Սատանայի խաբեության մասին

Մի շատ աղոթասեր քահանա էր ապրում, ով սիրելի էր շատերին իր առավել բարեպաշտության համար: Այսպիսի շնորհներ նրա մեջ տեսնելով` սատանան նախանձում էր և հանդուրժել չէր կարողանում, սակայն բացահայտ փորձությամբ չէր կամենում նրա դեմ պատերազմել: Կեղծ բարությամբ նրան իր կամքին հնազանդեցնելու հույսով լուսավոր հրեշտակի կերպար ընդունեց և երևալով նրան` ասաց.

-Աստծո՛ սիրելիդ, քեզ մոտ ուղարկվեցի` պատմելու, թե ապագայում քեզ հետ ի՛նչ է լինելու: Արդ, քո անձը պատրաստի՛ր, քանի որ այս տարի մեռնելու ես:

Քահանան, կասկած չունենալով, թե սատանան կարող էր լինել, նրա ասածներին հավատալով, մեծ ջանադրությամբ պատրաստվում էր մահվան` խոստովանությամբ իրեն խղճմտանքից մաքրելով, պահքով ու արթնությամբ մարմինը ճնշելով, անդադար աղոթելով և ունեցվածքն աղքատներին բաշխելով: Եվ երբ մարդկանցից շատերը նրան հարցրեցին, թե` «Ինչո՞ւ ես առանց ընտրության ունեցվածքդ բաշխում», նրանցից մեկին պատճառը ծածուկ կերպով ասաց. «Աստծո հրեշտակը երևաց և ինձ հայտնեց, որ այս տարի մեռնելու եմ»:

Իսկ այդ մարդը, լսելով այս մասին, լուռ մնալ չկարողացավ և հայտնեց ուրիշի: Եվ այսպես, այդ միջավայրում ապրող բոլոր մարդկանց այս բանը հայտնի դարձավ: Տարին ավարտվեց, սակայն քահանան չէր վախճանվել, ուստի սատանան սուտ մարգարե դիտվեց: Բայց Աստծո ընտրյալների համար ամեն ինչ դեպի բարին էր փոխարկվում, քանի որ Աստծո մարդը, որ սատանայի կողմից պատրանքների էր ենթարկվել, բարի գործերի մեջ է՛լ ավելի էր առաջանում:

Սատանայի խորամանկ խաբեության պատճառով քահանան, մարդկանցից ամոթահար, աշխարհը թողեց և կրոնավորների վանք մտավ, քանի որ կարիքները հոգալու համար այլևս ոչինչ չուներ:

Քիչ ժամանակ անց սատանան դարձյալ նրա մոտ եկավ և իր որոգայթը լարեց նրա դեմ` ասելով.

-Ո՛վ այր դու, մի՛ երկնչիր, որ չմեռար, ինչպես քեզ նախորոք ասել էի, քանզի Տեր Աստված իր նախախնամությամբ շատերի փրկության համար քեզ երկար կյանք է շնորհել: Եվ ահա Տիրոջից առաքվեցի, որպեսզի քեզ հետ լինեմ` քեզ պահպանելու և ուսուցանելու:

Քահանան նրա խոսքերին դարձյալ հավատ ընծայեց:

Հետայսու սատանան միշտ նրա մոտ էր և անընդհատ, ինչպես հետո ինքն էլ հասկացավ, իրեն մղում էր այն բանին, ինչը որ ախորժելի էր մարմնի համար, քանի որ երբ կամենում էր երկար աղոթել, կամ հսկում կատարել, կամ աշխատել, հանդիմանվում էր նրա կողմից.

-Ընտրությունը մայրն է առաքինությունների, թերևս կարող ես շատ ապրել, ինչի համար քեզ պետք է խնայես, որպեսզի երկար ժամանակ Աստծուն ծառայելու կարող լինես:

Եվ երբ կամենում էր մեծ քար քարշ տալ, ասում էր.

-Այդ քարը շատ մեծ է, շարժի՛ր այն, ինչը որ թեթև է:

Եվ այսպիսի խոսքերով խաբում էր նրան: Երբ քահանան կուսակրոն կենսաձևն ընտրեց, սատանան նրան ասաց.

-Խնդրի՛ր վանահորից, որ քեզ առանձին տեղ տալու կարգադրություն անի, որպեսզի կարողանաս համարձակ լսել իմ խոսքերը, ես էլ` քոնը:

Եվ վանահայրը կարգավորեց այդ խնդիրը:

Մի գիշեր սատանան, կամենալով գլուխ բերել իր վաղուց ծածկած որոգայթը, նրան զարթնեցրեց` ասելով.

-Աստված մեծ գործերիդ համար քեզ կամենում է հատուցել: Առանձին  դեպի խուցը գնա՛ և այնտեղ քո գոտիով քեզ փայտից կախի՛ր, և այդպես կընդունես մարտիրոսության պսակը:

Այս լսելով` քահանան մեծապես վախեցավ և թքելով սատանայի երեսին, գոչեց.

-Հեռո՛ւ կաց ինձնից, հեռո՛ւ կաց, այժմ ճանաչեցի, թե ո՛վ ես:

 Եվ խաչակնքելով` իրենից հեռացրեց:

Ապա անմիջապես վանահոր մոտ գնաց և նրան քնից զարթնեցրեց` հայցելով, որ իրեն խոստովանեցնի: Վանահայրը հորդորեց նրան համբերել մինչև առավոտ:

Երբ նա համառեց, վանահայրը վեր կենալով նրա հետ խորան գնաց: Քահանան, ընկնելով նրա ոտքերը, խոստովանեց և ասաց.

-Սատանան հրեշտակի կերպարանքով վաղուց խաբում էր ինձ, մինչև որ ճանաչեցի նրան, թե սատանա է և ոչ հրեշտակ, քանի որ ինձ խրատ էր տալիս, որ կախվեմ:

Նաև իր մյուս մեղքերը խոստովանեց խոստովանահոր առջև: Եվ երբ հայրը նրան ապաշխարության կարգեց և խրատեց հետագայում զգուշանալ, դարձավ իր խուցը: Սատանան, նրա խոստովանության վրա մեծապես զայրացած, աղեղը լարեց և փորձեց նրան նետահարել` մեծ սրտմտությամբ ասելով.

-Քո վնասով ինձ ամոթահար արեցիր, այժմ կսպանեմ քեզ:

-Գնա՛, անիծյա՛լ,- պատասխանեց նա,- քեզնից չեմ երկնչում:

Եվ խաչի նշանն անելով` անհայտացրեց:

Եվ այսպես, խոստովանության զորությամբ ազատված` այլևս սատանային չտեսավ:

 

 

Հայելի վարուց

18.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․