23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև Կորխի որդիների՝ սաղմոս Դավթի օրհնության: Կորխի որդիներն ի դեմս սուրբ առաքյալներ դիմում են բոլոր ազգերին՝ հիշեցնելով ահավոր և անաչառ դատաստանը: Սա նաև Դանիելի տեսիլքի մասին է, որ տեսավ բոլոր ազգերի վրա:
1. Լուարո՛ւք զայս ամենայն ազգք, ունկնդի՛ր լերուք ամենեքեան, ոյք բնակեալ էք յաշխարհի:
Լսեցե՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրեք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում:
Ո՛չ միայն հրեաները, այլ բոլոր արարածներն են նրանը, և աշխարհի վրա բնակվող բոլոր բնակիչների հանդեպ գթությամբ է լցված, քանզի Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ:
2. Ծնունդք երկրի և որդիք մարդկան, ի միասին մեծամեծք և տնանկք:
Երկրածիննե՛ր և մարդկանց որդիներ, և մեծամեծներ և տնանկներ:
Երկրածին ոմանք Ադամին են ասում, իսկ մարդկանց որդիներ՝ նրանից ծնվածներին: Բայց հավանական է, որ այդպես չէ, քանզի այս խրատը ոչ թե անցյալին է ուղղված, այլ՝ ներկաներին: Երկրածիններ ասելով նկատի ունի երկրասերներին, որոնց համար ավելի լավ է երկիրը քան երկինքը: Մարդկանց որդիներ՝ բանականներին և իմաստուններին, ովքեր խրատվել են իմաստուն հայրերի կողմից մեծագույն առաքինություններով, իսկ տնանկները մեղքի պատճառով արքայությունից ընկածներն են:
3. Բերան իմ խօսեսցի զիմաստութիւն, և խորհուրդք սրտի իմոյ զհանճար:
Բերանս իմաստություն պիտի խոսի, և սրտիս խորհուրդը՝ խոհեմություն:
Սրտի բարի գանձերից, ասում է, ձևավորվում եմ խոսքիս իմաստը:
4. Խոնարհեցուցից յառակումն զունկն իմ, բացից զառակս օրհնութեան ի սկզբանէ:
Առակներին պիտի ականջ դնեմ և օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից:
Ականջս պիտի խոնարհեմ Հոգու խորհրդավոր իմաստությանը, ասում է և սովորեմ նրանից: Օրհներգով պիտի մեկնեմ առակները. թե այլ կերպ ինչ է նշանակում: Առակներով կխոսեմ ի սկզբանե Աստծո Բանի մասին, որ առանց առակի ոչինչ չէր խոսում: Օրհներգով պիտի մեկնեմ. որ հայտնեց աշակերտներին, քանի որ օրհնությունը հայտնություն է և մեկնություն: Եվ ես իմ օրինակով և խոսքերով բոլորին կհայտնեմ իմ մտադրությունները:
5. Ընդէ՞ր բնաւ երկնչիմ ես յաւուր չարի, զի անօրէնութիւնք գնացից իմոց շուրջ եղեն զինև:
Ինչո՞ւ արդյոք վախենամ չար օրերին, երբ կյանքիս անօրինություններն ինձ պաշարեցին:
Դատաստանի և մահվան օրվա մասին է ասում, որը մեղավորների համար չար օր է կոչվում: Նորից, որքան որ գտնվում ենք երկրի վրա, որտեղ չարն է գործում, ապա օրը չար է և երկյուղել է պետք, քանզի ծովի մեջ ենք: Եվ երկյուղի պատճառն, ասում է, կյանքիս անօրինություններն են, այսինքն՝ ադամական և մեր սեփական գործեր, որ պաշարել են խղճմտանքս, հատկապես ավազանից հետո գործածների համար՝ որպես կործանարար մեղքերի, դատավորից երկյուղում են նաև չարագործները:
6. Յուսացեալք ի զօրութիւն իւրեանց, ի բազմութիւն մեծութեան իւրեանց պարծեսցին:
Իրենց կարողության վրա հույս դնողները պարծենում են իրենց մեծ հարստությամբ:
Ինձ հակառակ է այն մեծահարուստը, որի արտերը առատ բերք տվեցին (տե՛ս Ղուկ. 12:16): Եվ նրա նմաններն իրոք պետք է երկյուղեն, քանզի ասում է. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են» (Ղուկ. 12:20):
7. Եղբայր ո՛չ փրկէ, և ո՛չ փրկէ մարդ, և ո՛չ տայ Աստուծոյ զփրկանս իւր. և ո՛չ զգինս փրկանաց անձին իւրոյ:
Եղբայրն իր եղբորը չի փրկի, ոչ էլ մարդը կփրկի նրան. նա փրկանք չի տա Աստծուն, ոչ էլ իր հոգու փրկանքը:
Եղբայրն իր եղբորը չի փրկի, թեկուզ լինի առաքինի և սուրբ, և ոչ էլ ուրիշ այլ մարդ, ինչպես, օրինակ Հոբը, Նոյը և Դանիելը: Այլ յուրաքանչյուրն ինքն իր անձը պիտի փրկի, այլ ոչ թե իրենց որդիներն ու դուստրերը: Քանզի եղբայրը եղբորը կարող է միայն օգնել այս կյանքում և չի կարող նա իր ունեցվածքից փրկագին տալ Աստծուն, ըստ Տիրոջ այս խոսքի, թե՝ «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի» (Մարկ. 8:36), որովհետև ամբողջ աշխարհը չի կարող մեր հոգու գինը տալ: Եվ այս է խրատում.
8. Վաստակեա՛ յաւիտեան, և կեցցես մինչ իսպառ. և ո՛չ տեսցես զապականութիւն:
Հավիտյան ջանք թափի՛ր, և դու կապրես անվերջ ու ապականություն չես տեսնի:
Ո՛չ թե անցավորի համար ջանք թափել, այլ՝ հավիտենականի, որովհետև բազում նեղությունների միջոցով պետք է Աստծո արքայությունը մտնենք, քանզի «Եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա մեղավորը էլ ո՞ւր պիտի մնա» (Ա Պետր. 4:18): Ուստի, եթե մինչև կյանքիդ վերջը ջանք թափես, ապա կապրես անվերջ, որովհետև ով համբերի, նա հավերժ կապրի: Եվ ապականություն չես տեսնի. եթե այստեղ ապականացու գործեր չանես, այնտեղ էլ չես տեսնի ապականացու գեհենը:
9. Յորժամ տեսցես, թէ իմաստունք մեռանին, ի միասին անզգամք և անմիտք կորիցեն, և թողցեն օտարաց զմեծութիւն իւրեանց:
Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կկորչեն նաև անզգամներն ու անմիտները՝ իրենց հարստությունը թողնելով օտարներին:
Իմաստունները, այսինքն՝ առաքինիները, մի՛ գայթակղվիր, քանզի տեսանելի կյանքից փոխադրվեցին դեպի ճշմարիտ կյանքի: Իսկ անզգամները նրանք են, որ չեն զգում ոչ այս և ոչ էլ այն, և ովքեր իրենց մտքում չունեն Աստծո երկյուղը, միասին կորչելու են, երբ ասի. «Գնացե՛ք ինձնից» (Մատթ. 25:41) և իրենց հարստությունը թողնելու են այստեղ օտարներին, որովհետև օտարներին հավատարիմ չեղան:
10. Գերեզմանք տունք նոցա եղիցին յաւիտեան, և յարկք նոցա ազգէ մինչև յազգ. և կարդասցին անուանք նոցա ի հողս իւրեանց:
Նրանց գերեզմանը հավիտյան իրենց տունը կլինի, և սերնդից սերունդ՝ իրենց օթևանը. նրանց հողերը կկոչվեն իրենց անունով:
Եվ գանձերի տները գերեզմանների պես դատարկ կմնան, որտեղ ոչինչ չտարան, բացի աղտեղություններից: Նաև իրենց գործերը իրենց հոգիների համար գերեզման կլինեն, իսկ խղճահարող մտքերը՝ օթևան, ինչպես նաև գերեզման՝ մարմնի համար: Այլ գործն է հավիտյան մնում, ինչպես ասացինք, քանզի այս գերեզմանից հարություն են առնելու թե՛ արդարները և թե՛ մեղավորները, իսկ այնտեղ լաց է և ատամների կրճտոց: Նրանց հողերը կկոչվեն իրենց անուններով. կասեն, թե սա ամբարշտի տունն է, այգին կամ գերեզմանը:
11. Մարդ ի պատուի էր՝ և ո՛չ իմացաւ, հաւասարեաց անասնոց անբանից՝ և նմանեաց նոցա:
Մարդը պատիվ ուներ՝ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց:
Ինչպես որ Ադամն էր, և հավասարվեց անբան անասուններին, որ խոտ են ուտում՝ դրախտի պտուղների փոխարեն: Եվ անմահության փոխարեն վճարում են զազրելի գործերով և մահվամբ:
12. Այս ճանապարհ է գայթակղութեան նոցա նոցին, յետ այսորիկ բերանօք իւրեանց հաճեսցին:
Այս է ճանապարհը նրանց գայթակղության, որին հետո իրենց բերանով հավանություն պիտի տան:
Իրենց արարքների մասին է ասում, ինչը եղավ նրանց բոլոր չարիքների պատճառը՝ նախաստեղծների, նրանց որդիների, որոնք նույնպես անմտացան: Որին հետո իրենց բերանով հավանություն տվեցին, թե իրենք են գեհենի պատճառը, այլ ոչ թե Աստված և գուցե կկործանվեն՝ հալ ու մաշ լինելով հավիտյան:
13. Որպէս խաշն ի դժոխս մատնեսցին, և մահ հովուեսցէ զնոսա. և տիրեսցեն նոցա ուղիղք ընդ առաւօտս:
Ոչխարների պես դժոխքի պիտի մատնվեն ու մահը պիտի հովվի նրանց, և առավոտյան արդարները պիտի նրանց տիրեն:
Ոչխարների պես, որ գայլի գալուց սարսափում են և ապա նորից անհոգության մեջ ընկնում, այդպես էլ մենք, երբ մեռել ենք տեսնում, սարսափում ենք, բայց շուտով մոռանում և նորից կենդանիների պես անզգույշ մեռնում: Ու մահը պիտի հովվի նրանց. այնտեղ պիտի հովվի սատանան, քանի որ այստեղ չլսեցին քաջ հովիվին: Եվ առավոտյան արդարները պիտի նրանց տիրեն. ովքեր նրանց պատճառով չարչարվեցին, հարության առավոտյան [պիտի տիրեն նրանց], ինչպես Ղազարոսը՝ մեծահարուստին:
14. Օգնութիւնք նոցա մաշեսցին ի դժոխս, և ի փառաց իւրեանց անկցին:
Նրանց օգնությունը կսպառվի դժոխքում, և նրանք իրենց փառքը կկորցնեն:
[Կմաշվեն] օգնություն գտնելու սրտմտությունից ու ցանկությունից, և մարմնի փափկությունների փոխարեն այնտեղի չարությունից կսպառվեն, քանզի ցանկությունն անցնում է և այլն: Եվ նրանք իրենց փառքը կկորցնեն. Աստծո պատկերը կվերցվի իրենցից և կընկնեն այն փառքից և չեն կոչվի. «Բարի և հավատարիմ ծառա» (Մատթ. 25:21):
15. Բայց սակայն՝ Աստուած փրկեսցէ զանձն իմ ի ձեռաց դժոխոց յորժամ ընդունին զիս:
Սակայն, երբ դժոխքի ձեռքերն ինձ ընդունելու լինեն, Աստված կփրկի իմ հոգին:
Սա խնդրանք է այստեղ զղջմամբ, որպեսզի այնտեղ չընկնեմ դժոխքի ձեռքը, և որպեսզի ինքը՝ Լույսն ընդունի ինձ մահվան ժամանակ:
16. Մի՛ երկնչիր՝ յորժամ մեծանայ մարդ, և յորժամ բազում լինին փառք տան նորա:
Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, և մեծանում է փառքը նրա տան:
Մտածելով, թե չկա խնամակալ և մի՛ նախանձիր, քանզի կարճատև է [փառքը]:
17. Զի ո՛չ թէ ի մեռանել իւրում առցէ ընդ իւր զամենայն, և ո՛չ թէ իջցեն փառք տան նորա ընդ նմա:
Քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, և նրա տան փառքն իր հետ չի թաղվի:
Որովհետև մերկ է գնալու, ինչպես որ մերկ եկել էր:
18. Այլ անձն նորա ի կեանս իւրում օրհնեսցի, խոստովան եղիցի քեզ՝ յորժամ բարի արասցես դու նմա:
Նրա անձը կօրհնվի իր կենդանության ժամանակ, և քեզ շնորհակալ կլինի, երբ բարիք գործես նրան:
Կեղծավորաբար է գովում և օրհնում [այս կյանքի բարիքների համար]: Իսկ եթե դու տվողին բարիք անես աղքատների միջոցով, ապա Տերը ճշմարտապես կասի, թե քոնն էր և է [արքայությունը]՝ ասելով. «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք» (Մատթ. 25:35):
19. Մտցէ նա մինչև յազգ հարց իւրոց, մինչև յաւիտեան զլոյս մի՛ տեսցէ:
Նա կմիանա իր նախնիների սերնդին, մինչև հավիտենություն լույս չի տեսնի:
Այսինքն՝ հող կդառնա և մինչև հավիտենություն լույս չի տեսնի, քանզի ձեթ ու ճրագ չպատրաստեց (տե՛ս Մատթ. 25:1-14):
20. Մարդ ի պատուի էր՝ և ո՛չ իմացաւ, հաւասարեաց անասնոց անբանից և նմանեաց նոցա:
Մարդը պատիվ ուներ՝ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց:
Կրկնում է [այս նախադասությունը], որպեսզի պահենք պատիվը, և թեև այժմ Աստծո որդիներ ենք, բայց հետո ինչ կլինի, հայտնի չէ, այլ հավատում ենք, որ նրա նման ենք լինելու: Որքա՞ն մեծ է այս պատիվը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը