23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Դավթի: Նույն միտքն է արտահայտում, ինչ նախորդ սաղմոսում: Սա Իսրայելին՝ գերությունից և մեր բնությունն էլ սատանայից ազատագրելու մաղթանք է:
1. Դա՛տ արա ինձ Աստուած. և իրաւ արա ինձ ի դատաստանի իմում:
Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, և դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ:
Քանզի դու գիտես մեր բնության կրքերը, որովհետև դու ես ստեղծել մեր բնությունը: Արդարացրո՛ւ ինձ. որովհետև մեղանչեցի թշնամու դրդմամբ: Եվ գերին էլ ասում է, թե արդեն յոթանասուն տարի է և հասել է քավության պահը:
2. Յազգէ որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ նենգաւորէ փրկեա՛ զիս:
Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ:
Դևերը, որ անսուրբ են և քաղդեացիները: Մեղսագործ մարդուց՝ Նաբուգոդոնոսորից, ինչպես նաև սուտ Քրիստոսից:
3. Դու Աստուած հզօրիչ իմ ես. ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ:
Դու ինձ ուժ տվողն ես, Աստվա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ, երբ թշնամիս ինձ հալածի:
Ինչպես որ ասացիր, թե մի՞թե հարսը կմոռանա իր զարդերը, քանզի իր սաստիկ ցավերից դառնացած է այսպես ասում, այլ ոչ թե մեղադրելով:
4. Առաքեա՛ Տէր զլոյս քո՛ և զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ, և հանցեն զիս ի լեառն սուրբ և ի յարկս քո:
Առաքի՛ր, Տե՛ր, քո լույսն ու ճշմարտությունը, որ ինձ առաջնորդեն և հասցնեն քո սուրբ լեռն ու օթևանը:
Դարձնեն դեպի օրենքի զորությանն ու խոստման ճշմարտությանը: Դարձյալ՝ լույսը Հիսուսն է, որ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը» (Յովհ. 8:12), իսկ ճշմարտությունը՝ Սուրբ Հոգին, ինչպես որ միշտ կոչում էր նրան: Որ առաջնորդեն նրան Երուսաղեմ, իսկ մեր բնությանը՝ դեպի իմանալի լեռը՝ ապահովության համար, իսկ օթևան՝ հանգստության համար:
5. Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ:
Ես կմոտենամ Աստծո սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդությունը:
Աստծո սեղանին, որովհետև այնտեղ ենք ստանալու մեր բոլոր բարի գործերի արդյունքը: Եվ նորից՝ իմանալի կերակուրների խրախճանք Հոր սեղանից, որի ճաշակողներին իր զորությամբ մանուկների պես է դարձնում, ինչպես որ ասված է. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3):
6. Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ Աստուած, Աստուած իմ:
Գոհություն կմատուցեմ քեզ օրհներգով, Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ:
Աստծո անունը երկու անգամ կրկնելը ջերմության նշան է: Գոհություն եմ մատուցում քեզ, որովհետև քեզ մոտ են բոլոր բարիքների գանձերը:
7. Արդ՝ ընդէ՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա՝ փրկիչ երեսաց իմոց Աստուած է:
Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. հույսդ դի՛ր Աստծո վրա, օրհներգի՛ր նրան, նա իմ փրկիչ Աստված է:
Իրավամբ է ասում՝ նախորդ սաղմոսում ասածների պես, քանզի երկու անգամ այնտեղ և մեկ անգամ այստեղ խոսում է իր անձի մասին, որպեսզի թույլ չտա իր անձին ընկնել դիվական տրտմության մեջ, ինչը թույլ չի տալիս իրեն ուրախանալ Քրիստոսի տված պարգևներով: Եվ երեք անգամ կրկնում է, որպեսզի Սուրբ Երրորդության միջոցով ազատի իրեն ամբողջ տրտմությունից՝ լցնելով անձն ուրախությամբ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը