12 Հոկտեմբեր, Շբ
Մաքսիմիանոս թագավորը երկրորդ անգամ Նիկոմիդիա քաղաք գալու ժամանակ սպանեց բոլորին, որ տարբեր տեղերից հավաքված էին Քրիստոսով: Գնալով տաճար` երկրպագեց աստվածներին և հրամայեց նախ իր զոհերը մատուցել, իսկ հետո քաղաքինը: Այնուհետև բոլորը լսելով գալիս [զոհ] էին մատուցում, ոմանք ցուլ, ոմանք արջառներ, ոմանք գառներ, խոյ և հավ, քանի որ քաղաքը կռապաշտ էր: Զոհում էին բոլոր հրապարակներում ու փողոցներում, տներում, այնքան որ ամբողջ քաղաքը բուրում էր զոհերի գարշահոտությամբ ու ճենճերից: Եվ պատվիրակները շրջում էին քարոզելու բոլորին, որ զոհ մատուցեն սնոտի աստվածներին, որովհետև թագավորը հրամայեց պատուհասել նրանց, ովքեր չմատուցեն, և գտած քրիստոնյաներին այրել հրով: Նշանակվեցին մարդիկ ստուգելու հրապարակներն ու ամբողջ քաղաքը, որ եթե գտնվեն Քրիստոսին հավատացող այրեր ու կանայք` տանեն թագավորի մոտ` խոշտանգելու սաստիկ տանջանքով ու բոցակեզ հրով, և դահիճները մատնողներին բազում ինչք էին տալիս: Այնուհետև դրացին մատնում էր դրացիներին, սիրելին` սիրելիներին, ազգականն` ազգականներին` հրապուրված տրվող ինչքով: Ոմանք թագավորի ահից մատնում էին իրենց միջից հավատացյալներին, որովհետև պատուհաս էր սահմանել նրանց, որ կթաքցնեին քրիստոնյաներին:
Այնժամ թագավորից հրաման ստացածներն իմացան, թե ոմանք մի քարայրի մեջ թաքնված են: Որովհետև գիշերով մոտիկ լինելով լսեցին սրբերի սաղմոսերգությունը և եկան հայտնեցին: Ապա նրանք անմիջապես զինվորների բազմություն վերցրած հարձակվեցին անձավի վրա և նրանց բռնելով, բոլորին կապելով երկաթե կապանքներով` տարան քաղաք, ուր թագավորն էր: Եվ երբ թագավորը գնաց տաճարում աստվածներին երկրպագելու և զոհ մատուցելու, զինվորները նրանց տարան թագավորի առջև ու ասացին.
– Թագավո՛ր, հավիտյան կաց, ամբողջ քաղաքն ու շրջակա գյուղերը աստվածներին երկրպագող են` քո հրամանին հնազանդ, միայն սրանք թշնամանեցին աստվածներին` չհետևելով քո պատվիրաններին:
Տեսնելով սրբերին` [թագավորը] իսկույն հրամայեց կանգնեցնել կառքը, նրանց մոտեցնել կառքին, և ասաց նրանց.
– Ո՞րտեղից եք, այստեղից, թե այլ վայրից: Եվ նրանք ասում են.
– Ծնունդով այստեղից ենք, իսկ հավատով գալիլեացի: Թագավորն ասում է նրանց.
– Եվ չե՞ք լսել, թե ինչպիսի պատիժ է սահմանված այդպիսի հավատի հետևորդներին, և կամ ի՛նչ դառն վախճան գտան բռնվածները:
Սրբերն ասում են.
– Լսեցինք և ծիծաղեցինք քո անմիտ հրամանի վրա: Ծիծաղեցինք նաև սատանայի վրա, որ զորացել է անհավատ հոգիների մեջ, որոնց զորագլուխը դու ես:
Թագավորն ասում է.
– Եվ համարձակվեցիք հիմա՞ր անվանել մեր հրամանը, [որ տվել ենք] մեծ աստվածներով երդվելով: Դառն ու անհնարին տանջանքով կմաշեմ ձեր մարմինները:- Եվ ասում է,-Կապեցեք ու բրերով տանջեցեք, և թող գա դրանց Աստվածը օգնելու նրանց և փրկե այս ժամին:
Եվ երեք դահիճներն սկսեցին ջլերով տանջել նրանց: Սրբերն ասում են.
– Առավել ևս ավելացրու տանջանքները, ո՛վ աստվածամարտ, քանի որ ինչքան ավելացնես տանջանքները, այնքան առավել կլինի [մեր] պսակը:
Եվ բռնավորն ասում է նրանց.
– Ա՛յ թշվառականներ, այժմ կկտրեմ ձեր գլուխները, իսկ դուք պսա՞կ եք ակնկալում: Ավելի լավ է դարձեք այդ համառ կամքից և իզուր մի՛ կորցրեք ձեզ:
Սրբերն ասում են.
– Աստված քեզ կկորցնի, քանի որ նրա ծառաներին իզուր և անտեղի խոշտանգում ես` առանց որևէ հանցանքի:
Եվ բարկացած թագավորը հրամայեց քարջարդ անել նրանց կզակները: Եվ դահիճները քարեր առան, ջարդեցին նրանց բերանները: Իսկ սրբերը, տանջանքներն ընդունելով, ասացին.
– Որպես չարագործության մեջ բռնվածների այսպիսի դառն ու անողորմ տանջանքի ենթարկեցիր մեզ. Աստծու հրեշտակը կխփի քեզ և քո ամբողջ ամբարիշտ տանը, ո՛վ անօրեն և թշնամի Աստծու: Չհագեցա՞ր տանջանքներից, որ մեզ հասցրիր, չձանձրացա՞ր այդքան երկար ժամեր երկարացնելով քո տեսակ-տեսակ չարչարումները: Եվ չե՞ս մտածում, որ մենք ևս մարմին ունենք քեզ նման, թեև քոնը անօրեն է և ամբարիշտ, ո՛վ սատանայի որդի: Արդյոք այդ ապառաժ քարերը կավաղեին քո այսքան տանջանքներից:
Բարկացած թագավորն ասում է.
– Մեծ աստվածներով եմ երդվում, ձեր լեզուները կկտրեմ, որ մարդիկ ձեզնով սովորեն չհակառակել իրենց տերերին:
Սրբերն ասում են.
– Եվ ատո՞ւմ ես նրանց, որ հակառակ են իրենց տերերին:
Եվ ասում է.
– Այո՛, ատում եմ և կպատուհասեմ: Սրբերն ասում են.
– Դու ևս լսիր, ո՛վ ամբարիշտ, եթե դու ատում ես իրենց երկրային տերերին չհնազանդվողներին ու պատուհասում ես, հապա ինչո՞ւ ես ստիպում մեզ ընդդիմանալ մեր Աստծուն, ապստամբել մեր Տիրոջից ու Փրկչից, որ մենք ևս կրենք այն չարչարանքները, որ քեզ են պատրաստված:
Եվ նա ասում է նրանց.
– Ի՞նչ է պատրաստված ինձ, ա՜յ դատապարտյալներ: Սրբերն ասում են.
– Այն, որ պատրաստված է սատանային ու նրա հրեշտակներին, և նրա գործիքներին, ձեզ, որ ամբարիշտներ եք. [պատրաստած են] անշեջ հուր և անքուն որդեր, անվերջ տանջանքներ ու հավիտենական պատուհասներ, ապականության վիհն ու արտաքին խավարը, ուր աչքերի լացն է ու ատամների կրճտելը, նաև այլ տանջարաններ, որոնց պատկերը գիտե Նա, որ պատրաստեց ձեզ համար:
Եվ նա ասում է նրանց.
– Աստվածներով [եմ երդվում], որ հիմա կկտրեմ ձեր լեզուները:
Սրբերն ասում են.
– Ո՛վ անմիտ և ամբարիշտ, թեկուզ և կտրես մեր փառաբանության գործիքները, սրտերի հեծությունը կարող է առավել ևս աղաղակել առ Աստվածը մեր, և մեր բերաններից հոսող այս արյունը սրնգից ավելի բարձրաձայն կգոչե առ Աստվածը մեր, որի համար և չարչարվում ենք:
Թագավորը բարկանում ու ասում է.
– Գրանցեցեք դրանց բոլորի անունները և երկաթե կապանքներով շղթայեցեք ու տարեք դատապարտյալների բանտ և նեղեցեք ինչքան հնարավոր է: Եվ ինչպես իմ կամքն է, այդպես խոշտանգեցեք դրանց: Ոչ միայն սրով պատուհասվելու են արժանի, այլև պետք է դրանցով նաև խրատել ու զգաստացնել բոլոր գավառների [մարդկանց]:
Մի մարդ, մեծ ու երևելի, արքունիքի իշխան, որի անունը Ադրիանոս էր, երբ տեսավ խիստ տանջանքները, նրանց համբերությունը, ասում է սուրբ վկաներին.
– Երդվեցնում եմ ձեզ ձեր Աստծով, որի համար չարչարվում եք, ինձ ճշմարիտն ասացեք, ի՞նչ է այն, որ ակնկալում եք ստանալ` այդքան տանջանքներին համեմատելի. ինձ թվում է մեծ ու սքանչելի մի բան:
Սրբերը նրան ասում են.
– Ո՛չ մեր բերաններն են ի վիճակի պատմելու Նրա մասին և ոչ քո լսելիքը կարող է ընդունել:
Ադրիանոսն ասում է նրանց.
– Բոլորովին բան չլսեցի՛ք սրանց մասին, և ո՛չ Օրենքներից, ո՛չ Մարգարեներից և ո՛չ այլ գրքերից:
Սրբերն ասում են.
– Ոչ իսկ մարգարեները ինչպես հարկն է գիտեն, քանի որ նրանք ևս մարդիկ էին աստվածապաշտ, և ինչքան կարողացան Սուրբ Հոգուց ստանալ` նույնը խոսեցին: Իսկ Նրա մասին գրված է, թե` «Որին աչք չի տեսել և ականջ չի լսել և մարդու սիրտ չի զգացել, որը Աստված պատրաստեց իր սիրելի սրբերին» (Ա. Կորնթ. Բ. 9):
Այս լսելով` Ադրիանոսը շտապ ներս գնաց և կանգնելով ատյանի մեջ` ասում է դպիրներին.
– Իմ անունը նույնպես գրեցեք սուրբ նահատակների հետ, որովհետև ես նույնպես քրիստոնյա եմ:
Իսկ երբ բռնակալը տեսավ դիմացը կանգնած` կարծեց թե չարախոսելու է սրբերից, և ասում է դպիրներին.
– Գրեցեք իսկույն պատվական այդ Ադրիանոսի առաջադրած ամբաստանությունը:
Դպիրներն ասում են նրան.
– Նրանց չի չարախոսում, այլ ինքնիրեն քրիստոնյա է անվանում և խնդրում է իր անունը գրել մահապարտների հետ:
Երբ թագավորը լսեց` բարկացավ ու ասաց նրան.
– Մոլորվեցի՞ր, Ադրիանոս, ուզում ես, որ դու ևս չարաչար կորչես:
Եվ նա պատասխանելով ասում է.
– Չեմ մոլորվել, թագավոր, այլ բազում մոլորություններից այժմ զգաստացա:
Թագավորն ասում է նրան.
– Ինձնից ներողություն խնդրիր և բոլորի առաջ ասա, որ խաբվել ես և գնա քո անունը ջնջիր դատապարտյալների միջից:
Ադրիանոսն ասում է.
– Այսուհետև իմ Աստծուց եմ թողություն խնդրում իմ մոլար կյանքի և իմ նախորդ անօրեն ընթացքի համար:
Եվ Մաքսիմիանոսը բարկացած հրամայեց կապել նրան ու տանել բանտ` սուրբ վկաների մոտ, օրը հայտարարեց` երբ կհարցաքննի նրան և նրանց:
Ադրիանոսի ծառաներից մեկը, երբ տեսավ այդ, շտապ գնաց տուն և պատմեց նրա կին Անատոլիային և ասում է.
– Իմ տիրոջը կապեցին երկաթե անուրներով ու բանտեցին:
Նա, երբ դա լսեց` պատռեց իր պատմուճանը և սկսեց դառնապես լալ ու արտասուք թափել, և ճչալով ասում է երիտասարդին.
– Ասա՛ ինձ, ո՛վ այր, ի՞նչ պատճառով կապվեց իմ տերը: Եվ երիտասարդն ասում նրան.
– Տեսավ խոշտանգված մարդկանց հանուն Նրա, որին Հիսուս են կոչում, չհնազանդվեց թագավորի հրամանին` զոհ մատուցելու կուռքերին, և անմիջապես առանց բռնության ասում է դպիրներին` «Իմ անունը ևս գրեցեք այս մարդկանց հետ, որովհետև մեծ ցանկությամբ ուզում եմ մեռնել նրանց հետ»:
Կինն ասում է նրան.
– Եվ չիմացա՞ր, թե ինչի համար տանջվեցին այն այրերը:
Երիտասարդն ասում է.
– Քեզ ասացի, որ չուզեցին զոհ մատուցել աստվածներին:
Երբ նա դա լսեց, արագ ելավ և ուրախացած փոխեց իր պատառոտած պատմուճանը և փութեռանդությամբ գնաց բանտ, նրա մոտ, քանի որ հավատացյալ և սուրբ ծնողների դուստր էր և վախենում էր խոստովանել` այն ժամանակ զորացած ամբարշտության պատճառով: Եվ հասավ բանտ, մտավ ներս և ընկավ իր ամուսնու ոտքերը, համբուրում էր նրա կապանքները և ասում.
– Երանելի ես դու, ի՛մ տեր Ադրիանոս, որ գտար այն, ինչ քո հայրերը քեզ չթողին: Արդարև այսպես կօրհնվի յուրաքանչյուր մարդ, որ Աստծու երկյուղն ունի: Իսկ այժմ քո երիտասարդությանը տեր իմ, հավաքեցիր այն, որ երևի չգտնեիր ծերությանդ: Տեր իմ, անհոգ կգնաս այն աշխարհը, քեզ համար կուտակված է բազում մեծություն, որ կգտնես պահանջված ժամանակ, երբ բազում մեծատուններ կկարոտեն, երբ չկա ժամանակ հատուցման և փոխառության, երբ ոչ ոք չի փրկի մեկին տանջանքներից, և ոչ ոք մեկին կերևա. ո՛չ հայրը որդուն և ո՛չ մայրը դստերը, ո՛չ իրենց հավաքած ինչքը, ո՛չ տիրոջ ծառաները, և սիրելիները չեն երևա սիրելիներին, այլ բոլորը բեռան հոգսի տակ կլինեն: Դու, տեր իմ, միայն քոնը քեզ հետ առած գնում ես խաղաղությամբ` ընդունած Աստծու խոստումը: Դու գնում ես վստահաբար, բնավ չերկնչելով ահագին գալիքից: Դու Աստծուց վարձ կպահանջես պարտքի նման: Այսուհետև բանսարկուն անզոր է քո հանդեպ: Արդ, աղաչում եմ քեզ, տեր իմ, հաստատուն մնալ քո կոչմանը, որ կանչվեցիր և քեզ ոչինչ բոլորովին չի վրիպեցնի գեղեցիկ ապագայից, ո՛չ ազգ ու տոհմ, ո՛չ ծնող և ո՛չ ինչք, ստացվածք ու ծառա, աղախիններ, և ոչ այլ երկրային բան: Որովհետև ամեն ինչ անցնելու է և ապականվելու: Թևարկիր միայն հավիտենականին, որ քիչ ժամեր անց կտեսնես անանցանելին: Եվ քո պրկումը չթուլացնեն քո բարեկամների աղերսալի խոսքերը, նրանց նողկալի ու հրապուրիչ խոսքերը ու չգողանան քո գեղեցիկ հավատքը: Ատի՛ր նրանց ողոքանքը, ուրացի՛ր նրանց ամբարիշտ խրատները: Այն սուրբերի հետ եղիր, նմանվիր նրանց ժուժկալությանը, նմանվիր նրանց համբերությանը: Քեզ թող չխռովի թագավորի մտերմությունը, քեզ չզարհուրեցնի տանջանքներ տեսնելը, չահաբեկի քեզ այս հուրը, որովհետև խիզախեցիր հավիտենական անշեջ բոցի հանդեպ:
Եվ երբ ավարտեց այս խոսքերը` լռեց, քանի որ երեկո էր:
Այժմ ասում է Ադրիանոսը նրան.
– Գնա՛ քո տունը և մնա այնտեղ: Ու երբ իմանաս մեր դատաստան մտնելը` քեզ կկանչենք թագավորի առջև, որ գաս տեսնես մեր վախճանը:
Անիտոլին ելավ, շրջեց սրբերի բոլորը, համբուրեց յուրաքանչյուրի կապանքները, նրանք 43 այր էին, և մեծ աղաչանքով ասում է նրանց.
– Ձեր փոխարեն, տերեր և Աստծու ծառաներ, ձեռք մեկնեցեք Քրիստոսի այս ոչխարին, ցույց տվեք նրան ձեր համբերության նշանը, տեղյակ դարձրեք անանց պարգևներին, որոնց առիթ է լինում ժուժկալությունը: Սա ձեր տանջանքի պտուղն է: Ահա շահեցրեք սրա հոգին ձերի հետ: Այստեղ ևս Քրիստոս ձեզ փոխատու լինի: Դրան հայրեր եղեք մարմնական ամբարիշտ ծնողների փոխարեն, հավատացրեք երանելի վախճանին, որպեսզի անհագ լինելով այդ փափագով` կարողանա դիմանալ նահատակությանը:
Այս ասելով ընկավ նրանց ոտքերը, երկրպագեց նրանց, գնաց Ադրիանոսի մոտ, որովհետև ներքին բանտում էր կոճղապնդած, և ասաց նրան.
– Տե՛ս, իմ քաջ տեր, մի՛ նայիր քո մարմնի գեղեցկությանը և հասակիդ բարձրությանը, որովհետև այդ ամենը որդերի կերակուր է: Թող քեզ չմտահոգեն ոսկի, արծաթ, հանդերձներ և ունեցվածք կամ պալատական այլ բաներ, քանի որ այն ժամին բնավ ոչինչ մոտդ չի լինի, այլ այստեղի ամեն ինչը մոռացված է: Այնտեղ չկա կաշառ տալ մեկին` սեփական անձի համար, այլ միայն Աստված կաշառվում է սուրբ հոգվով:
Այս ասելով հրաժեշտ տվեց նրան և գնաց տուն: Եվ այնտեղ աղաչում էր Աստծուն գիշեր ու զօր, որ իր ամուսինը հաստատուն մնա իր խոստովանության մեջ:
Օրեր անց, երբ երանելի Ադրիանոսը իմացավ, որ տարվելու է դատաստանական հարցուփորձի, ասում է սրբերին.
– Ինձ հրամայեցեք գնամ-բերեմ ձեր աղախնին, որ մեր վկայությանը ներկա լինի և տեսնի մեր վախճանը, որովհետև երդմամբ նրան խոստացա սա:
Եվ նրանք հրամայեցին, և ինչք տվեց բանտապահներին, ելավ գնաց և իրեն երաշխավոր թողեց սրբերին: Ու մինչդեռ գնում էր, ճանապարհին նրան տեսավ քաղաքացիներից մի ծանոթ ու գնաց պատմեց նրա կին Անատոլիային ու ասաց.
– Ադրիանոսն ազատվել է կապանքներից և տուն է գալիս. նրան ճանապարհին թողի:
Իսկ նա չհավատաց և ասաց.
– Ո՞վ կարձակի նրան այն կապանքներից: Չլինի որ նա թուլանա և բաժանվի այն սրբերից:
Ու մինչ այդ էին խոսում, նրա մի ուրիշ ծառա եկավ, մտավ դռնից և ասաց.
– Իմ տերն արձակվեց և ահա գալիս է:
Երբ կինը լսեց, կարծեց, թե փախել է մարտիրոսությունից, շատ տրտմեց և լացեց դառնորեն: Ու երբ նրան տեսավ, ձեռքի գործը թողեց և ոտքի ելավ, իսկույն փակեց տան դուռը և աղաղակելով ասաց.
– Հեռու լինի ինձնից Աստծուց հրաժարվածը, որ իր Տեր Աստծուն ստեց: Չլինի, որ ես խոսեմ Աստծուն ուրացողի հետ և խոսք լսեմ նենգող լեզվից, որ չարախոսեց իր արարչին: -Եվ ասում է իր ամուսնուն դռան մոտ,- Ո՛վ թշվառական ու անաստված այր, քեզ ո՞վ հարկադրեց ձեռնամուխ լինել մի բանի, որ ի վիճակի չէիր: Ո՞վ ուռկան ձգեց ու հանեց քեզ այն խաղաղ ու հանգստավետ կայանից: Հապա դու ասա, ինչո՞ւ փախար` չմարտնչելով պատերազմում: Ինչո՞ւ զենքը գցեցիր` չհասած նահատակության: Ինչո՞ւ վիրավորվեցիր նետը չարձակված, ինչո՞ւ սպանիչների միջից Աստծուն մաքուր պատարագ չմատուցեցիր: Հնարավո՞ր էր արյունահեղ տեղից և կեղտոտված օդից անուշահոտ խունկ մատուցել Աստծուն: Իսկ ես` խեղճս, ի՞նչ անեմ, որ հանդիպել եմ ամբարիշտ ամուսնու, որ ամբարիշտների զավակ է: Եվ ոչ մի ժամ մարտիրոսի կին չկոչվեցի, այլ ուրացողի [կին] եղա իսկույն: Իմ հպարտությունը քիչ ժամանակ տևեց, և ահա հավիտյանս հավիտենից նախատինք ինձ: Մի ժամ միայն պարծեցա կանանց մեջ, և այժմ նրանց մեջ կգնամ կորագլուխ ամաչելով:
Իսկ երանելի Ադրիանոսը դռնից լսում էր ու համբերում, որովհետև շատ ուրախ էր նրա խոսքերի համար, առավել ևս շտապում էր կատարել այն, ինչ ուզում էր: Եվ զարմացած էր, որ կին մարդն այդպես էր խոսում, մանավանդ որ նորահարսը մանկամարդ էր: Քանի որ չէր լրացել նրանց հարսանիքի տասներեք ամիսը: Իսկ երբ տեսավ, որ կինը շատ տագնապած է, ասաց նրան.
– Դո՛ւռը բաց, իմ տիկին Անատոլի: Քո կարծածի նման մարտիրոսությունից չեմ փախել, քավ լիցի: Այլ եկել եմ քեզ տեսնելու, որ մոտիկից տեսնես մեր վախճանը, ինչպես որ քեզ ասացի:
Իսկ նա չէր հավատում նրան, այլ ասաց.
– Ահա այս անօրենը ինձ նույնպես նենգում է, ահա ստում է երկրորդ Հուդան: Հեռու գնա ինձնից, թե ոչ` ինքս կդավեմ, որովհետև դա է ինձ սպասում:
Երբ շատ ուշացրեց և դուռը չբացեց, ասաց նրան.
– Բա՛ց արա, թե չէ կգնամ, և այլևս չես տեսնի ինձ: Այնժամ կսգաս, որ չտեսար նախքան աշխարհից հեռանալս: Քանի որ ինձ համար երաշխավոր թողել եմ սրբերի խումբը, և եթե ինձ փնտրեն ու չգտնեն` իմ տանջանքները ևս պիտի ավելանան նրանց վերքերին, և չեն կարող դիմանալ, որովհետև համարյա մեռած են բռնապետի տանջանքներից:
Եվ երբ լսեց, թե նեղվում են սրբերը, իսկույն բացեց դուռը, և փարվեցին իրար, և սուրբ Ադրիանոսն ասում է նրան.
– Երանելի ես դու կանանց մեջ, չէ՞ որ միայն դու իմացար քո ամուսնուն շահել. արդարև միայն դու եղար երկրի վրա ամուսնուդ սիրող: Օրհնվի քո պսակը, դու նվիրեցիր հաղթության պտուղը, որովհետև դու ևս մարտիրոսանում ես, թեպետ չես չարչարվում:
Եվ նրա հետ գնաց: Ու մինչդեռ գնում էին, ճանապարհին Ադրիանոսն ասում է նրան.
– Ո՛վ կին, ինչպես կարգադրեցիր քո տան ինչքը: Եվ նա պատասխանելով ասաց.
– Իմ տեր, մի՛ հոգար երկրավոր բաների մասին, թող չզբաղեցնեն դրանք քեզ: Հոգա միայն մի բան` ինչպես կատարես կոչումդ: Մերժիր քեզնից այս աշխարհը, որ քայքայվելու է: Ա՛յն միայն շտապիր կատարել, որ չի ապականվում` ինչ որ սպասում է քեզ և այն սրբերին, որոնց հետ ուղևորվում ես:
Եվ նրանք մտան բանտ: Քրիստոսի աղախին Անիտոլին դիմեց սրբերին և խոնարհվեց, երկրպագեց նրանց կապանքներին, և տեսավ տանջանքներից տրորված նրանց մարմինները, մինչև իսկ որդերը վխտում էին նրանց վրա և շարժվում էին գետնով: Եվ սաստկությունից զարմացած, իր ծառաներից մեկին ուղարկեց իր տունը և հրամայեց բերել բոլոր նուրբ կտավները` իր հագուստները բազում և թանկագին, քանի որ ազատ տոհմից էր և երևելի: Եվ առավ-պատռեց այն կտավը և մաքրեց նրանց վերքերի թարախը, և փաթաթեց նրանց ձեռքերն ու ոտքերը, որ քայքայված ու ընդարմացած էին շղթայից: Եվ նրանց մոտ բանտում մնաց յոթ օր, և ամեն կերպ դարմանում էր սրբերին:
Եվ եկավ, հասավ օրը, երբ բռնակալը հարցաքննելու էր: Եվ հրամայեց սրբերին առաջ բերել: Իսկույն գնացին բանտ, հանեցին բոլորին և բերին անվարժ գրաստներով, որովհետև տանջանքից թուլացած էին և բոլորը շղթայակապ: Միայն Ադրիանոսն էր գնում ձեռքերը ետևը կապած: Եվ երանելի Անիտոլին գնում էր նրա ետևից, աղաչելով ասում էր.
– Տեր իմ Ադրիանոս, Քրիստոսի զենքով վառված` ախոյան եղիր սատանային: Մի՛ երկնչիր տանջանքներից: Ահա մոտիկ է Հիսուս փրկիչը և կօգնի քեզ:
Երբ մոտեցան դատաստանի տեղին, դահճապետը տեսավ նրանց` մտավ և ասաց թագավորին.
– Ահա դատապարտյալները հասել են ատյանի մոտ: Եվ երբ բռնավորը լսեց` ասաց.
– Բոլորին մերկացրեք և ներս բերեք, որ տեսնեն միմյանց տանջանքները:
Եվ դահճապետն ասում է.
– Ավելի առաջ տանջվածները չեն կարող քննվել, որովհետև շատ են նվաղած: Իսկ Ադրիանոսն ավելի թարմ է և ի վիճակի է դիմանալ հարցաքննության: Մյուսները ամբողջ մարմնով լլկված են այնքան, որ նրանց կողերը դրսից երևում են: եթե հարցաքննվեն` կնվաղեն: Այժմ թող հանգստանան այլ` առաջիկա տանջանքներից: Բայց մենք չենք ուզում կարճատև տանջանքով վերջացնել նրանց դատաստանը, այս կյանքից իբրև սակավամեղների: Թող քիչ օրեր կազդուրվեն, որպեսզի հանցանքների արժանի հատուցում ստանան: Արդ, եթե ձեր քաջությունը կհրամայե` թող Ադրիանոսը առաջ գա հարցաքննության:
Բռնակալն ասաց.
– Մերկացրեք նրան և ներս բերեք:
Եվ իսկույն մերկացրին նրան և առաջ բերին, հանելով փայտը նրա [վզից]:
Երբ նա գնում էր, սրբերն ասացին նրան.
– Ադրիանո՛ս, ահա արժանի եղար ստանալու քո խաչը և գնալու Քրիստոսի հետ: Զգույշ եղիր, իզուր չդառնաս հետ, բանսարկուն չկողոպտի քո գանձը, չվախենաս, ում որ տեսնես, ծաղրիր բռնավորի հրամանները, որովհետև այժմյան չարչարանքները արժանի չեն ակնկալվող փառքին, որ մեզ կտրվի:
Իսկ երանելի Անիտոլին հպվեց նրան և ասաց.
– Տե՛ս, իմ քաջ տեր, քո ուշադրությունը միայն Աստծուն ուղղիր. տանջանքները քեզ չզարհուրեցնեն: Երկյուղն այդ քիչ է, իսկ հանգիստը հավիտենական է: Աննշան են խոշտանգումները, իսկ գովքերը հավիտենական, կչարչարվես մի փոքր և հրեշտակների հետ կուրախանաս հավիտյան: Եթե երբ մարմնապես էիր զինվորյալ, բազմիցս ձաղկվում էիր իշխաններից ու զորագլուխներից մի աննշան ոճիրի համար, ինչո՞ւ առավել ևս չհամբերես սպասվող տանջանքներին` հանուն երկնային արքայության:
Երանելի Անիտոլին ասաց սա, և Ադրիանոսին տարան ներս:
Նրան տեսնելով բռնակալն ասաց.
– Ադրիանո՛ս, ի՞նչ է, տակավին քո մոլորության մեջ ես և ուզում ես չարով կորսվել:
Ադրիանոսն ասաց.
– Քեզ ասացի, որ այժմ մոլորությունից զգաստացա, այսուհետև չեմ ուզում կորչել:
Բռնակալն ասաց նրան.
– Ուրեմն չե՞ս ուզում զոհ մատուցել աստվածներին և երկրպագել նրանց, ինչպես ես և բոլորը:
Ադրիանոսն ասաց.
– Ինչո՞ւ ես մոլորվում և մոլորեցնում ուրիշներին, և՛ քեզ ես կորցնում և՛ այս բազմությանը, երկրպագելով անշունչներին, թողած երկնքի ու երկրի, ծովի ու ցամաքի և նրանց մեջ եղած ամեն ինչի արարիչ Աստծուն:
Բռնակալն ասաց նրան.
– Մեծ աստվածներին փո՞քր ես համարում: Ադրիանոսն ասաց.
– Քանզի չկան և ոչինչ են:
Եվ բարկացած թագավորը հրամայեց տանջել նրան բրերով: Երանելի Անիտոլին լսելով, թե սկսեց տանջվել, գնաց սրբերի մոտ, ավետիս տվեց նրանց և ասաց.
– Իմ տերը սկսեց վկայությունը:
Նրանք լսելով` շտապ սկսեցին աղոթել նրա համար:
Երբ սուրբ Ադրիանոսին տանջում էին, բռնակալն ասաց դահիճներին.
– Դրան ասացեք, որ չհայհոյի աստվածներին: Ադրիանոսն ասաց.
– Ես, որ այսքան տանջվում եմ ոչինչներին հայհոյելու համար, քեզ ինչպիսի՞ տանջանքներ են կուտակված պահվում, որ հայհոյում ես մշտնջենավոր Աստծուն:
Ասում է նրան բռնակալը.
– Այն մոլորեցուցիչները քեզ սովորեցրին այդ բանը: Ադրիանոսն ասաց.
– Կյանքի առաջնորդներին ինչո՞ւ ես մոլորեցուցիչ անվանում: Դուք եք մոլորեցուցիչ, որ խաբում եք մարդկանց կորուստի հրապուրելով:
Առավել ցասումով բարկացավ թագավորը, հրամայեց չորս դահիճներին` տանջել նրան հաստ ճիպոտներով:
Ադրիանոսն ասաց.
– Ինչքան ավելացնես տանջանքի ձևերը` բազմապատիկ գեղեցիկ պսակ ես հորինում:
Իսկ երանելի Անիտոլին թագավորի բոլոր խոսքերն ու Ադրիանոսի պատասխանները ինչքան լսում էր, գնում-պատմում էր սրբերին:
Բռնակալն ասաց Ադրիանոսին.
– Խնայիր քեզ և երիտասարդությունդ. ինչո՞ւ ես իզուր կորչում: Երդվում եմ մեծ աստվածներով` տեսնում եմ քո գեղեցկությունն ու ողորմում քեզ:
Ադրիանոսն ասաց.
– Ահա այսուհետև կխնայեմ ինձ, որ իսպառ չկոչեմ: Բռնակալն ասաց.
– Խոստովանիր աստվածներին, որ քավիչ լինեն քեզ, և ես կմեծարեմ քեզ և կհաստատեմ քո նախկին դիրքում: Քանի որ դու նրանց նման չես, այլ ազատ ես և մեծատան որդի: Թեպետ երիտասարդ, բայց մեծ պատիվ ունես: Նրանք շինականներ են, աղքատների ու անմիտների զավակներ:
Ադրիանոսն ասաց.
– Ասում եմ ես ևս, որ դու գիտես իմ գավառը, ճանաչում ես իմ ազգն ու նախնիներին: Իսկ եթե նրանց ազգն ու ազատությունը գիտենայիր և մեծությունը, և գավառը, որ ակնկալում են, գուցե ընկնեիր նրանց ոտքերը և աղաչեիր աղոթել քեզ համար, և քո ձեռքով փշրեիր քո աստվածների պատկերները:
Զայրանալով, բռնակալը դարձյալ չորս զինվորի հրամայեց խոշտանգել նրա նստատեղը, և երբ այնուհետև տեսավ նրա թափված աղիքները` հրամայեց թեթևացնել տանջանքը, որովհետև շատ նուրբ էր և մոտ քսանութ տարեկան երիտասարդ:
Եվ բռնակալն ասաց նրան.
– Տեսնո՞ւմ ես, որքան եմ խնայում քեզ: Եթե միայն աստվածներին խոստովանեիր` բժիշկ կկանչեի և կհրամայեի բուժել քեզ: Եվ այդ օրվանից ինձ հետ կշրջեիր արքունիքում:
Ադրիանոսն ասաց.
– Քանի որ խոստացար ինձ բժշկել և պատվել, մտցնել քո թագավորական ապարանքը, թող քո աստվածներն ինձ պատմեն, թե ի՞նչ կուզենան ինձ անել և ինձ խոստանան իրենց հաշտությունը, և ես կերկրպագեմ նրանց և զոհ կմատուցեմ` ինչպես կամենում ես դու:
Ասաց թագավորը.
– Բայց նրանք չեն խոսում: Ադրիանոսն ասաց.
– Ո՛վ ամբարիշտ և անօրեն, հապա ինչո՞ւ ես խոսուններիս զոհում անխոսներին:
Բարկացած թագավորը հրամայեց կապել նրան և բանտ տանել, հայտնելով օրը, երբ բոլորին միասին կբերեն դատարան: Եվ զինվորներն առան նրանց, տարան բանտ, ոմանց ձգելով, ոմանց քարշ տալով, ովքեր տանջանքներից հյուծված էին:
Իսկ երանելի Անիտոլին օգնում էր սուրբ Ադրիանոսին և ձեռքը դրած նրա պարանոցի տակ ասաց նրան.
– Երանելի ես դու, տեր իմ, որ արժանի եղար դասվելու սրբերի շարքը: Երանելի ես դու, տեր իմ, որ արժանի եղար և չարչարվեցիր Նրա փոխարեն, որ քեզ համար չարչարվեց: Ահա արդարև գնում ես տեսնելու Նրա փառքը, որովհետև ովքեր կցորդ եղան Նրա չարչարանքներին` կհաղորդվեն և Նրա փառքին:
Եվ երբ մտան բանտը, բոլոր սրբերը հավաքվել, ողջունում էին Ադրիանոսին, նույնիսկ թուլացած գետին ընկածները, սողալով գնում էին նրան տալու խաղաղություն և համբուրում էին սրբության ողջույնով: Իսկ երանելի Անիտոլին մաքրում էր սուրբ Ադրիանոսի արյունն ու օծում իրեն: Եվ սուրբերը ողջունելով Ադրիանոսին ասացին.
– Ուրա՛խ եղիր Տիրոջով, քանի որ անունդ գրանցվեց առաքինի նահատակների հետ:
Ադրիանոսն ասաց նրանց.
– Դուք ևս ուրախ եղեք, քանի որ այդ վաստակը ձերն է, և ձերն է պսակը: Եվ աղոթեցեք, որ չար բան չսերմանե իմ մեջ բանսարկուն, որովհետև շատ նեղված եմ:
Սրբերն ասացին նրան.
– Քաջալերվի՛ր, քեզ չի հաղթահարի սատանան, որովհետև տեսնելով քո մեծ ժուժկալությունը` փախավ քեզանից: Եվ երբ մարդ էիր, մենք վախենում էինք, իսկ այժմ, երբ վեր եղար քան մարդկային բնությունը, բանսարկուն չի կարող օտարոտի բան իմանալ քո մասին: Այսուհետև մի՛ երկմտիր:
Որոշ հավատացյալ կանայք և շատ ուրիշներ ծանոթ կանանցից, մշտապես սրբերի մոտ էին, սպասավորելով նրանց, ուրիշները կտավով մաքրում էին վերքերի թարախը: Այսպես բոլորը իրենց միջև բաժանել էին սրբերին, իրենց սպասարկմամբ վշտակից լինելու նրանց չարչարանքներին: Թագավորը լսելով, թե ի տես սրբերի քաղաքը դատարկվեց կանանցից, մանավանդ ազատներից, խիստ զայրացավ և հրամայեց կանանցից ոչ մեկին չթույլատրել մտնելու սրբերի մոտ: Երբ երանելի Անիտոլին իմացավ, թե կանանց արգելվել է սպասավորել սրբերին` կտրեց իր մազերը և տղամարդու զգեստ հագավ, մտնում էր նրանց մոտ որպես տղամարդ և սպասավորում էր նրանց միայնակ, ինչպես առաջ բոլոր կանայք: Եվ երբ բոլորի կարիքները բավարարում էր` նստում էր Ադրիանոսի ոտքերի մոտ և մեծ աղերսանքով ասում նրան.
– Աղաչում եմ քեզ, տե՛ր իմ, հիշիր մեր համատեղ կյանքը, հիշի՛ր, տեր իմ, որ գործակից եղա քեզ մարտիրոսությանդ մեջ, հիշի՛ր, որ ես պատրաստեցի քեզ նահատակությանդ, հիշի՛ր, որ ես առիթ եղա այդ պսակիդ. աղաչի՛ր մեր Տեր Քրիստոսին` ինձ ևս քեզ հետ վերցնելու, որ ինչպես կցորդ եղանք այս աշխարհում` վշտագին ու մեղսասեր կյանքում, նույնպես և հաղորդ լինենք այս երանելի վախճանին: Աղաչում եմ քեզ, տեր իմ, նախ այդ հատուցումը հայցիր Փրկչից ինձ համար, և դա լինի քո խնդրանքների սկիզբ: Եվ գիտեմ, որ քեզ կտա, քանզի ախորժում է ձեր հայցելը, որովհետև դու ինքդ տեղյակ ես և գիտես մեր քաղաքի անառակությունը և թագավորի ամբարշտությունը. զգույշ, եթե մեկին լսելով բռնավորն ինձ անաստված անօրեններից մեկի հետ ամուսնացնի, ամբարիշտները չպղծեն քո սուրբ անկողինը: Հենց դա սովորիր երանելի առաքյալից: Տուր ինձ ողջախոհության ոգի` վախճանվելու քեզնից հետո: Սովորեն և այլ կանայք երախտավոր լինել իրենց այրերին, տեսնելով քո գութը իմ նկատմամբ:
Այս ասելով դարձյալ ելավ տղամարդու կերպարանքով, սրբերի շուրջը պտտվեց, դարմանելով նրանց, ում` ինչպես հարկ էր. կերակրում էր փոքր և չնչին հիվանդակերով, որովհետև շատ էին տկարացել, և սկսեցին այնուհետև ապաքինել վերքերը: Լսեցին և մյուս կանայք, թե կտրեց Անիտոլին իր մազերը և տղամարդու կերպարանքով սպասավորում է սրբերին, բարի նախանձով նախանձեցին և կտրեցին իրենց մազերը և տղամարդու զգեստով մտնում էին ու սպասավորում սրբերին: Մինչև իսկ աշխարհական մարդիկ, նաև ոչ քիչ ազատներ նույնն էին անում:
Երբ բռնավորը լսեց, թե ինչ են անում կանայք, և որովհետև սրբերը մահամերձ էին, հրամայեց դարբնի սալ տանել բանտ և դնել նրանց ոտքերի տակ և մեծ նիգով ջարդել նրանց սրունքները և ասաց.
– Այլ մարդկանց նման չավարտեն իրենց կյանքը:
Այդ լսելով դահիճներն իսկույն եկան և բանտ բերին հրամայված գործիքը:
Երբ երանելի Անիտոլին իմացավ մահվան վճիռը, ընդառաջ գնաց դահիճներին և ասաց նրանց.
– Աղաչում եմ ձեզ, տերեր, սկիզբը Ադրիանոսով արեք, հանկարծ տեսնելով սրբերի այդպիսի դառն տանջանքները չզարհուրի և զգուշանա:
Եվ երբ դրին սալը նրա ոտքերի մոտ, երանելի Անիտոլին բռնեց սուրբ Ադրիանոսի ոտքերն ու պարզեց սալի վրա, և մեծ ուժով դահիճները նիգով խփեցին, կտրեցին նրա ոտքերը` ջախջախելով բոլոր ոսկորները:
Ասում է նրան Անիտոլին.
– Աղաչում եմ քեզ, ծառա Քրիստոսի, քանի կենդանի ես` դաստակդ ձգիր ու դա ևս կտրիր քեզնից, որպեսզի այն սրբերին հավասար լինես և դու, քանի որ նրանք ավելի չարչարվեցին` քան դու:
Եվ նա կարկառեց բազուկները, իսկ կինը դրեց սալի վրա, և դահիճը զարկեց, անջատեց և [գցեց] սալի վրայից: Եվ սուրբը վաղվաղակի ավանդեց հոգին:
Դահիճները սալով շրջելով` նիգով ջարդեցին բոլորի սրունքները: Դեռ դահիճներն իրենց չհասած` սրբերը նախապես պարզում էին ոտքերը` գոչելով.
– Տե՛ր Հիսուս, ընդունիր մեր հոգիները: Եվ բոլորն ավանդեցին իրենց հոգիները:
Այնժամ բռնավորը պիղծերի ու անիրավների հետ մտածեց և հրամայեց կրակը գցել նրանց մարմինները, ասաց.
– Թող գալիլեացիք գան վերցնեն նրանց:
Իսկ երանելի Անիտոլիան վերցրեց-պահեց Ադրիանոսի կտրված դաստակը և գցեց իր ծոցը: Այնուհետև դահիճները վերցրին սրբերի մարմինները և տարան կրակի մեջ գցելու, քանի որ նախապես վառած էր կրակը: Հետևից գնում էր և երանելի Անիտոլին և սրբի արյան կաթիլները վերցնում էր դաստակը ու օծում ինքնիրեն: Նույնպես և մյուս բարեպաշտ կանայք գնում էին հետևից, նաև ոչ քիչ ազատներ, պատվական կտավներով ու ծիրանիներով ընդունում էին սրբերի մարմնից իջնող արյունը և թաքցնում իրենց ծոցում: Նույնիսկ դահիճների շորերը բազում ոսկիով ու ակնեղեն զարդերով գնում էին, որովհետև սրբերի արյամբ էին թաթավուն: Եվ հասան հնոցին, վերևի կողմից [դիերը] գցեցին մեջը: Այնտեղ կային և բարեպաշտ կանայք, որ մեծ գոչյունով լալիս էին ասելով.
– Հիշեցե՛ք մեզ, տերե՛ր, ձեր հանգստյանը:
Իսկ երանելի Անիտոլին ուզում էր նետվել հնոցը և ճչալով ասաց.
– Աղաչում եմ ձեզ, Աստծու ծառաներ, ես ևս գամ ձեզ հետ:
Եվ երբ սրբերին հնոցը գցեցին, հանկարծակի որոտումն եղավ և սաստիկ անձրև և փայլակ և մեծ երկրաշարժ, մինչև քաղաքի և ամեն տեղի սասանելը, և հնոցի կրակը մարեց անձրևաջրի առատությունից: Երբ դահիճները տեսան այդ արհավիրքները` փախան, և նրանցից ոմանք փախչելիս երեսնիվայր ընկնելով մահացան: Եվ հավատացյալները, որ այնտեղ էին, երանելի Անիտոլիի ու այլ կանանց հետ, գնացին-հափշտակեցին սրբերի նշխարները և գտան անվնաս, մազ անգամ չէր այրվել այն հրի մեջ:
Մի բարեպաշտ և երկյուղած Աստծու մարդ իր կնոջ հետ մոտեցավ երանելի Անիտոլիին և մյուս եղբայրներին, աղաչում էր և ասում.
– Մենք այս քաղաքից այն կողմ կլինենք, որովհետև այս քաղաքի ամբարշտությունն ու անօրեն թագավորի արյունահեղությունը տեսնելով, վաղուց հետե փափագում էինք գնալ Բիզանդիոն` ատելի համարելով մեր վայրը: Արդ եթե կամենում եք` սուրբ վկաներին տվեք մեզ, նավ բարձրացնենք գնալու այն կողմը: Մեզ մոտ կպահենք մինչև անօրեն թագավորի մահը, ապա այն ժամանակ պատշաճ գերեզման կպատրաստենք դրանց` երկրպագության տեղում, քանի որ մենք սովորություն ունենք այդպես անելու, իսկ եթե այստեղ թողնենք` թագավորը կլսի և կհրամայի ևս մի անգամ այրել դրանց, և մենք կլինենք մատնողներ նրանց, որոնց Աստված փրկեց հրից` երկրաշարժով ու որոտմամբ և անձրևներով:
Այդ խոսքը հաճո թվաց նրանց: Եվ առան-դրեցին նավի մեջ ու տարան Բիզանդիոն. հաջողակ հողմը ուղեկից եղավ նրանց: Իսկ երանելի Անիտոլին մնաց այնտեղ, ունենալով Ադրիանոսի ձեռքը, որովհետև մտածում էր` «գուցե հափշտակվեն սրբերի մարմինները, և իմ հույսը մատնող լինեմ»: Այնուհետև վերցրեց դաստակը և ծիրանիի մեջ պատեց խնկով ու յուղերով և դրեց իր մահճի մեջ` սնարի կողմից, որ ոչ ոք չգիտեր:
Քիչ օրեր անց քաղաքացի մի այր` հազարապետ, մոտեցավ թագավորին, իրեն կնության խնդրեց երանելի Անիտոլին, քանի որ ունևոր էր և առաջինը ազատ կանանցից և լիովին պարկեշտ: Այրը ծանոթ կանանցից ոմանց ուղարկում է խոսելու Անիտոլիի հետ: Իսկ նա պատասխանելով ասում է եկող կանանց.
– Ես երբ լսեցի` շատ ուրախացա, որովհետև ո՞վ կտար ինձ զույգ լինել այնպիսի մարդու: Բայց թույլ տվեք ինձ երեք ամիս, որպեսզի պատրաստվեմ, քանի որ փոքր բան չէ ինձ առաջարկվածը:
Սա հնարում էր, որովհետև ուզում էր փախչել այնտեղ, ուր սրբերի մարմիններն էին: Եվ ճանապարհ դրեց [իբր] հավանելով կանանց միտքը: Եվ երբ կանայք գնացին, ելավ երանելի Անիտոլին և գնաց մահճի մոտ, ուր երանելի Ադրիանոսի ձեռքն էր, և գետին ընկնելով ասաց.
– Տեր Աստված իմ, նեղյալների Աստված, որ օգնական ես անօգնականներին, որ մոտ ես սրտամաշներին, նայիր ինձ` քո մեղավոր աղախնին և պղծության մի տանիր քո վկա Ադրիանոսի մարմնակցիս, մի՛, Տեր իմ, մի՛ մոռացիր քո ծառա Ադրիանոսի տանջանքը, չլինի, Տեր, որ մոռանաս նրա կապանքները, որ փորձանք ընդունեց քո անվան համար, չլինի, Տեր, որ մոռանաս սրա ազդրերի կտրելն ու ձեռքերի կոտրելը, չլինի, Տեր, որ ընդունայն դարձնես ջանքն ու տանջանքը, որ տեսան քո ծառաները քո անվան համար: Այլ հիշիր նրանց, Տեր, և ինձ ազատիր քո թշնամիներին պատահելուց. նենգ բանսարկուն չպղծի քո ծառա Ադրիանոսի այս անկողինը: Դու ես, որ փրկեցիր քո ծառաներին բորբոք հրից, փրկիր և ինձ ամբարիշտների ակնկալությունից:
Եվ այս ասելով` նա հոգնությունից ու սրտի խանդաղատելուց քնեց, և ահա այն սրբերից մեկը երևաց նրան և ասաց.
– Խաղաղություն քեզ, Անիտոլի, աղախին Քրիստոսի, քաջալերվիր, Աստված քեզ չանտեսեց, և ոչ մենք մոռացանք մեր հանդեպ քո ցուցաբերած վաստակը: Եվ երբ Քրիստոս մեզ երևաց, իսկույն աղաչեցինք քեզ համար, որ գաս մեզ մոտ, և քո անունը գրվեց սրբերի ցանկում:
Ասում է նրան երանելի Անիտոլին.
– Երևա՞ց Քրիստոս քեզ` իմ տիրոջը: Ասում է.
– Այո՛, և մեզնից առաջ Քրիստոսին երևաց քո տեր Ադրիանոսը: Իսկ դու ել և մտիր նավ, մեզ մոտ, որ այնտեղ քեզ այցելի Աստված և բերի մեզ մոտ:
Եվ իր մտքում աղոթեց, քնից արթնացավ և ամեն ինչ թողնելով` Ադրիանոսի դաստակն առավ իր հետ ու գնաց:
Շտապելով գնում էր այնտեղ, ուր սրբերի մարմիններն էին: Նաև այլ հավատացյալների գտավ թագավորից փախստական և նրանց հետ նավարկեց: Երբ նրան կնության խնդրող հազարապետն իմացավ, որ փախել է, մտավ թագավորի մոտ և խնդրեց նրա օգնությունը: Եվ իր հետ առավ բազում զորք, նրանց հետ մտավ նավ և գնաց նրա ետևից: Եվ մոտ հազար ասպարեզ նավարկեցին, և հանդիպակաց հողմ ելավ և նրանց գցեց ետ` որտեղից նավեցին: Եվ նրանցից ոմանք մեռան ալիքների սաստկությունից ընկղմված:
Եվ երբ կես գիշեր եղավ` մոլորության հոգի սատանան նավի տեսքով երևաց Անիտոլին և նրա հետիններին: Նավի մեջ էին նավապետ ու նավավարներ` հույժ խելամուտ: Եվ նավապետն ասում է նրանց բարձրաձայն.
– Ո՞րտեղից ելաք և կամ ուր գնալու միտք ունեք: Նրանք ասացին.
– Նիկոմիդիայից ելանք և նավում ենք Բիզանդիոն: Ասաց նրանց.
– Մոլորվել եք, այդ ճանապարհը չէ, այն կողմ գնացեք, ձախ կողմ թեքվեցեք:
Քանի որ ուզում էր նրանց անդունդը տանել, որ այնտեղ կորցնի: Եվ նրանք կարծեցին, թե իսկապես նավաստի են` ելան փոխեցին առագաստն ու դիմեցին այնտեղ, ուր ասաց այն մոլորեցուցիչը: Եվ ահա հանկարծակի սուրբ Ադրիանոսը երևաց իբրև նավորդ և ճչալով ասաց.
– Եկե՛ք` ինչպես գալիս էիք և մի՛ լսեք նրան, որովհետև դա սատանան է, ձեզ կորցնել է ուզում:
Եվ իսկույն չքացավ պիղծ դևը: Եվ երանելի Անիտոլին կանգնեց, տեսավ սուրբ Ադրիանոսին, որ գնում էր իրենց առջևից: Եվ խնդալից ասաց բարձրաձայն.
– Ահա տերն իմ:
Իսկ նա չերևաց նրանց: Այնուհետև հաջողակ քամի ելավ, նրանց տարավ, արշալույսին հանեց Բիզանդիոն: Ելնելով նավից գնացին այն տունը, ուր սրբերի մարմիններն էին, և ընկնելով նրանց մոտ` երանելի Անիտոլին երկրպագեց նրանց համբերող և տոկացող ոսկորներին: Եվ բերեց կտրած դաստակը, դրեց Ադրիանոսի մոտ և ծնրադրեց աղոթքով: Եվ երբ աղոթքը [վերջացրեց], մտավ և ողջունեց սրբերի բոլոր եղբայրներին ու քույրերն և աղաչեց նրանց աղոթել նրա համար, քանի որ այնտեղ էին հավաքվել Քրիստոսի բոլոր հավատացյալները և օրհնում էին Աստծուն: Նրանք աղաչում էին երանելի Անիտոլիին մի փոքր հանգստանալ, որովհետև շատ է հոգնել: Եվ երբ քնեց` երազում երևաց նրան սուրբ Ադրիանոսը և ասաց.
– Բարո՛վ եկար, Անիտոլի, Քրիստոսի աղախին և մարտիրոսների դուստր, այսուհետև արի քո հանգստին և ստացիր վաստակներիդ վարձը:– Եվ նույն պահին [Անիտոլին] ավանդեց հոգին: Եվ քիչ ժամեր անց եղբայրները եկան նրան արթնացնելու և վախճանված գտան: Եվ բոլորը աղոթքի կանգնեցին և նրան դրեցին սուրբ վկաների հետ և խնդրեցին աղոթել սրբերի գերեզմանին և այնպես կնքեցին տունը: Եվ այրերի ու կանանց բազմությունը մնաց այնտեղ` բոլորովին հրաժարվելով ամեն ինչից, ծառայելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որին զորություն և փառք Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.