Սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքը նախանձի մասին

Սուրբ  Հովհան Ոսկեբերանի խոսքը նախանձի մասին | Surb  Hovhan Oskeberani Khosqy Nakhandzi Masin

Հատված Սուրբ Հովհան Ոսկեբերանի Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի մեկնության XXIV ճառից:

Վտանգավոր է, չափազանց վտանգավոր է նախանձը: Այն ստիպում է անտեսել նույնիսկ սեփական փրկությունը: Այդպես կործանեց իրեն Կայենը, իսկ մինչև Կայենը` սատանան, ով կործանել էր նրա հորը (Ադամին): Այդպես Սավուղը չար ոգուն դեպի սեփական հոգին ձգեց, և, ձգելով, կրկին նախանձեց իրեն բժշկողին: Արդ, այսպիսին է նախանձի հատկությունը: Սավուղը գիտեր, որ փրկվել էր Դավթի շնորհիվ, սակայն առավել ցանկացավ մահանալ, քան իր փրկչին փառավորված տեսնել: Ինչը կարող է լինել առավել անգութ, քան այս կիրքը: Չենք սխալվի, եթե այն սատանայի ծնունդ անվանենք: Դրա մեջ ոչ միայն սնափառության պտուղն է, այլև հենց արմատը: Սովորաբար այս երկու արատները փոխադարձաբար ծնում են մեկը մյուսին: Այդպես, Սավուղն արդեն նախանձում էր, երբ ասում էին. «Սավուղը հազար մարդ սպանեց, իսկ Դավիթը բյուր մարդկանց սպանեց» (Ա Թագ. 18:7): Ի՞նչը կարող է դրանից առավել անմիտ լինել: Իրապես, ասա ինձ, ի՞նչին ես դու նախանձում: Այն բանին, որ մեկը գովերգեց մյուսի՞ն: Սակայն դրա համար պետք էր առավել ուրախանալ, իսկ գուցե չգիտես, արդյոք արդարացի՞ է գովքը թե ոչ: Եվ տրտմել ես այն պատճառով, որ գովաբանել են նրան, ով արժանի չէր գովքի: Բայց դու պետք է առավել խղճայիր նրան: Եթե նա բարի մարդ է, ապա ոչ-ոք չի նախանձում գովաբանվողին, այլ նա նույնպես գովերգողների հետ գովում է: Իսկ եթե այդպիսինը չէ, ինչու՞ ես տխրում: Ինչու՞ ես սուրը ուղղում ինքդ քո վրա: Այն պատճառով, որ նրանով ապշա՞ծ են մարդիկ: Սակայն նրանք այսօր ողջ են, իսկ վաղը չեն լինի: Թե այն պատճառով, որ նա վայելում է փառքը: Իսկ ինչպիսի՞ փառք, ասա ինձ: Ո՞չ այն փառքը, որի մասին խոսում է մարգարեն, որ այն «խոտածածկ է» (Ես. 40:6):

Ուրեմն, արդյո՞ք այն բանին չես նախանձում, որ դու, նրա պես, ծանրաբեռնված չես և նմանատիպ «խոտածածկ» չես կրում: Եթե այդ պատճառով նրան քեզ համար մրցակցության արժանի ես համարում, ապա ինչու՞ քո մրցակցությանն արժանի չեն փայտահատները, որոնք ամենօր կրում են ծանրություններ և դրանցով քաղաք են մտնում: Նրա բեռը սրանից լավը չէ, այլ առավել վատը: Սա միայն մարմինն է տանջում, իսկ այն մեկը հաճախ վնասում է հոգուն և բերում է առավել մեծ տրտմություն, քան հաճույք: Եթե նա հռչակված է իր խոսքի պարգևով, ապա նա առավել շատ նախանձի առարկա է, քան գովքի, ընդ որում, նրա գովքը կարճաժամկետ է, իսկ նախանձը` անսպառ: Սակայն նա հարգա՞նք ունի վերադասի մոտ: Այստեղ կրկին նախանձ կա և վտանգ. ինչպես դու ես նրա հանդեպ նախանձ զգում, այնպես և շատ ուրիշները: Սակայն նրան անընդհատ գովաբանու՞մ են: Դա նրա համար դառը ստրկություն է հանդիսանում: Իրապես, նա չի հանդգնի սեփական կամքով որևէ բան անել առանց վախի, որպեսզի չվիրավորի իրեն գովերգողներին: Հանրաճանաչությունը որպես ծանր շղթաներ է ծառայում իրեն: Այդպիսով, որչափ հռչակավոր է նա, այդչափ տիրակալներ ունի իր վրա, այդչափ ստրկությունը ծանրանում է իր վրա, քանի որ շուրջ բոլորը իր տերերին է տեսնում: Եվ ծառան, երբ իր տիրոջ աչքերից հեռու է, հանգստանում է և վայելում է կատարյալ ազատությունը, իսկ անվանի մարդն ամենուրեք իր տիրակալներին է հանդիպում: Նա ստրուկն է յուրաքանչյուրի, ով կհայտնվի ժողովատեղիում:  Թեպետ և ծայրահեղ կարիքի դեպքում նա չի հանդգնում ժողովատեղի մտնել առանց ծառաների ուղեկցության, առանց նժույգի և շքեղության այլ նշանների, որպեսզի իր տիրակալների քննադատությանը չարժանանա: Եթե նույնիսկ իր ճշմարիտ ընկերոջը տեսնի, չի համարձակվում նրա հետ որպես հավասարի զրուցել` վախենալով իր տիրակալներից, որպեսզի նրանք իր փառքի բարձրունքից ցած չգցեն նրան: Այդպիսով, որքան նա փառավորված է, այդքան նա ստրկացած է: Եթե ​​նա որևէ տհաճություն է կրում, ապա վիրավորանքն այնքան ավելի զգալի է նրա համար,  որքան առավել շատ են ականատեսները, և որքան ավելի անհարիր է այդ վիրավորանքը թվում իր արժանապատվությանը: Այսօրինակ պատահածը նրա համար ոչ միայն վիրավորանք է, այլև դժբախտություն: Շատերն ուրախանում են իր դժբախտությամբ: Հավասարապես, երբ նա որևէ բարիք է վայելում, շատերը նրան ատում են, նախանձում են նրան և փորձում են տապալել: Այսպիսով, ասա ինձ, մի՞թե սա բարիք է: Մի՞թե սա փառք է: Ոչ, ընդհակառակը, անփառունակություն, ստրկություն, շղթաներ և ամեն բան, որ կարելի է տաժանակիր անվանել: Եթե քեզ համար այս ամենով հանդերձ մարդկային փառքը ցանկալի է, և յուրաքանչյուրը, ով ամբոխի հիացմունքին է արժանանում, քեզ անհանգստություն է պատճառում, ապա, հենց որ տեսնես, որ ինչ-որ մեկը ծափահարությունների է արժանացել, մտքով տեղափոխվիր գալիք աշխարհ և պատկերացրու հավիտենական փառքը։ Եվ ինչպես շտապելով փախչել քեզ վրա հարձակված գազանից, դու, մտնելով բնակավայր, կողպում ես դռները, այդպես էլ հիմա փախիր դեպի գալիք աշխարհ և դեպի նրա անճառելի փառքը: Այդպիսով, դու հեշտությամբ կվանես ժամանակավոր փառքը և կստանաս հավիտենականը, կվայելես ճշմարիտ ազատությունը և հավիտենական բարիքները, որոնց թող արժանանանք մենք բոլորս, շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Որին Հոր և Սուրբ Հոգու հետ միասին բայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից: Ամեն

 

Ռուսերենից թարգմանեց ` Հրաչ Պետրոսյան

Աղբյուր` Иоанн Златоуст. Полное собрание сочинений. [В 12 томах]. Том Х. Москва: Эксмо, 2017, стр. 640-641

25.07.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․