23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև՝ Մալալեթի իմաստության մասին. իմաստություն, որով պատասխան տվեց Եման Եզրայելացին:
Սիմաքոսը Մալալեթը պար է ասում, Ակյուղասը՝ պարողների խումբ, իսկ 52-րդ սաղմոսում Մալալեթը գյուղ, գավառ և վայր է կոչվում, թերևս այստեղից էին երգիչներն ու պարողները, որոնց հետ նաև այս Եմանը, և սա պարի առաջնորդ էր և եղանակ էր հորինում Աստծուն օրհներգելու համար: Իսկ իր երգելու ժամանակ, երբ հարցրին նրան, թե ինչի մասին է, այնտեղ հավաքված ամբողջ իսրայելացի ժողովրդին պատասխանեց և մեկնեց սաղմոսի իմաստը: Եմանը մի ազնվական Հուդայի որդի Զարեհի որդին էր: Սաղմոսը մասամբ նաև գերուն է վերաբերում, և մարգարեություն է Քրիստոսի չարչարանքների և թաղման մասին: Ասում են, թե Գեթում Դավթին երկաթներով կապեցին, և խորախոր խավար բանտի մեջ գցեցին, և այնտեղ էլ ասաց այս սաղմոսը, և Մալալեթը երգիչն է Դավթի:
1. Տէր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի և գիշերի առաջի քո:
Իմ փրկության Տեր Աստված, գիշեր-ցերեկ քեզ կանչեցի:
Ցերեկ, քանի դեռ Երուսաղեմում էին, և գիշեր՝ Բաբելոնում: Նաև այնտեղից դեպի Բաբելոն ցերեկ և գիշեր է: Մեր բնությունն էլ, նախքան Քրիստոսի գալը կարծես թե գիշերվա մեջ էր, և նրանից հետո եկեղեցին՝ ցերեկվա:
2. Մտցեն աղօթք իմ առաջի քո, Տէր, խոնարհեսցի ունկն քո ի խնդրուածս իմ:
Թող աղոթքս հասնի քե՛զ. Տե՛ր, թող խոնարհվի ունկն քո դեպի խնդրանքս:
Թող հասնեն քեզ որպես հաշտության միջնորդ, ինչպես Կոռնելիոսինը:
3. Զի լցաւ չարչարանօք անձն իմ, և կեանքս իմ ի դժոխս մերձեցաւ. և համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Քանզի հոգիս չարչարանքով լցվեց, և կյանքս դժոխքին մերձեցավ: Ես համարվեցի նրանցից, ովքեր մահվան փոսն են իջնում:
Բաբելոնն է դժոխք կոչում, որտեղ Իսրայելը չարչարանքների մեջ էր գտնվում, ինչպես փոսի, նման հեթանոսների, որոնց չի օգնում Աստված: Տերը նույնպես չարչարվեց ինչպես մեկը, որ գերեզմանի մեջ է դրված:
4. Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի, և ի մեռեալս ազատ:
Եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների մեջ:
Եվ հատկապես սա Տերն է, որն օգնականի կարիք չուներ, ազատ՝ մեռելների մեջ, ազատ մեղքից և մահվանից, որոնք չէին իշխում նրան, ինչպես որ ասում է. «Ձեզնից ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար» (Հովհ. 8:46):
5. Որպէս վիրաւորս, որ ննջեն ի գերեզմանս:
Գերեզմանում պառկած սպանվածների պես:
Վիրավոր՝ կողից, ոտքերից և ձեռքերից, ինչպես որ Տիրոջն է հատուկ դա, այլ ոչ թե մարդուն, և չի կարող պարփակվել գերեզմանի մեջ, քանզի ո՞վ քնեց գերեզմանի մեջ, բացի Տիրոջից, որ ասաց. «Ես քնած եմ, բայց սիրտն իմ արթուն է» (Երգ. 5:2):
6. Զորս դու ո՛չ յիշեցէր, նոքա ի ձեռանէ քումմէ մերժեցան:
Որոնց դու չես հիշում և որոնք մերժված են քեզնից:
Չես հիշում սատանային, այլ մարդկանց ես հիշում:
7. Եդին զիս ի գբի ներքնումն, ի խաւարի և ի ստուերս մահու:
Ինձ խորախոր փոսի մեջ դրին, խավարի և մահվան ստվերների մեջ:
Հովսեփին փոսի մեջ դրեցին, այլև խորախոր ասելով նկատի ունի դժոխքը, և ովքե՞ր դրեցին այնտեղ գութն ու սերը, որ ուներ հոգիների հանդեպ: Խավարի, թերևս հուր էր խավարային դժոխքում, այլ նրան՝ մահվան ստվերների մեջ [դրին], այլ ոչ թե մահվան:
8. Յիս հաստատեցաւ սրտմտութիւն քո, զամենայն զբօսանս քո ածեր ի վերայ իմ:
Բարկությունդ ծանրացավ ինձ վրա, ողջ հորձանքներդ իմ դեմ ուղղեցիր:
Ադամի անեծքն ու բարկությունը ինձ վրա վերցրի, և ողջ հորձանքներդ՝ մարդկային ցնորային տարակուսանքներն իմ դեմ ուղղեցիր՝ ցանկանալով, որ ես մարդ լինեմ: Ասում է, թե սկսեց տրտմել և մտածել, թե ինչպե՞ս մարդկանց անվնաս դարձնի սատանայի դեմ պատերազմի ժամանակ:
9. Հեռի արարեր յինէն զծանօթս իմ. և եդին զիս նշաւակ իւրեանց:
Իմ ծանոթներին ինձնից հեռացրիր, և նրանք ինձ նշավակ դարձրին:
Ասում է, թե նա հեռվում ծանոթներ ուներ, և նրանք ինձ նշավակ դարձրին. մինչև այսօր հրեաները նշանակետ են նախատիքների:
10.Մատնեցայ և ո՛չ ելանէի. աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Ես մատնված էի դժբախտության ու դուրս չէի գալիս: Աչքերս տկարացան թշվառությունից:
Քանզի չէր ցանկանում ազատվել նրանց ձեռքից: Աչքերս տկարացան թշվառությունից. Սիմաքոսը աչքերս թրջվեցին է ասում, հայտնի է, որ Տերը արտասուք թափեց Երուսաղեմի վրա: Թշվառացած բնությունն է տոչորվում:
11. Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ, և համբարձի առ քեզ զձեռս իմ:
Գիշեր-ցերեկ առ Տեր աղաղակեցի և դեպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ:
Երեք անգամ աղոթելով, իսկ առաջին արդարները՝ արդարության լույսով:
12. Միթէ մեռելո՞ց առնիցես սքանչելիս քո. կամ բժիշկք յարուցանիցե՞ն խոստովան առնիցին առ քեզ:
Մի՞թե մեռելների համար պիտի հրաշագործություններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնեն նրանց, և նրանք գոհությո՞ւն պիտի մատուցեն քեզ:
Գերուն է պատշաճ այդպես ասել, թե քանի դեռ կենդանի եմ օգնի՛ր ինձ: Նաև Տերը քարոզեց դժոխքի դարպասների մոտ, թե՝ միթե կարծում եք, որ ես մեռել եմ, հոգիներ, և [առավել] ի՞նչ կարող ես անել դու, կամ որևէ բժիշկ, կամ մարգարեներ, որ խոստովանեն քեզ հոգիները, թե Աստված ես:
13. Մի թէ պատմեսցէ՞ ոք երբէք ի գերեզմանի զողորմութիւնս քո, կամ զճշմարտութիւնս քո ի կորստեան:
Մի՞թե որևէ մեկը երբևէ պիտի պատմի քո ողորմությունը գերեզմանում, կամ քո ճշմարտությունը՝ կորստյան մեջ:
Եթե որևէ մեկին ողորմե՞լ ես գերեզմանի մեջ գտնվելու ժամանակ, եթե Ղազարոսին դո՞ւ ես հարություն տվել, ապա քո ճշմարտությունը այստեղ՝ կորստյան մեջ ցույց ես տվել:
14. Մի թէ ճանաչիցի՞ն ի խաւարի սքանչելիք քո, կամ արդարութիւն քո յերկիր մոռացեալ:
Քո հրաշալի գործերը մի՞թե խավարի մեջ պիտի ճանաչվեն, կամ քո արդարությունը՝ մոռացված երկրում:
Այս մոռացված երկրում, այսինքն՝ որքա՞ն տարիներ են անցել Ադամից հետո:
15. Ես առ քեզ, Տէ՛ր, աղաղակեցի, առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ քեզ:
Ես, Տե՛ր, առ քեզ աղաղակեցի, առավոտյան իմ աղոթքը քեզ պիտի հասնի:
Տերը ըստ մեր բնության աղոթք է մատուցում Հորը: Առավոտյան իմ աղոթքը քեզ պիտի հասնի, այսինքն՝ իր գալստյան համանակ՝ գիշերվանից հետո:
16. Ընդէ՞ր, Տէր, մերժես զանձն իմ. կամ դարձուցանես զերեսս քո յինէն:
Ինչո՞ւ, Տե՛ր, մերժում ես իմ հոգին, կամ շրջում երեսդ ինձնից:
Քանի որ եկա ես, հոգիներն այլևս թող քեզանից հեռու չլինեն, որ երեսդ չեն կարողանում տեսնել բարկությանդ պատճառով:
17. Տնանկ և վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ, ի բարձրութենէ խոնարհեցայ և ապշեցայ:
Տնանկ և չարքաշ եմ ես մանկությունից ի վեր, բարձրությունից ընկա և շվարեցի:
Տնանկ կոչվեցի քարանձավում ծնվելու պատճառով, և չարքաշ՝ մանկությունից ի վեր փախչելով Եգիպտոս, որովհետև Հերովդեսը ցանկանում էր սպանել: Խաչի բարձրությունից խոնարհեցրի գլուխս և ավանդեցի հոգիս, սակայն մեռած չէին համարում, այլ՝ կարծում էին, թե ուշագնաց եմ եղել, մինչև որ խոցեցին:
18. Յիս հաստատեցաւ բարկութիւն քո. արհաւիրք քո խռովեցուցին զիս:
Քո բարկությունը ծանրացավ ինձ վրա, քո արհավիրքները խռովեցրին ինձ:
Քանզի անեծքի կոչվեցի, արհավիրքները, որ երկրաշարժի պատճառով եղան, խռովեցրին անդամներին՝ առաքյալներին, քանզի չէին հավատում, որ հարություն եմ առնելու:
19. Շրջեցան զինև որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Ջրի պես օրնիբուն շրջապատեցին ինձ, պաշարեցին ինձ բոլորը միասին:
Բազմությունը ջրի պես շրջապատել էր խաչը, ամբողջ օրը՝ մինչև երեկո պաշարեցին:
20. Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ և զծանօթս իմ, վասն թշուառութեան իմոյ:
Իմ թշվառության պատճառով բարեկամներիս ու ծանոթներիս հեռացրիր ինձնից:
Առաքյալներին՝ ինձ թշվառության մեջ տեսնելով: Այս ամբողջ նկարագրությունը գերության մեջ գտնվողին է հատուկ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը