26 Նոյեմբեր, Գշ
Պարսից Որմիզդ արքայի ժամանակներում նրա բանակում ամենայն առաքինություններով և սուրբ վարքով զարդարուն մի մարդ կար, որի անունն էր Մելես: Նախ նա գաղտնի էր պահում քրիստոնեական հավատը, իսկ հետո հրաժարվեց զինվորությունից և աշխարհիկ կենցաղից, տրվեց միանձնության և անապատում էր բնակվում` պահքով և աղոթքով, տքնությամբ և արտասուքով և գետնամած անկողնով և գիշեր ու ցերեկ իր անձի փրկության համար աղաչում էր Աստծուն: Դրանից հետո գնաց Մելեպոլիս, ուր Դանիել մարգարեն տեսիլն էր տեսել, և երկրի բնակիչների կողմից սպասավորության կանչվելով` Բիթբաղակ քաղաքում եպիսկոպոս ձեռնադրվեց Բիթբաղաթ եպիսկոպոսի կողմից: Եվ երբ գնաց այնտեղ, նրան չընդունեցին այն քաղաքի բնակիչները, որ արեգակն էին պաշտում: Եվ այնտեղից հալածվելով` նա անիծեց քաղաքը, բայց ոչ թե իրեն հալածելու համար, այլ որ չընդունեցին իր ավետարանական քարոզությունը և Քրիստոսի հավատը: Եվ քիչ օրեր անց Պարսից թագավորը բարկացավ բնակիչների վրա և հրամայեց այրել նրանց քաղաքը և զորք ու երեք հարյուր փիղ ուղարկեց` հիմնահատակ ավերելու:
Իսկ երանելի Մելես եպիսկոպոսը, հետը չվերցնելով ոչինչ բացի մի Ավետարանից և գավազանից, գնաց Երուսաղեմ, այնտեղից Աղեքսանդրիա քաղաք և Եգիպտոս և տեսավ Անտոնիոս (Անտոն) Մեծ անապատականին: [Այնտեղից] երանելի Անտոնի հրամանով մեկնեց Պարսկաստան: Եվ ճանապարհին, մինչ գնում էր մի անապատով, օթևանեց մի քարայրում, ուր բնակվում էր մի միայնակյաց անապատական: Իսկ այնտեղ մի վիշապ էր որջ դրել: Երանելի եպիսկոպոսը աղոթքով սատկեցրեց դրան և նույն պահին շտապ մորթեց վիշապին: Եվ անապատական միայնակյացն ասաց. «Երկար ժամանակ է, ինչ միասին բնակվում ենք այս այրում` ես և գազանն այդ, և երբեք չվնասեց ինձ»: Եվ երանելի Մելեսն ասաց նրան. «Աստված թշնամություն դրեց դրա և մարդու միջև, և հարկ չկար բնակվելու քո թշնամու հետ»: Եվ նրան տեղափոխեց այնտեղից, իսկ ինքը եկավ-հասավ երանելի սքանչելագործ Հակոբ եպիսկոպոսի մոտ: Եվ սուրբ Հակոբը մարգարեանալով նրա մասին, ասաց` «Մարտիրոսությամբ ես վախճանվելու»: Եվ սուրբ Հակոբին տեսավ եկեղեցի շինելիս, որովհետև նախորդը փոքր էր, և հավատացյալների շատանալուն զուգընթաց` խորհել էր մեծացնել Աստծու տաճարը, ինչպես և սուրբ հրեշտակի միջոցով հրաման էր ստացել Տիրոջից: Եվ որովհետև Մելեսը հետը ոչինչ չուներ, բացի Ավետարանից [ու գավազանից], պարտքով երեք հարյուր դենար վերցրեց վաճառականներից, որ իր երկրից էին, և տվեց որպես օգնություն եկեղեցու կառուցման համար:
Իսկ դրանից հետո գնաց սուրբ Մարուգեի մոտ` նրա վանքը, որ ողջունի նրան և եղբայրներին և վերադառնա իր աթոռը: Եվ երբ սուրբն այնտեղ հասավ, հավաքվեցին բոլոր եղբայրները և ողջունեցին միմյանց: Ու երբ ողջունեցին իրար, սուրբ Մարուգեն ասաց. «Ո՛վ մարդ Աստծու, որ մարդկանց երբեք երեսպաշտություն չես անում, ահա կգնաս Արևելքի երկիրն ու այնտեղ [կհանդիպես] Փիլիպպոսին, որ իր չարիքներով ինքնիրեն պատրիարք է դարձրել: Նա սիրով չի ընդունի քո խրատները, և դու կհանդիմանես նրան ու կնզովես չարաչար, և նրա մի կողմը կչորանա»: Այն ժամանակ սուրբ Մելեսը պատասխան տվեց և ասաց. «Ողջո՛ւյն քեզ, հոգևո՛ր ծեր, որ տեսել ես անիծյալ օձին ու նրա ծնունդ[ներին], ինչպես և նրա սատակումն ու նրանից ծնվածների կորուստը»: Այն ժամանակ սուրբ Մարուգեն ասաց. «Ո՞րտեղից իմացար, եղբա՛յր, որ ես այդ տեսել եմ»: Սուրբ Մելեսն ասաց. «Նա, որ հայտնեց իմը քեզ, հայտնեց և քոնն ինձ»: Սուրբ Մարուգեն ասաց նրան. «Երանի՜ քեզ, եղբա՛յր իմ Մելես, որովհետև մոտեցել է քո մարտիրոսության ժամանակը. ինչպես Պողոսը, որին վախճանի հասցրեց ամբարիշտ Ներոնը, նույն կերպ և դու կհանդիմանես անօրեններին և կվկայես քո Տիրոջ համար և փառքի պսակ կստանաս»: Եվ երկու օր մնալով մեզ հետ` հրաժեշտ տվեց ծերին և ընդհանրապես բոլոր եղբայրներին, և նրան ճանապարհեցինք վանքից դուրս: Եվ ասաց մեզ. «Աղոթեցե՛ք, որ արժանի լինենք միմյանց հանդիպելու Աստծու առջև, որովհետև այս կյանքում մեզ վիճակված չէ իրար տեսնել»:
Եվ իջնելով դեպի Տիքսիփոն, որ Տիսփոնն է, հանդիպեց եպիսկոպոսների բազմության. վիճում էին եպիսկոպոսապետի հետ: Եվ սուրբ Մելեսը տեսավ, որ եպիսկոպոսապետն անիրավությամբ և ամբարտավանությամբ էր վիճում իր եպիսկոպոսների հետ: Եվ սուրբ Մելեսը գրով ու աստվածային վարդապետությամբ հանդիմանեց նրան: Եվ այսպես կոչված եպիսկոպոսապետն ասում է Մելեսին. «Ո՛վ հիմար, դու ուսուցանում ես ինձ, ինչ որ գիտեմ»:
Եվ բանալով Ավետարանը` երանելի Մելեսն ասում է. «Սա է սովորեցնում, և ոչ ես»: Իսկ այն եպիսկոպոսապետը, ձեռքը դնելով Ավետարանի վրա, ասաց. «Ավետարա՛ն, ասա՛ մեզ` ինչ որ ասելու ես»: Իսկ երանելի Մելեսը համբուրեց Ավետարանը, դրեց իր տոպրակն ու ասաց եպիսկոպոսին. «Քանի որ անարգել ես քո Տիրոջ խոսքը, քո դատը Աստված կանի»: Այնժամ մեծ որոտ եղավ, և կայծակ եղավ հրացայտ փայլատակմամբ և ընկավ նրա վրա, և չորացավ նրա աջ կողմը:
[Հետո], երբ երանելին անցնում էր քաղաքի միջով, բազում հիվանդների բժշկեց աղոթքով, և շատերը հավատացին Քրիստոսին և քրիստոնյա դարձան, իսկ մեկին, որ հակառակվում էր խոսքով` բորոտ դարձրեց: [Ապա] հասավ մի անասելի խոր գետի և Տիրոջ Խաչի նշանով գետի ջրերի խոնավության վրայով անցավ հողաթափերով` որպես ցամաքով և գնաց Մեղեկերտ քաղաքն ու մարդկանց արգելեց արեգակին երկրպագել և զոհ մատուցել կրակին: Իսկ այդ քաղաքի իշխանը, որի անունը Միստոփարես էր, լսեց նրա մասին և խիստ բարկանալով` հրամայեց նրան [իր մոտ] բերել: Գալով բռնեցին նրան և ոտքերին ու ձեռքերին կապանքներ դնելով` տարան իշխանի մոտ: Եվ բարկացած իշխանը, տեղից ելնելով, իր սուսերով զարկեց սուրբ եպիսկոպոսի կրծքին: Նույն պահին նաև իշխանի Իբաս եղբայրը սուսերով խոցեց նրա սիրտը: Եվ երանելին նրանց ասաց. «Վաղը և եթ դուք սատկելու եք միմյանց ձեռքից»: Եվ այնպես եղավ, ինչպես ասել էր երանելին: Հաջորդ օրը երկուսը երիվար էին հեծնել` որս անելու, և մի այծյամ երևաց նրանց առջև: Եվ մեկն ընթացավ այծյամի մի կողը, իսկ մյուսը` մի, և լարելով աղեղները` նետեր արձակեցին, բայց այծյամին ոչ մի վնաս չեղավ, մինչդեռ [նրանք], իրար խփելով, սատկեցին ու երիվարներից ընկնելով` դաժան մահով մեռան: Եվ նրանց վրա կատարվեց մարգարեի խոսքը, որ ասում է. «Նրանց սրերը կմտնեն նրանց սրտերը, և նրանց աղեղները կփշրվեն» (Սաղմ. ԼԶ. 15):
Իսկ սուրբ Մելեսին իր աշակերտները մեծ պատվով թաղեցին, և սուրբն ստացավ անթառամ ու անապական պսակը, Մարուգեի խոսքին համապատասխան, որ առաջ մարգարեացավ:
Իսկ սրբի եղբայր Ներսեսին և երկուսի աշակերտներ` քահանա Եբբորին և սարկավագ Շինուին քարկոծեցին, և նրանք բարի խոստովանությամբ վախճանվեցին: Եվ մի քանի հավատացյալներ նրանց նշխարները դրեցին Մեղկանա քաղաքում, ուր բազում նշխարներ կան, և այլևս թշնամիները չհարձակվեցին այս քաղաքի և գավառի վրա:
Սուրբ եպիսկոպոսը վախճանվեց նոյեմբեր ամսի տասներկուսին: Նա է, որ հիշատակում են Մծբինի Հակոբ եպիսկոպոսի Ճառի վերջում, որև արժանի եղավ անեղծության պսակն ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Վերին Քաղաքի քաղաքացին, որի աղոթքների միջոցով Աստված բազում և զանազան նշաններ ցույց տվեց կենդանության օրոք, և մահվանից հետո էլ` սուրբ նշխարներով նրա, որ մեկուսի և աղոթքներով, արյամբ և ճգնավոր ժուժկալությամբ նահատակվեց և փառավորվեց, որովհետև այս աշխարհում և հանդերձյալում Իրեն փառավորողներին փառավորում է Աստված, որ միշտ երկրպագված ու փառավորված է, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.