Թադեոսը, որ Ավետարանում հիշվում է մի քանի անունով՝ Հուդա Հակոբոսի որդի, Ղեբեոս, մեկն է Քրիստոսի տասներկու առաքյալներից: Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի հետ նա համարվում է Հայոց երկրի առաջին լուսավորիչը, որ տարածեց քրիստոնեության լույսը Հայաստանում: Երբեմն նրան նույնացնում են Հուդա Տեառնեղբոր հետ, ով գրել է Նոր Կտակարանի ընդհանրական թղթերից մեկը: Ըստ մեր ազգային ավանդության՝ Թադեոս առաքյալը նախ գնում է Եդեսիա, ուր ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում է և քրիստոնյա դարձնում Աբգար թագավորին: Տարբեր երկրներում քարոզությունից հետո նա գալիս է Մեծ Հայք՝ Հայոց Սանատրուկ թագավորի օրոք: Մինչ այդ նա քրիստոնեություն է քարոզում նաև հարևան Կապադովկիայում և այնտեղի համար եպիսկոպոս ձեռնադրում իր աշակերտ Թեոփիլոսին, իսկ Հայաստանում Արտաշատի բլրի վրա Թադեոսն ու Բարդուղիմեոս առաքյալը հանդիպում են և մեկ գիշեր աղոթքով անցկացնում միմյանց հետ, որից հետո յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Այս վայրը կոչվում է Օթյաց խաչ: Սբ. Թադեոսը հասնում է Վասպուրական նահանգի Արտազ գավառը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սանատրուկ արքան: Առաքյալը պատեհ առիթ է ունենում պալատ մտնելու: Իր մուտքը ապարդյուն չի անցնում. Թադեոսի քարոզությամբ Հայոց Սանատրուկ արքայի դուստրը՝ 15-ամյա Սանդուխտը, ի թիվս այլոց, հորից թաքուն հավատում է Քրիստոսին և հետևում առաքյալին: Սանդուխտը մանկահասակ, գեղադեմ և վայելուչ օրիորդ էր: Լսելով Թադեոսի գալուստը՝ գիշերով գաղտագողի գալիս է նրա մոտ: Խոր և հեղաշրջող էր առաջին իսկ տպավորությունը: Գիշերներ և ցերեկներ շարունակ մնում է նրա մոտ՝ սովորելու այն, ինչ որ առաքյալը պատմում էր Հիսուսի մասին: Բուռն սեր է արթնանում ու բորբոքվում իր փափուկ սրտում, ուր հետզհետե կենդանի գույներով նկարվում է Քրիստոսի լուսավոր դեմքը: Իրեն թվում է, թե լսում է զվարթունների ձայնը, որ զվարթացնում է իր հոգին երկնավոր երանությամբ: Հոգեկան այս բարձր տրամադրությամբ էլ ընդունում է ավետարանված նոր կրոնը, և մկրտվում առաքյալի ձեռքով:
Դեպքը ծածուկ չի մնում: Այդ մասին իմանալով՝ անօրեն թագավորն ամեն կերպ ստիպում է աղջկան ուրանալ իր հավատը: Հոր բազմաթիվ փորձերը համոզելու դստերը վերադառնալու հայրենի հեթանոսական կրոնին, ապարդյուն են անցնում: Սանատրուկի զայրույթը մեծ էր:
Սանդուխտ կույսին չէր պակասում բարոյական քաջություն՝ ընդդիմանալու հոր անիրավ պահանջներին: Նա անվարան ու անվախ մերժում է կատարել իր հոր հրամանը: Ուզում էր հնազանդվել իր խղճի ձայնին: Համոզված էր, որ Աստված իր հետ խոսում էր այդ ձայնով: Նոր կրոնը սովորեցնում էր թե՝ «Աստված սեր է»: Նա գորովալիր Հայրն է համայն տիեզերքի: Ճշմարիտ սերը աներկյուղ է: Սանդուխտը, ի բնե բարի զգացումներով կույսը, այս բոլորը սովորել էր Թադեոսից՝ իր հոգևոր հորից: Նա էր, որ նոր ու գեղեցիկ կյանքի վերածնեց իր մոլորած հոգին: Շատ ուրախ էր սրա համար:
Կար սակայն մի բան, որ խոր տրտմություն էր պատճառում այս առաքինի և զգայուն աղջկան: Նա տեսնում էր իր հոր մոլորված համառությունն ու չարությունը, քանի որ չէր ուզում ճանաչել բարի Աստծուն: Ինչպես նաև բարբարոսորեն չարչարում ու նահատակում էր բոլոր նրանց, որոնք գալիս էին դեպի քրիստոնեական լույսը: Սանատրուկը անգութ էր: Նրա խիղճը չի տանջում նույնիսկ իր աղջկա համար: Սանդուխտը ուրիշ նորահավատների հետ գցվում է բանտ: Նա անտրտունջ տանում է այդ տանջանքները:
Մութ մտածումները պաշարում են Սանատրուկին: Չգիտեր ինչ աներ: Սպանելու հրաման չէր կարող տալ. հայրական բնազդը արգելում էր այդ: Ի վերջո կանչում է իր նախարարներին և հանձնարարում պալատ բերել իր աղջկան: Հանդիպումը հուզիչ էր: Մի պահ տիրում է խորը լռություն՝ փոթորկի նախանշաններով:
-Մոտ եկ, աղջիկս,- գրեթե դողահար դիմեց Սանատրուկը Սանդուխտին:
Սանդուխտը ըմբռնում էր այդ փաղաքշանքի իմաստը: Իր աչքերն ու սիրտը սևեռված էր նոր Սիրո վրա, որ բաբախուն կյանք էր իր համար:
-Ուրացա՞ր ուրեմն ինձ, և սիրեցի՞ր այն մոլորեցուցիչին ,- վրա բերեց հայրը զսպված զայրույթով և հայտնի վրդովմունքով:
-Այն, որ դու մոլորեցուցիչ ես անվանում, նա փոխադրեց ինձ խավարից լույսի մեջ, ճանաչեցնելով ինձ ճշմարիտ Աստծուն, որ արարիչն է տիեզերքի և Հայրը բովանդակ մարդկության,- պատասխանեց Սանդուխտը:
Հրապուրիչ խոստումները, ահաբեկիչ սպառնալիքները չեն կարողանում տկարացնել իշխանուհուն: Սանատրուկը մնում է մտախոհ ու խելակորույս: Անցնում են օրեր, կատարվում նոր փորձեր: Զուր աշխատանք: Ի վերջո, տեսնելով իշխանազուն կույսի անդրդվելի կորովն ու հավատքը, Սանատրուկը հրամայում է սպանել նրան: Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը: Երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում: Նրան թաղում է Թադեոս առաքյալը, որից հետո ինքը ևս նահատակվում է: Սբ. Սանդուխտը համարվում է առաջին հայ քրիստոնյա մարտիրոսուհին:
Թադեոսին նախ գցում են առյուծների առաջ՝ հոշոտվելու, սակայն գազանները մոտենալով նրան, սկսում են լիզել նրա ոտքերը: Այնուհետև գցում են կրակի մեջ, սակայն աստվածային հրաշքով նրան ոչինչ չի պատահում: Ի վերջո վճռվում է նրան սրով սպանել, ինչն ի կատար է ածվում և իսկույն մոտակա վեմը ճեղքվելով առաքյալի մարմինն իր մեջ է առնում և փակվում:
Սուրբ Թադեոսի Հայաստանում քարոզության ընթացքում, տեսնելով այն բազմաթիվ հրաշքները, որ գործում էր նա, 3500 հայեր քրիստոնյա են դառնում: Նրանցից շատերը նույնպես շուտով նահատակվում են: Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտի նահատակությունը տեղի է ունեցել Արտազ գավառի Շավարշան, հետագայի Մակու քաղաքի մոտ:
Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի գերեզմանների տեղը մի քանի դար հայտնի չէր: 5-րդ դարում, Հովհան Մանդակունի կաթողիկոսի և Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով մի ճգնավոր, ով բնակվում էր Շավարշանին մոտակա մի քարանձավում, տեսիլքով իմանում է նրանց տեղը և մի քահանայի հետ փորելով տեսիլքով մատնանշված տեղերը՝ գտնում է սուրբ նշխարները: Սրա համբավը տարածվում է հայոց երկրով մեկ, մեծ տոնախմբություն է կատարվում և բազմաթիվ մարդիկ այս սուրբ նշխարների զորությամբ բժշկվում են բազմատեսակ հիվանդություններից: Սուրբ Թադեոս առաքյալի գերեզմանը գտնվում է այժմյան Իրանի տարածքում գտնվող Սուրբ Թադեի վանքում, իսկ Սբ. Սանդուխտը թաղված է եղել Նարեկա վանքում, որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է: Հայոց եկեղեցին Սուրբ Թադեոսին հիշատակում է տարին երեք անգամ՝ մեկը առաքյալների շարքում, մյուսը Սանդուխտ կույսի հետ և երրորդը՝ Բարդուղիմեոս առաքյալի:
Կազմեց Կարինե Սուգիկյանը