Տ. Նավասարդ Սրբազանն օրհնեց ծառայութան ժամանակ վիրավորված մայոր Սարգիս Ստեփանյանի ընտանիքը

Հոկտեմբերի 29-ին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց ՀՀ ԶՈՒ ծառայող Սարգիս Ստեփանյանի ընտանիքին: Վերջինս օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դիմումով Երևանի քաղաքապետարանի կողմից բնակարան է ստացել:

Սրբազան հայրն Սարգիս Ստեփանյանի նոր բնակարանում կատարեց Տնօրհնեքի կարգ: Նախկինում Ստեփանյանների ընտանիքն ապրում էր ծառայողական բնակարանում: Բացի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով նախատեսված գումարից Սարգիսենց ընտանիքը նվեր ստացավ նաև կենցաղային տեխնիկա:

Շնորհավորելով Ստեփանյանների ընտանիքին նորամուտի առթիվ՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Օրհնությամբ թող լինի ձեր նորամուտն այս օջախը: Մեզ համար այս արարողությունը կարևոր խորհուրդ ունի: Ձեր առողջությունը հայրենիքի ծառայությանը զոհաբերելով ՝ ձեր հոգին պահեցիք պայծառ՝ պատրաստակամորեն ծառայելով վասն հավատո և վասն հայրենյաց: Դուք կենդանի օրինակ և ներշնչանքի աղբյուր եք այն երիտասարդների համար, ովքեր զորակոչման ենթակա են կամ այս պահին ծառայում են զինված ուժերում: Նրանց համար Ձեր օրինակն առավել քան խոսուն է՝ ընկնել, բայց չհանձնվել և միշտ կանգնել հաղթելու համար:

Թող Աստված օրհնի ձեր ծողներին, զավակներին և ձեր անսայթաք ընթացքն. ամեն»:
Սարգիս Ստեփանյանը 2014թ. հակառակորդի կողմից վիրավորված զինվորին չեզոք գոտուց դուրս հանելու հանձնարարությունը կատարելու ժամանակ վիրավորվել էր՝ կորցրնելով երկու ոտքն ու աջ ձեռքը: Սակայն այդ հանգամանքը նրան ետ չի պահել հայոց բանակում ծառայությունը շարունակելու մտքից: Այժմ մայոր Սարգիս Ստեփանյանը շարունակում է իր ծառայությունը բերել հայոց բանակին: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյան մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Արիության համար մեդալներով:


Արարատյան Հայրապետական թեմիտեղեկատվական բաժին

29.10.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․