26 Նոյեմբեր, Գշ
Ծառայասիրությամբ քրիստոնյան նմանվում է Քրիստոսին, Ում երկրային ողջ կյանքը ծառայություն էր մարդկանց. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու Իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ 10:45): Միմյանց սիրելու և ծառայելու հորդորը Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին պատգամեց Վերջին ընթրիքի ժամանակ, երբ լվաց առաքյալների ոտքերը և ասաց. «Եթե ես՝ Տերս և վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13:14): Տերը գործուն սիրո օրինակով հորդորեց Իր հետևորդներին գործուն սեր ունենալ միմյանց հանդեպ: Նա չասաց միայն, թե ինչ պետք է անեն առաքյալները, այլ թե ինչպես, ինչ մտքով ու զգացումներով պետք է ծառայեն մերձավորին, իսկ ծառայությունը պետք է բխի ոչ միայն պարտականությունից, այլև սիրուց, ինչը և արեց Քրիստոս:
Տիրոջ պատգամի համաձայն՝ Հայ եկեղեցին իր հիմնադրումից ի վեր որդեգրել է սիրո ծառայության ուղին: Մայիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Զաքարյան Սեդային (73 տ.), որն իր դստեր հետ բնակվում է Աթոյան 14 շ. 13 բն. հասցեում: Տիկին Սեդան շնորհակալություն հայտնեց աջակցության համար, որն ուղղված էր իր դստեր առողջական խնդիրների լուծմանը:
Սիրո ծառայությանն անդրադառնալով՝ երանելի Հովհաննես Պլուզ վարդապետն ասել է. «Տես, թե ինչ ուժականություն ունի սերն Աստծո նկատմամբ, որ Աստծո նման է դարձնում մարդուն, քանի որ Աստված Իր սիրով նմանվեց մարդկանց և ցույց տվեց, որ մարդիկ իրենց սիրով է, որ պիտի նմանվեն Աստծուն: Ինչն է ավելի խաղաղարար, քան սերը՝ ազատ լինել բոլոր տեսակի խռովություններից և կատարել աստվածահաճո գործեր: Սերը մարդկանց դարձնում է Աստծո որդիներ և Երկնքի արքայության ժառանգորդներ»:
Կարինե Սուգիկյան