23 Դեկտեմբեր, Բշ
Փետրվարի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և թեմերի շուրջ 200 եկեղեցականներ:
Հավաքը բացվեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով: Ս. Ղևոնդյանց տոնի առիթով շնորհավորելով Վեհափառ Հայրապետին, եպիսկոպոսաց դասին, վարդապետներին և քահանաներին` Միքայել Սրբազանը մասնավորաբար մաղթեց, որ հայ եկեղեցականությունը` համախմբված Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի շուրջ, իր առաքելությունը կատարի նույն ոգով և նվիրվածությամբ, ինչ ոգով և նվիրվածությամբ իրականացրել են դարեր առաջ Ղևոնդյանց քահանաները:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխությունը:
Ավագ քահանայության պատիվ շնորհվեց Արժանապատիվ Տ. Մինաս քահանա Մարտիրոսյանին (Մայր Աթոռի Վանորեից տեսչություն), Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Դանիելյանին (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանին (Արարատյան թեմ) և Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սիմոնյանին (Շիրակի թեմ):
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ. Ռուբեն քահանա Գասպարյանը (Շիրակի թեմ), Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Թավադյանը (Արցախի թեմ), Արժանապատիվ Տ. Միքայել քահանա Շաղոյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Խլղաթյանը (Արմավիրի թեմ) և Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Քեսաբյանը (Արմավիրի թեմ):
Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը և Արժանապատիվ Տ. Թեոդիկ քահանա Չեթինգայան, Արժանապատիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը (Արարատյան թեմ), Արժանապատիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանը (Արագածոտնի թեմ), Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Ինջիղուլյանը (Արմավիրի թեմ), Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանը (Կոտայքի թեմ), Արժանապատիվ Տ. Տարոն քահանա Հունանյանը (Գեղարքունիքի թեմ), Արժանապատիվ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Օվսե քահանա Հովհաննիսյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Ղազար քահանա Թորոսյանը (Գուգարքի թեմ), Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թոփաշյանը (Վիրահայոց թեմ), Արժանապատիվ Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը (Վիրահայոց թեմ), Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը (Տավուշի թեմ), Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Մարգարյանը (Արթիկի թեմ), Արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը (Բուլղարիայի թեմ թեմ):
Հավարտ պարգևաբաշխումների իր գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Փառք վերառաքելով Երկնավորին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականաց համախմբման համար` Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց հոգևոր դասին, ինչպես նաև պարգևների ու շնորհների արժանացած եկեղեցականներին:
Հայոց Հովվապետը, տոնի առիթով ներկայացնելով իր խորհդածությունները, մասնավորապես ասաց. «Այսօր մենք մեկ անգամ ևս հաղորդ ենք դառնում Ս. Ղևոնդյանց քահանայից խորհրդին և ոգեշնչվում ու գոտեպնդվում նրանց կերպարով, քաջարի եկեղեցանվեր ու հայրենասեր ոգով, որ դրսևորվեց, երբ մեր ազգը, ժողովուրդն ու Եկեղեցին հայտնվեցին փորձության` հավատուրացության և ազգուրացության առջև: Բոլորս գիտենք, թե ինչպես Ղևոնդյանք, առաջնորդելով մեր ժողովրդին «Վասն հավատոյ եւ վասն հայրենեաց» գաղափարով, դիմակայեցին այդ փորձությանը և մեր ժողովրդի առջև գծեցին հավերժության ուղին: Պատմության ընթացքին հայ ժողովուրդը հաճախ է կանգնել նմանատիպ փորձությունների առջև, և մեր Եկեղեցին ու հոգևորականները միշտ գտնվել են իրենց բարձրության վրա, մեր ժողովրդին ոգի, կամք և արիություն ներշնչել` դիմակայելու այդ մարտահրավերներին ու փորձություններին, և առաջնորդել հաղթանակի»:
Նորին Սրբությունը նշեց, որ ներկա ժամանակներում տնտեսական և սոցիալական խնդիրները նոր մարտահրավեր են հայ ժողովրդի համար, և երբեմն որոշ հայորդիներ տեղի են տալիս այդ փորձության առջև` հեռանալով հավատքից և Հայրենիքից: «Այս իրավիճակում առավել ևս ընդգծվում է հայ հոգևորականի դերակատարությունը, նրա առաքելության կարևորությունը: Ս. Ղևոնդյանց օրինակով մեր եկեղեցականները պիտի կարողանան զորացնել մեր ժողովրդի հայրենասիրության, ազգանվիրումի և եկեղեցանվիրումի ոգին, մեր ժողովրդին ամուր ու հաստատուն պահեն իրենց հայրերի սուրբ ժառանգության մեջ` փարված մեր Ս. Եկեղեցուն և Հայրենիքին», - ընդգծեց Հայոց Հայրապետը` մեր կյանքի դժվարություններին դիմակայելու գործում կարևորելով արիությունը, կամքն ու Հայրենիքի գերագույն շահերի գիտակցությունը:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու սպասավորներին պատգամեց նվիրումով ու հանձնառությամբ շարունակել իրենց ծառայությունը հավատավոր ժողովրդին, անշեղ ու անխաթար պահել նրա ընթացքը Աստծու պատվիրանների ճանապարհին: Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Աստված զորացնի Հայոց Եկեղեցին` ազգը միասնական և հավատքի մեջ զորացյալ պահելու իր առաքելության մեջ:
Արարողությունն եզրափակվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: