26 Դեկտեմբեր, Եշ
Հեռվից լսվող քաղցր ձայնը քնքշորեն շոյեց նրա լսելիքը և ասես ձայնեց միանալ իրեն: Նա շտապեց ձայնի հետևից: Դժվարությամբ բացեց դուռը` ներսը տեսնելու համար:
- Մի՞թե այս թովիչ ձայնը բազմության ձայնն էր, որ այդպես գրավեց ինձ,- տարակուսած մտածեց մարդը և փորձեց առաջանալ: Մթության մեջ հազիվ նշմարվում էր ճրագի լույսը, որ դրված էր սեղանին: Բոլորն այստեղ անհանգիստ և անհասկանալի շարժման մեջ էին, շուրջը գորշ էր ու մռայլ: Մինչ մարդը կհասցներ ընկալել հոգու համար խորթ իրականությունը` նա ևս հայտնվեց ամբոխի շրջապտույտի մեջ: Սակայն միջավայրը օտար էր, իրենը չէր: Ներդաշնակության ոչ մի գույն, խաղաղության ոչ մի հույս չկար այստեղ, արդարությունը, մարդկային ջերմությունն ու սերը մերժված էր իսպառ: Փոխարենը՝ օդում խտացած խոստումներ էին ու բազում ճառեր: Իսկ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ… Այստեղ այն երբևէ չէր էլ թափանցել: Խմբված բազմության նպատակը մեկն էր. Լինել այն երջանիկը, հաջողակն ու սիրվածը, ով երկրպագության և փառաբանման ձայնն առաջինը կհասցներ խավարի մեջ ընկղմված առաջնորդին: Ակամայից այս ամենի մասնակիցը լինելով, մարդու սիրտն ահաբեկվեց, հոգին տագնապի զանգեր հնչեցրեց և արցունքներով սերմանված խոսքերը Բարձրյալին առաքեց, - Ո՜վ մարդասեր Աստված, Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ` շնորհելով զղջումի կամք և ապաշխարություն: Լուսավորիր խավարյալիս… Քանզի անգիտակցաբար ընկղմվեցի մեղքի մեջ:
Եվ մարդն, ով դժվարությամբ էր ներս մտել, դժվարությամբ էլ գտավ ելքը. Տերը լսեց նրա աղաչանքը և մխիթարություն ու վհատության մոռացում շնորհեց, բայց դեռ չշտապեց բանալ սրտի աչքերը: Մարդը մոլորությունից դուրս եկավ. Բայց և հասկացավ, որ իրական ընտրությունը դեռ առջևում է և նկատեց, որ հայտնվել է ճամփաբաժանին: Հեռվում տեսավ բացված մի դուռ և մտածեց, ձայներ չկան, եթե լռություն է, ուրեմն նաև դատարկ է: Եվ ո՜վ զարմանք, մարդկանց բազմությունը` խոնարհված սրտով, լուռ աղոթք էր մրմնջում և Տիրոջ փառքը գովերգում: Հոգու մաքրամաքուր ելևէջներին միախառնվել էր շուրթերից ծորացող քացրաբույր երգը, այստեղ ամենևին էլ անհրաժեշտություն չկար լույսը տեսանելի դարձնել: Հավատացյալների հոգուց առկայծող Խոստովանված Լույսը բոցավառվել էր տաճարով մեկ: Ո՜վ Հույս և Խնամակալ, Դու, որ համակ Արքայություն ես՝ սիրով լեցուն, լսեցիր հոգուս ձայնը, խնայեցիր ու ընդառաջեցիր աղաչավորիս: Ցույց տվեցիր Արդարության Ճանապարհը: Սիրտ տվեցիր զրկվածիս, Լույս դրեցիր աչքիս և ողորմած եղար մեղավորիս հանդեպ: Համբերությամբ գիրկդ առար և փարատեցիր: Օրհնված ես Դու և փառավորված՝ հավիտենության մեջ, քանզի հաստատեցիր ՄԵԾ ՍԵՐՆ իմ՝ Քո հանդեպ:
Սուսաննա Աբրահամյան