Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր Դավթի, երբ նա Սավուղի երեսից փախել թաքնվել էր քարայրում: Մի՛ ապականիր քեզ հուսացածներին: Եվ նորից՝ Եզեկիայի բարեկամները շրջում էին [մաքրելու Սուրբ Գիրքը] հեթանոսական ապականիչ խոսքերից, որտեղ չէին գտնում թագավորի մատանու նշանը, իսկ որտեղ որ գտնում էին, թողնում էին [հետևյալ գրությունը]. «կատարածը մի՛ ապականիր»: Երբ քարայրը պաշարվել էր Սավուղի կողմից, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը:
1. Ողորմեա՛ ինձ, Աստուած, ողորմեա ինձ, զի քեզ ի յուսացաւ անձն իմ:
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի հույսս դրի քեզ վրա:
Եռանդուն կերպով ի սրտե կրկնում է ողորմի՛ր բառը: Քանզի հույսս դրի քեզ վրա. որովհետև ուրիշ որևէ մեկի վրա չեմ կարող հույս դնել, քանզի անիծյալ է նա, ով իր հույսը մարդու վրա է դնում: Ցույց է տալիս նաև հեթանոսների կոչումը, որ ողորմություն գտնելու համար փառավորում են Աստծուն:
2. Ի հովանի թևոց քոց յուսացայց, մինչև անցցէ անօրէնութիւն:
Քո թևերի հովանուն պիտի ապավինեմ, մինչև անօրինությունն անցնի:
Աստծո արագահաս օգնությունը թևերի հովանի է կոչում, ինչպես որ Մովսեսն ասաց, և Տերն էլ ասաց, թե. «քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին` թևերի տակ» (Ղուկ. 13:34): Մինչև անօրինությունն անցնի. Սիմաքոսն [այսպես է թարգմանում]. «մինչև անցնի սպառնացողի բնությունը», այսինքն՝ անօրինությունը, նաև Սավուղի անօրինությունն իր հետ անցնելու է:
3. Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ:
Աղաղակեցի բարձրյալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն:
Չէր կարող այդ քարայրում աղաղակել, այլ՝ ջերմագին պաղատանքի մասին է խոսքը, ինչպես որ Մովսեսին Աստված ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելից 14:15):
4. Առաքեաց յերկնից՝ և կեցոյց զիս. եդ ի նախատինս, որ կոխէին զիս:
Նա օգնություն ուղարկեց երկնքից և փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին:
Ուղարկեց իր օգնությունը, նաև՝ իր Որդուն: Նախատելի դարձրեց. Սավուղին, գերողներին և դևերին:
5. Առաքեաց Աստուած զողորմութիւն և զճշմարտութիւն իւր. և փրկեաց զանձն իմ ի միջոյ գազանաց, զի ննջէի ես խռովեալ:
Աստված իր ողորմությունն ու ճշմարտությունն ուղարկեց և գազանների միջից ազատեց ինձ, մինչ ես խռովված ննջում էի:
Ողորմությունը Բանն է, իսկ ճշմարտությունը՝ Սուրբ Հոգին: Գազանների միջից. ինչպես Դանիելին, և որ նույն ձևով Դավթին էին պաշարել: Մինչ ես խռովված ննջում էի. Թեոդիտոսը [թարգմանել է] կորստյան մատնողների մեջ, Ակյուղոսը՝ սպանողի բռնության միջից, Սիմաքոսը՝ կրակե բոցերի միջից, և երկյուղի դառնությունը դրանց են նմանեցնում:
6. Որդւոց մարդկան ատամունք իւրեանց զէն և նետք են, և լեզուք նոցա որպէս սուր սուսերի:
Մարդկանց որդիների ատամները զենք և նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպես սուր սուսեր:
Զենքը հեռվից տրտնջալն է, նետը՝ երեսին հայհոյելը, երբ Աստծուն են հայհոյում ոչ թե մարդկանց որդիների պես են, այլ՝ սատանայի և գազանի, և սուր սուսերի:
7. Բարձրեալ ես դու յերկինս. և յամենայն երկրի են փառք քո:
Բարձր ես դու երկնքում, Աստվա՛ծ, և ողջ աշխարհն է բռնել փառքը քո:
Նույնպես նաև հրեաները մեր Տիրոջ դեմ սրեցին իրենց ատամները և լեզուները, սակայն ոչ մի օգուտ չունեցան, քանզի հարություն առավ և երկինք բարձրացավ: Եվ ողջ աշխարհն է բռնել փառքը քո. ինչպես որ սերովբեներն էին աղաղակում. «Սուրբ, սուրբ, սուրբ Տեր զորությունների»:
8. Որոգայթ պատրաստեցին ոտից իմոց. խոնարհ արարին զանձն իմ. փորեցին առաջի իմ խորխորատ, և անկան ինքեանք ի նոյն:
Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջևս փոս փորեցին, բայց նրա մեջ իրենք ընկան:
Սավուղը [որոգայթ պատրաստեց] Դավթի դեմ, սակայն այլազգիների միջոցով [ինքը դրա մեջ ընկավ], բաբելացիները՝ Դանիելի աղոթքով և դևերը՝ ծառի պտղից չուտելը և հրեաներն էլ փորձեցին կեղծավոր առաքյալների միջոցով բռնել Տիրոջը, բայց այդ ամենն իրենց անձերի վրա շրջվեց՝ Սավուղի, Աքիտոբելի, Աբիսողոմի, բաբելացիների, հրեաների, Հուդայի և դևերի:
9. Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ. օրհնել և սաղմոս ասել քեզ փառօք իմովք:
Պատրաստ է սիրտն իմ, Աստվա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ փառաբանությամբ:
Սիմաքոսը «սիրտն իմ նորոգված է» թարգմանում: Փառաբանություն ասելով նկատի ունի մարգարեությունը: Նորից՝ պատրաստ է սիրտն իմ առանց մեղքի ընդունել Սուրբ Հոգուն, ամեն մարդ չի կարող այսպես ասել, այլ՝ Եղիայի նմանները, որ ասում էր. «Կենդանի է Տերը, որի առջև կանգնում եմ այսօր» (Գ Թագ. 17:1): Մենք էլ նրան խնդրելով ասում ենք, թե պատրաստ թող լինի մեր սիրտը, Աստված:
10. Զարթի՛ք փառք իմ, զարթի՛ք սաղմոսիւք և օրհնութեամբ, և ես զարթեայց առաւօտուց:
Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր, սաղմոսներով և օրհներգությամբ, և ես կարթնանամ առավոտյան:
Փառք ասելով նկատի ունի մարգարեական ոգուն և իրեն կանչում է, որպեսզի գնա նրա մոտ և պատրաստում է իրեն առավոտյան Աստծուն օրհնաբանելուն և ոչ թե որևէ այլ գործի: Նաև արդարները սպասում են Քրիստոսի գալստյանը, փառքը տնօրինության խորհուրդն է, քանզի սաղմոսի միջոցով փառաբանում ենք արթնացած բնությանը:
11. Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս, Տէր. և սաղմոս ասացից քեզ յազինս:
Գոհություն կմատուցեմ քեզ ժողովուրդների մեջ, Տե՛ր, և ազգերի մեջ քեզ սաղմոս կերգեմ:
[Այսպես են ասում] բոլոր հեթանոսները և դա է Քրիստոսի փառքը՝ կաթողիկե սուրբ Եկեղեցին, և յուրաքանչյուր ոք, որ աղոթքի միջոցով արթնանալ է խնդրում իր եկեղեցուն՝ բարեխոսելու համար, միավորում է նաև Աստծուն օրհներգելը, ժողովուրդից հետո հիշելով նաև ազգերին:
12. Մեծ եղև մինչև յերկինս ողորմութիւն քո. մինչև յամպս ճշմարտութիւն քո:
Քո ողորմության մեծությունը հասավ մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը:
Բարձրացավ Աստծո ողորմությունը և ծածկեց երկինքը և ոչ ոք չի կարող արգելել մեղավորներին, ոչ էլ երկնավորները, որովհետև մինչև երկինք է [բարձրացել] ողորմությունը, [սակայն դա չի նշանակում], թե այնտեղ [երկնքում] չկա, նույնպես նաև ճշմարտությունը: Նաև ամպը մարգարեներն են, որքան որ հարատևեց օրենքի ստուգությունը:
13. Բարձրեալ ես դու յերկինս Աստուած. և յամենայն երկրի են փառք քո:
Բարձր ես դու երկնքում, Աստվա՛ծ, և ողջ աշխարհն է բռնել փառքը քո:
Քրիստոս Աստված մեր, որ պաշտվում ես երկնքում և ամբողջ երկրում՝ քո փառքով և խաչի միջոցով:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը