26 Նոյեմբեր, Գշ
Հոգուս հոժարամտությանը դեմ է կանգնում մտքիս տկարությունը, իսկ տկարությանս երկյուղը զորացնում է փափագներիս իղձերը, հաղթում ու հաղթվում են միմյանցից, սակայն չեն լքում [ինձ], այլ, իրար գործակցելով, հարմարվում են [մեկմեկու]. տկարությունս հոժարություն է ընդունում իր մեջ, իսկ հոժարությունս, ձեր սիրուց ոգեշնչվելով, աղաչում է չպահանջել ավելին, քան կարողություններն են: Այժմ կպատմեմ մեր քահանայապետի և մարտիրոսի` Վլասիոսի վկայաբանությունը: Եվ եթե սրբի առաջիկա պատմությունը չկարողանամ շարադրել որպես վայել է նրան, թո՛ղ ոչ ոք չպարսավի իմ համարձակությունը, որովհետև ձեր բարի կամքը հաղթեց դանդաղընթաց մտքիս` արթնացնելով պատրաստակամություն, մինչդեռ ծուլությունս զորացավ քանքարը թաքցնողի չար տանջանքներով, և դրանց երկյուղն ստիպեց համաձայնել: Արդ, աղաչում եմ ձեր սիրուն, ունկնդի՛ր եղեք վկայի և Աստծու քահանայապետի պատմությանը:
* * *
Ամբարիշտ Լիկիանոսի թագավորության ժամանակ ուժեղացավ կռապաշտության մոլորությունը, և մարդիկ երկրպագում էին իրենց ձեռքերի կերտածներին: Ծաղկում էր նաև քրիստոնյաների հավատը և սաղարթավորվելով` պայծառանում էր վկաների նահատակությամբ, որոնց մեջ էր և երանելի վկա և քաջ հովվապետ Վլասիոսը, որ իր [ողջ երկրային] կյանքն անցկացրեց Հոբի վկայած ձևով, երկնային կերպով. արդար մի այր, որ հեռու էր ամեն տեսակ չար գործերից: Եվ տեսնելով նրա բարքն ու անբիծ վարքը` Կապադովկիայի և Սեբաստիա քաղաքի բնակիչները կամեցան, որ նա եպիսկոպոսության պատվի գա: Իսկ նա հանձն չէր առնում, ասելով, թե ինքն արժանի չէ այդպիսի պատվի: Սակայն գավառի բնակիչների հարկադրությամբ և այնքան բազմության ձգտումն Աստծու տեսչություն համարելով` իր կամքին հակառակ հանձն առավ: Եվ հավաքվեցին բազում եպիսկոպոսներ, քահանաներ և հոգևորականներ և նրան Սեբաստիա քաղաքի քահանայապետության աթոռին կարգեցին: Եվ դրանից հետո խոսքով և գործով ճշմարտության քարոզ եղավ, բոլորին լուսավորում էր ավետարանական կենաց խոսքով` կռապաշտության մոլորությունից դեպի ճշմարիտ աստվածգիտություն բերելով:
Այդ ժամանակներում Լիկիանոսը քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսեց և Սեբաստիա քաղաքն առաքեց մի ժպիրհ և անողոք մարդու, որի անունն Ագրիկողայոս էր: Լսելով նրա գալու մասին, պահվեցին և թաքնվեցին հավատացյալները: Նրանց պես նաև երանելի եպիսկոպոսը, ավետարանական խոսքը կատարելով, հեռացավ քաղաքից և գնաց, բնակվեց Արգիաս լեռան վրա` մի քարայրում: Եվ նրա մոտ հավաքվում էին վայրի կենդանիները, ու եթե դրանցից մեկը տկարանում էր, ձեռնասունի պես մնում էր քարայրում, և մինչև [սուրբն իր] ձեռքը դնելով չէր առողջացնում, [կենդանին] չէր հեռանում անձավից:
Այդ րերին Ագրիկողայոս դատավորը հրամայեց վայրի կենդանիներ որսալ, և որսորդները գնացին այն լեռը, ուր թաքնվել էր սուրբ քահանայապետը: Եվ տեսան անձավի դիմաց [խմբված] վայրի կենդանիներին, գնացին ու մտան այրը: Եվ տեսան սուրբ Վլասիոսին, որ իր աղոթքն էր մատուցում Աստծուն: Եվ [որսորդները], քաղաք վերադառնալով, դատավորին պատմեցին ինչ որ տեսել էին: Եվ բազմաթիվ որսորդների [կանչելով]` դատավորը հրամայեց գնալ [սրբին] հայտնաբերողների ետևից, որ ինչքան քրիստոնյա գտնեն, [բռնեն և] իր մոտ բերեն: Եվ նրանք գնալով` գտան սրբին, որ [դարձյալ] աղոթում էր: Ասացին նրան. «Վե՛ր կաց, արի՛ մեզ հետ, որովհետև քեզ կանչում է դատավորը»: Իսկ նա, [այս] խոսքերից ուրախանալով, ասաց. «Եկե՛ք, որդյակնե՛րս, միասին գնանք, որովհետև այս գիշեր Տերն ինձ երեք անգամ երևաց և ասաց. «Վե՛ր կաց, Ինձ պատարագ մատուցի՛ր ըստ քո քահանայապետության կարգի»: Եվ այժմ դուք, որդյակնե՛րս, բարի եկաք: Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հետ է»: Եվ դատավորի մոտ գնալիս շատերին աստվածգիտության բերեց: Նրա մոտ բերում էին բազում հիվանդների և ախտահարվածների, իսկ սուրբը ձեռքը դնում էր նրանց վրա և առողջացրած` իրենց տներն ուղարկում. ոչ միայն մարդկանց, այլ նույնիսկ անասուններին, որ բերում էին իր մոտ:
Մի կին պատահեց, որ մի միամորիկ որդի ուներ: Սա ձուկ ուտելիս փուշ էր կուլ տվել և դրանից հետո այլևս չէր [կարողացել] խոսել: Եվ մանկան մայրը, լսելով սրբի մասին, եկավ նրան ընդառաջ, երեխայի [հետ մեկտեղ] ընկավ սրբի ոտքերն ու արտասվախառն ճչում և ասում էր. «Հիսո՛ւս Քրիստոսի ծառա, ողորմի՛ր իմ որդուն, նա իմ միակն է»: Իսկ սուրբն իր ձեռքը դրեց մանկան կոկորդին և աչքերը երկինք հառելով` ասաց. «[Դու], որ բժիշկն ես նրանց, ովքեր ճշմարիտ սրտով աղոթում են Քեզ. լսի՛ր Քո ծառայի աղաչանքը և Քո անտեսանելի զորությամբ դուրս բեր երեխայի վնասակար փուշը: Ու այսուհետ ևս` ե՛ւ փոքրերին, ե՛ւ երիտասարդներին, ե՛ւ անգամ կենդանիներին եթե այսպիսի մի բան պատահի, և եթե հիշեն իմ` Քո ծառայի անունը, բժշկի՛ր նրանց ի փառս Քո անվան»: Եվ երբ ավարտեց աղոթքը, մանուկն առողջացավ, և սուրբը երեխային հանձնեց մորը: Եվ վկայի հռչակը տարածվեց ոչ միայն Սեբաստիայում, այլ ամբողջ Կապադովկիայով մեկ:
Երբ ճանապարհին էր, [նրան հանդիպեց նաև] մի աղքատ և այրի կին, որ ոչինչ չուներ, բացի մի անասունից, որին հափշտակել-տարել էր գայլը: Եվ կինը, վկային մոտենալով, աղաչում էր փրկել կենդանուն: Իսկ սուրբ վկա Վլասիոսը ժպտալով ասաց նրան. «Մի՛ տրտմիր, ո՛վ կին, քո անասունը քեզ կհասնի»: Եվ կինը գնաց գայլի հետքերով, և գայլն անասունին անվնաս էր պահել ու վերադարձրեց այրի կնոջը:
Եվ [այսպես] սուրբը եկավ, մտավ Սեբաստիա քաղաքը: Եվ Ագրիկողայոս դատավորը հրամայեց նրան բանտ նետել մինչև մյուս օրը: Եվ հաջորդ օրը, ատյանում նստելով, հրամայեց իր մոտ բերել Վլասիոսին: Եվ երբ բերեցին, սկսեց մեղմ ու համոզիչ բառերով խոսել հետն ու ասաց. «Ո՛ղջ եղիր, աստվածների՛ բարեկամ Վլասիոս»: Սուրբը պատասխանեց. «Դո՛ւ ողջ լինես, հզո՛ր դատավոր, սակայն նրանց աստվածներ մի՛ կոչիր, որովհետև դևեր են և ոչ Աստված, և իրենց սպասավորների հետ մեկտեղ հավիտենական հրի են մատնվելու»: Դատավորը զայրանալով` հրամայեց նրան ծեծել դալար փայտերով: Եվ երբ բազում ժամեր հարվածեցին, սուրբն ասաց դատավորին. «Լի՛րբ և անպատկառ շուն, կարծում ես, թե քո տանջանքներով ինձ ե՞տ կկանգնեցնես Աստծու խոստովանությունից: Չե՛ս կարող, որովհետև ինձ զորացնում է կենդանի Աստծու որդին` Հիսուս Քրիստոսը»: Եվ որովհետև չկարողացավ համոզել նրան, դատավորը հրամայեց սրբին [նորից] բանտ նետել:
Երեք օր անց, [կրկին] նստելով բեմին, հրամայեց բերել Աստծու սրբին: Եվ երբ բերեցին, ասաց նրան. «Վլասիո՛ս, զոհ կմատուցե՞ս աստվածներին, թե՞ [կամենում] ես չարաչար [մահվամբ] կորչել»: Սուրբն ասաց. «Կկորչեն աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը: Իսկ մահը, որով սպառնում ես ինձ, հավիտենական կյանքի առիթ կլինի ինձ համար»: Եվ բռնակալը, տեսնելով սրբի անփոփոխելի հավատը, հրամայեց նրան փայտից կախել և երկաթե քերիչներով սաստիկ քերել: Եվ սուրբն ասաց դատավորին. «Ո՛վ ամբարիշտ, կարծում ես վնա՞ս ես հասցնում ինձ, մինչդեռ Քրիստոս ինձ զորացնում է: Եվ ես աչքս հառել եմ անանց բարիքներին, որ [Նա] պատրաստել է իր սիրելիների համար»: Եվ դատավորը հրամայեց իջեցնել նրան փայտից և բանտ տանել:
Իսկ երբ տանում էին սրբին, Աստծու երկյուղած որոշ կանայք գնում էին նրա ետևից, և նրա վրայից հոսած արյամբ օծում էին իրենց մարմինները: Երբ դահիճները տեսան այս, նրանց բռնելով` տարան դատավորի մոտ և ասացին. «Ո՛վ դատավոր, սրանք ևս քրիստոնյա են»: Եվ դատավորն ասաց նրանց. «Հնազանդվեցե՛ք աստվածներին և զո՛հ մատուցեցեք նրանց»: Իսկ կանայք պատասխանեցին և ասացին. «Եթե կամենում ես, որ զոհ մատուցենք քո աստվածներին, [պետք է] գնանք ծովակի մոտ, և այնտեղ բերես քո աստվածներին, և մեր երեսները լվանալուց հետո նրանց զոհ կմատուցենք»: Եվ ուրախանալով` բռնակալը հրամայեց երանելի կանանց խնդրանքի համաձայն իրենց աստվածներին տանել ծովակի մոտ: Իսկ կանայք, վերցնելով գարշելի չաստվածներին, գցեցին ծովի խորքերը: Եվ երբ դատավորը տեսավ եղածը, դեմքի գույնը փոխվեց և ատամներն էր կրճտացնում ու զայրանալով բարկանում էր զինվորների վրա և ասում. «Ինչո՞ւ չարգելեցիք նրանց, որ աստվածներին ծովը չգցեն»: Զինվորներն ասացին. «Խորամանկությամբ խոսեցին քեզ հետ և խաբեությամբ խորտակեցին մեր աստվածներին»: [Իսկ] կանայք ասացին. «Աստված, որին զինվորներն են պահում, Աստված չէ, որովհետև Աստված անչարչարելի է: Իսկ սրանք, որոնց աստված էիք անվանում, ստեղծված են փայտից, ոսկուց և քարից: Եվ սրանց ճակատագրին կարժանանան նաև նրանք, ովքեր ստեղծել և հուսացել են դրանց»: Եվ կատաղելով` դատավորը հրամայեց կապար հալել և լցնել պղնձյա մեծ կաթսայի մեջ, իսկ տանջանարանի մյուս կողմում փափուկ կտավ տարածել: Եվ ասաց [երանելի] կանանց. «Ընտրեցե՛ք ձեզ համար այս երկուսից մեկը. կա՛մ կերկրպագեք աստվածներին և կփրկեք ձեր անձերն ու կանցնեք փափուկ կտավի վրայով, կա՛մ պետք է փորձվեք այս տանջանարանում»:
Կանանցից մեկը երկու երեխա ուներ, և նրանք ասացին իրենց մորը. «Մի՛ թող, որ կորչենք երկրի վրա, այլ, ինչպես հագեցրեցիր մեզ քո կաթով, հագեցրո՛ւ նաև մեր Աստծու արքայությամբ»: Եվ դատավորն անմիջապես հրամայեց կախել և քերել նրանց: Եվ նրանց մարմինները փայլատակում էին ինչպես ձյունը` [պայծառ արևի ներքո]: Եվ երկնքից իջավ հրեշտակը. բժշկում էր նրանց և ասում. «Մի՛ երկնչեցեք: Բարի մշակն սկսում է հնձել, և երբ ավարտում է, օրհնությամբ վերցնում է վարձն իր և ուրախությամբ վերադառնում իր հարկը: Նույն կերպ ճգնեցե՛ք և դուք, որ մեր Փրկչից ընդունեք հավիտենական կյանքը»: Այնժամ դատավորը հրամայեց երանելի կանանց հնոցի մեջ նետել: Եվ երբ գցեցին, բորբոք հուրն անմիջապես մարեց, և [կանայք] անվնաս դուրս եկան հնոցից: Դատավորն ասաց նրանց. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից կախարդությունն այդ և մոտեցե՛ք, զո՛հ մատուցեցեք աստվածներին»: Իսկ սուրբ կանայք միաբան ասացին. «Փա՜ռք Քեզ, մե՛ր թագավոր Հիսուս Քրիստոս, որ մեզ կանչեցիր դեպի Քո բարությունների ճանապարհը»: [Այնուհետև] դիմեցին դատավորին. «Շտապի՛ր, կատարի՛ր ինչ որ մտածել ես մեզ համար, որովհետև մենք երկնային արքայությանն ենք հրավիրված»:
Այնժամ զայրացած դատավորը հրամայեց սրով կոտորել նրանց: Եվ դահիճները, կանանց վերցնելով, տարան նահատակության վայրը: Եվ սրբերն աղաչում էին նրանց, որ թողնեն մի պահ աղոթել: Եվ երբ թույլատրեցին, երանելիները ծնկի իջան և ասացին. «Ո՞վ կա մեր Աստծու պես, [Նրա], որ մեզ հեռացրեց խավարից և կանչեց դեպի Իր լուսավոր փառքերը: Եվ սրա համար աղաչում ենք Քեզ, մե՛ր [Տեր] Աստված, տեղավորի՛ր մեզ Քո առաջին վկա Թեկղի մոտ` ընդունելով աղաչանքները Քո սուրբ քահանայապետի և վկայի, որ մեզ առաջնորդեց դեպի այս նահատակությունը»: Եվ իրենց ձեռքերը կարկառելով ու աչքերը երկինք հառելով` ասացին. «Փա՜ռք Քեզ, մե՛ր Աստված Քրիստոս, [իբրև] պատարագ ընդունի՛ր մեր հոգիները Քո սուրբ սեղանին»: Եվ մանուկներն ասացին իրենց մորը. «Տերը պատրաստել է ձեր պսակները. մեզ հանձնի՛ր քաջ նահատակ Վլասիոսին` մեր հոտապետին»: Եվ դրանից հետո դահիճը սրով հատեց պարանոցները երանելիների, որ իրենց անձերը զոհեցին հանուն հույսի, որ տածում էին առ Քրիստոս:
Եվ օրվա երրորդ ժամին դատավորը նստեց բեմի վրա, հրամայեց իր առջև բերել սուրբ Վլասիոսին և ասաց նրան. «Վլասիո՛ս, այժմ զոհ մատուցելո՞ւ ես, թե` ոչ»: Սուրբն ասաց նրան. «Ո՛վ կույր և հիմար. մարդկանցից ո՞վ է, որ արարիչ Աստծուն ճանաչելով` կերկրպագի անշունչ կուռքերին: Դու, խավարյա՛լդ, քարերն ու փայտերն ես երկրպագում, իսկ ես` երկնքի ու երկրի արարողին: Եվ ես չեմ վախենում քո սպառնալիքներից, ինչպես կամենում ես` տանջիր մեզ. միայն մարմինս կմատնես տանջանքների, մինչդեռ իմ հոգուն միայն Արարողն է իշխում»: Դատավորն ասաց. «Ա՛յ թշվառական, եթե քեզ գցեմ ծովի խորքերը, ինչո՞վ պիտի քեզ օգնի Նա, որին երկրպագում և պաշտում ես»: Սուրբն ասաց. «Եվ դու ա՞յդպես ես կարծում, հիմա՛ր, թե քո գարշելիներին երկրպագելով` կփրկվես. վա՜յ քեզ, երի՛ցս թշվառական և գազան արյունարբու, որովհետև ժառանգելու ես հավիտենական հուրը: Իսկ ես հիմա զորությունն իմ Աստծու, որին պաշտում եմ, քեզ ցույց կտամ ջրերի վրա»:
Եվ այդ ժամանակ իշխանը հրամայեց նրան ծովը նետել: Սուրբը մոտեցավ, ջուրը կնքեց [Քրիստոսի նշանով], և ջուրն իր բնույթը փոխելով` պնդացավ, և անցնելով` երանելին կանգնեց ջրերի վրա` ինչպես գետնին: Եվ ասաց դահիճներին. «Եթե աստվածներ ունեք, ցույց տվեք դրանց զորությունը` դուք ևս եկեք այստեղ: Եվ դահիճները, որ վաթսունութ հոգի էին, շարժվեցին դեպի սուրբն ու ընկղմվեցին ծովի խորքերը: Իսկ Աստծու հրեշտակն իջնելով կանգնեց սրբի մոտ և ասաց. «Ուրա՛խ եղիր, Աստծու քահանայապետ. ե՛կ, դուրս արի այստեղից և ընդունի՛ր պսակը, որ Աստված պատրաստել է քեզ համար»: Եվ սուրբ Վլասիոսը գնաց ջրերի վրայով, և նրա երեսը լույս էր ճառագում, որից սքանչանում էին տեսնողները: Եվ դատավորն ասաց. «Մահն ավելի լավ համարեցիր, քան աստվածներին զոհ մատուցելը»: Երանելին պատասխանեց. «Գիտցի՛ր, ո՛վ դատավոր, որ ես սուրբ Աստծու ծառան եմ և գարշելիներին զոհ չեմ մատուցում»: Բարկացած դատավորը նրա վրա վճիռ կայացրեց և ասաց. «Հրամայում եմ սրով կտրել գլուխները երկու մանուկների և Վլասիոսի, որ ինքնակալ թագավորի հրամանն արհամարհեց և անարգեց աստվածներին»: Իսկ սուրբ Վլասիոսն աղոթում և ասում էր. «Ի՛մ Տեր Աստված, որ ինձ փրկեցիր կռապաշտության մահից, խավարից դեպի լույս տեղափոխեցիր և անգիտությունից դեպի ճշմարիտ գիտություն: Զորությունների՛ Տեր, որ նստում ես քերովբեների վրա և բացում սահանքները երկնահոս ջրերի, [Դու], որ աղեղն ես գծում իբրև Քո նշան, [Դու], որ կործանեցիր սատանային և խորտակեցիր վիշապի զորությունը. լսի՛ր Քո ծառայի աղաչանքները, և եթե մեկը պատահմամբ փուշ կամ ոսկոր կուլ տա, կամ մի այսպիսի նեղության հանդիպի, լինի մարդ, թե անասուն, և եթե իմ անվամբ խնդրեն Քո Աստվածության առջև, կատարի՛ր նրանց սրտերի բոլոր խնդրանքները»: Եվ երբ նա այս էր աղոթում, երկնքից ամպն իջավ և ծածկեց սրբին: Եվ Փրկիչն ասաց նրան. «Ի՛մ քաջ նահատակ, քո բոլոր խնդրանքները կիրականացնեմ: Կանեմ ավելին` քան խնդրել ես և կօրհնեմ բոլոր նրանց տները, ովքեր կկատարեն քո հիշատակը, և բարությամբ կլցնեմ նրանց շտեմարանները` քո բարի խոստովանությանը համապատասխան»: Եվ դահիճն, արագ մոտենալով, քաղաքից դուրս` պարսպի մոտ եղած մի ժայռի վրա գլխատեց սուրբ Վլասիոսին և երկու մանուկներին: Իսկ մի բարեպաշտ կին, որի անունն էր Եղեսեաբ, վերցրեց նրանց նշխարներն ու թաղեց մարտիրոսության վայրում, ուր մինչ այսօր բազում բժշկություններ են լինում:
Սուրբ և ամենափառ վկա և քաջ հովվապետ Վլասիոսը մարտիրոսվեց փետրվարի տասնմեկին, ամբարիշտ Լիկիանոսի գահակալության օրերին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.