Սատանան հիմար է

- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում:

- Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում վրիպում է: Եվ եթե Աստված նրան թույլ չտա ինչ-որ բան հասկանալ, ապա սատանան մշտապես կսխալվի ամեն ինչում: Քանի որ սատանան շատ խավարամիտն է: «Տեսանելությունը՝ զրո»: Ենթադրենք, ես մի բարի մտադրություն ունեմ: Սատանան չգիտի դրա մասին: Եթե մտադրությունս չար է, ապա սատանան գիտի, որովհետև ինքն է իմ մեջ սերմանում դա: Եթե հիմա ուզում եմ մի տեղ գնալ ու ինչ-որ բարի գործ անել, օրինակ՝ փրկել ինչ-որ մեկին, ապա սատանան չգիտի դրա մասին: Սակայն, եթե սատանան ինքն է մարդուն հուշում. «Գնա ու փրկիր այսինչին», այսինքն այդպիսի միտք է տալիս մարդուն, ապա ինքն է նրա մեջ սերմանում հպարտությունը և այդ պատճառով էլ գիտի, թե ինչ կա այդ մարդու սրտում:

Սա շատ նուրբ հարց է: Հիշո՞ւմ եք աբբա Մակարիոսի հետ պատահածը: Մի անգամ, նա հանդիպեց սատանային, ով մոտակա անապատից էր վերադառնում: Նա գնացել էր այնտեղ ապրող վանականներին գայթակղության մեջ գցելու: Սատանան ասաց աբբա Մակարիոսին. «Բոլոր եղբայրները շատ դաժան են իմ նկատմամբ, բացառությամբ մեկի, ով ընկերս է, լսում է ինձ և երբ տեսնում է՝ պտտվում է իլիկի պես»: «Ո՞վ է այդ եղբայրը»,- հարցրեց աբբա Մակարիոսը: «Նրա անունը Թեոպեմպտոս է»,- պատասխանեց սատանան: Սուրբ Հայրն անապատ գնաց ու գտավ այդ եղբորը: Նուրբ եղանակով բացատրեց նրան մտադրությունների բացահայտման մասին և հոգևոր առումով շատ օգնեց: Երբ աբբան կրկին հանդիպեց սատանային՝ հարցրեց անապատում ապրող եղբայրների մասին: «Նրանք բոլորը շատ դաժանորեն են ինձ վերաբերվում,- պատասխանեց սատանան,- Իսկ ամենից վատն այն է, որ նա, ով նախկինում ընկերս էր, չգիտես ինչու փոխվել է և այժմ բոլորից դաժան է դարձել իմ նկատմամբ»: Սատանան չգիտեր, որ աբբա Մակարիոսն այցելել էր այդ եղբորն ու ուղղել նրան, որովհետև սուրբը խոնարհությամբ էր գործել, սիրուց մղված: Եվ սատանան աբբայի բարի մտադրության նկատմամբ իրավունքներ չուներ: Բայց եթե սուրբը հպարտանար, ապա կվաներ իրենից Աստծո Բարեշնորհությունը և սատանան կստանար այդ իրավունքները: Այնժամ նա կիմանար սրբի մտադրության մասին, որովհետև այդ պարագայում ինքը նրա մեջ սերմանած կլիներ հպարտությունը:

- Իսկ, եթե մարդն ինչ-որ տեղ բարձրաձայնում է իր բարի մտադրության մասին, ապա սատանան կարո՞ղ է լսել դա ու հետո գայթակղության մեջ գցել այդ մարդուն:

- Ինչպե՞ս պիտի լսի, եթե ասվածի մեջ ոչինչ չկա սատանայից: Սակայն, եթե մարդն իր մտադրությունը հպարտանալու նպատակով է ասում, ապա սատանան կմիջամտի: Այսինքն, եթե մարդը հպարտության նկատմամբ հակվածություն ունի և հպարտությամբ հայտարարում է. «Կգնամ ու կփրկեմ այսինչին», ապա սատանան միանում է այդ գործին: Այդ դեպքում սատանան կիմանա նրա մտադրությունների մասին, իսկ, եթե մարդ սիրուց մղված ու խոնարհությամբ է գործում, ապա սատանան չի իմանա: Պետք է ուշադիր լինել: Դա շատ նուրբ գործ է: Իզուր չէ, որ Սուրբ Հայրերը հոգևոր կյանքը «գիտությունների գիտություն» են անվանում:

- Հա՛յր, սակայն այնպես է պատահում, որ օրինակ՝ գուշակը երեք աղջիկների համար գուշակում է, որ մեկը կամուսնանա, մյուսը՝ նույնպես, սակայն դժբախտ կլինի, իսկ երրորդն ընդհանրապես չի ամուսնանա և դա իրականանում է: Ինչո՞ւ:

- Սատանան փորձառու է: Օրինակ՝ ինժեները, տեսնելով, որ տունը վթարային վիճակում է գտնվում, կարող է ասել, թե դեռ որքան ժամանակ կանգուն կմնա: Այդպես էլ սատանան տեսնում է, թե մարդն ինչպես է ապրում և իր փորձից ելնելով՝ կարող է ասել, թե ինչ վախճան կունենա:

Սատանան սուր միտք չունի, նա շատ հիմար է: Նա ամբողջությամբ խառնաշփոթ է իրենից ներկայացնում, սկիզբն ու վերջը չես գտնի: Եվ իրեն մեկ խելացիի պես է պահում, մեկ՝ հիմարի: Նրա խարդախություններն անշնորհք աշխատանքի հետևանք են:  Աստված է այդպես դասավորել, որպեսզի մենք ճանաչենք նրան: Որքա՜ն մթագնած պիտի լինես հպարտությունից, որ սատանային չճանաչես: Խոնարհություն ունենալով՝ ի վիճակի ենք զանազանել սատանայական ցանցերը, որովհետև մարդ լուսավորվում ու մոտենում է Աստծուն խոնարհության միջոցով: Խոնարհությունն է, որ սատանային հաշմանդամ է դարձնում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

26.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․