Ամեն առավոտ արծիվը դիմավորում է արևածագը` կանգնելով մի ժայռի վրա: Ծովի ափի ավազների վրա իջած ճայը տեսնում է, նախանձում և ասում.
- Ինքս ավելի բարձր ժայռի վրա կթռչեմ և այդտեղից արևածագը կդիմավորեմ:
Եվ ծովում լողացող մի բարձր սառցե սյուն է տեսնում և խրոխտ կանգնում դրա վրա՝ արևածագը դիմավորելու: Նայում է դեպի ժայռը, բայց այս անգամ արծվին այնտեղ չի տեսնում: Երբ արեգակի ճառագայթները դուրս են գալիս, սառցե սյունը փլուզվում է, և ճայը հայտնվում ծովի մեջ: Թրջված դուրս է գալիս, իսկ արծիվն ասում է.
- Երբ լսեցի, որ ուզում ես ինձ պես բարձրանալ ժայռը և դիմավորել արևածագը, որոշեցի այդ տեղը քեզ համար թողնել, իսկ ինքս երկնքում սավառնել և այդտեղից դիմավորել արեգակի ջերմագին ճառագայթները:
Ճայը լսում է, արծվի մեծահոգությունից զարմանում, բայց շնորհակալություն հայտնելու փոխարեն տրտնջալով պատասխանում է.
- Դու կարող ես այնքան բարձր սավառնել, որ ժայռն էլ ինձ չի փրկի, որպեսզի ես քեզանից ավելի վեր լինեմ...
Նախանձն այրում է մարդու հոգին և այն բարձրացնում սառցե սյան վրա, որը, սակայն, փլուզվում է սիրո և խոնարհության ջերմության ճառագայթներից...
Հովհաննես Մանուկյան