26 Դեկտեմբեր, Եշ
Սուրբծննդյան ճրագալույցն էր: Բոլորը եկեղեցի էին գնացել, բացի տատիկից ու ինձնից: Մենք չկարողացանք բոլորի հետ գնալ, քանի որ տատիկս չափազանց ծեր էր, իսկ ես՝ չափազանց փոքր: Երկուսս էլ տխրել էինք, որ չէինք լսելու սուրբծննդյան շարականներն ու չէինք տեսնելու ճրագալույցի կրակները: Բայց տատիկս ինձ իր կողքին նստեցրեց ու ասաց, որ մի հրաշալի ճամփորդության պատրաստվեմ այն իրադարձությունների միջով, որ ինքը կպատմի. «Խոր գիշեր էր: Մի մարդ դուրս էր եկել կրակ փնտրելու: Նա տնից-տուն էր գնում, թակում դռներն՝ ասելով.
- Բարի՛ մարդիկ, օգնեցեք, մի քիչ շիկացած ածուխ տվեք, որպեսզի խարույկ վառեմ ու տաքացնեմ նորածին Մանկանն ու Նրա մորը:
Բայց բոլորը քնած էին, և ոչ ոք չէր պատասխանում նրան:
Մարդը շարունակում էր առաջ գնալ մթության մեջ: Հանկարծ նա վերջապես կրակ տեսավ հեռվում: Երբ մոտեցավ, տեսավ, որ խարույկ էր: Դրա շուրջբոլորը բազմաթիվ ճերմակ ոչխարներ էին քնած, որոնց ծեր հովիվն էր հսկում:
Մարդը մոտեցավ հոտին: Հովվի ոտքերի մոտ պառկած երեք հսկա շները տեղից վեր թռան՝ օտար ոտնաձայներ լսելով: Նրանք լայն բաց արեցին իրենց երախները, ասես ցանկանալով հաչել, սակայն ոչ մի հաչոցի ձայն չխախտեց գիշերային լռությունը: Մարդը տեսավ, թե մթության մեջ ինչպես փայլատակեցին նրանց սպիտակ սուր ժանիքները, և շները հարձակվեցին նրա վրա: Նրանցից մեկը մարդու ոտքը բռնեց, մյուսը՝ թևը, երրորդը՝ կոկորդը, սակայն ատամներն ու ծնոտները նրանց չէին ենթարկվում: Շները չկարողացան կծել մարդուն և նույնիսկ փոքրիկ վնասվածք չպատճառեցին:
Մարդը ցանկացավ խարույկին մոտենալ՝ կրակ վերցնելու համար, բայց ոչխարներն այնքան խիտ շարքերով էին պառկած, որ նա չէր կարող առաջ գնալ: Այդժամ նա բարձրացավ նրանց մեջքներին ու դրանց վրայով մոտեցավ կրակին: Եվ ոչ մի ոչխար չարթնացավ ու չշարժվեց տեղից:
Երբ մարդը մոտեցավ կրակին, հովիվը նկատեց նրան: Նա ծեր ու մռայլ մարդ էր, որ շատ խիստ ու դաժան էր այլոց հանդեպ: Օտարի տեսնելով, նա վերցրեց իր երկար ու սրածայր փայտը և ողջ ուժով նետեց անծանոթի վրա: Փայտն ուղիղ մարդու ուղղությամբ սլացավ, սակայն նրան չդիպչելով՝ փոխեց ուղղութունն ու ընկավ հեռվում:
Մարդը մոտեցավ հովվին ու ասաց.
- Բարի՛ մարդ, օգնիր ինձ, մի փոքր կրակ տուր: Մի Մանկիկ է ծնվել և ես պետք է խարույկ վառեմ, որպեսզի տաքացնեմ Մանկանն ու Նրա մորը:
Հովիվը մեծ հաճույքով կմերժեր անծանոթին, բայց երբ հիշեց, որ շները չկարողացան վնասել նրան, որ ոչխարները չփախան նրա առջևից, և փայտն էլ նրան չհարվածեց՝ կարծես չցանկանալով վնասել, հովիվը սարսռաց և չհամարձակվեց մերժել նրան:
- Որքան պետք է՝ վերցրո՛ւ,- ասաց նա:
Բայց կրակը համարյա հանգել էր արդեն: Կոճղերն ու ճյուղերը վաղուց այրվել էին, մնացել էին միայն կարմիր ածուխները, և մարդը շփոթված մտածում էր, թե ինչով այդ թեժ ածուխները տեղ հասցնի:
- Վերցրո՛ւ որքան անհրաժեշտ է,- կրկնեց հովիվը:
Նա չարախնդորեն մտածեց, որ մարդը չի կարողանա կրակը տանել: Բայց անծանոթը կռացավ, մոխրի միջից ձեռքերով հանեց թեժ ածուխներն ու իր թիկնոցի փեշը գցեց: Եվ ածուխները ո՛չ նրա ձեռքերն այրեցին, ո՛չ՝ թիկնոցը, ասես նա ոչ թե այրվող ածուխ էր տանում, այլ խնձոր կամ ընկույզ:
Մռայլ հովիվն ապշել էր իր տեսածից: «Այս ի՞նչ գիշեր է,- հարցնում էր ինքն իրեն,- որ շները չեն կծում, ոչխարները չեն վախենում, փայտը չի հարվածում և կրակը չի այրում»:
Նա ձայն տվեց անծանոթին ու հարցրեց.
- Այս ի՞նչ հրաշալի գիշեր է այսօր: Ինչո՞ւ են կենդանիներն ու առարկաները գթասրտություն ցուցաբերում քո հանդեպ:
- Չեմ կարող ասել քեզ, ինքդ պետք է տեսնես,- պատասխանեց անծանոթն ու շարունակեց իր ճամփան՝ շտապելով կրակը տեղ հասցնել՝ Մորն ու Մանկանը ջերմացնելու համար:
Հովիվը շատ էր ուզում իմանալ, թե այդ ամենն ինչ է նշանակում, ուստի վեր կացավ ու անծանոթի հետևից գնաց: Նա տեսավ, որ այդ մարդը ոչ թե տանն էր ապրում կամ գոնե խրճիթում, այլ քարանձավում, որի մերկ քարե պատերից սառնություն էր փչում: Այնտեղ պառկած էին Մանկիկն ու Մայրը:
Չնայած հովիվը չոր ու խստասիրտ մարդ էր, բայց նրա սիրտը ցավեց անմեղ Մանկան համար, ով կարող էր սառչել քարանձավում, և ծերունին որոշեց օգնել Նրան: Նա ուսից իջեցրեց պարկը, արձակեց դրա բերանը, միջից ոչխարի փափուկ ու տաք մորթի հանեց և տվեց անծանոթին, որպեսզի Մանկանը դրա մեջ փաթաթի:
Եվ հենց այդ պահին, երբ հովիվը ցույց տվեց, որ կարող է գթասիրտ լինել, բացվեցին նրա աչքերն ու ականջները, և նա տեսավ ու լսեց այն, ինչ առաջ չէր կարող տեսնել ու լսել:
Նա տեսավ, որ քարանձավը արծաթափայլ թևերով ու ձյունաճերմակ հանդերձներով բազմաթիվ հրեշտակներ են շրջապատում: Նրանք բոլորն իրենց ձեռքերում քնարներ ունեին և բարձրաձայն օրհներգում էին այդ գիշեր ծնված աշխարհի Փրկչին, Ով ազատելու էր մարդկանց մեղքից ու մահվանից:
Այդժամ հասկացավ հովիվը, թե կենդանիներն ու առարկաներն այդ գիշեր ինչու էին այդքան բարի ու գթասիրտ, որ չէին ցանկանում ոչ ոքի վնասել:
Հրեշտակներն ամենուր էին՝ նրանք շրջապատել էին Մանկանը, նստած էին լեռների վրա, թռչում էին երկնքում: Ամենուր խնդություն էր, օրհներգություն: Մութ գիշերն այժմ առկայծում էր բազմաթիվ երկնային կրակներով ու շողում էր հրեշտակների լուսապայծառ հանդերձների վառ լույսով: Եվ հովիվն այդ ամենը տեսավ այն հրաշալի գիշերը, և այնքան ուրախ էր, որ իր աչքերն ու ականջները բացվեցին, որ ծնկի իջավ ու շնորհակալություն հայտնեց Աստծուն»:
Տատիկն ավարտեց իր պատմությունը, հոգոց հանեց ու ասաց.
- Այն, ինչ տեսավ հովիվը, մենք էլ կարող էինք տեսնել, եթե արժանի լինեինք, քանի որ սուրբծննդյան յուրաքանչյուր գիշեր հրեշտակները թռչում են երկրի վրայով և փառաբանում Փրկչին:
Նա ձեռքը քնքշորեն իմ գլխին դրեց ու շարունակեց.
- Լա՛վ իմացիր, որ դա ճշմարիտ է այնպես, ինչպես այն, որ ես հիմա քեզ տեսնում եմ, և դու էլ՝ ինձ: Ո՛չ մոմերը, ո՛չ կանթեղները, ո՛չ արևը, ո՛չ լուսինը չեն օգնի մարդուն: Միայն մաքուր սիրտն է բացում աչքերը, որոնցով մարդը կարող է վայելել Երկնային գեղեցկությունը:
Ռուսերենից թարգմանութունը՝ Էմիլիա Ապիցարյանի