26 Նոյեմբեր, Գշ
Սքանչելագործ Գրիգորիոսը Նեոկեսարիա քաղաքից էր, Ավրելիանոս կայսեր ժամանակ, հեթանոս ծնողների որդի, բայց Աստված որովայնից ընտրեց և առանձնացրեց նրան: Որի համար մանկահասակ` ընտանի դարձավ անապատի, ընծայվեց Քրիստոսին, հրաժարվելով ամեն ինչից, հեռու մնաց հասակակիցներից, հանդեսներից, ճոխ պատմուճաններից, փափկությունից, գինարբուքներից: Նրա առաջին ստացվածքն առաքինությունն էր, և դրանից առաջ` Աստծու երկյուղը և սրանց լծակից իմաստությունն ու ուսման սերը: Իբրև դաստիարակ ուներ ժուժկալությունը, իսկ համեստությունն ու ունեցվածքի արհամարհանքը ի ծնե էին նրա մեջ: Թողնելով ծննդավայրը գնում էր Կոչողի հետ` ինչպես Աբրահամը, նույնպես և մեծն Գրիգորիոս թողնելով իր հայրերի մոլոր աղանդը` փնտրեց արդար ու ճշմարիտ հավատքը, գալով խորհրդական ծնունդին, չունենալով ոչ մի աղտ մեղքերի վերացման` մկրտությամբ Քրիստոս հագավ:
Արբունքի հասնելով նա գնաց Ալեքսանդրիա` իմաստասիրություն սովորելու: Առատ մտքով կատարելագործվեց փիլիսոփայական արվեստի մեջ, Հին ու Նոր կտակարանների հմտությամբ, անհամեմատելի էր մտքով այլ մանուկների հետ, որ ամեն կողմից հավաքվել էին հելլենացոց իմաստասիրություն և բժշկություն ուսանելու: Եվ նախանձեցին Գրիգորիոսի անարատ վարքին և մտածեցին ինչ-որ արատ գտնել անարատ Գրիգորիոսի մեջ: Վարձեցին մի պոռնիկ կին և հանդիպեցրին նրան, որ եկավ ու ասաց. «Տո՛ւր ինձ խոստացածդ` պոռնկության վարձը»: Եվ բոլորը բարկանում են կնոջ վրա: Իսկ սուրբ Գրիգորիոսը անվրդով էր և ոչինչ չասաց ընդդեմ պոռնիկի կամ դավաճանողների, ո՛չ վկաներ կանչեց, ո՛չ երդումով մերժեց բիծը, այլ մեկին, որ պոռնիկի հոմանին էր և նենգության առաջնորդը, ասաց. «Ա՛ռ այդ արծաթը և տո՛ւր պոռնիկին, որ չգա և թախանձի»: Ու մինչդեռ կինը գալիս էր և ձեռքին ուներ զրպարտության գին արծաթը` Աստծուց եղավ արդարի վկայություն և զրպարտիչների հանդիմանություն: Որովհետև [կինը] իսկույն դևերից բռնվելով գալարվեց, ոռնալով ընկավ քաղաքի ահավոր բազմության առաջ, մազերը ցցվեցին, ձեռքերով ճանկռտվում էր, աչքերը շրջվել էին, բերանը փրփրել: Դևը կամենում էր խեղդել նրան: Եվ եկավ սուրբ Գրիգորիոսը, դիմեց Աստծուն` նրա համար, և անմիջապես բժշկեց դևից, որով հիացան բոլորը: Սա նրա երիտասարդության առաջին սքանչելիքն էր:
Արտաքին գիտություններից անցավ [քրիստոնեական] ուսման, աշակերտելով մեծ Որոգինեսին, Պերմեղյանոսի հետ աշակերտեց, որ նույն գավառից էր: Սուրբ Գրիգորիոսն ու Պերմեղիանոսը, որ հետո եղավ Կապադովկիայի Կեսարիայի եպիսկոպոս, մեծն Որոգինեսի մոտ ստացան բոլոր գիտելիքները: Որովհետև զարմանալի Որոգինեսը լի և կատարյալ էր ամենայն գիտությամբ, գրեց բազմաթիվ գրքեր և ոսկու և արծաթի գանձերի նման հավաքելով շնորհներ` Գրիգորիոսը դարձավ իր աշխարհը: Այնտեղ ամբողջ ժողովուրդը հավաքված նրան հրապուրում էին աշխարհիկ վարքի, բայց չէր ուզում լսել և հրաժարվելով իրեն Աստծուն նվիրեց:
Այն ժամանակ Ամասիայի մետրոպոլիտն էր Փիգիմիոս եպիսկոպոսը, որին Աստված հրամայեց Գրիգորիոսին ձեռնադրել քահանա: Իմանալով` փախավ երեք օրվա ճանապարհ հեռու, իսկ Փիգիմիոսը փնտրում է նրան: Մեծն Գրիգորիոսը երազում տեսնում է, որ Փիգիմիոսը քահանայապետի օրենքով ձեռնադրում է իրեն քահանա. ձեռքը դնում է իր գլխին և նա ձայն լսեց. «Գրիգորիո՛ս, մնա՛ այդտեղ, որպեսզի Փիգիմիոսը քեզ ձեռնադրի»: Սա շտապ հասավ այնտեղ, ուր Գրիգորիոսն էր և ձեռնադրեց նրան` ըստ աստվածային հրահանգի, այն քաղաքում, ուր հանդիպեց, և որտեղ կռապաշտ էին: Միայն տասնյոթ հոգի էր քրիստոնյա: Այսպիսի լծի տակ մտնելով [Գրիգորիոսը] Աստծուց հայցում էր սովորել ուղիղ հավատի խոստովանություն:
Այնժամ, հսկելով և հոգալով, տեսիլք երևաց նրան. մի ծեր քահանա, վայելուչ, շնորհալից կերպարանքով, հրեշտակական ձևով: Տեսիլքով սքանչացած և հիացած Գրիգորիոսը ուզում էր իմանալ, թե ով է, կամ ինչու երևաց: Իսկ նա հեզ ձայնով ասաց. «Աստվածային հրամանով երևացի քեզ` ուսուցանելու ճշմարիտ հավատը»: Եվ նա լցվեց խնդությամբ ու երկյուղով: Ապա սքանչելի ծերունին մատով նրան ցույց տվեց այլ սոսկալի տեսիլ. մի շատ ահավոր կին` շրջապատված պայծառ լույսով: Եվ խորին գիշեր էր, և չէր կարողանում տանել լույսի սաստկությունը: Այնժամ նա յուրաքանչյուրին կոչելով անունով ծանոթացրեց նրանց: Այն գեղեցիկ կինը Տիրոջ մայրն էր, իսկ ծերը` Հովհաննես ավետարանիչը: Լսեց, որ Տիրամայրը Հովհաննեսին ասաց. «Դրան սովորեցրու ճշմարիտ հավատի խորհուրդը»: Նա ասաց, իսկ սա քարոզեց իր եկեղեցու մեջ: Ովքեր ճանաչեցին Աստծուն, մինչև այժմ մնում են անփորձ հերձվածներից ի փառս Աստծու:
Եվ հանգանակն այս էր. մի Աստված` կենդանի Բանի, իմաստության, անձնավորի և զորության Հայրը. կատարյալ Էության մեծարանք, կատարյալի ծնող, Միածին Որդու Հայր, միայն մի Տեր Միակի հետ, Աստված` Աստծուց, Աստվածության կերպարանք և պատկեր. Բանն Աստված` ամեն ինչի ստեղծող, ամեն եղածի բովանդակիչ և անհասանելի զորություն, բոլոր ստեղծվածների Արարիչ: Ճշմարիտ Հոր ճշմարիտ Որդի. անտեսանելիից անտեսանելի, անապականին` անապական, անմահին` անմահ և մշտնջենավորին մշտնջենավոր: Մի Սուրբ Հոգի Աստծուց ունենալով էություն Որդու միջոցով, երևացած և հայտնված մարդկանց: Որդու պատկերը կատարյալ է կատարյալից, կյանք է և կյանքի պատճառ, սրբություն և սրբության պարգևող, որով հայտնվում է Հայր Աստվածը, որ բոլորից վեր է և ամեն ինչի մեջ, և Աստծու Որդին, որի միջոցով են բոլորը: Երրորդությունը` կատարյալ փառքով և մշտնջենավորությամբ. անբաժանելի են և անօտարելի, չկա ոչինչ անստեղծ, և Երրորդությանը չծառայող, և ոչ ստորադասվող, ասես նախապես չեղած և հետո հովանու տակ մտած, ոչ նվազ Որդին Հորից, և Հոգին Որդուց, անայլայլելի և անփոփոխելի, այսինքն` Երրորդություն միշտ:
Այսպես այս առթիվ պետք է հավատալ. լսիր եկեղեցուն, ուր քարոզվում է Բանը, որոնցից նույն երանելիի այն տպավորությունը ձեռքին` մինչև այսօր պահվում է ի փառս Աստծու, ինչպես աստվածագիծ տախտակները:
Այնտեղից ելնելով գնաց քաղաք, մտածում էր եկեղեցի կառուցել, քանի որ ամբողջ աշխարհն ու քաղաքը, նրա շրջակա գավառը ճոխանում էին բագիններով, մեհյաններով, և դևերի արձաններով: Բոլորի փույթը կռամոլությունն էր. մերկանում էին, կուռքերի տաճարներն ու մեհյանները զարդարում, այդպես զորանում էին դևերը: Ինչպես որ հզոր թագավորի զորավարը հալածում է թշնամիներին, այնպես այն մեծը հալածում էր դևերի գունդը: Արդ, ճանապարհով քաղաք գալով, հասավ երեկոյան, և սաստիկ անձրև եղավ, իր ուղեկիցների հետ մտավ մի մեհյան: Այն մեհյանը նշանավոր էր, և բազում դևեր էին բնակվում այնտեղ: Դևերին աշակերտում էր մեհենակալ քուրմը. դյութություններ ու հարցումներ էր անում: Մեծն Գրիգորիոսը յուրայինների հետ մտավ մեհյան, Քրիստոսի անունով սաստեց դևերին և Խաչի նշանով զարհուրեցրեց ու հալածեց: Եվ գիշերը լուսացնում էր արթուն աղոթքներով: Լուսադեմին ելավ, շարունակեց ճանապարհը:
Առավոտյան քուրմը եկավ` ըստ սովորության զոհ մատուցեց դևերին ասելով. «Երևացրեք ինձ աստվածներին և խոսեցրեք»: Իսկ դևերը մեհյանից դուրս ձայնում են ասելով. «Անհնար է, որ մենք մտնենք այդ մեհյանը, որովհետև այդտեղ մտել է Գրիգորիոս Սքանչելագործը. նա մեզ հալածեց»: Քուրմը ամեն հնարքի դիմեց, հրապուրելու դևերին, բայց դևերը չենթարկվեցին դյութությանը: Այնժամ, բարկությամբ լցված, հասնում է մեծն Գրիգորիոսին, սպառնում նրան մատնել իշխանների ու թագավորի ձեռքը, ասելով` քրիստոնյա է և աստվածների թշնամի, հանդգնեց մտնել աստվածային մեհյանը, դուրս վտարել աստվածներին, խափանեց նրանց զորությունը: Իսկ Գրիգորիոսը զսպում է քուրմի անառակությունը. «Հավատում եմ ճշմարիտ Աստծուն, որ կարող է հալածել դևերին` որտեղից ուզի և բնակեցնել` ուր կամենա: Քեզ ևս կլինի»: Այս լսելով քուրմն ապշեց: Այնժամ գրում է հրամանագիր դևերին այսպես. «Գրիգորիոսից սատանային. մտիր այդ բագինը քո ընկերների հետ իմ հրամանով»: Քուրմը վերցրեց գիրը, գնաց կարդաց բագինի վրա և իսկույն դևերը մտան մեհյան` ինչպես առաջ էր: Եվ մեհենակալը տեսավ ու գիտակցեց Գրիգորիոսի խոսքի ու գրի հավաստիությունը, մեծապես զարմացավ սքանչելիքից և դևերի վրա ունեցած նրա իշխանությունից: Դարձյալ հետապնդեց Գրիգորիոսին, աղաչեց սովորեցնել, թե ով է այն Աստվածը, որ այս իշխանությունը տվել է: Մեծն Գրիգորիոսը հակիրճ ասաց բարեպաշտության խորհուրդը, իսկ քուրմը խնդրեց նրանից նոր սքանչելիք, որպեսզի ճշմարիտ հավատի գա:
Նրանց հանդեպ մի լեռնացած քար կար, որ ոչ ոք չէր կարող շարժել, բացի Աստծու զորությունից: Քուրմն ասում է Գրիգորիոսին. «Հրամայիր փոխել ուրիշ տեղ»: Իսկ նա, առանց հապաղելու, քարին հրամայեց որպես անձնավորության` փոխվել այլ տեղ, ուր ցույց տվեց քուրմը, և իսկույն տեղափոխվեց Գրիգորիոսի խոսքով: Այդ տեսնելով քուրմը հավատաց ճշմարիտ Աստծուն, թողեց տուն, ազգ, կին, երեխաներ, քրմությունը, ունեցվածքը, գնաց մեծն Գրիգորիոսի հետքով: [Գրիգորիոսը] առավ նրան, տարավ քաղաք, հռչակեց, պատմեց սքանչելիքը: Ամբողջ քաղաքը բերեց սքանչելիքը տեսնելու, և տեսնում էին քուրմին ու Սքանչելագործին միասին: «Ո՞վ է,- ասում էին,- Գրիգորիոսը, մարդ լինելով` աստվածներին իշխում է իբրև ծառաների և իր հետ ունի սպասավոր»: Բայց նա դրան չէր նայում, այլ ուշադրություն էր դարձնում ճանապարհին: Ապա հավաքվեցին քաղաքացիները նրա մոտ` լսելու Աստծու Բանը, մի տան մեջ, ուր իջևանել էր, շատ աղաչեցին: Քիչ խոսեց, որովհետև արևը մայր էր մտնում, հրամայեց այգաբացին հավաքվել, որ քարոզի Աստծու Բանը:
Առավոտյան ամբողջ քաղաքը հավաքվեց` այրեր և կանայք, ծերեր ու մանուկներ, երիտասարդներ ու կույսեր, պես-պես ախտերից ու դևերից վտանգվածներ, որովհետև ամբողջ երկրում տարածվել էր նրա համբավը: Իսկ նա Սուրբ Հոգու զորությամբ հրապարակի մեջ կանգնած բուժում էր բոլոր ախտաժետներին, քարոզում երկնքի արքայությունը: Իսկ նրանք, խնդությամբ ընդունելով, դարձան սնոտի կուռքերից: Այսպես բոլորին դարձրեց Աստծու փառաբանակից և սուրբ Երրորդության երկրպագու: Դրանից հետո աղոթատուն կառուցեց, սեղան հիմնեց և կատարում էր կենսաբեր խորհուրդը, և բոլորը ինչքով և մարմնով, եռանդուն սպասավորում էին: Այս տաճարը մինչև հիմա ցույց են տալիս. աստվածային մի շնորհով կատարում էր գործը, որ Աստծուց էր: Քաղաքում մեր ժամանակ մի սաստկագույն երկրաշարժ եղավ, արքունական ապարանքները և քաղաքի շինվածները քանդվեցին: Լոկ այն տաճարը անսասան մնաց, որով հայտնի երևում է Աստծու զորությունը և նրա աղոթքների արդյունքը: Եվ [նա] մկրտեց քուրմին ու ձեռնադրեց սարկավագ:
Աստվածային Գիրքը զարմացնում է Սողոմոնի դատաստանով, որ արեց երկու կանանց: Դու արի՛, զարմացիր մեծն Գրիգորիոսի դատաստանով: Ինչ-որ երկու երիտասարդ եղբայր հայրենի ժառանգությունը բաժանելիս մի լճակի համար վիճաբանում էին: Դատաստանին ձեռնամուխ է լինում Սքանչելագործը: Գնում է նրանց մոտ, խնդրում խաղաղություն, բայց չեն լսում նրան: Շահի ցանկությամբ վառվում էին և կռվում: Աստծու այրը մնում է լճի մոտ և գիշերը հսկում` [աղոթում] և ջրերի մեջ տեսնում է Մովսեսի սքանչելագործությունները, գավազանը խփելով ոչ թե ծովը երկու կես արեց, այլ ամբողջապես ցամաքեցրեց, և առավոտյան լիճը չոր ու անթաց էր, նույնիսկ փոսորակներում խոնավության նշան չկար: [Գրիգորիոսը] պատերազմը փոխեց խաղաղության և եղբայրությունը նախամեծար ճանաչել տվեց, և ավելի լավ համարվեց լճի ցամաքելը, քան երկուսի մահը: Այժմ ևս երևում է աստվածային սքանչելիքը, ուր երբեմն լիճ էր` փոխվեց անտառի և արտավար դաշտերի: Դա ավելի սքանչելի է, քան Մովսեսինն ու Սողոմոնինը:
Հայոց լեռների գավառում մի գետ է հոսում ձորերի միջով` ահավոր հորձանք տալով: Երկրի բնակիչները Գայլ են անվանում: Որտեղից որ անցնում էր մերձակայքին բազում վնասներ էր տալիս, ողողելով ագարակները, արտերն ու մարգերը. վտանգը քիչ չէր: Հավաքվեցին եկան սուրբ Գրիգորիոսի մոտ և աղաչեցին, որ վերացնի գետի վնասը` ինչպես ուզում է, կամ հրամայի, որ հոսի այլ տեղով: Ելավ, նրանց հետ գնաց գետեզրը, որովհետև չէր հրաժարվում մարդկանց օգուտի համար աշխատելուց: Երբևէ չգնաց ձիով կամ էշով, այլ հետևակ` գավազանին հենված, անցնում էր բոլոր ճանապարհները: Գնաց գետի ափը և իմացավ, որ անհնար է մարդկային իմաստությամբ կամ ուժով ելք գտնել: Այլ միայն աստվածային զորությամբ, ինչպես ասում է մարգարեն. «Սահման ես դրել` չի անցնի» (Սաղմ. ՃԽԸ. 6): Այս ասելով գավազանը ցցեց գետի ափին, ուր հորձանքները վնաս էին գործում, և աղոթեց առ Աստված: Անմիջապես գավազանը արմատակալեց և դալարություն էր ցույց տալիս, ինչպես Ահարոնի գավազանը, և աճեց, ծառ դարձավ և հոսանքների սահմանը հաստատվեց, որ երբ անձրևներից ու հեղեղներից ջուրն առատանում է, հորդելով ահավոր ձայնով, չի կարողանում անցնել ծառի արմատից, և ծառի անունը մինչև օրս Գրիգորիոսի գավազան է: Համբավը ամբողջ երկրում հռչակված էր:
Նրան աղաչում էին Կոմնա քաղաքից գալ իրենց մոտ և եպիսկոպոս ձեռնադրել: Եվ նա լսեց նրանց աղաչանքը, գնաց: Եվ եղավ նրանց մոտ` ընտրությունը տալիս էր Աստծուն: Իսկ նրանք, որ ավելի մեծ էին խոսքով, ազգով և ճոխությամբ առաջարկում էին [ինչ-որ մեկին]: Մեծն Գրիգորիոսն սպասում էր, որ Աստծուց հայտնություն լինի իրեն, ինչպես Սամվելին` որ ոչ թե գեղեցկություն, այլ պայծառ հոգի էր խնդրում: Իսկ մեկը, որ իրեն ընտրյալ էր կարծում, թերություն էր գտնում Աստծու այրի մեջ, առաջ գալով նախատինքով ասում է Աստծու այրին. «Եթե նախապես ընտրված երևելիներս արժանի չենք, և ուզում ես անարգներին կոչել քահանայության, ապա թող դարբին Աղեքսանդրոսը քահանայանա. եթե քեզ հաճո է` ամբողջ քաղաքով համաձայն ենք Աղեքսանդրին»: Իսկ սուրբը չարհամարհեց և ասաց. «Ո՞վ է այս Աղեքսանդրոսը, որ ասում եք»: Մոտը եղածներից ոմանք կատակով մեջ բերին Աղեքսանդրոսին, որ կարճահասակ էր, տգեղ կերպարանքով, ձեռքերն ու երեսը և այլ տեղեր կեղտոտված կրակի կայծերից. ծիծաղելի էր և գծուծ: Իսկ մեծն Գրիգորիոս Սուրբ Հոգով ճանաչեց, թե ինչպիսի մարդ է այրը. ոչ թե այս կյանքի վտանգից է ընտրել այդ արհեստը, այլ առաքինության և աղքատների օգուտի համար:
Այնժամ նա աշխատում էր թաքնվել` առաքինությունը ծածկելով անարգ կերպարանքով. այսպես անարժան էր ցույց տալիս իրեն: [Գրիգորիոսը] հրամայում է առաջ բերել Աղեքսանդրին և ի հայտ էր բերում նրա ծածուկ վարքը: Սպասավորներին ակնարկում է, և նրանք տանում, լվանում են Աղեքսանդրին` ըստ մեծի հրամանի: Բոլորը, որ ընտրյալ էին կարծված, տեսնելով զարմացան դրա վայելչությամբ:
[Գրիգորիոսը] ասում է նրանց. «Ինչո՞ւ եք զարմացած Աստծու գործերից. չէ որ մարդ երեսին է նայում, իսկ Աստված սրտին» (Հմմտ. Սիրաք ԺԱ. 22): Այս ասելով Աղեքսանդրին քահանայության է բերում` կատարելով խորհրդածությունը, որ նախապես ծածկված էր Քրիստոսով և Գրիգորիոսի միջոցով հայտնվեց. տեսքով նվազ էր, և Սուրբ Հոգուց նրա վրա շնորհ երևաց, և շատերը տեսան, օրհնում էին Աստծուն` բռնված մեծ երկյուղով: Եվ հրամայում է նրանց, որ հնազանդ լինեն նրան` որպես Աստծու քահանայի, իսկ նրան գիտության շնորհք տվեց, և ան Բանը սովորեց ավելի քան ուսյալները, և բոլորը զարմացան: Հետո [Աղեքսանդրոսը] կռապաշտների օրենքից մարտիրոսացավ և հրով վախճանվեց Քրիստոսի անվան համար:
Երկու հրեա կամեցան ծաղրել և խաբել Սքանչելագործին: Նրանցից մեկը սուտ մեռած ձևացավ` իբր հանկարծամահ լինելով, իսկ ընկերը կոծում էր նրա վրա ողբերգական ձայնով: Այնտեղով անցնում էր Սքանչելագործը, [հրեան] դիմեց նրան ասելով. «Հանկարծակի մահ պատահեց այս թշվառականին և հիմա մերկ է թաղմանը: Հասարակ շորեր պարգևիր դրան պատանելու համար»: Իսկ Աստծու սուրբը չի անտեսում հրեայի խնդրանքը, վերցնում է իր վերարկուն և փռում մեռելի վրա ու ինքը շարունակում ճանապարհը: Հրեան ծիծաղելով ընկնում է [սուտ] մեռածի վրա` ծաղրուծանակի խոսքեր ասելով հանդերձը շահելու առթիվ: Իսկ նա ոչինչ չխոսեց, որովհետև հանդերձը փռելու ժամանակ հոգին ելավ:
Քաղաքի մի հրապարակում սքանչացած էին մի տղայի ուսումով, որ աղաղակում էր ընկերների մոտ` որ ոչ թե իրենից է ասում այսքանը ուսուցչին, այլ մեկը մոտը լինելով նրան հուշում է, որովհետև մանկան մեջ դև կար և չէր ուզում ելնել նրանից: Գրիգորիոսը եկավ, հասավ այնտեղ, և մանուկը, որի մեջ դևն էր, ասում է հավաքվածներին. «Խոսեցեք մեծի հետ` ինձ չմաքրի դևից»: Սուրբը վերցրեց կտավը, որ ուսին էր գցած, և դրեց մանկան բերանին: Սա շատ տագնապեց դևից` պատռելով կտորը և փրփրելով: Սուրբը մոտենում, ձեռքը դնում է նրա վրա, խաչակնքում և դուրս վանում դևին մանկան միջից, որը զգաստանալով փառավորում է Աստծուն:
Մի անգամ դատավորները բռնեցին նրան և [սպասավորներին] հրամայեցին ջեռուցել բաղնիքը սաստիկ ջերմությամբ, որ սրբին կործանեն: Եվ մերկացնելով մտածեցին ներս գցել: Կանգնելով ջրի առաջ խաչակնքեց, և աստվածային զորությունից նոր և չքնաղ տեսիլ երևաց. գմբեթաձև շինվածքը դեպի հիմքը խոնարհվելով ոչ թե դղրդալով, այլ փոխվելով այլաձևեց: Դրանով հիացան բոլորը, սրբին կապանքներից արձակեցին:
Դարձյալ մեկից հանում էր դևը, իսկ վերջինս բարձր աղաղակելով ասում էր. «Մի՛ հանիր ինձ իմ բնակատեղից, ապա թե ոչ` շատ դժվարություններ կպատճառեմ քեզ»: Իսկ նա սաստելով հանեց նրան մարդու միջից: Դևը գնաց, մտավ Հոռոմոց թագավորի դստեր մեջ և աղաղակում էր կնոջ ձայնով. «Չեմ դուրս գա այստեղից. միայն նեոկեսարացի Գրիգորիոսը կարող է գալ և հանել»: Կայսրը լսելով` շտապ ուղարկում է նրան փնտրելու: Գտնում են Կեսարիայում, և [միասին] կայսերական հրամանով, շտապ անցնում են ծովով ու ցամաքով Հռոմ:
Երբ հասան, դևը սաստիկ շարժեց թագավորի դստերը` տապալելով գետին: Մեծն Գրիգորիոս մտավ տունը, ուր աղջիկն էր, խաչակնքեց, սաստեց պիղծ դևին և հանեց աղջկա միջից: Եվ [դևին] հրամայեց այնտեղ մնալ` դռան մոտ:
Կայսրը տեսավ մեծ սքանչելիքը մեծապես պատվեց Գրիգորիոսին և մտածեց բազում հարստություն շնորհել նրան: Իսկ նա ոչինչ չվերցրեց, խնդրեց նրանից մի մարմարյա լակոնական սյուն, որ շատ երկար և ստվար էր: Կայսրը զարմացավ, թե ինչի համար դա խնդրեց, որ անհնար է հասցնել իր աշխարհը: Նա պատասխանեց. «Միայն տո՛ւր խնդրածս և բան մի մտածիր»: Անմիջապես պիղծ դևին հրամայեց վերցնել սյունը և հասցնել Կապադովկիա: Դևը վերցրեց, գնաց, և [սյունն] այնտեղ է մինչև այսօր: [Գրիգորիոսը] հրաժեշտ տվեց կայսերը, նավարկեց, եկավ, մտավ Սիկիլիա մեծ կղզին: Այնտեղ կար մի բարձր լեռ, որի գագաթը գիշեր ու ցերեկ բորբոքվում է հրի կայծակներով: Եվ ժամեժամ հրի հեղեղ է հոսում լեռան կատարից, կիզում ամենքին, որ հանդիպում է. առավել ևս ձմեռային ժամանակ: Այնքան որ հնարավոր չէր, որ մարդ անցներ այնտեղով: Դրա մոտ մի եկեղեցի կար, ուր մտավ մեծը պատարագի ժամին պաշտոներգության: Իսկույն դադարեց հուրը վկայարանի հանդեպ, ուր սուրբն էր, և սաստիկ ձայն էր լսելի լինում: Երբ տեղացիները տեսան հրի հոսքը սարից` բողոքեցին սուրբ Գրիգորիոսին, և նա սեղանի սպասքից վերցնելով գնաց հրին ընդառաջ, ձգեց` ասելով. «Դադարի՛ր, մի անցնիր սրանով»: Եվ այդպես եղավ նրա խոսքով և է մինչև այսօր:
Այսքան սքանչելիքները մեկ կամ երկու տարում են եղել: Նաև այս պատմեմ, քանի որ ամեն տեղ տարածված էր աստվածային [սքանչելիքների] լուրը քաղաքում և շրջակա բնակիչների մեջ` բոլորը բարեպաշտ հավատի փոխադրվեցին և կուռքերի պղծության ու զազրելի զոհերի բագիններից ու մեհյաններից հրաժարվելով ամեն տեղ եկեղեցիներ ու աղոթարաններ վերականգնեցին, և քրիստոնեական խորհուրդը հույժ տարածվեց: Թագավորը լսելով զայրացավ, գրեց իշխանին, որ խափանի եկեղեցիները, և ովքեր Քրիստոսին երկրպագեցին` հարկադրաբար դարձնեն հայրենական պաշտամունքին: Երբ չար և անաստված հրամանը իշխանները տարածեցին հրապարակներում` կամ ուրանալ հավատը և կամ տեսակ-տեսակ չարչարանքներ ու մահվան տանջանքներ կրել, քաղաքներն ու գավառները դատարկվեցին բնակիչներից ու անապատացան:
Այնժամ մեծն Գրիգորիոսը լսեց մարդկային տկարությունը, որ շատ շատերը մահվան դուռն են հասնում, մտածում է փոքր-ինչ տեղի տալ հալածիչներին` փախուստով, ըստ Տիրոջ պատվիրանի: Եվ բռնավորները ձգտում էին, որ բռնեն նրան` որպես քաջ զորավարի: Իսկ նա պաշտամունքի իր սպասավորներով գնաց, բնակվեց անապատում: Ամբարիշտներից մեկը տեսնելով հայտնում է տեղը հալածիչներին, որոնք, մեծ խումբ կազմելով, գնում, շրջապատում են տեղը և հսկում, որ նրանք փախչելու հնար չունենան: Իսկ Գրիգորիոսը ձեռքերը պարզած աղոթում էր սարկավագի հետ, որ առաջ քրմապետն էր: Եվ նրանք դարձան անտեսանելի. ովքեր առաջ նրանց տեսան, այլևս չէին տեսնում: Փնտրեցին ամեն տեղ, և երբ չգտան` զարհուրած փախուստի դիմեցին, գնացին իրենց ճանապարհով: Իսկ հալածիչներին հայտնողը եկավ, ընկավ սրբի առաջ և հանցանքի թողություն խնդրեց, հավատաց Աստծուն ու մկրտվեց: Նա, որ առաջ հալածիչն էր, փախչողներից մեկը դարձավ և օրհնեց Աստծուն: Ու որովհետև հալածանքները երկարեցին, շատ էին կապանքներն ու տանջանարանները, [Գրիգորիոսը] անապատում աղոթում էր նրանց համար ինչպես Մովսեսը Ամաղակի դեմ` Իսրայելի համար:
Երբեմն ըստ սովորության Աստծուն աղոթում էր Սուրբ Հոգով լցված, այնպես որ հայտնի էր դառնում մոտականերին` ձայն էր գալիս նրան Աստծուց, բայց նրանք չէին կարող հասնել տեսիլին ու ձայնին, և դադարեցնելով աղոթքը` [նա], որ մեկուսի էր, գալիս է ժողովրդի մոտ: Եվ պայծառ ձայնով աղոթում էր Աստծուն` հաղթական երգով. «Օրհնյալ է Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամներին» (Սաղմ. ՃԻԳ. 6): Դրանով սքանչացան նրա մոտ եղողները, աղաչում էին արժանի լինել ուսանելու: Ասում է նրանց. «Աղոթքի ժամին ատյանում տեսնում էի Տրովանդիոն անունով մի երիտասարդի, որ մարտնչում էր բանսարկուի ու դառն հալածիչների դեմ: Քաղաքի դահիճները տարան իշխանի առջև և բազում տեսակ-տեսակ տանջանքներից հետո [սուրբը] վկայեց և անապական պսակ հագավ: Եվ լսեցի ձայն, թե հալածանքները դադարելու են»: Սարկավագն ու նրա մոտ եղողները այս լսելով` հիացան ու հավատացին, որ այնքան հեռու լինելով քաղաքից, այդպես ստույգ իմացավ: Սարկավագը մյուսների հետ աղաչում էր նրան, որ հրամայի, գնալ քաղաք ու տեսնել: Եվ նա ասում է. «Կարող է բռնվես, որդյակ»: Իսկ նա ասում է. «Հույսս քո Աստվածն ու աղոթքներն են, որ փրկեն ինձ»: Գալիս են քաղաք, բոլորից լսում են սրբի վկայությունը և նրա անունը, ինչպես ասել էր Աստծու այրը, և այնտեղից վերադարձան հոգնած: Երեկոն իջավ, և քաղաքում բաղնիք կար. ուզեցին գիշերն այնտեղ անցկացնել, ուր դևերն էին: Բաղնիքի մոտ կար մեկը, աղաչում էին նրան բանալ: Եվ սա պատասխանում է նրանց. «Ոչ ոք հնար չունի գիշերով բաղնիք մտնելու, որովհետև արեգակի մարամելուց հետո դևն է գրավել բաղնիքը և սրա մեջ եղած ջրերը: Շատերն անգիտությամբ մտան, և դևն սպանեց նրանց»: Բայց սարկավագը յուրայինների հետ չլսեց և մտավ ներս հանգստանալու: Եվ բազում ճայթյուն էր լսվում. արհավիրք, ողբ, հառաչանք: Եվ [բաղնիքը] հրով ու ծխով լցվեց, և զանազանակերպ գազաններ վխտում էին նրանց մարմինների շուրջը: Իսկ նա Քրիստոսի նշանով կնքեց իրեն ու արհամարհեց դրանց: Առաջին դռնով անցավ, մտավ ավելի ներս. Այնտեղ ավելի ահավոր ու դժնդակ էր դևերի, գազանների երևույթը. շարժում, տատանում էին շենքը, մինչև իսկ տեսան հատակի ճաքելը և ներքևից կայծակներ լցվեցին ջրի ու նրանց վրա: Իսկ նա աղոթքով ու Քրիստոսի կնիքով հալածեց ահեղ երևույթը: Գիշերը հանգստացան, իսկ առավոտյան լողացան և մտածեցին ելնել ու գնալ: Դևը դարձյալ ուզեց արգելել, փակեց դուռը, իսկ նա խաչակնքելով բացեց: Դևերն ասացին. «Թե չլիներ Գրիգորը, որ քեզ Աստծուն հանձնեց, բաղնիքից կենդանի չէիր ելնի»: Սարկավագն ասաց. «Գրիգորիոսը, որ աղոթքով բանտից հանեց ձեր հայր սատանային, որին ես սպասավորում էի, և դարձյալ մտցրեց, նրա աղոթքը կհալածի ձեզ այստեղից»: Եվ այս լուրը տարածվեց ամբողջ աշխարհում: Եվ սարկավագը եկավ, պատմեց սուրբ Գրիգորին:
Նա սիրում էր միշտ աղոթել և քահանաների միջոցով հովվում էր ժողովրդին, որ հավատաց նրան: Եվ երբ հալածանքները դադարեցրեց աղոթքով, այնտեղից իջնում էր քաղաք և ուսուցանում էր բոլորին և հրամայեց կատարել բոլոր սրբերի տոնը, որ նահատակվեցին, և` ուրախանալ հոգեպես և ցնծալ սրբերի հիշատակով:
Որովհետև նրա քահանայության առաջին տարին, որ զանց առանք, պատմում ենք այժմ: Ամբողջ քաղաքում համախմբված մի դևի տոնն էին անում. նրանց միացան և գավառի բնակիչները: Միաձայն աղաղակում էին. «Ո՛վ Զևս, մեզ տեղ տուր և արձակիր»: Այդ իմանալով` մեծն Գրիգորը նրանց հայտնում է. «Ձեզ տեղ կտրվի, որ լսված չէ»: Եվ իսկույն դևերի վրա սաստիկ ահ ընկավ, հրի պես այրում էր նրանց ու նրանց տները, և նրանց տոնը սուգի փոխվեց, և գնացին ապավինեցին Աստծու ծառային: Իսկ նա գնաց նրանց հետ, մտավ ամեն մի տուն, աղոթքով մերժեց սպանող ախտը և բժշկեց նրանց: Եվ հարվածներից խրատված` դարձան քրիստոնյա ու մկրտվեցին: Եվ իմացան, որ դևը չարությամբ կատարեց աղոթքը, որովհետև ուզում էր մարդկանց մահ տարածել քաղաքում, որից փրկվեցին սուրբ Գրիգորի աղոթքով, և մարմնական ախտերից առողջացան հոգով:
Այս կերպ վարվեց Աստծու եկեղեցում, որ նրանով կայացրեց Քրիստոս Աստված: Նախապես գիտնալով իր փոխման մասին` շտապում էր կուռքերի պղծությունից բոլորին փոխադրել փրկական հավատքին: Որոնեց, թե կա՞ մարդ, որ հավատքից դուրս է մնացել, գտավ տասնյոթից ոչ ավելի մարդ, սաստիկ տրտմեց, Աստծու առջև ընկած խնդրում էր նրանց դարձը, որ եկեղեցում իրեն փոխարինողը նրա հոտի մեջ կռապաշտ չտեսնի: Այդ ժամանակ ևս Տերը լսեց նրան, և նրանց սրտերը զղջացին, եղան նրա վարդապետության ունկնդիր, դարձան ուղիղ հավատի: Այս է Աստծու այրի կյանքը և Աստծու մոտ փոխադրվելը: Եվ քանի որ այս աշխարհում տուն ու տեղ չունեցավ, նաև մահվանից հետո չստացավ թաղման տեղ, այնքան որ ասում էին, թե Գրիգորը ո՛չ կենդանությանը, ո՛չ մահանալիս տեղի մասին չհոգաց, այլ ինչպես կյանքն անցկացրեց պանդխտության մեջ, նույնպեսև օտարների ձեռքով թաղվելով պանդուխտ եղավ, իր կյանքում հրաժարվեց ունեցվածքից ու տնից, նաև թաղմանը` զարդից ու տեղից:
Յուրաքանչյուրը կզարմանա հանդիպելով այս բանին, բայց ոչ ոք թող կասկածի չենթարկի սքանչելիքներն ու վարքը, քանի որ շատ հեռու է ստությունից և լի է ճշմարտությամբ: Նա այլ նշաններ ևս ցույց տվեց, որ մինչև օրս երևում և պատմվում են, որ թողինք, որպեսզի անհավատները հնարովի չհամարեն: Քանի որ շատ զարմանալի բաներ ցույց տվեց և նահատակվեց գերազանց առաքինությամբ: Նաև բազում ճառեր շարադրեց ուղղափառ հավատի ու վարքի վերաբերյալ: Այսպիսին եղավ այս կյանքում և հեռանալով սրբերի մեջ` գնաց մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ, որին փառք հավիտյանս. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.