5 Հոկտեմբեր, Շբ
Մի մարդ՝ հուսահատ երկնքին է նայում ու ասում.
- Տե՛ր Աստված, մի՞թե այսքան անարժան մարդ եմ: Ամեն անգամ խոստանում եմ, որ այլևս նույն մեղքը չեմ գործի, բայց հաջորդ պահին կրկին նույն մեղքն եմ գործում: Ինչքա՞ն պիտի համբերես ու ներես ինձ...
Հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը, մոտենում մարդուն ու նրա գոտկատեղից մի երկար պարանով պինդ-պինդ կապում, իսկ պարանի մյուս հատվածն իր ձեռքում պահում:
Այդ ամենից զարմացած մարդը հարցնում է.
- Այս պարանով ինձ կապում ես, որպեսզի հասկանամ, որ այլևս ներո՞ւմ չունեմ:
Գաբրիել հրեշտակապետը պատասխանում է.
- Շուտով, ինչպես միշտ, գնալու ես և ուղիղ մի ճահճի մեջ ես ընկնելու: Հիսուս այս պարանով քեզ պիտի դուրս քաշի, հանի այդ ճահճից: Այս պարանը խորհրդանշում է Աստծո շնորհը, որ հավատքի ու ապաշխարության միջոցով քեզ ներում է շնորհում: Ինչքան հավատքդ մեծ լինի, այնքան պարանն ամուր կլինի, ինչքան հավատքդ թույլ լինի, պարանը դերձակի թելի կնմանվի:
Արդ, եթե հավատքով դեպի Աստծուն ես նայում, Քրիստոսի շնորհով Աստված քեզ միշտ կների ու ճահիճներից կհանի ու փրկի:
Հովհաննես Մանուկյան