Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, այցելեց սիրիահայ կարիքավոր Դոքմեջյան ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Հրաչյա Քոչար 10/7 հասցեում: Ընտանիքի հայրը՝ Աբրահամ Դոքմեջյանը (65 տ.), նշեց, որ իր երեք որդիներից երկուսն իրենց ընտանիքներով ապրում են Սիրիայում և շուտով գալու են Հայաստան: «Կինս է միայն աշխատում, ես և որդիս՝ Րաֆֆին (24 տ.), առողջական խնդիրներ ունենք: Ես շաքարային դիաբետ ունեմ, իսկ որդիս 13 տարեկանից տառապում է էպիլեպսիայով, ինչը նրա մոտ ավելի սրվեց պատերազմական օրերին: Կնոջս վաստակածը չի բավարարում տան և կոմունալ վճարների, իմ և տղայիս համար անհրաժեշտ դեղորայքը գնելու համար»,- ասաց Աբրահամը:
Տեր Վահանը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ այս անգամ տրամադրել էր Արտեմիս Տեր-Հակոբյանը:
Աստծո հանդեպ սերը մղում է մարդուն բարեգործության: Այդ սերն ունենալու պատգամը տվեց մեզ Քրիստոս, որպեսզի սիրենք միմյանց և սիրենք զոհաբերվող սիրով:
Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին ասել է, որ սիրել մերձավորին և պատրաստ լինել հանուն նրա կյանքը զոհաբերելու, չի նշանակում մահանալ, այլ ապրել. «Երբեմն ավելի դժվար է ապրելը, քան մահանալը: Երբեմն ավելի հեշտ է ակնթարթորեն այս կյանքից այլ կյանք տեղափոխվելը, իսկ տարեցտարի ապրելը, վկայելով Աստծո սիրո մասին, վկայում է այն մասին, որ սերն ավելի ամուր է, քան ատելությունը, որ կյանքը հավիտենական և ոչ երկրային, ավելի հզոր է, քան մահը և որ ոչինչ մեզ չի կարող բաժանել Քրիստոսի սիրուց: Հեշտ չէ ապրել, երբ քեզ շրջապատում է անտարբերությունը, ատելությունը և օտարացումը: Բայց պետք է ապրել և ապրել այնպես, որպեսզի Աստծո մոտ մնան կենդանի հաղթանակածները՝ ցնծագին վկայողներն այն մասին, որ սերը հաղթահարում է ամեն ինչ»:
Կարինե Սուգիկյան