են պատմում՝ որպես միմյանց կապակցված: Որ գտնվում եք Տիրոջ գավթում, այլ ոչ թե մեհյանում, և ոչ անհոգությամբ, ինչպես անասուններն են:
2. Օրհնեցէ՛ք զՏէր, զի բարի է, սաղմոս ասացէք անուան նորա, զի քաղցր է:
Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի բարի է, սաղմոս երգեցե՛ք նրա անվանը, քանզի քաղցր է նա:
Բնությամբ բարի է և անիմանալի, բարերարության համար օրհնեցեք, որպեսզի դուք էլ բարի լինեք, քաղցր երգերո՛վ օրհնեցեք նրա անունը, քանզի քաղցր է նա:
3. ԶՅակովբ ընտրեաց իւր Տէր, և զԻսրայէլ ժառանգութիւն իւր:
Տերն իր ընտրյալը դարձրեց Հակոբին, և Իսրայելը՝ ժառանգությունն իր:
Ընտրողինն է շնորհը, որին Իսրայել կոչեց, և եթե չհայտներ իրեն, ինչպե՞ս կարող էր կոչված լինել: Իսկ ժառանգություն ասելով՝ նկատի ունի որպես իր սեփականություն և [իր] կամքը կատարող:
4. Ես ծանեայ՝ զի մեծ է Տէր, և Տէր մեծ է քան զամենայն կուռս:
Ես հասկացա, որ մեծ է Տերը, և Տերը մեծ է բոլոր կուռքերից:
Թեև բոլորն էլ ճանաչեցին, բայց ոչ այնպես, ինչպես սրբերը: Եվ Տէրը մեծ է բոլոր կուռքերից, ոչ թե սնոտիների հետ չափելով է այսպես ասում, այլ տկար լսողների համար, և այսպես հասկացվեց նրա մեծությունը, որ ասում է.
5. Զամենայն զոր ինչ կամեցաւ՝ և արար Տէր յերկինս և յերկրի, ի ծով և յամենայն խորս:
Տերն ինչ որ ցանկացավ, կատարեց երկնքում ու երկրի վրա, ծովում և բոլոր անդունդներում:
Ոչ թե ըստ զորության, այլ ըստ կամեցողության չափի արեց, ոչ միայն նրանք են քո գործերը, ինչ մենք ենք տեսնում, այլ՝ երկինքն ու երկիրը, ծովի մեջ գտնվողներն ու ծովային ամբողջ անդունդները՝ խորշերն ու ափերը՝ մեծ թե փոքր, և այն ամենը, ինչ երկրի խորքերում ծածկված են, բայց ոչ այնպես, ինչպես հեթանոսները դրանք բաժանելով՝ իրենց աստվածներն են հռչակում՝ մեկը սրան, մյուսը մեկ ուրիշին արարիչ լինելով, և դա հետևյալից ենք իմանում.
6. Հանէ զամպս ի ծագաց երկրէ, զփայլատակունս իւր յանձրեւս արար, և հանէ զհողմ ի շտեմարանաց իւրոց:
Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրևի վերածեց, և իր պահեստներից հողմեր դուրս բերեց:
Ամպը մարգարեներն են երկրում, կայծակներ՝ սպառնալիքները, հողմը՝ Հոգին, պահեստները՝ Հայրը և Որդին, Հոգին, որ Հորից է բխում և Որդու միջոցով ներգործում: Ծովերի ջրերը, որոնց ափերը երկրի շուրջն են, ամրացնելով օդը և ծակելով՝ ներքևից ջուրը հանում է ինչպես տիկից, և հողմով վեր բարձրացնելով՝ տանում է այնտեղ, ուր կամենում է, և հողմերի ճնշմամբ փայլատակելով հրով, որ խառնված է ջրերի հետ հրաշքով հակառակն է անում՝ հուրը չի ցամաքեցնում ջուրը, և ջուրն էլ չի կարող հանգեցնել այն: Կայծակը, որ ըստ Տիրոջ, ելնում է արևելքից և երևում է մինչև մայրամուտը, առավել սրընթաց է քան արեգակը, որ տասներկու ժամվա ընթացքում է գնում դեպի արևմուտ, և նրա լույսը առավել ուժգին է քան մյուսինը, որովհետև արևին տեսնողներս մի պահ ստիպված փակում ենք աչքներս: Հողմեր դուրս բերեց. ըստ աշխարհիկ մտածողների՝ հողմերը տասներկու տեսակի են լինում: Նրա՝ դյուրությամբ և հեշտ գործելը ցույց է տալիս Աստծու կամքը, ինչպես մեկը նկուղից կամ տան գանձերից դուրս է բերում իր դրածը, և դրանով մաքրում է օդը և զովացնում կենդանիներին, ու ծովում նավավարում նավերը, և մաքրում ցորենի հարդը և հողմի միջոցով շատ այլ բարիքներ է գործում՝ անզգույշների համար դառնալով ահ ու երկյուղի պատճառ, իսկ բույսերի և տնկիների համար՝ սննդի:
7. Եհար զամենայն անդրանիկս եգիպտացւոց՝ ի մարդոյ մինչև յանասուն:
Նա հարվածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին, ինչպես մարդկանց, այնպես էլ անասուններին:
Այս հրաշագործությունը հատուկ էր մի ազգի, և միայն մի ազգի՝ Իսրայելին ցույց տվեց, որ նա, ով ստեղծեց կենդանիներին, և ով առաջինն է բացում ծնողի արգանդը, նա է, ով իր անդրանիկ ժողովրդին տանջելու և չարձակելու համար կործանեց այն, ինչ ստեղծել էր:
8. Առաքեաց զշունչս և զարուեստս իւր ի մէջ քո, Եգիպտոս, ի փարաւովն և յամենայն զօրս իւր:
Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո փարավոնին և նրա ամբողջ զորքին:
Դու ինքդ ես վկայում, Եգիպտոս, այն ամենը, որ քո մեջ եղավ. նշանները՝ խոսքով և գործերը՝ ձեռքով, և երկուսն էլ Մովսեսի միջոցով էին կատարվում, քանի որ նրա միջոցով ուղարկեց նշաններն ու գործերը, որ և վերջում հրաշքներ գործվեցին Կարմիր ծովում, փարավոնի և ամբողջ զորքի մեջ, ովքեր զղջացել էին, որ ազատ էին արձակել Իսրայելին:
9. Եհար զազգս բազումս. և սպան զթագաւորս հզօրս:
Նա հարվածեց բազում ազգերի և սպանեց հզոր թագավորների:
Պաղեստինցի հին բնակիչներին՝ մեծն Հեսուի ձեռքով:
10. ԶՍեհովն թագաւոր ամուրհացւոց, զՈվք թագաւոր Բասանու, և զամենայն թագաւորութիւնս քանանացւոց:
Ամորհացիների թագավոր Սեհոնին, Բասանի թագավոր Օգին ու բոլոր թագավորությունները Քանանի:
Իսկ նախքան այդ՝ Մովսեսի ձեռքով:
11. Ետ զերկիր նոցա ի ժառանգութիւն, ժառանգութիւն Իսրայէլի ժողովրդեան իւրոյ:
Նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց, որպես ժառանգություն Իսրայելի իր ժողովրդին:
Ռուբենի և Գադի և Մանասեի կես ցեղին, Հորդանանի մյուս կողմում, այդ թագավորները հսկաներ ու հսկայորդիներ էին, որոնց միայն հասակը ինն կանգուն էր, իսկ մահիճները երկաթից էին:
12. Տէր, անուն քո յաւիտեան, Տէր, յիշատակ քո ազգէ մինչև յազգ:
Տե՛ր, քո անունը հավերժ է, Տե՛ր, քո հիշատակը՝ սերնդից սերունդ:
Քանզի բոլոր արարածները քո կողմից ստեղծվեցին և անուն ստացան, որը նյութն է բանականության, և որ հիշատակի գիր գրեցին, իսկ դու անեղ ես, և քո անունն ու հիշատակն անսկիզբ է:
13. Դատի Տէր զժողովուրդ իւր, և ի ծառայս իւր մխիթարի:
Տերը դատում է իր ժողովրդին, և մխիթարվում իր ծառաներով:
Քանի որ արդար է, հետևաբար իրեններին չի թողնում առանց ատյան բերելու և առանց քննության: Եվ մխիթարվում է իր ծառաներով, մշտապես չի բարկանում իր ծառաների վրա օտարի նման, քանզի նրանք էլ անդադար չեն մեղանչում, և ոչ էլ ցանկությամբ, քանի որ Տիրոջ ծառաներն են, այլ՝ պատահմամբ և մարմնի պատճառով են սխալվում, ինչպես Դավիթը և այլք: Մխիթարվում է, այսինքն՝ փոքր-ինչ հարվածելով՝ զայրույթը մեղմանում է:
14. Կուռք հեթանոսաց ոսկի և արծաթ են, ձեռագործք են որդուց մարդկան:
Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների:
Նրանց պատիվը նյութից է, իսկ կերպարանքը՝ արվեստի [միջոցով ստեղծված]:
15. Բերան գոյ՝ և ոչ խօսին, աչք են՝ և ոչ տեսանեն:
16. Ականջք են՝ և ոչ լսեն. և ոչ գոյ շունչ ի բերանս նոցա:
Բերան ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: Ականջներ ունեն, բայց չեն լսում, և նրանց բերանում շունչ չկա:
Կերպարանք ունեն, սակայն զորությունից զուրկ են:
17. Նման նոցա եղիցին ոյք արարին զնոսա, ամենեքեան ոյք յուսացեալ են ի նոսա:
Նրանց նման կլինեն դրանք ստեղծողները և բոլոր նրանք, որ հույսը դրել են նրանց վրա:
Անշունչ և անբան, քանի որ այնքան հիմար են, որ երկրպագում են իրենց ձեռքի գործերին, սակայն մկներից, մժղուկներից ու գորտերից էլ անարգ են:
18. Տուն Իսրայէլի, օրհնեցէ՛ք զՏէր, տուն Ահարոնի, օրհնեցէ՛ք զՏէր:
Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայելի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի:
Տասներկու ցեղերին երկու մասի է բաժանում՝ ժողովրդի և քահանաների, թող օրհնեն Տիրոջը, քանզի բոլոր ազգերից բախտավոր եղան Աստծու շնորհների միջոցով՝ ճանաչելով կենդանի Աստծուն:
19. Տուն Ղևեայ, օրհնեցէ՛ք զՏէր, երկիւղածք Տեառն, օրհնեցէ՛ք զՏէր:
Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղևիի. Տիրոջից երկյուղ կրողներ, օրհնեցե՛ք Տիրոջը:
Քահանաներից կրտսերներին և նրանց սպասավորներին առանձին է հիշատակում, որպեսզի ավագներից ավելի վեր չկանգնեն, այլ իրենց ճանապարհի վրա մնան: Տիրոջից երկյուղ կրողներ, օրհնեցե՛ք Տիրոջը. նրանք, ովքեր հեթանոսների միջից էին եկել՝ Աստծու երկյուղի վրա հույս դնելով, որոնք կարող են սիրո որդեգրությունը ստանալ, քանզի Տիրոջ երկյուղը կարող է ազգությունը երկրորդական դարձնել և առավել ևս այս օրենքը:
20. Օրհնեալ Տէր ի Սիովնէ, որ բնակեալն է յԵրուսաղէմ:
Օրհնություն Տիրոջը Սիոնից, Նրան, որ բնակվում է Երուսաղեմում:
Օրհնությունը եկեղեցուց է, որ բոլորի մայրն է և աշտարակը, ամենակարող և բոլորին ի մի հավաքող, և որ հավատքն է, որ բնակվում է Երուսաղեմում՝ վերևում և հեզերի խաղաղասեր հոգիներում:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը