26 Նոյեմբեր, Գշ
Այս սուրբ Երմոնիոսը, որի մարտիրոսական նահատակությունն սկսում ենք պատմել, ըստ մարմնի առաքելական տոհմից էր, որ հոգով նույնպես առաքելական շնորհով վայելչանում էր գեղեցկությամբ: Սա դուստրն էր սուրբ Փիլիպոսի, որ Բան Աստծու աշակերտ և սպասավոր էր, որև երանելի ավետարանիչ Ղուկասն է պատմում. «Կուսությունը և մարգարեությունը պատմում է Աստվածաշունչ Գործք առաքելոց գրքում»: «Եկանք,– ասում է,– Կեսարիա, և մտանք Փիլիպոս ավետարանչի տունը, որ այն յոթից մեկն էր: Նրա մոտ մնացինք: Նա չորս կույս աղջիկ ուներ, որ մարգարեություն էին անում» (Գործք. ԻԱ. 8–9):
Հոր մարտիրոսական վախճանից հետո այս երանելի Երմոնիոսը, որ մյուս քույրերի համար փառքի պսակ էր, իր քույրերից մեկին առավ, որի անունը Եվտիքիա էր, գնաց Եփեսոս` տեսնելու Հովհաննես ավետարանչին` առավել փափագ ունենալով սրբի նկատմամբ: Եվ քանի որ նախքան Երմոնիոսի գնալը սուրբ ավետարանիչը վերփոխվել էր իր սիրելի Քրիստոսի մոտ, [նա] տրտմեց, որ չտեսավ մարմնով` որին ցանկացել էր հոգով: Բայց հետո այլ տեղից աստվածային շնորհը նրան պարգևեց տրտմության սփոփանք և մխիթարություն: Քանի որ Պետրոնիոս անունով մի այր ձեռնադրություն ստանալով երանելի Պողոս առաքյալից, հովվում էր Եփեսոսի եկեղեցում. այր` լի իմաստությամբ և առաքինի գործերով, որ ուսուցանում էր ոչ միայն խոսքերով, այլ ևս առավել առաքինի վարքով` վարդապետության խոսքը ավելի պայծառ էր ցուցադրում: Սա պատվական և իմաստուն կույսերին իր մոտ ընդունեց, և միասին պատմում էին կյանքի Բանը: Եվ Երմոնիոսը, ըստ մարմնի հմուտ ու ճարտար էր բժշկության, բայց հիվանդների բժշկությունը մանավանդ կատարվում էր Աստծու շնորհով` Քրիստոսին դիմելով, քան թե բժշկագիտությամբ: Որովհետև զանազան ախտերը, որ անհնարին էր թվում բուժել մարմնական արվեստով, այն արագ բժշկություն էր պարգևում աստվածային շնորհքով և կույսի աղոթքով: Նաև պակաս չէր հոգիների բուժումը քան մարմնի, որ կատարում էր, կուռքերի մոլորությունը հեռացնելով և մոտեցնելով Քրիստոսի հավատի բարեպաշտությունը:
Այն ժամանակ Հռոմայեցոց Տրայանոս թագավորը Պարսից դեմ պատերազմի պատրաստվելով եկել էր Ասիա և մեծ խռովությամբ հուզել ամբողջ աշխարհը, քանի որ կռապաշտությամբ մոլեգնած` հալածում էր բարեպաշտ ազգերին: Այնժամ լսելով սուրբ կույսի համբավը, քանի որ ամբողջ Ասիայում տարածված էր նրա վարդապետությունը, շտապ [Տրայանոսը] հրաման տվեց տասը երիտասարդի, որ փութով իր մոտ տանեն հռչակավոր Երմոնիոսին: Իսկ ովքեր ճանաչում էին նրան և հարգում քրիստոնեական բարվոք կարգի համար` հայտնում էին նրան` զգուշանալու չար որոնողներից: Երբ զինվորները մի քիչ շրջեցին Ասիայում և չգտան, հուսահատված` անօգուտ համարեցին իրենց ճանապարհը: Գնացին մի գյուղ, որ մոտ էր Եփեսոս քաղաքին, ուր էին երանելիներ Երմոնիոսն ու Եվտիքիոսը: Եկել սուրբ Պետրոնիոսի մոտ քննում էին Աստվածաշունչ գրքի խոսքերը: Զինվորները տեսան Երմոնիոսին` չճանաչեցին, քանի որ հագուստը հռչակավոր անվանը համապատասխան չէր, այլ պարզորեն պաճուճված էր անշուք զգեստով` քրիստոնեական կարգի համաձայն: Հարցրին նրան, թե ով է այստեղ Քրիստոսի ավետարանի պատմողը, որի անունը Երմոնիոս է, որև ճարտարորեն բուժում է հիվանդների ախտերը: Իսկ նա նախ չհայտնեց, որ ինքն է, այլ հարգանքով խոսում էր նրանց հետ: «Եկեք,– ասում է,– մի փոքր հանգստացեք, ձեր առաջ սեղան կդնեմ, կերեք, ապա ցույց կտամ` ում որ փնտրում եք»: Եվ երբ կատարեց օտարասիրության պատվիրանը` ազնիվ խորտիկներ հրամցրեց նրանց, այնուհետև հայտնապես ասաց, խոստովանեց, թե ինքն է, որին փնտրում են: Իսկ նրանք տրտմելով` չգիտեին ինչ անել, որովհետև պատկառում էին նրա սիրուց, նաև վախենում թագավորի հրամանի դժնդակ կամքից: Եվ սուրբը, քանի որ ջերմացած էր Քրիստոսի սիրով և ցանկանում էր մեռնել նրա անվան համար, աղաչում էր զինվորներին, որ կատարեն հրամանը և իրեն տանեն թագավորի մոտ: Եվ ինքնակամ հոժարությամբ հետևելով զինվորներին` թագավորի մոտ եկավ:
Իսկ Տրայանոսը, երբ տեսավ նրան, նախ խորամանկորեն մարդասիրական խոսքեր ասաց, նրա առաջ դնելով շատ բաներ` պատիվ, մեծամեծ փառք էր խոստանում, միայն թե հավանի թագավորի կամքին և հրաժարվի Քրիստոսից: Իսկ Քրիստոսի գեղեցիկ հարսը թագավորի խոստումը ոչինչ համարեց, այլ միայն բարձր ձայնով ի լուր ամբողջ ժողովրդի գոչեց` ասելով. «Քրիստոնյա եմ և պաշտում եմ Քրիստոսին և ուզում եմ Նրա համար մեռնել: Այդ պատճառով երազ և ստվեր եմ համարում քո բոլոր փառքերն ու պատիվները, որ խոստանում ես ինձ»:
Այնժամ, երբ այս լսեց բռնավորը, զայրացավ գազանի նման, հրամայեց չարաչար ծեծել նրան: Իսկ երանելի կույսը չարչարանքներին չէր պատասխանում, այլ միայն լռությամբ օրհնում էր Փրկչին, որ Նրա անվան համար արժանի եղավ չարչարանքի: Ու մինչդեռ տանջանքի մեջ էր, տեսավ Քրիստոսին, ինչպես երանելի Թեկղը արժանացավ տեսնելու Պողոսի կերպարանքը, երբ նրան գցում էին կրակի մեջ: Այսպեսև սա տեսավ Տիրոջը Պետրոնիոս քահանայապետի կերպարանքով, որ քաջալերում էր իրեն, և ինչ որ լինելու էր` այսինքն նրա ազատվելը տանջանքից և Տրայանոսի հաղթանակը, որ գործելու էր պարսիկների դեմ` նախապես պատմեց: Եվ երբ Տրայանոսը տեսավ, որ երանելի կույսը չխաբվեց խոստումներից և արհամարհեց տանջանքը սքանչացավ նրա անդրդվելի մտքի վրա և հրամայեց այնուհետև չհալածել քրիստոնյաներին` «Բացի մեր տերությանը հայտնապես ընդդիմացողներից»: Ապա սկսեց սուրբ Երմոնիոսին աղաչել, որ համաձայնի իր հետ գնալ Պարսկաստան, խոստանում էր մայրապետ դարձնել նրան, եթե համոզի այն ազգերին, որոնց դեմ զինված էր: Իսկ Քրիստոսի սուրբ վկան պատասխանեց նրան. «Ո՛վ թագավոր, քեզ օգուտ չէ իմ ուղեկից լինելը, եթե չես ընդունում իմ բարեպաշտության խոսքերը, որ հավատքի ճանապարհինն են: Բայց քեզ այս եմ ասում, եթե ճշմարիտն Աստված, բոլոր արարածների արարիչը, որին ես պաշտում եմ Իր անոխակալ մարդասիրությամբ կպատերազմի քո թշնամիների դեմ, կխորտակի և կցրի նրանց քո առջևից, արդ և դու շատ ապերախտ չերևաս փոխարենը չար հատուցելով Նրան` քեզ ապրեցնողին»:
Իսկ Տրայանոս թագավորը այս բոլոր խոսքերը, որ ասվեցին սուրբ կույսի` իբրև արդար մարգարեի բերանից` ամփոփելով պահեց իր սրտում, թեպետև բարեպաշտության հավատը չէր ընդունելու: Այնժամ հրամայեց թանկագին հանդերձներ պարգևել նրան` հաղթության դիմաց, որ մարգարեացավ երանելի վկան: Բայց նա չվերցրեց: «Ինձ բավական է,– ասաց,– որ ունեմ մեծագույնով հանդերձ, քանի որ Քրիստոս եմ հագած, դրա համար կարոտ չեմ ապականացու հանդերձանքի»:
Եվ թագավորը, ըստ սրբի մարգարեության, գնաց պատերազմ, հաղթեց Պարսից, Մարաց և Գդաց [զորքերին] և ուրախությամբ ու մեծ հաղթությամբ վերադարձավ իր աշխարհը և քրիստոնյաների նկատմամբ ավելի մարդասիրաբար էր վարվում:
Երբ հալածանքները դադարեցին, Քրիստոսի երանելի վկան շրջում էր Ասիայում և առաքելական շնորհով բոլորին կոչում էր Քրիստոսի բարեպաշտ հավատին և ամեն օր ավելացնում Քրիստոսի հավատացյալների թիվը:
Արդ, այսպես էր լինում, [երբ] Հռոմայեցոց թագավորությունը վերցրեց ժանտ Ադրիանոսը, այն պատճառով, որ Տրայանոսի կինը ավելի առաջ շնության տարփանքով խառնակվել էր նրա հետ, և նրա Պարսկաստան գնալու ժամանակ համոզել էր նրան` իրեն փոխանորդ թողնել դավաճանող Ադրիանոսին, որև արեց: Եվ երբ Տրայանոսը մահացավ, Ադրիանոսը վերցրեց թագավորական իշխանությունը, հալածանք սկսեց Քրիստոսի եկեղեցու դեմ: Ամենուրեք քրիստոնյաներին հրամայեց` զոհ մատուցել, կամ` մեռնել: Եվ գալով Եփեսոս լսում է սուրբ Երմոնիոսի մասին: Զինվորներ է ուղարկում և հրամայում, որ եթե չհնազանդվի, բերեն իր մոտ: Իսկ զինվորները բազում ջանքերով փնտրեցին և չգտան: Ապա ժամանեցին մի գյուղ, որ Եփեսոս քաղաքին մոտ էր տասն ասպարեզի չափ, և տեսան երանելիին, որ մտնում էր այնտեղ` քարոզելու կյանքի Բանը: Եվ քանի որ չճանաչեցին նրան, ողջունելով հարցրին, թե այնտեղ կա՞ Երմոնիոս անունով աղջիկ, հավատով քրիստոնյա, որև պես–պես հիվանդություններ է բուժում: Իսկ նա, առաջին անգամվա նման, նրանց տարավ իր մոտ, լվաց նրանց ոտքերը, սեղան բացեց և ուրախացրեց զանազան խորտիկներով: Իսկ առավոտյան հայտնեց, որ ինքը [նա] է, որին փնտրում են: Այդ լսելով զինվորները շատ տրտմեցին և չէին ուզում կատարել թագավորի հրամանը, որովհետև պատկառում էին հյուրասիրությունից, որ ցույց տվեց իրենց: Իսկ երանելին պնդում էր նրանց, որ գնա նրանց հետ, վախենալով, որ գուցե նրանց մի չար բան պատահի, մանավանդ որ ցանկանում էր, որ հանուն Քրիստոսի ըմպի մարտիրոսական արյան բաժակը:
Եվ երբ համոզեց նրանց, վերցրին–տարան և նրան կանգնեցրին թագավորի առաջ: Եվ թագավորը տեսավ, ասաց նրան. «Նախ ասա, աղջիկ, քո անունը և բախտը և տարիքը և ազգը քո և թե ինչ զորությամբ ես հպարտացած և նզովելով աղարտում ես աստվածներին և թշնամանում, անարգում ես իմ բարեպաշտությունը, և ովքեր մտնում ու ելնում են այդ քաղաքից` հյուրընկալում ես ու հնազանդեցնում, որ անհաղթելի աստվածներից հրաժարվեն, բոլորին հորդորում ես պաշտելու խաչվածին»: Իսկ Քրիստոսի երանելի վկան պատասխանեց նրան. «Թե իմ անունն ես հարցնում, ո՛վ թագավոր, կոչվում եմ Երմոնիոս և սնված եմ քրիստոնեական կրոնով, Քրիստոսի շնորհներով բուժում եմ ախտեր և հիվանդություններ: Իմ տարիների թիվն սպառված է: Զորությամբ Քրիստոսի, որ ճշմարիտ Աստված է և ստեղծել է երկինքն ու երկիրը և դրանց մեջ եղած արարածներին, զորացած եմ և ոչ թե նզովում եմ աստվածներին, այլ հանդիմանում եմ դևերի տկարությունը, քանի որ աստվածներ չեն, այլ մարդկանց ձեռքով ստեղծված և դևեր, և մարդկանց, որոնք խաբված են նրանց մոլորությունից, ազատում եմ և մոտեցնում ճշմարիտ Աստծուն, իմ ազգը, հայրենիքը, փառքն ու մեծությունը Քրիստոս է, որին նվիրվեցի իմ մանկությունից»:
Երբ բռնավորը լսեց այս ամենը երանելիից` լցվեց բարկությամբ և հրամայեց ծեծել նրա աստվածաբան բերանը, որովհետև խոցվեց նրա կտրուկ պատասխանից, իսկ նա արհամարհելով ծնոտը ծեծելը և բերանի ջախջախումը, առավել ևս պատրաստ էր փառաբանելու Աստծուն: Երբ թագավորը տեսավ, որ աղջիկը տանջանքները ոչինչ համարեց, խորամանկությամբ շրջվեց մյուս կողմը, բազում գանձեր ու մեծագին զգեստներ առաջարկելով: Դրանցով հանդերձ խոստացավ Հռոմայեցոց տերության տիկին դարձնել նրան` միայն թե երկրպագի աստվածներին: Իսկ սուրբը այպանեց թագավորի բոլոր առաջարկությունները և այսպես պատասխանեց. «Քեզ հայտնի լինի, ո՛վ թագավոր, որ ոչ տիեզերքի բոլոր թագավորությունները և ոչ տեսակ–տեսակ տանջանքները չեն կարող ինձ հեռացնել Քրիստոսի սիրուց: Իսկ եթե ուզում ես փոխել իմ միտքը, ինձ քեզ խորհրդակից ընդունիր, որ ոչ միայն այս թագավորությունը հաստատուն դարձնեմ քեզ համար, այլև երկնային մեծությունը ավանդեմ քեզ. միայն ճանաչիր ճշմարիտ Աստծուն, որ քեզ տվեց թագավորությունդ, և հեռու մնա սնոտի կուռքերից»:
Այնժամ երբ բռնավորն իմացավ, որ իր խորամանկությունները չեն ազդում նրա վրա, հրամայեց հանել կոշիկները և սաստիկ հարվածել նրա ոտքերի ներբաններին: Եվ այնքան հարվածեցին, մինչև այնտեղից արյան առուներ բխեցին: Ապա հրաման տվեց պղնձե ավազան բերել և լցնել հալած կապարով և նավթ ու ծծումբ լցնել մեջը, որ առավել ևս բորբոքվի, և դահիճներին հրամայեց այնտեղ գցել Քրիստոսի երանելի վկային: Եվ սուրբ կույսը իրեն կնքեց սուրբ Խաչի նշանով, մեծ ուրախությամբ օրհնելով Աստծուն` մտավ հրով բորբոքված ավազանը, և մի սքանչելիք եղավ, որովհետև ոչ իբրև հրի մեջ, այլ որպես առագաստ պարում էր և օրհնում Աստծուն: Իսկ երբ բռնավորը տեսավ, որ հուրը չայրեց երանելիին, հրամայեց առավել ևս բորբոքել, կարծելով, թե ավազանը զովացել է: Այնժամ սուրբը տեսավ նրա հոգու կուրությունը և մտքի խելագարությունը ամենազոր Աստծու սքանչելիքի առաջ և գոչեց նրան ասելով. «Ո՛վ գոռոզ և ամբարտավան թագավոր, որ արբած ես այնքան դիվական մոլորությամբ և չես զգում ամենազոր Աստծու ուժը, որովհետև այս հուրը, որ տեսնում ես, ցող է դարձնում ինձ համար»: Իսկ թագավորը չէր հավատում տեսածին, ուզեց և ձեռքով իմանալ ճշմարտությունը, մոտեցավ ավազանին և ուզում էր աջ ձեռքն ընկղմել, երբ շատ մոտեցավ` իսկույն քայքայվեց նրա ձեռքը այն կրակից, և սկսեց աղաչել երանելիին, որ դուրս ելնելով բժշկի իրեն: Իսկ սուրբը, թեպետ գիտեր նրա անդառնալի միտքը, նայելով Քրիստոսի մարդասիրությանը` կատարեց նրա խնդրանքը:
Բռնավորը նույն ամբարշտությանը մնաց, քիչ օրեր անց, հրամայեց բերել երանելիին և ստիպում էր կուռքերին զոհ մատուցել: Ծաղրելով նրա բազմաստվածությունը` երանելին ասաց. «Քանի՞ աստված ունես և ո՞րին ես հրամայում զոհ մատուցել»: Իսկ նա կարծում էր, թե իսկապես զոհ մատուցելու համար հարցնում է աստվածների առավելությունը և սկսեց թվել բոլոր դիվաբնակ կուռքերի անունները. «Արամազդ,– ասում է,– Կռոնոս, Աթինաս և Արես, Մինա և Ապողոն, Պիսիդոն և Արտեմիս և Ափրոդիտես»: Նաև այլ բազում դևերի անուններ էր թվարկում ցնդաբանելով: Իսկ աստվածային իմաստությամբ լցվածն ասաց. «Օ՜, որքան շփոթություն լցրեց ձեր սիրտը սատանան, թողած ճշմարիտ Աստծուն, մեկին և միակ հզորին` երկրպագում եք դևերի բազմությանը: Արդ, ասա՛, քո բազում աստվածներին երկրպագելով ո՞ր խնդրանքիդ ես հասել: Գիտեմ, որ ասելիք չունես, որովհետև [դրանք] անշունչ են: Իսկ ես պաշտում եմ մի Աստծու` երեք անձնավորությամբ բաժանված, մի բնությամբ և աստվածությամբ և զորությամբ միավորված: Եվ ինչ որ խնդրում եմ` իսկույն կատարում է, ինչպես որ դու ինքդ փորձով լավ իմացար ամենազոր Տիրոջ ուժը»: Այնժամ առավել ևս բորբոքվեց թագավորի կատաղությունը, հրամայեց տապակ շիկացնել և այնտեղ դնել երանելիին: Սուրբը, երբ տեսավ շիկացած տապակը, աչքերը երկինք բարձրացրեց, օգնության կանչեց ամենակարող զորությունը, որ իր սքանչելիքները ցույց տա, ինչպեսև առաջին անգամ: Եվ խաչակնքելով բոլոր զգայարանները մեկնվեց հրաշեկ տապակի վրա, և իսկույն տապակը զովացավ, և կրակի բոցը, որ նրա մեջ էր, այսուայնկողմ ցոլաց և ամբարիշտների բազմությունը, որ շուրջն էր, կիզելով ոչնչացրեց: Եվ բռնավորը, սքանչելիքից զարհուրած, մի փոքր նահանջեց հպարտությունից և հրամայեց սրբին հանել տապակի միջից: Բայց, որովհետև չուզեց աստվածգիտության լույսն ընդունել, փոքր ժամանակ անց, հրամայեց իր առջև` ապարանք բերել երանելիին, որտեղ հաստատված էին դիվական արձանները, և սրբին ասաց. «Ահա մարդասեր աստվածները, որ ես պաշտում եմ: Ինչքան բարեմտություն են հանդես բերում քո նկատմամբ, որոնց հանդեպ դու ապերախտ ես և զոհ չես մատուցում»: Երանելին ասաց. «Ինչո՞ւ զոհ մատուցեմ անշունչ արձաններին, որոնք չեն պատասխանում իրենց առջև աղոթողներին»: Եվ երանելի վկան կանգնելով արձանների կողքին դիմեց աստծուն, ասելով այսպես. «Զորությունների Տեր Աստված, որ բոլոր դարերում սքանչելիքներդ ես ցույց տալիս, Դու Քաղանեում մարդկային ամբարտավանությունը խափանեցիր լեզուների բաժանմամբ, և աշտարակի կապակցությամբ նրանց խորհուրդները ցրեցիր: Դու ամբարտավան Փարավոնին, որ չճանաչեց Քո սքանչելիքների զորությունը, ընկղմեցիր և Քո ժողովրդին ազատեցիր նրանից: Քո ընտրյալ Հեսուի ձեռքով Երիքովի պարիսպը թափեցիր ջրի պես` հոբելենական փողի ձայնով: Քո ժողովրդին առանց զինական պատերազմի ներս տարար: Նույնը, Տեր, և այժմ ցույց տուր Քո աստվածային զորությամբ` այս կուռքերի կործանումով, որ ճանաչեն բոլորը, որ միայն Դու ես Աստված և չկա ուրիշը»: Ու մինչդեռ աղոթքը շրթունքին էր, հանկարծակի թափվելով կործանվեցին բոլոր կուռքերը և եղան փոշու նման, և սուրբ վկան գոհանում էր Աստծուց, որ այնպես սքանչելիք է գործում իր ծառաներին: Եվ դարձավ բռնավորին. «Ձեռք պարզիր քո աստվածներին և կանգնեցրու դրանց, քանզի ահավասիկ անմռունչ են և թափվելով մանրացան քո աչքի առաջ»:
Թագավորի ոգին մթագնեց աստվածային լույսի սքանչելիքից, չմտածեց Աստծու մեծագործության մասին, վճիռ կայացրեց սպանել նրան սրով, ասաց` «Կարո՞ղ է և սրից կախարդությամբ փրկվել»: Եվ նրան տվեց երկու զինվորի ձեռքը, որ քաղաքից դուրս տանեն և այնտեղ կտրեն գլուխը: Իսկ զինվորներից մեկը, որի անունն էր Թեոդուլոս, բարձրացրեց սուրը` ցանկանում էր հարվածել երանելիին. իսկույն չորացավ նրա ձեռքը: Մյուս զինվորը, որի անունն էր Թետրիմոս, ծաղրեց ընկերոջը, պատահական համարեց նրա վրիպելը, շտապեց իսկույն և հանելով սուրը հարձակվեց կույսի վրա: Նույն պահին չորացավ և նրա ձեռքը` ընկերոջը հավասար: Եվ երկու զինվորներն ընկան երեսն ի վար, աղաչեցին սուրբ վկային և նրանից թողություն էին խնդրում և բժշկություն իրենց անդամներին, խոստանալով հավատալ ճշմարիտ Աստծուն, որովհետև միայն Նա է ճշմարիտ արարիչը երկնքի և երկրի:
Իսկ սուրբը, երբ նրանց բերանից ստուգեց նրանց հավատի ճշմարտությունը միանգամայն և Սուրբ Հոգով ճանաչեց նրանց սրտի խորքը, որ ճշմարիտ է, սկսեց աղոթել առ Աստված և սուրբ Խաչի նշանով կնքեց, անմիջապես կենդանացան գոսացած ձեռքերը: Արդ, Աստված այսպես սքանչելագործեց, որպեսզի իր սրբերին հանդերձյալ փառքից առաջ այստեղ փառավորի և սատանայի մեքենայություններին անմատչելի դարձնի: [Աստված] կամեցավ ցույց տալ` ովքեր արհամարհում են նրան, ով իր խաբեությունների միջոցով մարդուն մահկանացու դարձրեց և մեղքի ընդունակ, այստեղ իսկ անմահանում են և լինում հրեշտակներին հավասար: Եվ դարձյալ, որպեսզի հպարտացած թագավորին, որը Աստծու սքանչելիքը (այսինքն կույսի փրկվելը հալած կապարից և հրաշեկ տապակից) կախարդություն էր համարում, պարզ դարձնի, որ սուրը չի կարող ենթարկվել իրեն, եթե չլինի Արարչի հրամանը, միաժամանակ որպեսզի սքանչելիքով փրկություն լինի շատերին, այն որ ցույց է տալիս իր սրբերին: Եվ քանի որ երանելի կույսը Աստծու սքանչելիքների շտեմարան եղավ և շատերի հավատքի պատճառ, սակայն միշտ ըղձում էր գնալ երկնավոր Փեսայի մոտ, սկսեց աղոթել Աստծուն ասելով այսպես. «Ո՛վ Տեր իմ, Տե՛ր, Դու գիտես իմ հոգու գաղտնիքները, որ միշտ փափագում եմ տեսնել Քեզ` իմ և բոլոր սրբերի ճշմարիտ բաղձալիին. արդ, առաքիր քո հրեշտակներին և իմ հոգին ընդունիր խաղաղությամբ»: Եվ նա այս ասաց` երևաց Աստծու հրեշտակը` լույսի կերպարանքով, հոգին ավանդեց Աստծո ձեռքը` ինչպես գրված է` «Արդարների հոգիները Աստծու ձեռքին են» (Իմաստ. Գ. 1): Իսկ երկյուղած այրերը, որ բնակվում էին Եփեսոսում, վերցրին կույս Երմոնիա վկայի մարմինը և նրա սրբությանը արժանի տապանակ պատրաստեցին, տարան քաղաք, դրին արժանավոր մի տեղ, նրա մոտ կանգնեցրին երկու զինվոր, որոնք հավատացին սրբի վախճանին, քանզի և նրանք վախճանվեցին պսակավորվելով ի Քրիստոս` ճշմարիտ հավատքի միջոցով: Եվ բոլոր քրիստոնյաները, որ Եփեսոսում էին, հավաքվեցին տոնելու նրա հիշատակի օրը, որ սեպտեմբեր ամսի վեցն էր, ի փառս և ի գովություն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.