Սուրբ Մամասի վկայաբանությունը

Ավրեղիանոս կայսեր ժամանակ, երբ ծաղկել էր կուռքերի մոլորությունը, մի պատանի, որի անունը Մամաս էր, հրաժարվելով բազմամբոխ քաղաքներից, լեռներում էր բնակություն հաստատել, մանկուց աղոթել, օրհներգել և պահք էր պահել, միայն մրգով հոգացել մարմնի կարիքները: Եվ ամեն ջանք գործադրում էր, որ բարեպաշտ հավատով և առաքինությամբ շարժվի: [Նա] լի էր իմաստությամբ և բարի խորհուրդներով և անպակաս աստվածային գրքերի ընթերցումից: Նաև զարմանալի ձայն ուներ, որ բազմաբարբառ քնարի պես հաճելի էր ամենքին, ինչպես Դավիթը, որովհետև սաղմոսելիս հալածում էր չարության ոգին և մարմնական ցավը խաղաղեցնում: Եվ երկրի վրա անմարմնականի պես էր, երկնային կրոնով էր շարժվում:

Մի անգամ աստվածային մի տեսիլք հայտնվեց. մի ձայն էր լսում, որ ասում էր իրեն. «Պատերազմի ժամանակը, խաղաղության ժամանակը, առժամանակյան արհամարհելու ժամանակը և հավիտենական կյանքից ամուր բռնվելու ժամանակն է»: Եվ նա, այդ լսելով, ամուր կերպով հաստատվեց իր մտքին, մահվան երկյուղը դուրս վանեց և այդուհետ, առանց վախենալու, երևում էր բոլորին [և այլևս չէր թաքնվում]:

Եվ նրան ու վայրի կենդանիներին, որ ձեռնասուն էր դարձրել, տեսան հեթանոս հովիվները, որ լեռներում էին, իջան քաղաք և պատմեցին բոլորին: Եվ շատերը բարձրանում էին նրա մոտ և տեսնում սքանչելիքները. [երեներին], որ ասես մի ամրոցում` ապաստանում էին այնտեղ, մանավանդ եղջերուներին եղնիկների հետ, որ նրա մոտ իջևանել էին` նախ այնտեղ եղած աղբյուրների համար, նաև գազաններից փախչելով, որոնց նա բազում անգամ ընտանի դարձնելով` կրթում էր, այնքան, որ նրա հարկի շուրջն էին ձագ ունենում:

Հասավ համբավը պիղծ հեթանոսներին և խիստ խոցեց նրանց լսելիքները, որովհետև նրա վարդապետությամբ [շատերը] դառնում էին դեպի ճշմարիտ Աստված, ինչին չհամբերեցին կուռքերի պաշտոնյաները, գնացին իշխանի մոտ և ասացին. «Ինչ որ կախարդ կա լեռներում, որ կախարդում է եղջերուներին և շատերին հիմարացնելով մոլորեցնում և ասում` «Չկան աստվածներ, որ ստեղծել են ամենը, այլ միակ Տեր Հիսուս Քրիստոսն է Աստված, և ամեն բան ստեղծել է Նա, որի մասին հրեաներն ասում են թե` «Մոլորեցուցիչ է»,- ինչի համար Նրան խաչեցին»: Եվ այս լսելով` Աղեքսանդրոս իշխանը հրամայեց շտապ բռնել Մամասին և բերել: Եվ գնալով` դահիճները գտան նրան աղոթելիս ու հոգևոր երգեր երգելիս և զարմանալով նրա սքանչելի տեսքից` չէին համարձակվում նրա հանդեպ բռնություն գործել, այլ աղերսական խոսքերով աղաչում էին նրան, որ տանեն իշխանի մոտ: Եվ նա ուրախությամբ համաձայնեց գնալ, եթե միայն [թողնեն, որ] կատարի օտարասիրության, [հյուրասիրության] գործը: Եվ նույն պահին նրանց առաջ մրգեր դրեց ու եղնիկի պանիր, և նրանք, ուտելով ու ըմպելով, նրա հետ ճանապարհ ընկան:

Եվ գալով իշխանի մոտ` առջևը կանգնեցրին երանելի Մամասին: Եվ իշխանն ասում է նրան. «Ի՞նչ գործի ես, մինչև տանջանքները խոստովանիր խաբեություններդ»: Մամասն ասում է. «Ես Քրիստոս ունեմ, ո՛չ կախարդ եմ, և ո՛չ խաբեբա, որ կուռքերի պաշտոնյաներ են: Իսկ մեզ Քրիստոս ամեն ինչից փրկեց առ Ինքն ունեցած մեր հավատի համար, ամեն ինչ հնազանդեցրեց մեզ` ցամաքայիններին և ջրայիններին, ընտանիներին և վայրիներին, և կախարդության մասին լսելիս` անգամ գարշում ենք»: Դատավորն ասում է. «Մի՛ խաբիր ամբոխին բազում խոսքերով, այլ մինչ տանջանքներն ասա՛` ինչե՞ր էիր գործում»: Մամասն ասում է. «Ուզում ես սպառնալիքներով զարհուրեցնել ինձ, մինչդեռ իմ միակ ձգտումը ճշմարտությունն ասելն է, որովհետև սուտը մերժված է Աստծու ծառաների կողմից: Այժմ ականջալուր եղիր մեր հավատքին. եթե կամենաս հավատալ` կշահես այս կյանքը և հանդերձյալը: Մենք խոստովանում ենք մի Աստված, որ ամեն բան ստեղծեց, և որովհետև բարի է` երևաց [մեզ] մարմնով համապատիվ աստվածությամբ, որին թողնելով` մարդիկ փայտերն ու քարերը պաշտեցին: Դրանցից փրկվածներիս բարեպաշտության բերեց, նաև մեզ ցույց տվեց, թե ապրողներն ի՛նչպես են հաճո լինում Աստծուն, և որ միայն Նրան է պարտ երկրպագել»: Դատավորն ասում է. «Ինչո՞ւ Խաչվածն սպանվեց իբրև կախարդ»: Մամասն ասում է. «Կախարդության համար չէր, այլ մարդասիրության, որովհետև Նրա պարտքն էր մեզ չարչարակից լինել և ցույց տալ հարությունն ու դեպի երկինք ճանապարհը, նաև այն, որ մյուս անգամ գալու է ողջերին և մեռյալներին դատելու»: Դատավորն ասում է. «Ինչո՞ւ ես երկարաբանում` ինքդ քեզ խաբելով. եթէ Աստված էր Նա առանց անարգությա՞ն հարություն տվեց մեռելներին, միայն խոսքով, և ոչ մարմնով: Այդ ամենը թողնելով` զո՛հ մատուցիր աստվածներին, և կախարդությանդ թողությունը կտանք քեզ, պաշտի՛ր և երկրպագի՛ր արեգակին` առանց որի գոյություն չկա»: Մամասն ասում է. «Ճիշտ չէ երկրպագել արեգակին, որ մեզ համար է երկրի շուրջը պտտվում»: Դատավորն ասում է. «Երկնքին զոհ մատուցիր, որ ամեն բան իր մեջ է կրում»: Մամասն ասում է. «Այն ստեղծածն է Աստծու, որին կենդանի զոհ է պետք մատուցել մեր անձերը»: Դատավորն ասում է. «Մի՛ ստիպիր, որ տարբեր չարչարանքները քեզ մերձենան, այլ շտապ զոհ մատուցիր աստվածներին, որոնց նաև ինքնակալն է զոհ մատուցում, այլապես անտանելի չարիքների կհանդիպես և կզղջաս տանջանքներից հետո»: Մամասն ասաց. «Եթե իմաստությամբ համոզեիր ինձ, մի՞թե կպատասխանեի հարցումներիդ, բայց եթե անմտությամբ բռնություն կիրառես` կհաղթվես ճշմարիտ խոսքով: Արա՛ ինչ որ կամենում ես. ո՛չ ամբարիշտ թագավորներին կհնազանդվեմ, ո՛չ ժանտ օրենքներին հավանություն կտամ, և ո՛չ զոհ կմատուցեմ պիղծ և գարշելի կուռքերին»: Դատավորն ասում է. «Ընդունի՛ր պարգևները թագավորի, որ քեզ պատիվ, փրկություն ու մեծություն է շնորհում, և մեզ ընկերակցիր»: Մամասն ասում է. «Դա է, որ մենք արհամարհեցինք, իսկ ձեզ դա մոլորեցնում է և ստիպում ապստամբել Աստծու դեմ և ընկնել իբրև առաքինության խափանիչ և փրկության արգելիչ: Եվ եթե դուք դրանով ձեզ բախտավոր եք համարում, մահվանից հետո ուրիշ ոչինչ չեք ունենալու` բացի թշվառությունից»: Եվ դատավորն անսպառ բարկությամբ լցվեց, հրամայեց կախել նրան և քերել այնքան` մինչև բրիչներն աղիքներին հասնեն: Եվ մունետիկն աղաղակում էր. «Պետք է տանջել դրան, որ չկամեցավ զոհ մատուցել աստվածներին»: Դատավորն ասաց նրան. «Զո՛հ մատուցիր, թշվառակա՛ն, որ հոգուցդ էլ չզրկվես»: Մամասը պատասխանեց. «Հավատա՛ ինձ, ո՛վ դատավոր, որ թերևս դու կտանջես բարկությամբ լեցուն հոգիդ, իսկ ինձ ամենևին ցավը չի մերձենա, կվանվի ինձնից հեռու` իմ մարդասեր Աստծու միջոցով, որին օրհնում եմ հոգով և փառավորում ամբողջ ուժով, որ ինձ` տառապյալիս, արժանի արեց հանուն Իրեն այս չարչարանքները կրելու»: Դատավորն ասաց. «Բոլորը պարզորոշ տեսան, որ դու կախարդ ես, որի համար [քեզ] կզրկեմ քաղցր կյանքից»: Եվ ասաց դահիճներին. «Մինչև ներքին անդամները հասցրեք քերիչները և ձեռքերը երկաթով պրկեք»: Եվ նրանք հրամանը լսելով` տեղահան էին անում ու խախտում հոդերը և կողերը քերում փշամազ քուրձով և աղով, որ աղը, վերքերին հասնելով, ավելի մորմոքի տանջանքները: Իսկ երանելին խոսեց ի լուր ամբողջ հասարակ ժողովրդին. «Օրհնյա՜լ ես, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, որ տանջանքի ոչ մի զգացում չտվեցիր ինձ»: Եվ այս լսելով` դատավորը բարկությամբ գրգռվեց և հրամայեց հաջորդ օրը սրբին գազանների մոտ նետել: Մամասն ասաց. «Գազաններն ինձ վայրի չերևացին ինչպես ձեզ»: Դատավորն ասաց. «Ա՜յ թշվառական, հույսդ կախարդության վրա ես դրել. ես կվերացնեմ քո զորությունները»: Եվ մյուս օրը` վաղ առավոտյան, գնաց ասպարեզ: Այնտեղ հավաքվել էին բազում հրեաներ և հեթանոսներ: Եվ երբ սրբին կապված բերեցին, նրա վրա բաց թողեցին մի ամեհի արջ, որ բազում մարդկանց էր սպանել, սակայն սրբին մոտենալով` ակնածելով աստվածեղեն դեմքից` վերադարձավ-գնաց դեպի վանդակը: Բաց թողեցին մի ընձառյուծ: Սա հեզիկ մոտենալով սրբին` վերքերը լիզեց, սրբեց ասես սպունգով, և ավարտելով` նույնպես գնաց դեպի վանդակը: Դատավորը կատաղում էր, իսկ հավաքված ամբոխն աղմկում էր, որ առյուծ բաց թողնեն վրան: Եվ երբ արձակեցին, դուրս եկավ առյուծը մռնչալով և սրբին թողնելով` դիմեց դեպի ամբոխը: Դատավորն, այս տեսնելով, ավելի էր զայրանում և խորհում էր, թե ինչ մահով սպանի սրբին: Մամասն ասաց. «Աստվածատյաց և մարդատյաց և ամենայն արդարության թշնամի, ինչո՞ւ ես հապաղում. քո հայր սատանայի հրամանները կիրառի՛ր իմ դեմ»: Այս լսելով` դատավորը հրամայեց գազան վարժեցնողներին, որ ամբոխին գրգռեն` քարկոծելու սրբին: Եվ բազմությունն ատամները կրճտացնելով քարեր էր նետում Աստծու սրբի վրա, իսկ նա, աչքերը երկնքին հառած, փառավորում էր Աստծուն: Եվ քարկոծվելով մեկ ժամ շարունակ աղոթեց, ավարտեց խոսքը և ասաց` Ամեն: Եվ երկնքին նայելով` սուրբ Մամասը հոգին ավանդեց Աստծու ձեռքը` բարի խոստովանությամբ առ Հայր և Որդի և Սուրբ Հոգի, որին փառք հավիտյանս:

 

Սուրբ Մամասի ուրիշ վկայաբանություն

Ավրեղիանոս ամբարիշտ արքայի ժամանակներում Պափղագոնացիների գավառի Գանգրյա քաղաքում Թեոդոտոն անունով մի քրիստոնյա մարդ էր ապրում իր բարեպաշտ կնոջ հետ, որի անունը Ռուփինա էր: Եվ որովհետև զոհ չմատուցեցին կուռքերին և չուրացան Քրիստոսին, քաղաքի իշխանը նրանց կապանքներով Կեսարիա առաքեց` Աղեքսանդրոս դատավորի մոտ: [Իսկ] Ռուփինան այդ ժամանակ հղի էր:

Եվ դատավորը հարցերով քննեց նրանց, իսկ նրանք համարձակությամբ խոստովանեցին Քրիստոսի անունը: Եվ հրամայեց բանտ գցել նրանց: Երանելի Թեոդոտոնը բանտում հիվանդացավ և վախճանվեց բարի խոստովանությամբ:

Բարեպաշտ Ռուփինայի հղության օրերը լրացան, և բանտում մի արու մանուկ ծնեց, իսկ ինքը վախճանվեց ուղիղ դավանությամբ: Եվ դուրս հանելով` թաղեցին նրան իր ամուսնու մոտ: Եվ մի քրիստոնյա կին` Մատրոնիա անվամբ, հրեշտակի հրամանով մանկանը վերցրեց բանտից և սնեց քրիստոնեական հավատով: Եվ երբ երեխան մեկ տարեկան դարձավ, Մատրոնիան գրկած համբուրեց նրան և տղային ձայն տալով` ասաց. «Մամա»: Եվ մկրտության ժամանակ նրան անվանեցին Մամաս: Եվ երբ մեծացավ մանուկը, [կինը] նրան դպրոց տվեց, [երեխան] գիր սովորեց: Եվ Մամասը դպրոցակից մանուկներին ուսուցանում էր հեռու մնալ սնոտի կռապաշտությունից և հավատալ կենդանի Աստծուն, որ երկնքում է:

Դիմիկրատոն իշխանն իմանալով` կանչեց Մամասին և հարցրեց, թե արդյոք քրիստոնյա՞ է: Նա ընդամենը տասնմեկ տարեկան էր, բայց հայտնապես խոստովանեց Քրիստոսին: Իշխանը նրան առաքեց Եդեսիայի Արիոս դատավորի մոտ: Դահիճները երանելիին ձաղկեցին և մարմինը հրով այրեցին: Տարան ծովի մոտ և պարանոցից ծանր կապար կախեցին և կամեցան ծովը գցել: Բայց Տիրոջ հրեշտակը Մամասին փախցրեց դահիճների մոտից և բարձրացրեց Կեսարիայի մերձակա լեռը: Այնտեղ քառասուն օր աղոթեց, և երկնքից նրան գավազան երևաց, և մի ձայն լսվեց, որ ասում էր. «Վերցրու գավազանը, և ինչ որ խնդրես Աստծուց` կտա»:

Գավազանը վերցնելով հարվածեց գետնին և իր առջև մի Ավետարան տեսավ, վերցրեց, համբուրեց և այդտեղ մի Սեղան պատրաստեց: Եվ նրա մոտ հավաքվեցին երեները, և երբ ընթերցում էր Ավետարանը, բոլոր կենդանիները երկրպագում էին:

[Եվ մի օր] նրա մոտ եկավ մի առյուծ և երկրպագեց նրան: Եվ երանելի Մամասը առյուծին ասաց. «Ասպարեզում քեզ ինձ վրա են բաց թողնելու»:

Սրբին մատնեցին Աղեքսանդրոս դատավորին, ասելով` թե կախարդ է և մոգությամբ իր մոտ է հավաքում կենդանիներին: Եվ դատավորը հրամայեց սարից իջեցնել նրան: Երբ նրան տարան դատավորի մոտ, ուժգին ծեծեցին և բանտ նետեցին: Եվ մի աղավնի նրան կերակուր էր բերում, իսկ նա տալիս էր նաև ուրիշ բանտարկյալների: Եվ ապա սուրբ Մամասին գցեցին հնոցի հրի մեջ, բայց հուրը նրան չմերձեցավ, որովհետև հրեշտակները երևացին հնոցում և նրան հանեցին կրակի միջից: Նրա վրա արջ բաց թողեցին և մի ահավոր մատակ առյուծ. հենց այն առյուծին, որ գնացել էր սրբի մոտ, երբ նա լեռան վրա էր: Առյուծը տեսնելով` ճանաչեց երանելիին և մոտենալով երկրպագեց նրան և խոսեց մարդկային լեզվով և կշտամբեց դատավորի ամբարշտությունը և կռապաշտներից շատերին կոտորեց և վերադարձավ իր տեղը: Եվ դատավորի հրամանով բազում ամբարիշտներ հավաքվեցին սրբի վերևում` նրան քարկոծելու համար, իսկ մի ըմբիշ եռակողմ սուսերով հարվածեց սրբին: Երանելին Կեսարիա քաղաքից դուրս եկավ երկու ասպարեզի չափ, իսկ արյունը նրա մարմնից հոսում էր որպես աղբյուրից: Եվ բարձրանալով մի վեմի վրա նա օրհնեց Աստծուն: Նույն պահին ձայն եղավ Տիրոջից և երկնային արքայության կանչեց նրան: Եվ այդպես ավանդեց հոգին…1 Քրիստոսի սուրբ վկա Մամասը վախճանվեց սեպտեմբերի երկուսին:

 

1 Այստեղ բնագիրը թերի է մնում:

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

14.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․