Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Քրիստոսի հետևորդը հետևում է Տիրոջ այն խոսքին, որ ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Խաչի ճանապարհով դեպի Կյանք ընթացողը համբերությամբ և ուրախությամբ կրում է իր խաչը՝ քաջատեղյակ լինելով նրա զորությանը. «Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ. 6:14): Ս. Խաչի զորությանն ապավինած սիրիահայերի աղոթքի ուղին նախ կանգ առավ Աբովյան քաղաքի Ս. Հովհաննես եկեղեցում, ուր ուխտավորները միասնական աղոթքից հետո շարականներ երգեցին, ապա ծանոթացան եկեղեցու պատմությանը: Հաջորդ սրբավայրում՝ Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայրում, սիրիահայ ուխտավորները ևս ապրեցին միասնական աղոթքի խորությունն ու զորությունը:
Սիրահայ ուխտավորների համար Խաչվերացի տոնին նախորդող շաբաթապահքի ընթացքում աղոթքի ճանապարհ անցնելը լավագույն առիթ էր խոկալու իրենց անցած և անցնելիք խաչի ճանապարհի մասին: Իսկ խաչի ճանապարհին, խաչը կրելով, դեպի Երկինք բարձրանալը, ըստ Հայր Պաիսիոս Աթոսացու, փառաբանության ուղի է, քանի որ. «Բարեգութ Աստված ամեն մեկին իր ուժերի չափով է խաչ տալիս: Աստված մարդուն խաչ չի տալիս, որպեսզի տանջվի, այլ, որպեսզի այդ խաչից Երկինք բարձրանա: Քանի որ, խաչը՝ դա Երկինք տանող աստիճան է՝ ըստ էության: Հասկանալով, թե փորձությունների ցավին համբերելով ինչպիսի հարստություն ենք կուտակում (երկնային) գանձարանում՝ մենք կդադարենք տրտնջալ և կփառաբանենք Աստծուն՝ մեզ վրա վերցնելով այն փոքրիկ խաչը, որ Նա պարգևել է մեզ»:
Կարինե Սուգիկյան