Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու օրվա քարոզ

Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու օրվա քարոզ | Surb Astvatsatsni Gotu Gtnvelu Orva Qaroz

«Եղի՛ր հավատարիմ մինչև մահ, և Ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտնություն 2։10)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը։ Հերթական տոնը՝ նվիրված եկեղեցու մեծագույն բարեխոս սրբին՝ Աստվածամորը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նրանով մարդացավ, մարմնացավ, որպեսզի աշխարհ գալով սովորեցնի Ճշմարտությունը, ցույց տա մեղքերի և արդարության սահմանը, մարդկանց՝ խավարից դեպի լույս բերի, արթնացնի մեղավորության թմբիրից, առաջնորդի դեպի Աստծո պատրաստած օթևանները՝ փրկություն շնորհելով Իր արարածներին։

Ուստի քրիստոնեությունն ու քրիստոնեական արժեքները մշակութաբանական վերացական հասկացություններ չեն, այլ Ճշմարիտ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի վարդապետությունն են, պատվիրանները, որոնք կյանքի են կոչվում Նրա հավատարիմ հետևորդների կողմից։ Քրիստոնեությունը իրականում պետք է մարդու կյանքում հոգի ու շունչ դառնա, որովհետև այն մարդուն վերափոխում է առաջին հերթին սրտում, հոգում և մտքում, և նրա ներսում Աստծո շնորհները նոր մարդու ծնունդ են տալիս։ Հետևաբար հնարավոր չէ «քրիստոնյա խաղալ», որովհետև քրիստոնեությունը անկեղծություն է պահանջում։

Նայենք Տիրամորը։ Նա քրիստոնեության առաջին կրողն է, ապրում էր խոնարհաբար՝ ամեն ինչում հավատալով և վստահելով Աստծուն։ Մենք էլ պետք է ապրենք Աստվածամոր հայացքի առաջ։ Քանի որ մեր կարիքների դեպքում անմիջապես Նրա օգնությանն ու բարեխոսությանն ենք դիմում, պետք է նաև մեր խիղճն ու մեղքերը քննելիս ևս մեր հայացքը դարձնենք նրան, որպեսզի նրա օգնությամբ հասկանանք ու գիտակցենք մեր մեղքերը, սխալները, Նրա մաքուր հայացքի առաջ չարդարացնենք մեզ, այլ Նրա բարեխոսությամբ քաջություն ունենանք խոստովանելու մեր մեղքերը և Աստծո շնորհով հաղթահարենք դրանք։

Քրիստնեությունը Ճշմարիտ Վարդապետի ճշմարիտ ուսմունքն է և երբեք չի հնանում։ Որքան էլ մեր ժամանակներում պնդեն, որ հավատացյալ մարդը հետամնաց է և խավարամիտ, քրիստոնեական հավատքը մշտապես նորոգվում է և Նրա գլուխը տիեզերքի Արարիչն է։ Քրիստոնեությունը լույսի, ճշմարտության, կյանքի, հարության կրոն է և մարդուն խավարի մեջ չի թողնում, մեղքերի ճահճից հանում ու դուրս է բերում, որը կարող է վկայել ցանկացած քրիստոնյա։ 

Հրեա ժողովուրդը, Եգիպտոսում գտնվելով, այնքան էր հարմարվել և ընտելացել այնտեղի ստրկական կյանքին, որ դուրս գալ չէր ուզում և դուրս գալուց հետո էլ մարդիկ Մովսեսի հետ վիճում էին, թե ինչու դուրս բերեց իրենց այնտեղից։ Եգիպտոսում նրանք յուրացրել էին եգիպտացիների կենցաղը, պաշտում էին նրանց չաստվածներին, և թեկուզ ստրուկի կարգավիճակում՝ նրանց քաղցր ու հաճելի էր թվում այդ կյանքը։ Նրանք չէին ուզում պայքարել Ավետյաց երկիր հասնելու համար, նրանք անվերջ տրտնջում և դժգոհում էին անապատում՝ չդիմանալով փորձություններին։ Նույն բանն էլ այսօր ենք տեսնում։ Շատ մարդկանց քաղցր է թվում մեղավոր կյանքը, և շատ դեպքերում նրանք նույնիսկ չեն նկատում, որ լիովին թաթախվել են այդ կյանքի մեջ և դուրս գալ չեն ուզում, որ ստրուկի պես գերեվարված են մեղքի կողմից։ Խավարը նրանց խավար չի թվում, և լույսը ցանկալի չէ։ Ավետյաց երկրի արժեքը հասկանալով՝ մարդը պետք է ձգտի դեպի Ավետյաց երկրի լույսը, պայքարի նրա համար, ոչ թե մխրճվի խավարի և մեղքի մեջ։

Այսօր, ցավոք, քրիստոնյա աշխարհը ձգտում է հետ՝ դեպի մեղքերի ճահիճը և հեռանում է իր քրիստոնեական ակունքներից, ուրանում է Աստծուն։ Հավատքը համարվում է հետամնացություն և խավարամտություն։ Այս թվացյալ լուսավորյալ դարում ողջունելի է Աստծուն ուրանալը։ Սա միայն կարող է հանգեցնել մեղքի բազմանալուն։ Ժամանակին մարդիկ սպանվելու, կյանքը կորցնելու տագնապից անգամ չեն ուրացել Աստծուն, իսկ բազմաթիվ քրիստոնյաներ այսօր առանց երկյուղ կրելու, ինքնակամ ուրանում են Աստծուն։ Իրենց ստեղծած օրենքներով գնում են դեպի ամենաթողություն։ Լույսի և խավարի հասկացությունները տեղերով փոխվել են։ Աստծո լույսը մատուցվում է իբրև խավար, իսկ մեղքերի և ամենաթողության խավարը ընկալվում է որպես լույս։ Աշխարհը, իբրև թե «խավարը» մերժելով, դեպի լույսն է ընթանում, այնինչ գնում է դեպի սեփական կամքով արարված խավարային խորխորատը։

Պետք չէ, որ մենք՝ քրիստոնյա հայերս, ընթանանք այդ ճանապարհով։ Հնարավոր չէ քրիստոնյայի անունն ունենալ և վարքով լինել հեթանոս, որովհետև երբ որ մեղքին ենք ծառայում, ուրեմն մեղքի հետևորդներ ենք։ Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը, որը մեծ ջանքերի գնով հեթանոսներին քրիստոնեություն էր քարոզում, այսօր էլ արդիական են. «Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին։ Եվ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի՛ պատրաստեք, այլ հանձնեցե՛ք ձեզ՝ ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ՝ ի ծառայություն Աստծու» (Հռոմեացիներ 6։ 12, 13)։

Մենք՝ հայ քրիստոնյաներս, որպես օրինակ ունենանք Ղովտին, որ ողջ ապականված Սոդոմ-Գոմորի մեջ առաքինի ապրում էր իր ընտանիքի հետ միասին։ Նոյը նույնպես իր ընտանիքի հետ միասին արժանացավ տապանի մեջ ապաստանելու և փրկվելու ջրհեղեղից։ Այսինքն՝ հնարավոր է շրջապատող ապականության և անառակ կյանքի մեջ ապրել Աստվածահաճո և հակառակ շրջապատի ծաղրանքին՝ մինչև վերջ հավատարիմ լինել Աստծուն և Նրա պատվիրաններին, որոնք էլ մարդուն կառաջնորդեն դեպի փրկություն։

Սիրելինե՛ր, Աստվածամոր բարեխոսությամբ մնանք հավատարիմ Ճշմարիտ Լույսին։ Աստվածամոր նման վստահենք և հավատանք Աստծուն։ Աստծո լույսը նախընտրենք աշխարհի առաջարկած լույսից։ Աստվածամոր առաքինությունները ծաղրելի չեն, այլ սրբացրին նրան։ Սերմնացանի առակը բացատրելիս Քրիստոս կարևորեց խոսքը կատարելը և ոչ թե նրանով հիանալը. «Ամեն մեկից, ով լսում է արքայութան խոսքը և չի հասկանում, չարը գալիս է և հափշտակում նրա սրտում սերմանվածը. Դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանվեց։ Եվ որ ապառաժի վրա սերմանվեց, այն է, որ երբ լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ էլ ընդունում է այն։ Բայց քանի որ ինքն իր մեջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հավատում, երբ խոսքի նեղություն և հալածաքներ լինեն, իսկույն սայթաքում ընկնում է։ Իսկ որ փշերի մեջ սերմանվեց, այն է, որ լսում է խոսքը, բայց աշխարհիս հոգսերը և հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և սա լինում է անպտուղ։ Իսկ որ լավ հողի մեջ սերմանվեց, այն է, որ երբ լսում է խոսքը և հասկանում, պտուղ է տալիս. Կա, որ մեկի դիմաց՝ հարյուր, կա, որ մեկի դիմաց՝ վաթսուն և կա, որ մեկի դիմաց՝ երեսուն» (Մատթեոս 13։19-23)։ Այնպես որ խոսել քրիստոնեական արժեքներից, բայց վարքով հեռու լինել նրանցից, Աստվածպաշտություն չէ։ Ճշմարիտ Աստվածպաշտությունը Աստծո խոսքը գործով կատարելն է, որին կոչված ենք մենք։ Ուստի մաղթում եմ հավատարիմ լինել Աստծուն դժվար օրերին ևս և վարքով ապացուցել մեր քրիստոնյա լինելը։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

30.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․