Սուրբ Անանիա առաքյալ. պատկառելի և իմաստուն սուրբը

Հիսուս Քրիստոս բացի տասներկու առաքյալներից ուներ նաև յոթանասուներկու աշակերտներ, որոնք ամբողջ սրտով ընդունեցին Նրա վարդապետությունը: Նրանք ոչ միայն սովորում էին այն, ինչ ասում էր Տերը, այլ հետևում էին Նրա գործին ու կյանքին:

Հիսուս Քրիստոս աշակերտներին իշխանություն տվեց Ավետարանը քարոզելու և բժշկելու (Ղուկաս 10.1-20):

Անանիա առաքյալը համարվում է այդ յոթանասուներկու աշակերտներից մեկը: Պետրոս առաքյալի կողմից ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս: Կարծվում է, որ նրա ծննդավայրը այդ քաղաքն է եղել: Պետրոս և Անդրեաս առաքյալների գործակիցը լինելով՝ համարվում է նաև նրանց աշակերտը:

Անանիան հուժկու մարմնով, սակայն հեզ ու հանդարտ սրտով Աստծո հոգով լցված մարդ էր: Նա խոսքով հարուստ էր, իսկ գործերում՝ զվարթ: Ղուկաս ավետարանիչը «Գործք Առաքելոցում»-ում պատմում է, թե ինչպես նա Տիրոջ բարեհաճությամբ մկրտեց Սողոսին՝ ապագա Պողոս առաքյալին՝ բժշկելով հոգու և մարմնի կուրությունից: Սուրբ Անանիան լուսավորեց նրա խավարած աչքերը և զորացրեց լինելու ճշմարտության քարոզիչ: Պողոս առաքյալը, մինչև դարձի գալը, բուռն հալածում էր քրիստոնյաներին: Անանիան նրա մեջ տեսավ հեթանոսների վարդապետին, աստվածապարգև վարժապետին, որի գործերին ու վաստակին հետագայում հաղորդ եղավ: Քրիստոնեությունը հեթանոսների մեջ տարածելու պատճառով կոչվեց «Առաքեալ հեթանոսաց» (Բ Տիմոթեոս 1.11): Գործք Առաքելոցի 22-րդ գլխում Պողոսը նորից վերապատմում է և մանրամասնում Անանիայի մասին:

Իսկ Հայսմավուրքը վկայում է, որ Անանիա առաքյալը երկար տարիներ հալածվել է հրեաների ու հեթանոսների կողմից: Թեև նա իր աթոռն ուներ Դամասկոսում, որտեղ կային ոչ քիչ աշակերտներ ու հավատացյալներ, սակայն հաճախ քարոզում էր Ավետարանը Ասորիքում և Պաղեստինում՝ Քրիստոսի անունով նշաններ /հրաշք, բժշկություն/ գործելով, փարատելով մարդկանց և անասունների ցավերը: Մի անգամ, երբ Անանիան քարոզությամբ շրջում էր Հելևթերուպոլսում (որը նշանակում է «ազատ քաղաք») և նրա գյուղերում, կռապաշտները նրան ձերբակալեցին և կանգնեցրին քաղաքի դատավորի՝ Լիկիանոսի առջև: Վերջինս Քրիստոսի անվանը խիստ թշնամի մարդ էր և սաստիկ ջատագովը չաստվածների: Առաջինը նա սկսեց քաղցրությամբ խոսել Սուրբ Անանիա առաքյալի հետ և ասաց. «Ո՛վ մարդ, տեսնում եմ, որ սքանչելի տեսքով, պատկառելի, իմաստուն ու հանճարեղ մարդ ես, եթե ինձ լսես, բազում բարիքների կարժանանաս: Այժմ մոտեցիր և զոհ մատուցիր աստվածներին և քո անձը կորստյան մի մատնիր չարչարանքներին ընթարկվելով»: Սուրբ Անանիան պատասխանեց. «Կուռքերին չե՛մ պատվի և խուլ ու համր բագիններին, որ դևերի բնակարան են, չե՛մ երկրպագի, այլ կերկրպագեմ իմ ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, որ մեզ համար գիտության լույս եղավ, Որին մեր աչքերով իսկ տեսանք, քանի որ մարմնով եկավ աշխարհ և ազատեց մեզ կուռքերի մոլորությունից: Նրա համար ես պատրաստ եմ տանջանքների ու մահվան, քան թե թողնելու ճշմարտությունը և մոլորվելու խաբեությամբ»:

Դրանից բարկացավ դատավորը և սրբին հանձնեց չոր արջառաջլերով տանջելու, որից հետո հրամայեց կախել փայտից և երկաթե քերիչներով քերել ոսկորները:

Իսկ առաքյալն, աչքերն ու ձեռքերը երկինք բարձրացնելով, ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, զորությունների՛ Աստված, թող թշնամին երբեք ինձ իր թակարդի մեջ չգցի, այլ թող ես էլ արժանի լինեմ հանուն Քեզ չարչարանք կրելու և Քո պսակով զարդարվելու՝ իմ կյանքով և մահով Քո ընտրյալ աշակերտների շարքը դասվելու համար»:

Սուրբը իր մարմնի ցավերը ոչինչ էր համարում Քրիստոսի սիրո առջև:

Դատավորը փորձեց շողոմ խոսքերով հրապուրել Սուրբ Անանիային, սակայն ապարդյուն: Մինչ երանելին տանջանքների մեջ էր, դատավորը նրան ասաց. «Մինչև ե՞րբ չես հնազանդվելու ինձ և հանձն չես առնելու մեծարել անմահ դիցերին, որոնց ինքնակալն է պաշտում»:

Անանիան պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստիպում ինձ, որ պաշտեմ սնոտիներին, մեռելոտներին և գարշելիներին, որոնք մարդկանց ձեռքի գործ են՝ կերտված փայտից, քարից և պղնձից, և ինչպե՞ս

չես հասկանում բանականների անմտությունը, որոնք անխոսներին ու անշունչներին աստվածային անուններով են պատվում, իրենց իսկ ստեղծածներին արարիչ են ասում և իրենց հույսը դրանց վրա են դնում»:

Այսպես շատ խոսքերով հանդիմանեց և անարգեց նրանց պաշտամունքները:

Այս ամենից հետո Սուրբ Անանիային քաղաքից դուրս տարան և քարկոծեցին: Նահատակության պահին երանելի սուրբը ասաց. «Ո՛վ թագավորների Թագավոր և տերերի Տեր, իբրև քեզ ընդունելի պատարագ ընդունիր իմ անձը Քո սուրբ անվան փառքի համար», և այդպես ավանդեց իր հոգին:

Իսկ սուրբի մարմինը, որ ծածկել էին քարերով, նրա աշակերտներն ու ծանոթները տարան և թաղեցին նրա հայրենի քաղաքում՝ Դամասկոսում, Տիրոջ 70 թվականին:

Անանիա առաքյալի տունը, ըստ հին դարերի շատ մատենագիրների, հիշատակվում է Դամասկոսը, որոնք ասում են, թե Փրկչի և Նրա առաքյալի անունով եկեղեցի շինվեց, որ հետո այլազգիները մզկիթ դարձրին:

Իսկ նրա պատվական նշխարները սկզբում դրվեցին Դամասկոսում՝ Հուդայի ապարանքում, որտեղ ժամանակին իջևանել էր Պողոսը, և այնտեղ կառուցվեց գեղեցիկ տաճար: Որոշ ժամանակ անց նշխարները փոխադրվեց Հռոմ: Նրա որոշ նշխարներ էլ պահվում են սրբուհի Բրասկետայի եկեղեցում: Սուրբ Անանիայի նշխարներից մաս կա նաև Հայաստանում՝ Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռում, որտեղ մինչ օրս կատարվում են բժշկություններ: Նրա ննջելուց հետո էլ նրա սրբասուն նշխարներն իրենց մեջ կրում են սքանչելագործ զորություն: Այս փոքրիկ մատուռը դարձավ մեծ ուխտատեղի, ապա՝ վանք, որ կոչվեց «Անանիայի անապատ», որ հայտնի է հնագույն ժամանակներից:

Սուրբ Անանիայի նշխարների այս վայրում գտնվելով է նաև պայմանավորված «Զորավոր» անվանումը, որի մասին եղած վկայություններից է վաղ շրջանի (1450թ.) մի ձեռագիր: Այս ձեռագրի հիշատակարանում, որը թողել է գրիչ Հովհաննեսը, ասվում է, որ այն ընդօրինակվել է Երևանում, Անանիայի ամենազոր գերեզմանի հովանու ներքո՝ «Ի փոքրիկ յանապատիս Երեւանաւ ընդ հովանեալ ամենազոր սբ. Անանիա առաքելոյ գերեզմանիս»:

Այս սրբատեղիի շենացման և պայծառացման շրջանը կապվում է Մովսես Գ Տաթևացու անվան հետ /այդ տարիներին նա դեռ վարդապետ էր/: Այստեղ նա նոր միաբանություն հիմնեց, կարգ ու կանոն հաստատեց այնպես, որ վանքի համբավը տարածվեց ամենուր: Այս մասին պատմում են Թովմա Մեծոփեցին, Առաքել Դավրիժեցին, Ղևոնդ Ալիշանը, Մաղաքիա Օրմանյանը և այլոք:

Սուրբ Անանիայի հիշատակությունը Հայ եկեղեցում կատարվում է Խաչի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

 

15.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․