23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Դավթի, ինչպես Կորխի որդիներն էին, այդպես էլ Ասափը կամ գրողն է [այս սաղմոսի] կամ եղանակ տվողը և Աստծուն օրհնություններ նվիրողը: Սաղմոսի խորհուրդը Տիրոջ երկրորդ գալուստն է և հրեաների զոհաբերության մերժելի լինելը: Նաև Եփրեմի և Եզեկիայի մասին է:
1.Աստուած աստուծոց Տէր խօսեցաւ, կոչեաց զերկիր՝ յարեւելից մինչև ի մուտս արևու:
Աստվածների Աստված Տերը խոսեց, ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք:
Աստվածը ճշմարիտ Աստվածն է, աստվածները՝ առաքյալները, մարգարեները, արդարները, ինչպես որ Մովսեսը կոչվեց փարավոնի համար Աստված (տե՛ս Ելք 7:1) նաև՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր» (Ելք 22:28), ինչպես նաև՝ «Ես ասացի, թե աստվածներ եք դուք» (Սաղմ. 81:6): Տերը խոսեց, ասում է, այլ ոչ թե ես ինձանից եմ խոսում: Եվ ձայն տվեց երկրին կարծես արդեն իսկ կանչված են: Նաև երկիրը մեղավորներն են, որ դատաստանի կարիք ունեն: Արևելքից, որ սկիզբ առավ բարությունը և արևմուտք, որտեղ վերջացան բարիքները, սակայն նրանք, ովքեր ո՛չ բարուց մաս ունեն և ո՛չ էլ չարից, դատաստանի կարիք չունեն:
2. Ի Սիովնէ մեծ վայելչութիւն փրկութեան գեղոյ նորա:
Սիոնից է նրա մեծ վայելչությունն ու փրկության գեղեցկությունը:
Սիոնից է փառաց պսակը, ոչ թե հին Սիոնից, որտեղ խաչի նախատինքով պսակվեց Տերը, այլ՝ վերին Սիոնից է գալու բուն թագավորը և մեծ փառքով: Նաև եկեղեցու միջոցով է երևում նրա մեծ վայելչությունն ու փրկության գեղեցկությունը փրկվածների համար, քանի որ նրանց համար է գալիս, որպեսզի պսակի նրանց:
3. Աստուած մեր յայտնապէս եկեսցէ, և Աստուած մեր մի՛ դադարեսցէ:
Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի:
[Հայտնապես], այլ ոչ թե առաջինի պես թաքուն և պիտի չլռի՝ ուշացնելով հատուցումը:
4. Հուր առաջի նորա բորբոքեսցի, և շուրջ զնովաւ մրրիկ յոյժ:
Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ:
Ինչպես որ Դանիելն է ասում. «Կրակե հորդ մի գետ» (Դանիել. 8:10), քանզի հրով է դատելու աշխարհը, ինչպես որ նախապես ջրով [դատեց]: Նրա շուրջը. ասում է, անգութ սպառնալիք է և վախ:
5. Կոչեսցէ զերկինս ի վերուստ և զերկիր, ի դատել զժողովուրդ իւր, ժողովել առ ինքն զսուրբս իւր, և ոյք դնեն զպատարագս ուխտից ի վերայ սեղանոյ նորա:
Նա վերևից ձայն պիտի տա երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար:
Մոտն է հավաքելու իր սրբերին և նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին:
Երկնքին՝ հրեշտակներին, որոնց շնորհիվ հոգ է տանում մարդկանց մասին և երկրին, նրանց, ովքեր հրեշտակային վարք ունեն, որովհետև նրանցով է դատելու արժանավորներին: Իր ժողովրդին դատելու համար. երկրայիններին, որ սկզբում երկիր կոչեց: Մոտն է հավաքելու իր սրբերին. իր մոտ, այլ ոչ թե դատելու, քանզի նրանք նույնպես դատավոր են լինելու: Եվ ովքեր ուխտի զոհ են մատուցում. Մովսեսը, Ահարոնը, Փենեհեսը և մյուս քահանաները, որոնք քահանա դարձան և ժողովրդի ուխտի զոհը մատուցեցին իր սեղանի վրա: Եթե Հին կտակարանյան ժողովրդին այդպես է դատելու, ապա որքա՞ն շատ են Նոր կտակարանյան առաջնորդները, որոնցով ատյան է կազմելու:
6. Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, զի Աստուած դատաւոր է:
Երկինքը պատմելու է նրա արդարությունը, քանզի Աստված դատավոր է:
Վկայելու են, որ արդար ես և ամեն ինչ ստեղծել ես մարդկանց խնամք տանելու համար: Քանզի Աստված դատավոր է. և դատելու է դատաստանով, այլ ոչ թե առանց իրավունքի:
7. Լո՛ւր ժողովուրդ իմ, և խօսեցայց ընդ քեզ. և Իսրայէլ՝ քեզ վկայէցից. զի Աստուած, Աստուած քո ես եմ:
Լսի՛ր, իմ ժողովուրդ, ու ես քեզ կասեմ, և Իսրայե՛լ՝ քեզ կվկայեմ, որ Աստվածը՝ քո՛ Աստվածը, ես եմ:
Դատաստանից առաջ լսի՛ր իմ կամքը, և Իսրայել, որ կանչեցի քեզ, քանզի Աստվածը, քո Աստվածն եմ ես, այլ ոչ թե քեզ վնասողը:
8. Ո՛չ թէ վասն պատարագաց քոց կշտամբեմ զքեզ. զի ողջակէզք քո առաջի իմ են յամենայն ժամ:
Քո զոհաբերությունների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակեզներդ միշտ առջևս են:
Քանի որ զոհաբերություններիդ համար չէ, որ դատելու եմ քեզ, որովհետև ողջակեզներդ նախքան քո մատուցելն էլ միշտ առջևս են և երկրի վրա, որտեղ էլ որ լինեն, սեղանի վրա լինելու պես են:
9. Ո՛չ ընդունիմ ի տանէ քումմէ զուարակս, եւ ո՛չ ի հօտից քոց նոխազս:
Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հոտից՝ նոխազներ:
10. Իմ է ամենայն գազան անտառի, երէ լերանց և ամենայն անասուն:
Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երեները և բոլոր անասունները:
Երեսով մի՛ տուր, թե դու ես մեծացնում և տալիս ինձ, քանզի իմինները շատ են:
11. Գիտեմ ես զամենայն թռչունս երկնից, գեղեցկութիւն վայրի ընդ իս է:
Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, և դաշտի գեղեցկությունն իմն է:
Գիտեմ, թե որտեղից ես բերում ընտիր ալյուրը, և քոնը ես քեզ եմ ետ տալիս:
12. Թէ քաղցեայց, քեզ ինչ ո՛չ ասացից, զի իմ է աշխարհ լրիւ իւրով:
Եթե քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ:
Քեզ չեմ ասի, այլ իմ մորը կասեմ, երբ մանուկ դառնամ, քանզի մարդկանց փրկության քաղցն ունեմ, այլ ոչ թե անասունների: Սրանով ցույց է տալիս նաև իր անկարոտ բնությունը:
13. Ո՛չ ուտեմ ես զմիս զուարակաց քոց. և ո՛չ զարիւն նոխազաց քոց ըմպեմ:
Ես չեմ ուտում քո հորթերի միսը, և քո նոխազների արյունը չեմ խմում:
Այլ դու ես ուտում, և ինձ ի՞նչ օգուտ: Երբ դու երեխա էիր, կարճ ժամանակով ընդունեցի, իսկ այժմ, եղի՛ր կատարող:
14. Մատո՛ Աստուծոյ պատարագ օրհնութեան, կատարե՛ա Բարձրելոյն զուխտս քո:
Աստծուն օրհնության պատարագ մատուցի՛ր և Բարձրյալի առջև ուխտդ կատարի՛ր:
Այն է փառավորում ինձ, ինչը բանական արյամբ է կատարվում՝ շաղախված սիրով և դա է փրկության ճանապարհը, որ ցույց եմ տալիս, քանզի «Ես եմ ճանապարհը» (Հովհ. 14:6): Մատուցիր Աստծուն, եթե անասուն ես ուխտել, ապա սրանով վճարի՛ր:
15. Կարդասցես առ իս յաւուր նեղութեան քո, ես փրկեցից զքեզ, և դու փառաւոր արասցես զիս:
Քո նեղության օրը կանչի՛ր ինձ, ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ:
Ինչպես երեք մանուկները, ինչպես Դանիելն ու Հովսեփն առանց կենդանու արյան: Եվ դու կփառաբանես ինձ. թո՛ղ քո ձեռքում չլինի անասուն, այլ թո՛ղ օրհնություն լինի քո բերանում:
16. Սակայն մեղաւորին ասէ Աստուած, իսկ դու ընդէ՞ր բնաւ պատմես զարդարութիւն իմ, կամ առնուս զուխտս իմ ի բերան քո:
Սակայն մեղավրին Աստված ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը կամ բերանդ առնում իմ ուխտը:
Այն վարդապետին, քահանային է ասում, ովքեր այլոց ուսուցանում են, բայց իրենք չեն կատարում, ըստ Առաքյալի, մեղադրելով մեղավորին, որ դեռ մեղքի մեջ է: Իսկ դու ինչպե՞ս ես պատմում, թե արդար դատավոր է Տերը և չես երկյուղում, կամ օրենքի ուխտը՝ ամբողջ կտակարանները քո բերանդ ես առնում, և կամ ասում ես, թե մի՛ եղեք ուխտազանց, բայց դու ինքդ ես այդպես:
17. Զի դու ատեցեր զխրատ իմ, մերժեցեր, և յետս ընկեցեր զամենայն բանս բերանոյ իմոյ:
Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը:
Իմ պատգամները մտքումդ չպահելով և անձամբ չգործելով այդպես:
18. Թէ տեսանէիր զգողս՝ ընթանայիր ընդ նոսա. և ընդ շունս դնէիր զբաժին քո:
Երբ գող էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում և ընկերակցում շնացողներին:
Կամ գողակից, կամ կամակից էիր լինում, կամ էլ սիրելի: Եվ ընկերակցում շնացողներին. Երբ ներում ես շնացողներին կաշառքով, ապա բաժնեկից ես դառնում նրանց տանջանքներին:
19. Բերան քո յաճախէր զչարութիւն, և լեզու քո նիւթէր զնենգութիւն:
Բերանդ չարություն էր տարածում, և լեզուդ նենգություն էր նյութում:
Մատնելով, նախատելով, հայհոյելով, նենգելով, և նյութում էր նենգության պատճառով:
20. Նստեալ՝ զեղբօրէ քումմէ չարախօսէիր, և ի վերայ որդւոյ մօր քո դնէիր զգայթագղութիւն:
Նստած չարախոսում էիր եղբորդ մասին և մորդ որդու վրա զրպարտություն բարդում:
Կամ հարազատ, կամ մեր նույն օրենքից և նույն կրոնից: Եվ մորդ որդու վրա՝ զուր տեղը վնասելով նրան, թե Հայր Աստծուց կամ իր հորից չէ, և կամ եկեղեցու որդի կամ իր մորից չէ:
21. Զայս ամենայն արարեր, և լռեցի քեզ. Կարծեցեր անօրէնդ ի մտի քում, թէ և ես քե՞զ նմանիցեմ:
Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրենդ, կարծեցիր քո մտքում, թե ես էլ կնմանվեմ քեզ:
Երկայնամիտ եղա՝ սպասելով դարձի գալուդ, իսկ դու կարծեցիր, թե քեզ նման տկար եմ՝ քեզ պատժելու համար:
22. Արդ յանդիմանեցից և կացուցից զայս ամենայն առաջի քո. իմացարո՛ւք ամենեքեան, որոց մոռացեալ իցէ զԱստուած:
Արդ, պիտի հանդիմանեմ քեզ և այս ամենը առջևդ դնեմ: Իմացե՛ք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն:
Որպեսզի իմանաս, թե դատաստանի օրը չի ծածկվել քեզանից: Իմացե՛ք, որ դեռևս ողորմությամբ այցի է գալիս, իմացե՛ք և մի մոռացե՛ք Աստծուն, որ տեսնում է ամեն ինչ և բոլորին հատուցում:
23. Գուցէ երբէք յափշտակիցիք, և ոչ ոք իցէ՝ որ փրկիցէ:
Գուցե երբևէ հափշտակվեք տարվեք, և ձեզ փրկող չգտնվի:
Մահվան միջոցով, և ոչ ոք այլևս չի կարող փրկել [մարդուն]:
24. Պատարագ օրհնութեան փառաւոր արասցէ զիս. և անդ է ճանապարհ, ուր ցուցից նմա զփրկութիւն Աստուծոյ:
Օրհնության պատարագն ինձ կփառավորի. և ճանապարհն այնտեղ է, որտեղ ես նրանց ցույց պիտի տամ Աստծո փրկությունը:
Նորից է կրկնում, թե չեք կարող զոհաբերությունների միջոցով հաճելի լինել ինձ, որովհետև զոհաբերությունները վայելչությամբ եմ փոխարինելու: Եվ եթե ետ դառնաք չարից, ասում է, այդ ժամանակ դուք ինձ օրհնություն կմատուցեք, քանզի եթե այդ ճանապարհով ինձ մոտ գաք՝ կփրկվեք:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը