Հոգևոր կյանքը ենթադրում է հոգևոր պայքար, որ մղվում է չարն արմատախիլ անելու և բարին արմատավորելու նպատակով: Պայքարի արդյունքում մարդու հավատքը դառնում է ավելի ջերմեռանդ և կենդանարար, և մարդն իր հավատքից բխող բարի գործերով դառնում է սիրո ջերմության տարածողը: «Ինչ որ դուք կամենում եք ու կատարում, Աստված Ինքն է ներգործում ձեզ վրա, որպեսզի շարժվեք Իր կամքի համաձայն» (Փիլիպպ. 2:13): Եկեղեցական համայնքային կյանքում սիրո գործունեության արգասիք են սոցիալական ծրագրերը, որոնց միջոցով սիրո ջերմությունը բազմաթիվ ընտանիքներ է թափանցում:
Նոյեմբերի 28-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սեդրակյան Մյասնիկին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Մյասնիկն ապրում է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում: «Տուն չունեմ, եղբորս տնամերձ տարածքում գտնվող մի փոքրիկ սենյակում եմ բնակվում: Երրորդ խմբի հաշմանդամ եմ և առողջական մի շարք խնդիրների պատճառով ի վիճակի չեմ աշխատելու»,- ասաց Մյասնիկը և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին՝ իրեն օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան