23 Դեկտեմբեր, Բշ
Հունվարի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Շիրակի թեմի ուխտավորներին, որոնք եկել էին Գյումրու Յոթ վերք եկեղեցու սպասավոր Արարատ սարկավագ Սարգսյանի հետ:
Շիրակի թեմի երիտասարդներին, ովքեր ուխտի էին եկել ս.Սարգսի անունը կրող 7 եկեղեցի, որոնցից 3-ը ԱՀԹ-ում են գործում, հյուրընկալել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները:
Տ. Նավասարդ սրբազան հայրը ողջունեց բոլորին, խոսեց Արարատյան Հայրապետական և Շիրակի թեմերի երիտասարդների միջև սերտ համագործակցության, եղբայրական ջերմ կապի ամրապնդման կարևորության մասին, գնահատեց գյումրեցու անկոտրում կամքը՝ մասնավորապես ասելով. «Ձեզ շատ ենք սիրում և զգում ենք ձեր կարիքը մեր բոլոր գործերի մեջ և ձեզանով ոգևորվում ենք: Դուք նաև մեր մեջ արթնացնում եք մեր խղճի կոչնակը՝ զանգը, որ ղողանջում է և արթնացնում է խղճի ձայնը, որով մարդը մարդ կոչվելու իրավունք ունի: Այս զգացումները գյումրեցի բառի հետ համահունչ են: Դուք նվիրական տեղ ունեք մեր սրտի մատյանում: Գյումրեցիներին ոգեշնչելու խոսքեր դժվար է գտնել, որովհետև գյումրեցիներն ընկճվել չունեն, մեզ մնում է մխիթարվել ձեր ներկայությամբ, ձեր ավյունով, տառապանքների ու դժվարությունների նկատմամբ ձեր կամքի զսպանակաձև հաղթահարման մղումով, ձեր իմաստությամբ»:
Տ. Նվասարդ սրբազան հայրն իր ջերմ բարևները փոխանցեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել սրբազանին:
Առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցում ուխտավորները ԱՀԹ-ի երիտասարդների հետ և նրանց հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ միասնական աղոթք ասացին, ապա տեր հայրը պատմեց եկեղեցու պատմությունը:
Գյումրեցի ուխտավորները եղան նաև ԱՀԹ Նոր Նորքի և Արգավանդի ս.Սարգիս եկեղեցիներում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին