«Սերը ճշմարիտ ծառայության անհրաժեշտ հիմքն է»

Հոկտեմբերի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սահակյան Քրիստինեին (27 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Քրիստինեն իր երկու տղաների՝ Աբրահամի (7 տ.) և Գոռի (4 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Բյուրեղավան քաղաքի 25 շ. 10 բն. հասցեում: Ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնած. երկու տարի է, ինչ Քրիստինեն միայնակ է խնամում իր տղաներին: «Մեծ տղաս հաշմանդամություն ունի, երեք ամսականից տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ: Ժամանակ առ ժամանակ անվճար բուժումներ է անցնում, բայց բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ես եմ գնում: Իմ աշխատավարձը, երեխայիս հաշմանդամության և ընտանեկանի նպաստի գումարները բավարարում է միայն, որ հոգանք մեր նվազագույն կարիքները»,- ասաց Քրիստինեն և իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Ճշմարիտ ծառայությունը Տերը յուրովի էր ընկալում. Նա Իր կյանքով էր վկայում այդ ծառայության մասին, Նա այնտեղ էր, որտեղ սիրո և աջակցության կարիք կար: Ըստ Շենուդա Գ հայրապետի՝ սերը քրիստոնեության մեջ առաջին պատվիրանն է, ծառայության անհրաժեշտ հիմքը: Հայրապետը ճշմարիտ ծառայության վերաբերյալ ասել է. «Երբ մի անգամ Տերը ժամեր շարունակ բազմության հետ խոսում էր շնորհի մասին, օրն սկսեց մթնել, և աշակերտները մոտեցան Նրան ու ասացին. «Արձակիր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերն ու ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն» (Ղուկ. 9:12, Մատթ. 14:15): Աշակերտների միտքը դեռ հասուն չէր: Ծառայությունը նրանց համար զուտ մարդկանց ասված խոսք էր, ոչ թե՝ գործերով ի հայտ եկող սեր: Տերը պատասխանեց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելու բան տվեք»»:

 

Կարինե Սուգիկյան

03.10.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․